Զվարթություն – Գրադարան – Mashtoz.org

Զվարթություն

52. Ոչ ոք երջանիկ չէ, երկրի վրա, մինչև այն պահը, երբ որոշում է երջանիկ չլինել: Այդպիսով քանդվում է ճանապարհն արգելափակող հանգույցը. վշտակրություն, քրիստոնեակա՛ն հասկացողությամբ, Խաչ. Աստծո Կամք, Սեր. երջանկություն այստեղ՝ ներքևում, իսկ ապա՝ հավիտյանս հավիտենից:
 
53. «Ծառայեցէք Տեառն ուրախութեամբ» (Սղմ 99, 2). - Ծառայելու եմ Աստծուն ուրախությամբ: Մի ուրախություն, որն արդյունքն է լինելու իմ Հավատքի, իմ Հույսի և իմ Սիրո, ... որը պետք է տևի միշտ, որովհետև, ինչպես մեզ վստահեցնում է Առաքյալը, «Տէր մերձ է» (Փլպ 4, 5) - Տերն ինձ հետևում է մոտիկից: Քայլելու եմ Նրա հետ, ուստի՝ մեծապես վստահ, քանի որ Տերն իմ Հայրն է ... , և Իր օգնությամբ կատարելու եմ Իր սիրելի Կամքը, նաև երբ դրա համար ջանք ու ճիգ գործադրելու կարիք կլինի:
 
54. Մի խորհուրդ, որը ձեզ կրկնում եմ անընդհատ. ուրա՛խ եղեք, մի՛շտ ուրախ: – Թող որ տխուր լինեն նրանք, ովքեր իրենց չեն համարում Աստծո զավակները:
 
55. «Աշխատում եմ հրաժարվել ամեն ինչից, որպեսզի իմ ամենափոքրիկ եղբայրները “փափուկ ճանապարհով ընթանան”, ինչպես Դուք եք ասում մեզ: Բազո՜ւմ բերկրանք կա այս “զրկանքներ կրելու” մեջ»:
 
56. Ամուր հավատքի տեր մի ա՛յլ մարդ գրում էր ինձ. «Երբ դեպքերի բերումով մնում ենք միայնակ, անթերի կերպով հասկանում ենք, թե ինչպիսի օգտակարություն ուներ եղբայրների տված օգնությունը: Մտածելով, որ այժմ պետք է ամեն բան “միայնակ” կրեմ, բազմաթիվ անգամներ մտածում եմ, որ եթե չլիներ այս “ընկերությունը, որ անում ենք հեռվից”, – Սրբերի օրհնյալ Հաղորդությունը, – չէի կարողանա պահպանել լավատեսությունը, որով հիմա լի եմ»:
 
57. Մի՛ մոռացիր, որ երբեմն կարիքը կա կողքդ ժպտացող դեմքեր ունենալու:
 
58. «Բոլորդ այնքան ուրախ եք, որ ուղղակի անսպասելի էր», լսեցի ինչ որ մեկի մեկնաբանությունը:
Հեռվից է գալիս Քրիստոսի թշնամիների դիվային գործը, որոնք չեն հոգնում մռթմռթալուց, թե Աստծուն նվիրված մարդիկ «տխրադեմ» են: Եվ, ցավոք սրտի, ոմանք նրանցից, ովքեր ուզում են «բարի» լինել, այդպիսիների խոսքերին արձագանքում են իրենց «տխուր առաքինություններով»:
– Երախտագիտություն ենք հայտնում Քեզ, ո՜վ Տեր, որ կամեցար մեր երջանիկ ու գոհունակ կյանքերը գործածել՝ ջնջելու համար այդ կեղծ ծաղրանկարը:
– Խնդրում եմ Քեզնից նաև, որ երբևէ չթողնես, որ մոռանանք սա:
 
59. Թող որ ոչ ոք ո՛չ տխրություն, ո՛չ էլ վիշտ կարդա քո դեմքին, մինչ աշխարհով մեկ տարածում ես քո զոհաբերմանդ անուշ բույրը. Աստծո որդիները պետք է խաղաղության և զվարթության սերմնացաններ լինեն միշտ:
 
60. Աստվածասեր տղամարդու, աստվածասեր կնոջ ուրախությունը պետք է հորդառատ լինի. հանդարտ, վարակիչ, առինքնող, ... . սակավաթիվ խոսքերով ասած, պետք է այնքա՜ն գերբնական լինի, այնքա՜ն գրավիչ, և այնքա՜ն բնական, որ ուրիշներին էլ իր ետևից քաշի դեպի քրիստոնեական ուղիները:
 
