Բնականություն – Գրադարան – Mashtoz.org

Բնականություն

554. Հարուցյալ Քրիստոսը. ամենամեծ հրաշքը տեսել են միայն քչերը ... , այնքան հոգի, որքան որ բավական էր: Բնականությունը աստվածային ձեռնարկների դրոշմն է:
 
555. Երբ մարդ աշխատում է միմիայն և բացառապես Աստծո փառքի համար, ամեն ինչ անում է բնականությամբ, պարզությամբ, ինչպես մեկը, ով շտապում է և չի կարող հապաղել «մեծ տոնակատարությունների» մեջ, որպեսզի չկորցնի իր հարաբերությունը – անկրկնելի ու անհամեմատելի – Տիրոջ հետ:
 
556. Ինչո՞ւ – հարցնում էիր բարկացած – առաքելության միջավայրերն ու միջոցները պետք է տգեղ լինեն, կեղտոտ ... և բարդ: – Եվ հավելում էիր. Բայց եթե ծախսը նույնն է:
– Քո բարկությունն ինձ մեծապես իրավացի թվաց: Եվ մտածեցի, որ Հիսուսը դիմում էր բոլորին և հմայում էր բոլորին. աղքատներին ու հարուստներին, իմաստուններին ու անուսներին, ուրախներին ու տխուրներին, երիտասարդներին ու տարեցներին, ... : Որքա՜ն սիրելի ու բնական է – գերբնակա՛ն է –Նրա կերպարը:
 
557. Արդյունավետ լինելու համար՝ բնականությո՛ւն: – Ի՞նչ կարելի է հուսալ վրձնից – նույնիսկ եթե տաղանդավոր նկարչի ձեռքում է – , եթե այն փաթաթված է մետաքսյա կտորի մեջ:
 
558. Սրբերը միշտ էլ «անհարմար» ու «խանգարող» են ուրիշների համար:
 
559. Սրբեր, անբնակա՞ն ... : Հասել է այդ նախապաշարմանը վերջ տալու պահը:
Պարտավոր ենք ուսուցանել, քրիստոնեական ճգնողության գերբնական բնականությամբ, որ միստիկական բացառիկ երևույթներն անգամ չեն նշանակում անբնականություն. այդպիսին է այդ երևույթներին հատուկ բնությունը ... , այնպես՝ ինչպես որ հոգեբանական կամ ֆիզիոլոգիական ուրիշ պրոցեսներ ունեն իրենց հատուկ բնությունը:
 
560. Քեզ խոսում էի այն հորիզոնի մասին, որ բացվում է մեր աչքերի առաջ, և այն ճանապարհի մասին, որ պարտավոր ենք անցնել: – «Դժվարություններ չունեմ», ասացիր, մի տեսակ զարմացած, որ «դժվարություններ չունես»:
– Ամուր հաստատիր մտքումդ. դժվարություններ չպե՛տք է լինեն:
 
561. Խուսափիր ծիծաղելի շողոքորթությունից, որը, գուցեև անգիտակից կերպով, երբեմն դրսևորում ես վերադասի նկատմամբ, համակարգված կերպով վերածվելով նրա ճաշակների ու նրա կարծիքների բարձրախոսի, նաև չնչին հարցերում:
– Է՛լ ավելի ուշադիր եղիր, սակայն, մնայուն կերպով չներկայացնելու նրա թերություններն իբրև հաճելի դրվագներ, հասնելով մի տեսակ ընտանության, որը նրան հեղինակազրկում է, կամ – նրան վատթար ծառայություն մատուցած կլինես – այլափոխմանն ու ձևափոխմանը՝ ներկայացնելու այն, ինչը որ լավ չէ, որպես ինչ որ մի բան, որ զվարճալի է:
 
562. Շուրջբոլորդ արհեստական մթնոլորտ ես ստեղծում, անվստահության, կասկածների, որովհետև երբ խոսում ես, շախմատ խաղալու տպավորություն ես թողնում. յուրաքանչյուր խոսք արտասանելիս կարծես թե մտածում ես հաջորդ չորրորդ քայլի մասին:
Ուշադրություն դարձրու այն բանին, որ Ավետարանը, դպիրների ու փարիսեցիների կասկածոտ ու կեղծավոր տխրահռչակ կերպարները ներկայացնելիս տեղեկացնում է, որ Հիսուսին հարցեր էին ուղղում, Նրա առաջ խնդիրներ էին դնում, «թէ ո՛րպէս դնիցեն նմա որոգայթ բանիւք» - «որպեսզի խոսքերով նրան որոգայթ լարեին» (Մտթ 22, 15) – Իր դեմ գործածելու համար Իր իսկ խոսքերը: – Խուսափի՛ր նման կերպ վարվելուց:
 
563. Բնականությունը բնավ կապ ու առնչություն չունի անտաշության հետ, ո՛չ էլ կեղտոտության հետ, ո՛չ էլ թշվառապաշտության հետ, ո՛չ էլ վատ դաստիարակության հետ: Ոմանք հավակնոտությամբ պահանջում են, թե իբր Աստծուն ծառայելը սահմանափակվում է աղքատության և – ներող եղեք – ոջիլների աշխարհի հետ աշխատելով: Այս առաջադրանքը անհրաժեշտ է և հիացմունքի արժանի, և միշտ այդպիսին է լինելու: Բայց եթե սահմանափակենք մեզ բացառապես այդ միջավայրում, բացի այն, որ կանտեսենք հոգիների վիթխարի մեծամասնությունը, հարց է առաջանում նաև, որ երբ կարիքավորներին դուրս կքաշենք իրենց վիճակից, ի՞նչ է, պետք է այլևս չհետաքրքրվե՞նք իրենցով:
 
564. Անարժա՞ն ես: – Ուրե՞մն ... : Ջանա՛ արժանի լինել: Եվ սա բավական է:
 
565. Ինչպիսի՜ սաստիկ տենչ ունես՝ արտասովոր լինելու ... : – Այն, ինչ քեզ պատահում է, շատ հասարակ ու սովորական բան է:
 
566. Երանելի՜ ես դու, որովհետև հավատացիր, ասում է Եղիսաբեթը մեր Մորը (Ղկս 1, 45): – Աստծո հետ միությունը, գերբնական կյանքը, իր հետ միշտ բերում է մարդկային առաքինությունների հմայիչ գործադրումը. Մարիամն ուրախություն է տանում իր զարմուհու տուն, որովհետև «տանում», իր մեջ կրում է Քրիստոսին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։