Աշխատանք – Գրադարան – Mashtoz.org

Աշխատանք

482. Աշխատանքը մարդու առաջին կոչումն է, Աստծո օրհնություններից մեկն է, և ցավով պետք է ասեմ, որ սխալվում են նրանք, ովքեր աշխատանքը պատիժ են համարում:
Տերը, որ լավագույնն է հայրերի մեջ, առաջին մարդուն դրեց Դրախտի մեջ, «գործել» - որպեսզի աշխատեր (Ծնդ 2, 15):
 
483. Ուսում, աշխատանք. որևէ քրիստոնյայի անխուսափելի պարտականություններն են. միջոցներ են՝ մեզ Եկեղեցու թշնամիներից պաշտպանելու և – մեր մասնագիտական հեղինակությամբ – բազմաթիվ ուրիշ հոգիներ ևս ձգելու համար, որոնք բարի լինելով հանդերձ՝ առանձին առանձին են պայքարում: Մեծապես հիմնական զենքեր են նրա համար, ով ցանկանում է առաքյալ լինել աշխարհի մեջ ապրելով:
 
484. Աստծուց խնդրում եմ, որ քեզ օրինակ ծառայեն նաև Հիսուսի պատանեկությունն ու երիտասարդությունը, և՛ երբ մտքեր էր փոխանակում Տաճարի վարդապետների հետ, և՛ երբ աշխատում էր Հովսեփի աշխատանոցում:
 
485. Հիսուսի կյանքի երեսուներեք տարիները ... . դրանցից երեսունը եղան լռության ու անհայտության, ենթակայության ու աշխատանքի տարիներ ... :
 
486. Ինձ այդ պատանին գրել էր. «Գաղափարականս այնքա՜ն մեծ է, որ միայն ծովը կարող է բովանդակել այն»: – Պատասխանեցի. Իսկ Տապանա՞կը, որ այսքա՜ն «փոքր» է: Իսկ Նազարեթի արհեստանո՞ցը, որ այդքա՜ն հասարակ ու սովորական էր:
– Առօրյա կյանքի մեծության մեջ Նա սպասում է մեզ:
 
487. Աստծո առաջ, ո՛չ մի զբաղմունք, ո՛չ մի գործ ինքնըստինքյան մեծ կամ փոքր չէ: Ամեն բան ստանում է Սիրո արժեքը, որով կատարվում է:
 
488. Աշխատանքի հերոսությունը կայանում է բոլոր հանձնառություններն ու պարտականությունները «ավարտին հասցնելու» մեջ:
 
489. Պնդում եմ. քո սովորական աշխատանքի պարզության մեջ, ամեն օրվա միապաղաղ մանրամասնությունների մեջ պետք է բացահայտես մեծության և նորության – շատերի համար ծածուկ – գաղտնիքը. Սերը:
 
490. Քեզ շատ է օգնում – ասում ես – այս միտքը. առաջին քրիստոնյաների ժամանակներից ի վեր քանի՞ առևտրական է սրբացել:
Եվ ուզում ես ապացուցել, որ այժմ էլ հնարավոր է ... : – Տերը քեզ չի լքի այս հանձնառության մեջ:
 
491. Դու էլ մասնագիտական կոչում ունես, որ քեզ քաջալերում է ու «խթանում»: – Լա՛վ, ուրեմն. այդ «խթանը» կեռն է՝ մարդկանց որսալու համար:
Ուղղիր, հետևաբար, դիտավորությունդ, և մի՛ անտեսիր մասնագիտական հնարավոր ողջ հեղինակության ձեռքբերումն ի ծառայություն Աստծո և հոգիների: Տերը ակնկալում է նաև «սա»:
 
492. Գործերն իրենց ավարտին հասցնելու համար՝ հարկավոր է սկսել անել դրանք:
– Ակներև ճշմարտություն է թվում, և սակայն, քանի՜ քանի՜ անգամներ քեզ պակասում է այս պարզ որոշումը, և ... որքա՜ն է ուրախանում սատանան քո անարդյունավետության համար:
 
