Մարդկանց որսորդներ – Գրադարան – Mashtoz.org

Մարդկանց որսորդներ

181. Մինչ զրուցում էինք, տեսնում էինք այդ ցամաքամասի հողերը: – Աչքերիդ մեջ լույսեր վառվեցին, հոգիդ լցվեց անհամբերությամբ, և, մտածելով այդ ժողովուրդների մասին, ասացիր ինձ. հնարավո՞ր է, որ այս ծովերից անդին Քրիստոսի շնորհը դառնա անարդյունավետ:
Ապա դու ինքդ տվեցիր պատասխանը. Նա, Իր անսահման բարության մեջ, կամենում է գործն իրականացնել հնազանդ գործիքների միջոցով:
 
182. Որքա՜ն ես ափսոսում նրանց համար: ... Ցանկությունն ես զգում գոռալու նրանց, որ ժամանակ են կորցնում ... : Որովհետև այսքա՜ն կույր են, և չեն նկատում այն, ինչը դու – թշվառդ – տեսել ես: Ինչո՞ւ չպետք է նախընտրեն ավելի լավը:
– Աղոթի՛ր, զգայարաններդ ու կրքերդ սանձի՛ր, և ապա – դրա պարտականությո՛ւնն ունես – արթնացրու նրանց մեկ առ մեկ, բացատրելով նրանց, – միշտ մեկ առ մեկ, – որ, քո նման, կարող են մի աստվածային ճանապարհ գտնել, առանց լքելու այն տեղը, որ զբաղեցնում են հասարակության ներսում:
 
183. Սկսել էիր մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ: Բայց քիչ առ քիչ փուքդ իջավ ... : Եվ վերջում կրկին փակվելու ես թշվառ կեղևիդ մեջ, եթե շարունակես սեղմել հորիզոնդ:
– Միշտ ավելի պետք է ընդարձակես սիրտդ, առաքելության քաղցով: Հարյուր հոգիներից մեզ հետաքրքրում են բոլոր հարյուրը:
 
184. Շնորհակալություն հայտնիր Տիրոջը տևական նրբանկատության համար, – հայրական և մայրական, – որով վարվում է քո հետ:
Դու, որ միշտ երազել ես մեծ արկածախնդրություններ, գործի ես լծվել մի սքանչելի ձեռնարկի մեջ, ... որը քեզ տանում է դեպի սրբություն:
Պնդում եմ. դրա համար շնորհակալություն հայտնիր Աստծուն, շնորհակալություն հայտնիր առաքելության կյանքով:
 
185. Երբ նետվում ես առաքելության մեջ, համոզվիր, որ խոսքը միշտ վերաբերվում է մարդկանց երջանիկ, շա՜տ երջանիկ դարձնելուն. Ճշմարտությունն անբաժանելի է վավերական անխաբ բերկրանքից:
 
186. Տարբեր ազգությունների, տարբեր ցեղերի, միմյանցից մեծապես տարբերվող միջավայրերի ու մասնագիտությունների անձինք ... : Նրանց հետ Աստծո մասին խոսելիս սեփական ձեռքովդ հպվում ես առաքյալի կոչմանդ մարդկային և գերբնական արժեքին: Կարծես վերապրում ես, իր ամբողջական իրականության մեջ, Տիրոջ աշակերտների առաջին քարոզչության հրաշքը. օտար լեզվով արտասանված նախադասություններ, որ մատնացույց են անում մի նոր ճանապարհ, նրանցից յուրաքանչյուրն ունկնդրում է իր սրտի խորքում, իրեն հարազատ բարբառով: Եվ մտաբերում ես, նոր գույներով կենդանացած, այն տեսարանը, որում «պարթևներ, մարեր և իլամացիներ ... » երջանկաբար մոտեցել են Աստծուն:
 
187. Ուշադիր լսիր ինձ և արձագանքիր. քրիստոնեությունը Սեր է. Աստծո հետ հարաբերությունը գերազանցորեն հաստատական բնույթ է կրում. ուրիշների նկատմամբ մտահոգությունը – առաքելությունը – ճոխության ապրանք չէ, քչերի զբաղմունք:
– Այժմ, որ գիտես սա, ուրախացի՛ր, որովհետև կյանքդ ամբողջովին տարբեր նշանակություն ձեռքբերեց, և հետևողական եղիր:
 
