Խաղաղություն – Գրադարան – Mashtoz.org

Խաղաղություն

850. Հոգուդ և սրտիդ մեջ – բանականությանդ և կամքիդ մեջ – մշակիր և սնուցիր երկնավոր Հոր սիրալի Կամքի հանդեպ վստահության ու ինքնահանձնման ոգին ... : – Այստեղից է ծնվում հոգևոր ներքին խաղաղությունը, որին ձգտում ես:
 
851. Ինչպե՞ս կարող ես խաղաղություն վայելել, եթե թույլ ես տալիս, – չնայած շնորհի «ցնցումներին», – որ որոշ կրքեր քարշ տան քեզ իրենց ետևից, և որ չես էլ փորձում սանձել դրանք:
Երկինքը մղում է դեպի վեր. դու – միայն դու. չքմեղանքներ մի՛ փնտրիր – դեպի ցած ... : – Եվ այսպիսով պատառոտվում ես:
 
852. Ե՛վ խաղաղությունը, և՛ պատերազմը, մեր ներսում են:
Հնարավոր չէ հասնել հաղթանակի, խաղաղությանը, եթե պակասում են պարկեշտությունը և ճակատամարտում հաղթելու վճռակամ որոշումը:
 
853. Ահա՛ մի դարման քո այս մտատանջությունների դեմ. համբերություն, դիտավորության շիտակություն ունենալ, և ամեն ինչ դիտել գերբնական տեսանկյունից:
 
854. Իսկույն հեռացրու քեզնից – Աստված քո հետ է – վախն ու հոգու խռովքը ... : Արմատապես խուսափիր այս հակազդեցություններից, որոնք ծառայում են միայն բազմապատկելու փորձությունները և ավելացնելու վտանգը:
 
855. Նույնիսկ երբ ամեն ինչ կործանվում ու վերջանում է, նույնիսկ երբ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են հակառակ ուղղությամբ, քան նախատեսել էինք, սարսափելի հակառակություններով հանդերձ, ոչինչ չենք շահում խռովվելով: Բացի դա, հիշիր մարգարեի վստահասիրտ աղոթքը. «Տերը մեր Դատավորն է, Տերը մեր Օրենսդիրն է, Տերը մեր Թագավորն է. Նա կփրկի մեզ» (Ես 33, 22):
– Բարեպաշտությամբ, ամեն օր արտասանիր այս խոսքերը, վարքդ համապատասխանեցնելու համար Նախախնամության ծրագրերին, որը մեզ կառավարում է մեր իսկ բարիքի համար:
 
856. Եթե – հայացքդ Աստծո վրա սևեռած – մտահոգությունների դիմաց ընդունակ ես քեզ անդորրի մեջ պահելու, եթե սովորում ես մոռանալ փոքրոգությունները, ոխերն ու նախանձները, բազմաթիվ ուժերի կորուստ կխնայես, որոնց կարիքն ունես արդյունավետությամբ աշխատելու համար, ի ծառայություն մարդկանց:
 
857. Այն ընկերը անկեղծորեն խոստովանում էր, որ երբեք չի ձանձրացել, որովհետև իրեն երբեք միայնակ չի զգացել, առանց մեր Ընկերոջ:
– Երեկո էր, մթնում էր, քար լռություն էր տիրում ... : Շատ վառ կերպով զգացիր Աստծո ներկայությունը ... : Եվ, այդ իրականության հետ, ինչպիսի՜ խաղաղություն:
 
858. Եղբայրներից մեկի թրթռուն ողջույնը քեզ հիշեցրեց, մեկնումների այդ շարունակական բովում, որ աշխարհի պարկեշտ ճանապարհները բաց են Քրիստոսի համար. պակասում է միայն այն, որ մենք նետվենք դրանցով անցնելու, նվաճելու ոգով:
Այո՛, Աստված աշխարհը ստեղծել է Իր զավակների համար, որպեսզի բնակվեն նրանում և սրբացնեն այն. ինչի՞ ես սպասում:
 
859. Արտակարգ ձևի երջանիկ ես: Երբեմն, երբ տեսնում ես, որ Աստծո զավակներից մեկը լքում է Նրան, զգում ես – հոգուդ ներքին խաղաղության ու բերկրանքի ներսում – սիրո մի ցավ, մի դառնություն, որը քեզ չի խռովում և չի մտատանջում:
– Լա՛վ է: Բայց ... բոլոր մարդկային և գերբնական միջոցները պետք է գործածենք, որպեսզի Աստծուն լքած այդ զավակը հակազդի ... , և անխախտ վստահությամբ ապավինենք Հիսուս Քրիստոսին: Այսպիսով, ջրերը միշտ կվերադառնան հունի մեջ:
 
860. Երբ լրջորեն կապավինես Տիրոջը, կսովորես գոհանալ այն բաների համար, որ պատահում են, և խաղաղությունդ չկորցնել, եթե դեպքերն ու իրադարձությունները – հակառակ այն բանի, որ դու գործի ես դրել ողջ եռանդդ և պատշաճ գործիքներն ու միջոցները – չեն հաջողվում քո ակնկալածի համաձայն ... : Որովհետև «հաջողվելու են» այնպես, ինչպես որ Տերն է պատշաճ ու հարմար նկատած լինելու:
 
861. Շարունակում ես ցրվածություններ ու թերացումներ ունենալ, և դա քեզ տհաճություն է պատճառում: Միաժամանակ, առաջ ես ընթանում մի ուրախությամբ, որով թվում է, թե լի ես պայթելու աստիճան:
Սրա համար է, քանի որ ցավում ես դրանց համար – սիրո ցավով – , անհաջողություններդ այլևս չեն խլում քեզնից խաղաղությունը:
 