493. Հնարավոր չէ սրբացնել մի աշխատանք, որը մարդկային գետնի վրա անգամ խառնաշփոթ է, որովհետև վատ արված բաներ չպետք է ընծայենք Աստծուն:
 
494. Մանրամասնություններն անտեսելու սովորությամբ՝ կարող են հաշտեցվել ու համապատասխանեցվել անխոնջ աշխատելն ու կատարյալ պարապորդի նման ապրելը:
 
495. Հարցնում էիր ինձ, թե ի՞նչ կարող ես ընծայել Տիրոջը: – Կարիք չունեմ երկար մտածելու պատասխանի մասին. մշտական բաները, բայց ավելի լավ կատարված, ամբողջացված, սիրո մի եզրափակիչ հպումով, որը քեզ կմղի մտածելու ավելի շատ Իր մասին, և ավելի քիչ՝ քո մասին:
 
496. Սովորական քրիստոնյայի համար միշտ այժմեական և հերոսական մի առաքելություն. սրբորեն կատարել ամենատարբեր գործերն ու զբաղմունքները, նաև նրանք, որոնք թվում է, թե ամենաանկարևորներն են:
 
497. Աշխատենք, և աշխատենք շատ ու լավ, առանց մոռանալու, որ մեր լավագույն զենքը աղոթքն է: Ուստի, չեմ հոգնում կրկնելուց, որ պետք է հայեցողական հոգիներ լինենք աշխարհի սրտում, որոնք ջանք են գործադրում՝ իրենց աշխատանքը աղոթքի փոխակերպելու համար:
 
498. Գրում ես ինձ խոհանոցից, օջախի մոտ կանգնած: Մթնում է: Ցուրտ է: Կողքդ նստած, փոքր քույրիկդ – վերջինը, որ բացահայտել է քրիստոնեական իր կոչումը մինչև խորքն ապրելու աստվածային խենթությունը – կարտոֆիլ է մաքրում: Երևութապես – մտածում ես – իր գործը լրիվ նույնն է, ինչ առաջ: Եվ սակայն, մե՜ծ տարբերություն կա:
Ճիշտ է. առաջ «սոսկ» կարտոֆիլ էր մաքրում. հիմա սրբանում է՝ կարտոֆիլ մաքրելով:
 
499. Ասում ես, թե կամաց կամաց հասկանում ես, թե ի՛նչ է նշանակում «քահանայական հոգի» ունենալ ... : Չբարկանաս, եթե քեզ պատասխանեմ, որ գործերը փաստում են, որ այն հասկանում ես միայն տեսական հարթության վրա: – Ամեն օր քեզ միևնույն բանն է պատահում. երեկոյան, խղճի քննության պահին, բազմաթիվ փափաքներ ու առաջադրություններ. առավոտյան և կեսօրին, աշխատանքի մեջ, ամբողջը դժվարություններ և պատրվակներ ու չքմեղանքներ:
Այսպե՞ս է, որ ապրում ես «անարատ քահանայությունը, ընծայելու համար հոգևոր զոհեր՝ հաճելի Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով» (1Պտ 2, 5):
 
500. Վերսկսելով քո սովորական գործը, բերանիցդ մի տեսակ բողոքի ճիչ դուրս փախավ. Միշտ նույն բանը:
Եվ ես քեզ ասացի. – Այո՛, միշտ նույն բանը: Բայց այս սովորական աշխատանքը – որը նույնն է, ինչ քո գործընկերներինը – պետք է քո համար շարունակական աղոթք լինի, նույն կրքոտ խոսքերով, բայց ամեն օր տարբեր երաժշտությամբ:
Մեզ մեծապես բնորոշ առաքելություն է այս կյանքի արձակը մետասանավանկի, հերոսական դյուցազներգության փոխակերպելը:
 