188. Բնականություն, անկեղծություն, զվարթություն. անհրաժեշտ պայմաններ են առաքելության մեջ, մարդկանց ձգելու համար:
 
189. Ավելի պարզ չէր կարող լինել ձևը, որով Հիսուսը կանչեց առաջին տասներկուսին. «Ե՛կ և հետևի՛ր ինձ»:
Քեզ, որ բազմաթիվ չքմեղանքներ ես փնտրում՝ հանձնառության մեջ առաջ չգնալու համար, հարմարվում է – ինչպես ձեռնոցը ձեռքին – ի նկատի առնելը, որ չափազանց խեղճ էր այդ առաջինների մարդկային գիտությունը. և սակայն, ինչպե՜ս էին կարողանում ցնցել նրանց, ովքեր ունկնդրում էին իրենց:
– Մի՛ մոռացիր. աշխատանքը շարունակում է կատարել Նա, մեզնից յուրաքանչյուրի միջոցով:
 
190. Առաքյալի կոչումներն առաքում է Աստված: Բայց դու չպետք է անտեսես միջոցների գործադրումը. աղոթք, կրքերի ու զգայարանների սանձում, ուսում կամ աշխատանք, ընկերություն, գերբնական տեսություն ... , հոգևոր ներքին կյանք:
 
191. Երբ քեզ խոսում եմ «ընկերության առաքելության» մասին, ի նկատի ունեմ «անձնական», անձնուրաց, անկեղծ ընկերությունը. դու առ դու, սիրտ առ սիրտ:
 
192. Ընկերության ու սրտակցության առաքելության մեջ առաջին քայլը ըմբռնումն է, ծառայությունը, ... և սրբազան անզիջողությունը վարդապետության մեջ:
 
193. Նրանք, ովքեր հանդիպել են Քրիստոսին, չեն կարող փակվել իրենց միջավայրերում. չափազանց տխուր բան կլիներ նման թշվառացումը: Պետք է հովհարի նման բացվեն՝ հասնելու համար բոլոր հոգիներին: Յուրաքանչյուր ոք պետք է ստեղծի – և ընդարձակի – ընկերների մի շրջապատ, որի մեջ պետք է ազդեցություն ունենա իր մասնագիտական հեղինակությամբ, իր վարքով, իր ընկերությամբ, այնպես անելով, որ Քրիստոսն Ինքը ազդի իր այդ մասնագիտական հեղինակության, իր այդ վարքի, իր այդ ընկերության միջոցով:
 
194. Պետք է բոցավառ խարույկ լինես, որ տարածում է հուրը ամեն կողմ: Իսկ եթե միջավայրը, ուր գտնվում ես, անկարող է բռնկվելու, պետք է ավելացնես հոգևոր ջերմությունը:
– Այլապես, թշվառաբար ժամանակ ես կորցնում, և ժամանակ ես կորցնել տալիս նրան, ով քո կողքին է:
 
195. Երբ կա նախանձախնդրություն հոգիների հանդեպ, միշտ էլ գտնվում են բարի մարդիկ, միշտ էլ բացահայտվում է բերրի ու արգասաբեր հողը: Չքմեղանքներ չունես:
 
196. Համոզվի՛ր. այնտեղ էլ կան բազմաթիվ մարդիկ, որ կարող են հասկանալ քո ճանապարհը. հոգիներ, որ – գիտակցաբար կամ ո՛չ – փնտրում են Քրիստոսին և չեն գտնում Նրան: Բայց «ինչպե՞ս կարող են լսել Նրա մասին, եթե ոչ ոք չխոսի»:
 
197. Ինձ մի՛ ասա, թե հոգևոր կյանքդ խնամում ես, եթե ուժգին, անդադար առաքելություն չես անում. Տերը – որի հետ, դու ինձ վստահեցնում ես, թե հարաբերություն ես մշակում, – կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն:
 