61. «Գո՞հ եք»: – Այս հարցն ինձ մտածկոտ դարձրեց:
– Դեռ չեն հորինվել այնպիսի բառեր, որոնցով հնարավոր կլինի արտահայտել այն ամենը, որ մարդ զգում է, – իր սրտում և իր կամքի մեջ, – իմանալով, որ ինքն Աստծո զավակ է:
 
62. Սուրբ Ծնունդ: Դու գրել ես ինձ. «Մարիամի ու Հովսեփի սուրբ սպասման հետևողությամբ՝ ես էլ եմ սպասում, անհամբերությամբ, Մանկանը: Որքա՜ն գոհ կլինեմ Բեթղեհեմում: Կարծում եմ, որ կպոռթկամ անսահման ուրախությամբ: Ա՜հ: Եվ, Իր հետ, նաև ուզում եմ կրկին ծնվել ... »:
– Տա՜ Աստված, որ կատարվի քո այս փափաքը:
 
63. Անկեղծ առաջադրանք. սիրելի ու հեշտ դարձնել ճանապարհն ուրիշների համար, հաշվի առնելով, որ կյանքն արդեն իսկ բավական դառնություններ է պատճառում նրանց:
 
64. Ինչպիսի՜ սքանչելիք է անհավատներ դարձի բերելը, հոգիներ շահելը ... :
– Այո՛, բայց նույնքան սքանչելի, և Աստծուն է՛լ ավելի հաճելի բան է թույլ չտալը, որ շահված հոգիները կորսվեն:
 
65. Եվս մեկ անգամ տրվեցիր քո հին խենթություններին: ... Իսկ հետո, երբ վերադառնում ես, քեզ վերագտնում ես սակավ ուրախությամբ, որովհետև քեզ պակասում է խոնարհությունը:
Թվում է, թե համառորեն անտեսում ես անառակ որդու առակի երկրորդ մասը, և շարունակում ես կառչած մնալ կաղինների խղճուկ երջանկությանը: Դյուրաբեկությանդ կողմից հպարտորեն խոցված, չես որոշում ներում հայցել, և հաշվի չես առնում փաստը, որ եթե դու խոնարհվում ես, քեզ սպասվում է ջերմագին ընդունելություն քո Հոր՝ Աստծո կողմից, տոնակատարություն վերադարձիդ և վերսկսելուդ համար:
 
66. Ճիշտ է. ոչինչ չարժենք, ոչինչ ենք, ոչինչ չենք կարող, ոչինչ չունենք: Եվ, միաժամանակ, ամենօրյա պայքարի բովում, չեն պակասում խոչընդոտները, փորձությունները: ... Բայց եղբայրներիդ «զվարթությունը» կփարատի բոլոր դժվարությունները, հազիվ թե դու կմիանաս նրանց, որովհետև կտեսնես, որ նրանք ուժգին հենված են Նրա վրա. «Դու, Աստուած, հզօրիչ իմ ես» (Սղմ 42, 2) - որովհետև Դու ես, ո՜վ Տեր, մեր զորությունը:
 
67. Կրկնվում է տեսարանը, ինչպես առակում հիշվող հրավիրյալների դեպքում. ոմանք՝ վախենում են, ոմանք՝ գործեր ունեն. շատերը ... բաջաղանքներ, անմիտ չքմեղանքներ:
Պատսպարվում են: Եվ դառնում են այսպիսիք. տաղտկացած, շփոթված, անվճռակամ, կամազուրկ, ձանձրացած, դառնացած: Եվ սակայն, այնքա՜ն հեշտ է ընդունել յուրաքանչյուր պահի աստվածային հրավերը, և ապրել գոհ ու երջանիկ:
 
68. Շատ հարմար է ասելը. «Ոչինչ չարժեմ. ոչ մի գործ ճիշտ չեմ անում – ճիշտ չենք անում»: Մի կողմ թողնելով փաստը, որ դա այդպես չէ, այդ հոռետեսությունը մի մեծ ծուլություն, անհոգություն ու անտարբերություն է իր մեջ թաքցնում: ... Կան բաներ, որ լավ ես անում, և կան բաներ, որ վատ ես անում: Բերկրանքով ու հույսով լցվիր առաջինների համար. և դիմագրավիր – առանց վհատվելու – երկրորդներին, ուղղելու համար. և կստացվեն:
 