501. Այն խոսքը, որ կարդում ենք Աստվածաշնչում – «Պակասեալն ո՛չ կարասցէ 'ի թիւ անկանել» - «Պակասամիտների թիվն անսահման է» (Ժղվ 1, 15) – թվում է, թե օր օրի աճում է: – Ամենատարբեր վայրերում, ամենաբազմազան իրավիճակներում, զբաղեցրած պաշտոններից բխող հեղինակության պատմուճանով – և մինչև իսկ «առաքինություններով» – ծածկված, քանի՜ քանի՜ շեղումներ և ողջմտության որքա՜ն պակաս ես ստիպված լինում կրել:
Բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե դու ինչո՞ւ պետք է կորցնես կյանքի գերբնական զգացողությունդ և մնաս անտարբեր. չափազանց ցածր է քո ներքին վիճակը, եթե այս իրավիճակները կրում ես – և կրելուց բացի ուրիշ ոչինչ չես կարող անել – սոսկ մարդկային դրդապատճառներից մղված ... :
Եթե նրանց չես օգնում բացահայտելու ճանապարհը, պատասխանատու և լավ կատարված – սրբագործվա՛ծ – աշխատանքի օրինակ տալով, դառնում ես նրանց նման – պակասամի՛տ – , կամ էլ՝ դառնում ես մեղսակից:
 
502. Կարևոր է, որ գործի լծվես, որ ուս և թիկունք ընծայես ... : Համենայն դեպս, մասնագիտական հանձնառություններդ դիր իրենց տեղը. դրանք միմիայն միջոցներ են՝ նպատակին հասնելու համար. հեռավոր կերպով անգամ չեն կարող նկատվել որպես հիմնական նպատակակետ:
«Պրոֆեսիոնալիզմի» քանի՜ քանի՜ կերպեր խանգարում են Աստծո հետ միությանը:
 
503. Ներող եղիր, որ պնդում եմ. գործիքը, միջոցը, չպետք է նպատակ դառնա: – Եթե, իր բնականոն քաշի փոխարեն, բրիչը կշռեր հարյուր կիլոգրամ, գյուղացին չէր կարողանա աշխատել նման գործիքով, իր ողջ ուժը կսպառեր այն վեր բարձրացնելու համար, և սերմը չէր կպչի, մնալով չգործածված:
 
504. Միշտ այսպես է եղել. ով աշխատում է, որքան էլ որ ուղիղ և մաքուր լինի իր գործելակերպը, հեշտորեն նախանձ է հարուցում, կասկածներ, մախանք: – Եթե ղեկավար դիրք ես զբաղեցնում, հիշիր, որ գործընկերներից մեկի հասցեին ինչ որ մեկի կողմից հնչող նման նախապաշարումները բավարար պատճառ չեն «բամբասանքի զոհ դարձածին» մի կողմ նետելու, անտեսելու համար. ընդհակառակը, երբեմն ապացուցում են, որ նա կարող է օգտակար լինել է՛լ ավելի մեծ ձեռնարկներում:
 
505. Խոչընդոտնե՞ր ... : – Երբեմն, կան: – Երբեմն, սակայն, դու ինքդ ես հորինում դրանք, հարմարավետության համար կամ վախկոտության պատճառով: – Ինչպիսի՜ հմտությամբ է սատանան աչքերիդ առաջ շողացնում այդ պատրվակները՝ չաշխատելու համար ... , որովհետև քաջ գիտի, որ ծուլությունը բոլոր մոլությունների մայրն է:
 
506. Անխոնջ գործունեություն ես կատարում: Բայց չես վարվում կանոնավոր կերպով և, հետևաբար, արդյունավետությունդ տուժում է: – Ինձ հիշեցնում ես այն, ինչ մի անգամ լսեցի մի շատ հեղինակավոր անձից: Ցանկացա ենթականերից մեկի հասցեին գովասանքի խոսքեր ասել իր վերադասի մոտ, և ասացի. Շա՜տ է աշխատում: – Եվ այս պատասխանը ստացա. Ավելի լավ է ասեք, որ շա՜տ է շարժվում: ...
– Անխոնջ ու անպտուղ գործունեություն ես կատարում ... : Որքա՜ն ես շարժվում:
 