198. Այս ճանապարհը շատ դժվարին է, ասաց քեզ: Եվ, լսելով այս խոսքերը, հավանություն տվեցիր պարծանքով, հիշեցնելով, որ Խաչը ապահով նշանն է ճշմարիտ քայլքի ... : Բայց այդ ընկերդ ճանապարհի միայն դժվարին կողմն է նկատել, առանց հաշվի առնելու Հիսուսի խոստումը. «Իմ լուծը քաղցր է»:
Հիշեցրո՛ւ նրան այս հանգամանքը, որովհետև – թերևս երբ կիմանա – կնվիրվի:
 
199. Ժամանակ չունի՞: ... Ավելի լավ: Քրիստոսին հետաքրքրում են հենց նրանք, ովքեր ժամանակ չունեն:
 
200. Խորհրդածելով այն բանի մասին, որ շատերն են բաց թողնում մեծապես պատեհ առիթը և թողնում են, որ Հիսուսը հեռանա, մտածիր. որտեղի՞ց է գալիս ինձ այս հստակ ու աներկբա կոչումը, այսքա՜ն նախախնամական, որ մատնացույց է անում իմ առջև ճանապարհը:
– Սրա մասին խորհրդածիր ամեն օր. առաքյալը միշտ պետք է մի ա՛յլ ոմն Քրիստոս լինի, նույն Ինքն Քրիստոսը:
 
201. Մի՛ զարմացիր և ետ մի՛ նահանջիր, եթե հանդիմանեց քեզ այն բանի համար, որ իրեն դեմ առ դեմ դրեցիր Քրիստոսի հետ, և եթե վրդովված հավելեց. «Հիմա այլևս չեմ կարող հանգիստ ապրել առանց որոշում կայացնելու ... »:
Հանձնիր նրան Տիրոջը ... : Անօգուտ է նրան հանգստացնելու փորձ կատարելը. թերևս նրա հոգում մակերես է բարձրացել մի հին անհանգստություն. իր խղճի ձայնը:
 
202. Գայթակղվո՞ւմ են, որ ինքնանվիրման մասին խոսում ես մեկին, ով երբեք չի մտածել այդ խնդրի շուրջ: ... – Լա՛վ: Եվ ի՞նչ: Դու առաքյալների առաքյալ լինելու կոչումն ունես:
 
203. Չես հասնում ժողովրդին, որովհետև ուրիշ «լեզվով» ես խոսում: Քեզ խորհուրդ եմ տալիս բնականությունը:
Ա՜խ քո ստացած կրթությունը, այսքա՜ն արհեստական:
 
204. Վարանում ես նետվելու՝ խոսելու Աստծո, քրիստոնեական կյանքի, կոչման մասին, ... որովհետև չես ուզում տառապանք պատճառե՞լ: ... Մոռանում ես, որ դու չես, որ կանչում ես, այլ՝ Ինքը. «Ես գիտեմ զորս ընտրեցիդ» - «Ճանաչում եմ նրանց, որոնց ընտրել եմ» (Հվհ 13, 18):
Ինչպես նաև, սիրտս կցավեր, եթե նկատեի, որ այս կեղծ խնամքի և ուշադրության ետևում թաքնվել է հարմարավետությունը կամ գաղջությունը. այս մակարդակի վրա ես, որովհետև մարդկային խեղճ ընկերությունն ավելի ես նախընտրում, քան ընկերությունն Աստծո հետ:
 
205. Զրույց ունեցար այս մեկի, այն մյուսի և այն երրորդի հետ, որովհետև քեզ լափում է հոգիների համար զգացածդ եռանդը:
Մեկը սարսափեց, մյուսը խորհրդակցեց «խոհեմ» մեկի հետ, որի կողմից սխալ կողմնորոշում ստացավ ... : – Դու հարատևի՛ր. թող որ ոչ ոք հետո չկարողանա արդարանալ, ասելով. «Ո՛չ ոք կալաւ զմեզ» - «Ոչ ոք չկանչեց մեզ» (Մտթ 20, 7):
 
206. Հասկանում եմ քո սուրբ անհամբերությունը, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնես, որ ոմանք կարիքն ունեն շատ մտածելու, և ուրիշներ կպատասխանեն ժամանակի ընթացքում ... : Սպասիր նրանց, լայն բացված ձեռքերով. քո սուրբ անհամբերությունը համեմիր առատ աղոթքով և կրքերի ու զգայարանների սանձումով: – Կգան ավելի երիտասարդացած և ավելի վեհանձն դարձած. իրենց վրայից դեն նետած կլինեն քաղքենիությունը և դարձած կլինեն առավել քաջ ու արի:
Աստված սպասում է նրանց:
 