69. «Հայր, ինչպես որ Դուք եք ինձ խորհուրդ տվել, ծիծաղում եմ իմ թշվառությունների վրա, – առանց մոռանալու, որ չպետք է տեղի տամ, – և այդպես ինձ շա՜տ ավելի գոհ եմ զգում:
Մինչդեռ, երբ անմտությունն եմ ունենում դրանց պատճառով տխրելու, այն զգացողությունն եմ ունենում, որ կարծես կորցնում եմ ճանապարհը»:
 
70. Հարցրեցիր ինձ, թե արդյոք ես կրելիք խաչեր ունե՞մ: Եվ ես պատասխանեցի քեզ, որ այո՛, մենք միշտ Խաչն ունենք: – Բայց մի Խաչ, որ փառավոր է, աստվածային կնիք, Աստծո որդիները լինելու վավերականության երաշխիք: Սրա համար է, որ քայլում ենք միշտ երջանիկ, Խաչի ընկերակցությամբ:
 
71. Քեզ ավելի ուրախ ես զգում: Բայց այս անգամ խոսքը գնում է մի նյարդային, մի քիչ անհամբեր ուրախության մասին, որին ընկերակցում է հստակ զգացողությունը, որ ներսումդ ինչ որ մի բան պատառոտվում է որպես զոհ:
Լսիր ինձ ուշադիր. այստեղ՝ երկրի վրա գոյություն չունի ամբողջական, լիակատար երջանկություն: Այս իսկ պատճառով, հենց հիմա, իսկույն, անմիջապես, առանց խոսքերի և առանց ողբասացությունների, նվիրվիր իբրև ողջակեզ Աստծուն, մի ամբողջական ու բացարձակ ինքնանվիրմամբ:
 
72. Ցնծության ու պանծանքի օրեր ես ապրում, հոգիդ լի է արևով ու ջերմությամբ: Բայց տարօրինակն այն է, որ ներկա ուրախությանդ պատճառներն այն նույնն են, որոնք ուրիշ անգամներ ընկճում էին քեզ ու ճնշում:
Ինչպես միշտ. ամեն բան կախում ունի քո նպատակակետից: – «Laetetur cor quaerentium Dominum!» - Երբ փնտրում ենք Տիրոջը, սիրտը միշտ բերնեբերան լի է լինում ուրախությամբ:
 
73. Ինչպիսի՜ տարբերություն կա հավատքից զուրկ, իրենց դատարկ գոյության պատճառով տխուր ու սասանվող, դրոշակների նման դեպքերի ու պարագաների «փոփոխականությանը» ենթակա մարդկանց, և մեր քրիստոնեական, զվարթ ու ամուր, մեր գերբնական նպատակակետի ճանաչման և բացարձակ համոզման պատճառով հաստատապինդ, վստահասիրտ կյանքի միջև:
 
74. Երջանիկ չես, որովհետև պտտեցնում և կրկին պտտեցնում ես ամեն բան այնպես, կարծես դու ես միշտ ամեն ինչի կենտրոնը. փորդ է ցավում, հոգնում ես, քեզ այսինչ բանն ասացին կամ այնինչ բանը, ... :
– Իսկ երբևէ փորձե՞լ ես մտածել Նրա մասին, և հանուն Նրա՝ նաև ուրիշների:
 
75. «Miles» - «Զինվոր». այսպես է անվանում Առաքյալը քրիստոնյային:
Եվ այո՛, սիրո ու խաղաղության այս օրհնյալ ու քրիստոնեական պատերազմի մեջ, որ մղում ենք բոլոր հոգիների երջանկության համար, Աստծո զորախմբերում կան հոգնած, սովահար եղած, ստացած վերքերի պատճառով ուժասպառ զինվորներ, ... , որոնք սակայն գոհ ու երջանիկ են. իրենց սրտերում նրանք կրում են ապահով լույսերը հաղթանակի:
 
76. «Տեղեկացնում եմ Ձեզ, Հայր, որ որոշել եմ միշտ ժպտադեմ լինել. զվարթասիրտ, նույնիսկ եթե դանակահարեն ինձ»:
– Շատ տեղին կայացված որոշում է թվում ինձ: Աղոթում եմ, որ դու գործադրես այն:
 
77. Որոշ պահերի քեզ ճնշում է վհատության մի զգացում, որ սպանում է քո բոլոր գաղափարականները, և որին հազիվ ես կարողանում հաղթել հույս ներշնչող աղոթքների օգնությամբ: – Կարևոր չէ. դա հարմարագույն պահն է՝ Աստծուց առավել շնորհ խնդրելու համար, և առա՛ջ: Վերականգնի՛ր պայքարելու ուրախությունը, նույնիսկ եթե փոքրիկ բախումներից մեկում պարտվել ես:
 