862. Երբ հայտնվում ենք խավարի մեջ, հոգիներս կուրացած ու վախվորած, պետք է դիմենք Լույսին, Բարթիմեոսի նման: Կրկնի՛ր, աղաղակի՛ր, պնդի՛ր առավել ուժով. «Տէր, զի բացցին աչք իմ եւ տեսից» - «Տե՜ր, որ բացվեն աչքերս և տեսնեմ» (Ղկս 18, 41): ... Եվ ցերեկ կլինի քո աչքերի համար, և կկարողանաս վայելել լույսը, որ Նա կպարգի քեզ:
 
863. Պայքարի՛ր բնավորությանդ անհարթությունների ու կոշտությունների դեմ, էգոիզմիդ դեմ, հարմարավետությունների անսանձ տենչիդ դեմ, զգացածդ հակակրանքների դեմ ... : Բացի այն, որ պարտավոր ենք համագործակցել փրկության գործին, մրցանակը, որ ստանալու ես, – լա՛վ մտածիր – , սերտորեն կախված է լինելու կատարածդ ցանքի որակից:
 
864. Քրիստոնյայի պարտականությունը. խեղդել չարը բարու գերառատության մեջ: Խոսքը չի վերաբերվում բացասական արշավանքներ կատարելուն, ո՛չ էլ ինչ որ մի բանի դեմ լինելուն: Ընդհակառակը. խոսքը վերաբերվում է հաստատումներն ապրելուն, լի լավատեսությամբ, երիտասարդ հոգով ու սրտով, ուրախությամբ ու խաղաղությամբ. նայելու բոլորին ըմբռնումով. նրանց, ովքեր հետևում են Քրիստոսին, և նրանց, ովքեր լքում են Նրան կամ Նրան չեն ճանաչում:
– Բայց ըմբռնում չի նշանակում ձեռնպահություն, ո՛չ էլ՝ անտարբերություն, այլ ավելի շուտ՝ գործնական քայլերի նախաձեռնում:
 
865. Հանուն քրիստոնեական սիրո և հանուն մարդկային վայելչության, պետք է ջանաս անդունդներ չստեղծել քո և ուրիշների միջև ... , պետք է ջանաս միշտ ելքի ճանապարհ թողնել մերձավորի համար, որպեսզի է՛լ ավելի չհեռանա Ճշմարտությունից:
 
866. Բռնությունը լավ միջոց չէ համոզելու համար ... , առավել ևս՝ առաքելության մեջ:
 
867. Բռնություն գործադրողը միշտ կորցնում է, նույնիսկ եթե հաղթում է առաջին ճակատամարտը ... , որովհետև վերջում շրջապատված է մնում իր անհասկացողության մենության մեջ:
 
868. Բռնապետի մարտավարությունը ստանալն է, որ միմյանց միջև վիճեն նրանք, ովքեր, միանալու դեպքում, կարող են իրեն գահընկեց անել: – Սա թշնամու կողմից գործածված հին թակարդներից մեկն է, – սատանայի և իր խմբավարների կողմից, – առաքելական բազմաթիվ ծրագրեր տակնուվրա անելու համար:
 
869. Նրանք ... , ովքեր մրցակիցներ են տեսնում այնտեղ, ուր միայն եղբայրներ կան, իրենց գործերով ուրանում են իրենց քրիստոնյա անունը:
 
870. Հարձակողական հակաճառությամբ, որ ստորացնում է, հազվադեպ է ինչ որ մի խնդիր լուծվում: Եվ, մյուս կողմից, երբեք հնարավոր չի լինում հասնել խնդրի հստակեցմանը, երբ վիճաբանողներից մեկը մոլեռանդ է:
 
871. Չեմ կարողանում հասկանալ քո զայրույթը, ո՛չ էլ՝ հիասթափությունդ: Քեզ վճարել են քո իսկ արժույթով. վիրավորելու հանդեպ սերդ, խոսքերով և գործերով:
Դաս քաղիր պատահածից և, այսուհետ, մի՛ մոռացիր, որ քո հետ ապրողներն էլ սիրտ ունեն:
 
872. Որպեսզի այն դժնդակ ու անարդար նեղության պահերին խաղաղությունդ չկորցնեիր, հիշեցրեցի քեզ. «Եթե գլուխներս կոտրեն, չպետք է չափազանց մտահոգվենք դրանով. նշանակում է, որ պետք է գլուխներս բաց վիճակում պահենք»:
 
873. Պարադոքս. այն օրվանից, ինչ որոշել եմ հետևել Սաղմոսի կողմից տրված խորհրդին. «Հոգսդ Տիրոջը հանձնիր, և Նա քեզ թիկունք կկանգնի» (Սղմ 55 [54], 23), օրեցօր ավելի ու ավելի են պակասում մտահոգությունները գլխիս մեջ ... : Եվ միաժամանակ, պատշաճ աշխատանքով, ամեն բան լուծվում է առավել հստակությամբ:
 
874. Աստվածածինը – այսպես է նրան դիմում Եկեղեցին – Խաղաղության Թագուհին է: Այս իսկ պատճառով, երբ հոգիդ, ընտանեկան կամ աշխատանքային միջավայրդ, հասարակության մեջ կամ ժողովուրդների միջև համակեցությունը ենթարկվում են ալեկոծումների, մի՛ դադարիր ողջունել նրան այս անվամբ. «Regina pacis, ora pro nobis!» – «Թագուհի Խաղաղության, աղոթի՜ր մեր համար»: Փորձե՞լ ես, գոնե, հոգևոր անդորրդ կորցրած ժամանակ: ... – Այդ աղոթքի անհապաղ ու անմիջական արդյունավետությունը կզարմացնի քեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։