207. Հավատքը անհրաժեշտ ձիրք և հատկություն է առաքելության մեջ, որ բազմաթիվ անգամներ բացահայտվում է այն հարատևության մեջ, որով խոսում ենք Աստծո մասին, նույնիսկ եթե պտուղների տեսանելի ի հայտ գալն ուշանում է:
Եթե հարատևում ենք, եթե պնդում ենք, մեծապես համոզված, որ Տերը կամենում է դա, նաև քո շուրջբոլորը, ամենուր, վրա կհասնեն քրիստոնեական հեղափոխության նշանները. ոմանք կորոշեն նվիրվել, ուրիշներ կսկսեն լրջորեն վերաբերվել իրենց հոգևոր կյանքին, իսկ ուրիշներ – ամենաթույլերը – գոնե զգուշացված կլինեն:
 
208. Իսկական ցնծության օրեր են. և՛ս երեք հոգի:
Կատարվում են Հիսուսի խոսքերը. «Սրանով է փառավորվում իմ Հայրը. որ դուք բազում պտուղ բերեք և դառնաք իմ աշակերտները»:
 
209. Ժպիտ պատճառեցիր ինձ, և քեզ շատ լավ հասկանում եմ, երբ ասացիր. ինձ խանդավառում է նոր երկրներ գնալու հեռանկարը, ճանապարհ բացելու, գուցե շա՜տ հեռու ... : Պետք է տեղեկանամ, թե արդյոք մարդիկ կա՞ն լուսնի վրա:
– Տիրոջից խնդրիր, որ ավելացնի այս առաքելական եռանդդ:
 
210. Երբեմն, թմրած հոգիների դիմաց, խենթ ցանկություն է առաջանում գոռալու, ցնցելու նրանց, մղելու կյանքի նշաններ տալու, նրանց դուրս բերելու համար սոսկալի ընդարմացումից, որի մեջ ընկել են: Որքա՜ն տխուր տեսարան է տեսնելը, թե ինչպես են շարժվում, կույրերի նման խարխափելով, առանց ճանապարհը գտնելու:
– Քանի՜ցս լավ եմ հասկանում Քրիստոսի ողբը Երուսաղեմի համար, որ պտուղն էր Իր կատարյալ սիրո ... :
 
211. Ամեն օր խորացրու քրիստոնեական կոչմանդ առաքելական ծավալը: – Նա քսան դար առաջ հաստատել է – որպեսզի դու և ես հռչակենք Իրեն մարդկանց ականջներին ի լուր – զինվորագրման մի ծառայություն, որը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր անկեղծ սիրտ ունեն և ընդունակ են սիրելու: ... Ինչպիսի՞ կոչում կարող է ավելի հստակ լինել, քան «Հո՛ւր եկի արկանել յերկիր» - «Եկել եմ կրակ բերելու երկրի վրա» խոսքերը (Ղկս 12, 49), և ի նկատի առնելը, որ երկուսուկես միլիարդ հոգիներ տակավին չեն ճանաչում Քրիստոսին:
 
212. «Ո՛չ զոք ունիմ» - «Ոչ ոք չունեմ», որ օգնի ինձ (Հվհ 5, 7): Այս խոսքերը կարող են ասել, ցավոք սրտի, հոգու ոլորտի բազմաթիվ հիվանդներ ու անդամալույծներ, որ կարող են ծառայել ... և պե՛տք է ծառայեն:
Տե՜ր, թող որ ես երբեք անտարբեր չմնամ հոգիների դիմաց:
 
213. Օգնիր ինձ խնդրելու մի նոր Հոգեգալուստ, որը մի անգամ ևս հրդեհի երկիրը:
 