507. Մի ուրիշի կատարած գործն արժեզրկելու նպատակով շշնջացիր. Իր պարտականությունն է կատարել ընդամենը:
Իսկ ես հավելեցի. – Քեզ քի՞չ է թվում: ... Մեր պարտականությունները կատարելու համար Տերը մեզ վարձատրում է Երկնքի երանությամբ. «Ազնիւ, ծառայ բարի եւ հաւատարիմ, [...] մո՛ւտ յուրախութիւն Տեառն քոյ» (Մտթ 25, 23) – Շատ լավ, բարի ու հավատարիմ ծառա, մտի՛ր հավիտենական բերկրանքի մեջ:
 
508. Տերն իրավունք ունի – և մեզնից յուրաքանչյուրի համար պարտականություն է – փառաբանվելու «ամեն վայրկյան»: Հետևաբար, եթե ժամանակ ենք վատնում, գողանում ենք Աստծո փառքը:
 
509. Քո վրա ծանր է կշռում փաստը, որ աշխատանքն անհապաղ է, և որ հարմարավետությանը շնորհված յուրաքանչյուր րոպեն Աստծո փառքից գողացված ժամանակ է: – Ինչի՞ ես սպասում, ուրեմն, խղճամիտ կերպով օգուտ քաղելու յուրաքանչյուր վայրկյանից:
Ինչպես նաև, քեզ խորհուրդ եմ տալիս մտածել, թե այդ րոպեները, որ օրվա ընթացքում ավելանում են – ամբողջական ժամեր, իրար գումարելով – արդյոք չեն բխո՞ւմ քո անկանոնավորությունից, կամ էլ՝ ծույլ պարապորդությունից:
 
510. Տխրությունն ու հոգու խռովքը ուղիղ համեմատական են կորցրած ժամանակին: – Երբ կզգաս բոլոր րոպեներից օգուտ քաղելու սուրբ անհամբերությունը, ուրախությունն ու խաղաղությունը կլիացնեն քեզ, որովհետև չես մտածի քո մասին:
 
511. Մտահոգություննե՞ր: ... – Ես մտահոգություններ չունեմ, – ասացի քեզ, – որովհետև շատ զբաղմունքներ ունեմ:
 
512. Ճգնաժամային փուլի միջով ես անցնում. մի անորոշ երկյուղ, որոշակի չափով. դժվարություններ կյանքի ծրագիրն հարմարեցնելու հարցում. ճնշող աշխատանք, որովհետև բոլոր պարտականություններդ կատարելու համար քեզ չեն բավականացնում օրվա քսանչորս ժամերը ... :
– Փորձե՞լ ես հետևել Առաքյալի խորհրդին. «Թող որ ամեն ինչ կատարվի պարկեշտությամբ և ըստ կարգի» (1Կր 14, 40), այսինքն՝ Աստծո ներկայությանը, Նրա հետ, Նրա համար և միայն Նրա մեջ:
 
513. Երբ կազմակերպում ես քո ժամանակը, պետք է մտածես նաև այն բանի մասին, թե ինչպես ես գործածելու ազատ պահերը, որոնք կարող են առաջանալ չսպասված ժամերի:
 
514. Հանգիստը ես միշտ հասկացել եմ ամենօրյա գործերից կտրվելու իմաստով, երբե՛ք որպես պարապության օրեր:
Հանգիստ նշանակում է վերագտնել ինքդ քեզ. կազդուրել, վերածնել ուժերը, գաղափարականները, ծրագրերը ... : Կարճ ասած. փոխել զբաղմունքդ, հետո վերադառնալու համար – նոր եռանդով ու աշխուժությամբ – սովորական աշխատանքին:
 
515. Հիմա, որ անելիք շատ բան ունես, անհետացան քո բոլոր «խնդիրները» ... : – Անկեղծ եղիր. քանի որ որոշեցիր աշխատել Նրա համար, քո էգոիզմների մասին մտածելու ժամանակ քեզ այլևս չի մնում:
 
516. Սլաքական փոքրիկ աղոթքները չեն խանգարում աշխատանքին, ինչպես որ սրտի բաբախյունը չի խանգարում մարմնի շարժումներին:
 