78. Վրա է հասել անհոգ ծուլության, հետաքրքրության անկման սև ամպը: Վար են տեղացել տրտմության անձրևները, հստակ զգացողությամբ, որ գտնվում ես կապանքների մեջ շղթայված վիճակում: Եվ, ամբողջացնելու համար, առջևդ թակարդ է լարել ուժասպառությունը, որ ծնվում է առավել կամ նվազ չափով առարկայական իրողությունից. պայքարի բազմաթիվ տարիներդ ... , և դեռ այսքա՜ն հետ ես մնացել, այսքա՜ն հեռու:
Այս ամենն անհրաժեշտ է, և Աստված վստահում է ձեզ. հասնելու համար ճշմարիտ խաղաղությանն ու ճշմարիտ բերկրանքին («gaudium cum pace»), Աստծո զավակները լինելու համոզմանը, որը մեզ լավատեսությամբ է լցնում, պետք է ավելացնենք ճանաչումը մեր անձնական տկարության:
 
79. Կրկին երիտասարդացել ես: Փաստացի նկատում ես, որ Աստծո հետ հարաբերությունը քեզ քիչ ժամանակում վերադարձրել է երիտասարդության պարզ ու երջանիկ ժամանակներին, մինչև իսկ հոգևոր մանկության ապահովությանն ու բերկրանքին, – առանց մանկամտությունների, սակայն: ... Նայում ես շուրջդ և նկատում ես, որ ուրիշների հետ էլ նույնն է պատահում. անցնում են տարիները Տիրոջ հետ նրանց հանդիպումից և, հասունության հետ, ամրապնդվում են մի անջնջելի երիտասարդության և ուրախության մեջ: Թեթևամիտ չեն. հոգով երիտասարդ են և ուրախ:
Հոգևոր ներքին կյանքի այս իրականությունը հմայում, հաստատում ու նվաճում է հոգիներին: Դրա համար ամեն օր շնորհակալություն հայտնիր Աստծուն, «որ ուրախ առնէ զմանկութիւն իմ» - Աստծուն, որ բերկրանքով լիացնում է երիտասարդությունդ:
 
80. Աստծո շնորհը քեզ չի պակասում: Ուստի, եթե համապատասխանում ես, կարող ես ապահով լինել:
Հաղթանակը քեզնից է կախված. քո ամրությունն ու քո սլացքը – շնորհին միացած – առավել քան բավարար պատճառներ են՝ տալու համար քեզ լավատեսությունը նրա, ով իր բռունցքի մեջ ունի հաղթանակը:
 
81. Երեկ, թերևս, մեկն էիր այն մարդկանցից, որոնք դառնացած են իրենց գաղափարականների մեջ, հուսախաբ են իրենց մարդկային հավակնություններից: Այսօր, այն օրվանից, ինչ Նա մուտք է գործել քո կյանքից ներս, – շնորհակա՜լ եմ, Աստված իմ, – ծիծաղում ու երգում ես, և ամենուր, ուր գնում ես, տանում ես ժպիտ, Սերը և երջանկություն:
 
82. Բազմաթիվ անձինք իրենց դժբախտ են զգում, հե՛նց որովհետև չափազանց շատ ունեն: – Քրիստոնյաները, եթե իսկապես վարվում են Աստծո որդիներին վայել կերպով, կարող է և պատահել, որ կրեն անհարմարություններ, շոգ, հոգնություն, ցուրտ, ... : Բայց երբեք չի կարող պատահել, որ նրանց պակասի ուրախությունը, որովհետև սա – ամե՛նը – որոշված կամ թույլատրված է Նրա կողմից, որ ակունքն է ճշմարիտ երջանկության:
 
83. Հավատքից զուրկ, հույսից զուրկ մարդկանց տեսարանի դիմաց. մտատանջության չափ ալեկոծվող ուղեղների դիմաց, որոնք գոյապատճառ են որոնում կյանքի համար, դու գտել ես նպատակը. Նա՛:
Եվ այս բացահայտումը մեկընդմիշտ կներարկի գոյությանդ մեջ մի նոր ուրախություն, կփոխակերպի քեզ, և ամեն օր կներկայացնի քեզ գեղեցիկ իրողությունների մի անսահմանություն, որոնք քեզ անծանոթ էին, և որոնք քեզ ցույց են տալիս ուրախալի ընդարձակությունը այն լայն ու բաց հորիզոններով մտածողության, որը քեզ առաջնորդում է առ Աստված:
 