214. «Եթե մեկը գալիս է իմ մոտ և չի ատում իր հորը, իր մորը, կնոջը, զավակներին, եղբայրներին, քույրերին և մինչև իսկ իր սեփական կյանքը, չի կարող իմ աշակերտը լինել»:
Ավելի ու ավելի հստակ եմ տեսնում, Տե՜ր, որ արյան կապերը, եթե չեն անցնում Քո ամենասիրելի Սրտի միջով, ոմանց համար տևական պատճառ են չարչարանքի. ուրիշների համար, ակունք են փորձությունների – քիչ թե շատ ուղղակի – ընդդեմ հարատևության. ուրիշների համար էլ, պատճառ են բացարձակ անզոր անարդյունավետության. և, բոլորի համար, ծանրաքարշ բեռ են, որ խանգարում է ամբողջական նվիրմանը:
 
215. Ակոսը բացող և հողը մշակելի դարձնող խոփը ո՛չ սերմն է տեսնում, ո՛չ էլ հունձքը:
 
216. Որոշում կայացնելուցդ հետո, ամեն օր մի նոր բացահայտում ես կատարում: Առաջ ինքդ քեզ շարունակ հարցնում էիր. «Իսկ սա՞, երբևէ հնարավո՞ր է»», ... և ապա շարունակում էիր մնալ քո կասկածների ու քո հուսախաբությունների մեջ ... :
Այժմ միշտ գտնում ես ճշգրիտ, հիմնավոր և հստակ պատասխանը: Եվ լսելով, թե ինչպես են պատասխանում քո հարցերին, երբեմն երեխայավայել կերպով, ակամա մտածում ես. «Այսպես պետք է որ Հիսուսը խնամած լինի առաջին տասներկուսին»:
 
217. Կոչումնե՜ր, ո՜վ Տեր, ավելի բազմաթի՜վ կոչումներ: Իմ համար կարևորություն չունի, թե ցանքը կատարել եմ ես, թե ուրիշները. – ցանքը կատարել ես Դու, Հիսո՜ւս, մեր ձեռքով. – գիտեմ միայն այն, որ մեզ խոստացել ես բերքի հասունությունը. «Եվ պտուղն ձեր կացցէ՛» - ձեր պտուղը մնայուն է լինելու (Հվհ 15, 16):
 
218. Հստակ եղիր: Եթե քեզ ասում են, որ գնում ես «նրանց որսալու», պատասխանիր, որ այո՛, հենց դա ես դու ուզում ... : Բայց, ... թող որ չմտահոգվեն: Որովհետև եթե կանչված չեն, – եթե Նա չի կանչում իրենց, – չեն գա. իսկ եթե կանչված են, ինչպիսի՜ ամոթ կլինի վերջում հայտնվելը Ավետարանում հիշվող հարուստ երիտասարդի վիճակում. միայնակ և տխուր:
 
219. Առաքյալի քո առաջադրանքը մեծ է ու գեղեցիկ: Գտնվում ես շնորհի և հոգիների ազատության միախառնման կետում. և ներկա ես լինում որոշ մարդկանց կյանքի ամենահանդիսավոր պահին. նրանց հանդիպումը Քրիստոսի հետ:
 
220. Թվում է, թե ընտրվել եք հատիկ առ հատիկ ... , ասում էր:
– Եվ հենց այդպես է, որ կա:
 
221. Համոզվի՛ր. կարիքն ունես լավ կազմավորման, պատրաստվելու համար այն մարդկային ձնակույտին, որ թափվելու է մեր վրա՝ տալով ճշգրիտ ու պահանջկոտ հարցը. «Լավ, ի՞նչ կա անելիք»:
 
222. Սա մի արդյունավետ դեղատոմս է առաքելական հոգուդ համար. կոնկրետ ծրագրեր, ո՛չ թե այս շաբաթ օրվանից մինչև հաջորդ շաբաթ օրը, այլ՝ այսօրվանից մինչև վաղը, և այս պահից մինչև քիչ անց:
 
223. Քրիստոսը մեծ արդյունք է ակնկալում քո աշխատանքից: Բայց պետք է գնաս փնտրելու հոգիներին, ինչպես Բարի Հովիվը դուրս ելավ փնտրելու հարյուրերորդ ոչխարին. առանց սպասելու, որ իրենք կանչեն քեզ: Ապա, գործածիր ընկերներիդ՝ բարիք անելու համար ուրիշներին. ոչ ոք չի կարող իրեն հանգիստ զգալ – ասա՛ սա նրանցից յուրաքանչյուրին – մի տեսակ հոգևոր կյանքով, որը, իրեն լցնելուց հետո, դուրս չթափվի առաքելական եռանդով:
 