517. Սեփական աշխատանքը սրբացնելը ցնորք չէ, այլ՝ յուրաքանչյուր քրիստոնյայի առաքելությունը ... . քոնը և իմը:
– Սա շատ լավ հասկացել էր այն մեքենագործը, որ ասում էր. «Ինձ ուրախությունից խենթացնում է համոզմունքը, որ ես, հաստոցի մոտ աշխատելով ու երգելով, շա՜տ երգելով – դրսից ու ներսից – , կարող եմ սրբանալ ... . որքա՜ն լավն է մեր Աստվածը»:
 
518. Աշխատանքդ անշնորհակալ աշխատանք է դառնում, հատկապես երբ նկատում ես, թե Աստծուն որքան քիչ են սիրում գործընկերներդ, որոնք նաև խուսափում են շնորհից և բարիքից, որ կամենում ես հասցնել իրենց:
Պետք է փորձես դու ինքդ լրացնել այն ամբողջ բացը, որ նրանք ստեղծում են իրենց զանցառություններով, նվիրելով անձդ Աստծուն նաև աշխատանքի մեջ – ինչը որ չես արել մինչև այժմ – , աշխատանքը փոխակերպելով աղոթքի, որ դեպի Երկինք է բարձրանում մարդկության համար:
 
519. Ուրախությամբ աշխատել՝ չի նշանակում աշխատել «ծիծաղելով», առանց խորքի, մակերեսային կերպով, կարծես վրայիցդ տհաճ բեռ նետելու համար ... :
– Այնպես արա՛, որ շշմածության կամ թեթևամիտ անլրջության պատճառով ջանքերդ չկորցնեն իրենց արժեքը, վերջում քեզ ենթարկելով Աստծո առաջ դատարկ ձեռքերով ներկայանալու ռիսկին:
 
520. Ոմանք աշխատանքի մեջ շարժվում են նախապաշարումներով. սկզբունքայնորեն չեն վստահում ոչ ոքի և, բնականաբար, չեն հասկանում իրենց մասնագիտությունը սրբացնելու ջանքերի անհրաժեշտությունը: Եթե նրանց խոսում ես դրա մասին, պատասխանում են, որ չպետք է ա՛յլ բեռ ու ծանրություն ավելացնեն իրենց աշխատանքին, որն արդեն իսկ կրում են չկամությամբ, ծանր բեռի նման:
– Սա խաղաղության ճակատամարտերից մեկն է, որ հարկավոր է հաղթել. գտնել Աստծուն սեփական զբաղմունքի մեջ, և – Նրա հետ և Նրա նման – ծառայել ուրիշներին:
 
521. Սարսափում ես դժվարություններին ի տես, և ետ ես նահանջում: Գիտե՞ս, թե ինչպես կարելի է հակիրճ գնահատել քո վարմունքը: Հարմարավետություն, հարմարավետություն և հարմարավետություն:
Ասում էիր, թե տրամադիր էիր նվիրվելու, և նվիրվելու առանց սահմանափակումների, և սակայն մնում ես սկսնակ-հերոսի մակարդակին: Հակազդի՛ր հասունությամբ:
 
522. Ուսանո՜ղ, առաքյալի՛ ոգով մոտեցիր գրքերիդ, սերտ համոզմունքով, որ այս ժամերն ու ժամերը Աստծուն ընծայված հոգևոր պատարագ են – հիմա՛ արդեն – ի շահ մարդկության, քո հայրենիքի, քո հոգու:
 
523. Պատերազմի նժույգ ունես, որ կոչվում է ուսում. հազար անգամ որոշում ես լավ գործածել ժամանակդ, և սակայն, ամեն բան ցրում է քո ուշադրությունը: Երբեմն հոգնում ես ինքդ քեզնից, այն թույլ կամքի պատճառով, որ ցուցաբերում ես. թեև ամեն օր վերսկսում ես նորից:
Փորձե՞լ ես ուսումդ ընծայել առաքելական կոնկրետ դիտավորությունների համար:
 
524. Ավելի հեշտ է դեսուդեն ընկնել, քան սովորել. ավելի հեշտ է, բայց նվազ արդյունավետ:
 
