Անկեղծություն – Գրադարան – Mashtoz.org

Անկեղծություն

323. Ով իր Հոգևոր Առաջնորդից թաքցնում է ինչ որ մի փորձություն, մի գաղտնիք է կիսում սատանայի հետ: – Դառնում է թշնամու բարեկամը:
 
324. Անկմանդ պատճառով բարձրացած փոշին և կուրացումը մոտդ խռովք ու անհանգստություն են առաջացնում, այնպիսի մտքերի հետ միասին, որոնք ուզում են խլել քեզնից խաղաղությունը:
– Սփոփանք փնտրեցի՞ր Տիրոջ մոտ հեղված արցունքների և եղբայրներից մեկի հետ վստահասիրտ զրույցի մեջ:
 
325. Անկեղծությո՛ւն. Աստծո հետ, Հոգևոր Առաջնորդիդ հետ, մարդկանց՝ քո եղբայրների հետ: – Այսպես վստահ կլինեմ հարատևությանդ հարցում:
 
326. Մի միջոց՝ անկեղծ ու համարձակ և պարզ լինելու համա՞ր: ... Լսիր Պետրոսի այս խոսքերը և խորհրդածիր դրանց շուրջ. «Տէր, Դու զամենայն գիտես» - «Տեր, Դու ամեն ինչ գիտես» (Հվհ 21, 17):
 
327. «Ի՞նչ պետք է անեմ», հարցնում ես ինձ, երբ սկսում ես բացել հոգիդ: Եվ ես, վստահ ու ապահով գիտակցությամբ, պատասխանում եմ քեզ. «Առաջին հերթին այն, ինչը որ չէիր ուզենա, որ մարդիկ իմանային»:
 
328. Թերությունները, որ տեսնում ես ուրիշների մեջ, թերևս քոնն են: «Յորժամ ակնն առատ է ... » (Ղկս 11, 34) – Եթե քո աչքը պարզ լիներ, ողջ մարմինդ լուսավորված կլիներ. բայց եթե աչքդ չար է, ողջ մարմինդ խավարով պատված կլինի:
Եվ է՛լ ավելի. «Ինչո՞ւ ես եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում, իսկ քո աչքի միջի գերանն անտեսում» (Ղկս 6, 41):
– Քննի՛ր ինքդ քեզ:
 
329. Բոլորս կարիքն ունենք օբյեկտիվության պակասի դեմն առնելու, երբ սկսում ենք քննել մեր սեփական վարքը ... : – Դու նույնպես:
 
330. Համաձայն եմ, ասում ես ճշմարտությունը «գրեթե» ամբողջությամբ ... : Հետևաբար, ճշմարտախոս չես:
 
331. Հեծեծում ես ... , և շարունակում եմ սրբազան անողոքությամբ. հեծեծում ես ... , որովհետև այս անգամ մատս դրել եմ վերքիդ վրա:
 
332. Հասկացել ես, թե ինչում է կայանում անկեղծությունը, երբ ինձ գրել ես. «Փորձում եմ վարժվել՝ անվանելու իրողություններն իրենց անուններով, և հատկապես՝ չփնտրելու մակդիրներ այն բաների համար, որոնք գոյություն չունեն»:
 
333. Լավ մտածիր. թափանցիկ լինելը ավելի կայանում է չթաքցնելու, քան թե տեսնել տալ ուզենալու մեջ ... : Խոսքը վերաբերվում է հնարավորություն տալուն, որ հստակ երևան և զանազանվեն անոթի հատակին գտնվող առարկաները, և ո՛չ թե ջանք գործադրելուն, որ տեսանելի դառնա օդը:
 
334. Գործենք միշտ այնպես, Աստծո ներկայությանը, որ ոչինչ չունենանք թաքցնելու մարդկանցից:
 
335. Տագնապներդ դադարեցին ... : Բացահայտեցիր, որ Հոգևոր Առաջնորդի հետ անկեղծությունը հիվանդություններից բուժում է ապշեցուցիչ հեշտությամբ:
 
336. Ինչպե՜ս են սխալվում ծնողները, ուսուցիչները, առաջնորդները, ... որոնք պահանջում են բացարձակ անկեղծություն, իսկ երբ իրենց ցույց է տրվում ողջ ճշմարտությունը, սարսափահար են լինում:
 
337. Բառարանում կարդում էիր «կեղծավոր»ի հոմանիշները. «Երկդիմի, խորամանկ, ձևական, ծածկամիտ, հնարքներ բանեցող ... »: – Փակեցիր գիրքը, Տիրոջից խնդրելով, որ քո մասին երբեք չկարողանան գործածվել նման որակավորումներ, և որոշեցիր է՛լ ավելի կատարելագործել անկեղծության գերբնական և մարդկային առաքինությունը:
 
338. «Խորք 'ի խորոց կարդացին ... » (Սղմ 41, 8) – Մի անդունդը մյուսին է կանչում, սա արդեն հիշեցրել եմ քեզ: Ճշգրիտ նկարագրությունն է ստախոսների, կեղծավորների, ուրացողների, դավաճանների գործելաոճի. իրենց սեփական վարվելակերպի հետ անհանգիստ ու աններդաշնակ վիճակում գտնվելով, ուրիշներից թաքցնում են իրենց խարդախությունները, վատից վատթարի մեջ ընկնելով, անդունդ փորելով իրենց և մերձավորների միջև:
 
339. «Tota pulchra es Maria, et macula originalis non est in te!» - «Ամբողջովին գեղեցիկ ես, ո՜վ Մարիամ, և սկզբնական արատը քո մեջ չկա», ցնծությամբ երգում է Ծեսը: Նրա մեջ երկվության նվազագույն ստվերն անգամ չկա. ամեն օր խնդրում եմ մեր Մորը, որ ընդունակ լինենք բացելու մեր հոգիները հոգևոր առաջնորդության մեջ, որպեսզի շնորհի լույսը լուսավորի մեր ողջ վարքը:
– Եթե նրան աղերսենք այսպես, Մարիամը մեր համար կստանա անկեղծության քաջությունը, Երանագույն Երրորդությանը առավել միացած լինելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։