224. Հանդուրժելի չէ, որ դու ժամանակ կորցնես քո «ապուշություններով», մինչ բազմաթիվ հոգիներ կան, որ սպասում են քեզ:
 
225. Ուսմունքի առաքելություն. սա՛ է լինելու միշտ քո առաքելությունը:
 
226. Հոգեգալստյան սքանչելիքը բոլոր ճանապարհների սրբագործումն է. այն անհնարին է հասկանալ որպես մենաշնորհ, ո՛չ էլ որպես միայն մեկի նախընտրում ի վնաս մյուսների:
Հոգեգալուստը լեզուների, մեթոդների, Աստծո հետ հանդիպման ձևերի անսահմանափակ զանազանությունն է. բռնի միակերպություն չէ:
 
227. Գրել ես ինձ. մեր խմբին միացավ մի տղա, որ դեպի հյուսիս էր գնում: Հանքափոր էր: Շատ լավ էր երգում, և միացավ մեր երգչախմբին: Աղոթեցի իր համար ամբողջ ճանապարհի ընթացքին, մինչև որ իջավ իր կայարանում: Հրաժեշտի պահին, ասաց. «Որքա՜ն կցանկանայի երկարացնել ճամփորդությունը ձեր հետ»:
– Իսկույն հիշեցի «Առ մեզ ագիր» - «Մեր հետ մնա, Տեր» խոսքերը (Ղկս 24, 29), և Նրանից կրկին խնդրեցի, հավատքով, որ ուրիշներն «Իրեն տեսնեն» հանձինս մեզնից յուրաքանչյուրի, որ իրենց «ճանապարհի» ընկերներն ենք:
 
228. «Արդարացի դժգոհության ճանապարհով» զանգվածները հեռացել են և շարունակում են հեռանալ:
Ցավ է պատճառում ... , սակայն, քանի՜ դժգոհ անձինք ենք ստեղծել նրանցից, ովքեր հոգեպես կամ նյութապես կարիքավոր են:
– Հարկավոր է վերադառնալ՝ դնելու Քրիստոսին աղքատների ու խոնարհների մոտ. հենց նրանց մոտ է, որ Նա ավելի մեծ հոժարությամբ է մնում:
 
229. Դասախոս. իղձն ունեցիր՝ աշակերտներին քիչ ժամանակում ըմբռնել տալու այն, ինչը քեզ ուսումնասիրության ժամեր է արժեցել՝ հստակ տեսնել կարողանալու համար:
 
230. «Ուսուցանելու», և «սրտա՛նց ուսուցանելու» ցանկությունը ծնում է աշակերտների մեջ մի երախտագիտություն, որը հարմար հող է դառնում առաքելության համար:
 
231. Ինձ հաճելի է այս նշանաբանը. «Յուրաքանչյուր ճամփորդ թող հետևի իր ճանապարհին», – այն ճանապարհին, որն Աստված է գծել իր համար, – հավատարմությամբ, սիրով, նույնիսկ եթե դա իրենից մեծ ջանքեր է պահանջում:
 
232. Ինչպիսի՜ բացառիկ դասեր են պարունակված Նոր Կտակարանի ուսուցումներից յուրաքանչյուրի մեջ: – Այն բանից հետո, ինչ Վարդապետը, Հայր Աստծո աջ կողմը համբառնալու ժամանակ, ասաց նրանց. «Գնացե՛ք և քարոզեցե՛ք բոլոր ժողովուրդներին», աշակերտներն իրենց պատված զգացին խաղաղության զգացումով: Բայց տակավին կասկածներ ունեին. չգիտեին, թե ի՛նչ պետք է անեին, ուստի հավաքվեցին Մարիամի՝ Առաքյալների Թագուհու շուրջը, որպեսզի փոխակերպվեին Ճշմարտության եռանդուն մունետիկների. Ճշմարտության, որ փրկելու է աշխարհը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։