525. Եթե գիտես, որ ուսումը առաքելություն է, և սահմանափակվում ես այնքան սովորելով, որ պարզապես քննություններն անցնես, ակնհայտ է, որ հոգևոր կյանքդ վատ վիճակում է:
Այս անհոգությամբ կորցնում ես լավ ոգին, և ինչպես պատահեց ավետարանական առակում հիշվող աշխատողին, որը խորամանկությամբ թաքցրել էր ստացած տաղանդը, եթե չուղղես ընթացքդ, կարող ես ինքդ քեզ բացառել Տիրոջ հետ մտերմությունից, հարմարավետության քո հաշվարկների ցեխի մեջ խրվելու համար:
 
526. Հարկավոր է ուսանել ... : Բայց բավական չէ՞:
Ի՞նչ է հնարավոր ստանալ նրանից, ով ինքն իրեն չի խնայում սեփական էգոիզմը սնուցելու համար, կամ նրանից, ով ա՛յլ նպատակ չի հետապնդում, եթե ո՛չ միայն՝ իր համար հանգստավետություն ապահովելը, մի քանի տարվա համար:
Հարկավոր է ուսանել ... շահելու համար աշխարհը և այն Աստծո համար նվաճելու: Այդպիսով կբարձրացնենք մեր գործադրած ջանքի մակարդակը, այնպես անելով, որ կատարված աշխատանքը դառնա հանդիպում Տիրոջ հետ, և որպես հիմք ծառայի ուրիշների համար. նրանց, ովքեր կհետևեն մեր ճանապարհին ... :
– Այսպիսով, ուսումը կլինի աղոթք:
 
527. Բազմաթիվ հերոսական կյանքեր ճանաչելուց հետո, Աստծո համար ապրված կյանքեր, առանց սեփական տեղից դուրս գալու, հասել եմ այս եզրակացությանը. քրիստոնյայի համար՝ աշխատելը կատարել չէ, սիրե՛լ է, նվիրվել հոժարակամ, և մի՛շտ, պարտականության մեջ և զոհի:
 
528. Երբ կհասկանաս հանուն Քրիստոսի կատարված եղբայրական աշխատանքի այս գաղափարականը, կզգաս քեզ ավելի մեծ, ավելի ամուր, և այնքան ավելի երջանիկ, որքան հնարավոր է այս աշխարհում, որը շատերն աշխատում են դարձնել խառնակ ու դառն, որովհետև զբաղված են բացառապես իրենց եսի փնտրտուքով:
 
529. Սրբությունը հյուսված է հերոսություններով: – Ուստի, աշխատանքի մեջ մեզնից պահանջվում է հերոսությունը «ավարտին հասցնելու» գործերը, որոնց կատարումը մեր պարտականությունն է, օր օրի ետևից, նույնիսկ եթե կրկնվում են միևնույն գործերը: Այլապես, չենք ցանկանում սուրբ լինել:
 
530. Մեր այդ ընկեր քահանան համոզեց ինձ: Խոսում էր իր առաքելական աշխատանքի մասին, և ինձ վստահեցնում էր, որ նվազ կարևորություն ունեցող գործեր գոյություն չունեն: Վարդերի այս խիտ դաշտի տակ – ասում էր – թաքնված է լուռ ճիգն ու ջանքը բազմաթիվ հոգիների, որոնք իրենց աշխատանքով և իրենց աղոթքով, իրենց աղոթքով և իրենց աշխատանքով, Երկնքից ստացել են առատ անձրևները շնորհի, որն ամեն ինչ արգասավորում է:
 
531. Աշխատասեղանիդ վրա, սենյակում, դրամապանակիդ մեջ, ... Տիրամոր նկարներից մեկը դիր, և նրան ուղղիր հայացքդ, երբ սկսում ես աշխատանքդ, մինչ կատարում ես այն, և երբ այն վերջացնում ես: Նա կստանա քո համար – վստահեցնում եմ քեզ – հարկավոր ուժը՝ կատարելու համար գործդ Աստծո հետ սիրալիր երկխոսության մթնոլորտում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։