84. Երկրի վրա քո երջանկությունը նույնանում է քո հավատարմության հետ՝ հավատքին, մաքրությանը և այն ճանապարհին, որ Տերը գծել է քո առաջ:
 
85. Շնորհակալություն հայտնիր Աստծուն, որովհետև գոհ ես, մի խորը ուրախությամբ, որն ընդունակ չէ աղմուկ բարձրացնելու:
 
86. Աստծո հետ, մտածում էի, յուրաքանչյուր օրն ինձ ավելի հրապուրիչ է թվում, քան մյուսը: Ապրում եմ «կտորիկներով»: Մի օր ուշադրությունս կենտրոնացնում եմ մի մասի շքեղության վրա. մի ուրիշ օր, բացահայտում եմ մի տեսարան, որն առաջ չէի նկատել: ... Այս կերպ առաջ գնալով, չգիտեմ, թե ի՛նչ է պատահելու ժամանակի ընթացքում:
Ապա նկատեցի, որ Նա ինձ վստահեցնում էր. ամեն օր քո բերկրանքն ավելի մեծ կլինի, քանի որ միշտ ավելի կընկղմվես աստվածային արկածախնդրության մեջ, մեծ «խառնաշփոթի» մեջ, ուր քեզ դրել եմ: Եվ փաստացի կապացուցես, որ Ես քեզ չեմ լքում:
 
87. Ուրախությունը հանձնառությունների կատարման արդյունքն է: Ամրապնդվում է ջրաղացի անվի յուրաքանչյուր պտույտի հետ ավելի ու ավելի:
 
88. Ինչպիսի՜ անխռով ուրախություն է պարգևում քեզ Աստծուն նվիրված լինելդ: ... Եվ ինչպիսի՜ բաղձանք, ինչպիսի՜ անզուսպ ձգտումներ պիտի ունենաս, որ բոլորը մասնակցեն քո ուրախությանը:
 
89. Այն ամենը, որ այժմ մտահոգում է քեզ, տեղ է գտնում մի ժպիտի մեջ, որը շուրթերիդ վրա գծագրում ես ի սեր Աստծո:
 
90. Լավատեսությո՞ւն: Մի՛շտ: Նաև երբ գործերդ կարծես թե վատ են ստացվում. թերևս հենց դա՛ է երգել սկսելու պահը, մի «Փա՜ռք Քեզ, Տեր Աստված մեր»ով, որովհետև ապավինել ես Իրեն, իսկ Իրենից քեզ միայն բարիք կարող է գալ:
 
91. Հուսալ՝ չի նշանակում լույսը տեսնելու սկսել, այլ՝ փակ աչքերով իսկ վստահ ու ապահով լինել, որ Տերն այն լիովին ունի և ապրում է այդ պայծառ լուսավորության մեջ: Նա Ինքը Լույսն է:
 
92. Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունը խաղաղությունն ու երջանկությունը երկրի ամենատարբեր միջավայրեր տանելն է, զորության և ուրախության մի խաչակիր արշավանքով, որը տեղից կշարժի նաև թոռոմած ու նեխած սրտերը, և դրանք կբարձրացնի դեպի Նա:
 
93. Եթե արմատից կտրես նախանձի որևէ ակնարկ, և անկեղծ սրտով ուրախանաս ուրիշների հաջողություններով, բերկրանքդ չես կորցնի:
 
94. Այդ ընկերն ինձ այս խոսքերով մոտեցավ. «Ինձ ասացին, որ սիրահարված ես»: – Շատ զարմացած մնացի, և միայն կարողացա հարցնել, թե ո՛րն էր այդ լուրը տարածող աղբյուրը:
Խոստովանեց, որ դա կարդում էր իմ աչքերում, որոնք փայլում էին ուրախությամբ:
 
95. Ինչպիսի՜ն պետք է որ եղած լինի Հիսուսի բերկրալի հայացքը: Նույնը, որ փայլած պետք է որ լինի Իր Մոր աչքերի մեջ, որոնք չէին կարող փակ պահել սեփական բերկրանքը, և նրա հոգին փառավորում է Տիրոջը – «Մեծացուսցէ անձն իմ զՏէր» – այն պահից սկսած, ինչ Նրան կրում է իր մեջ և իր կողքին:
Ա՜հ, Մա՜յր, թող որ մերը լինի, ինչպես որ քոնը եղավ, Նրա հետ լինելու և Նրան ունենալու բերկրանքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։