Ներանձնական կյանք – Գրադարան – Mashtoz.org

Ներանձնական կյանք

648. Ավելին է ստանում նա, ով հարատև խնդրում է մոտիկից ... : Այս իսկ պատճառով, մոտեցի՛ր Աստծուն. ջանա՛ լինել սուրբ:
 
649. Ինձ հաճելի է հոգևոր ներանձնական կյանքը համեմատել հարսանեկան զգեստին, հանդերձանքին, որի մասին խոսում է Ավետարանը: Հյուսվածքը կազմվում է բարեպաշտական սովորություններից կամ գործադրումներից յուրաքանչյուրով, որոնք թելերի նման ամրություն են տալիս հյուսվածքին: Եվ այսպիսով, ինչպես որ զգեստը մի տեղից պատռվելով կորցնում է իր արժեքը, նույնիսկ եթե իր մնացած մասերը լավ վիճակում են, միևնույն կերպ, եթե դու աղոթում ես, եթե դու աշխատում ես ... , բայց ապաշխարող չես, – կամ հակառակը, – քո ներանձնական կյանքն – այսպես ասած – ամբողջական չէ:
 
650. Տեսնենք ե՛րբ ես հասկանալու, որ քո միակ հնարավոր ճանապարհը լրջորեն փնտրելն է սրբությունը:
Վճռակամ որոշիր – ասածիցս մի՛ նեղացիր – լրջությամբ մոտենալ Աստծուն: Թեթևամտությունդ, եթե դրա դեմ չպայքարես, կարող է սրբապիղծ ցավալի ծաղրանքով ավարտվել, ի վնաս քեզ:
 
651. Երբեմն թողնում ես, որ պայթի վատ բնավորությունդ, որը մեկից ավելի անգամներ դուրս է ժայթքում անտեղի ու անհամաչափ կոպտությամբ: Ուրիշ անգամներ չես մտահոգվում սիրտդ ու հոգիդ նախապատրաստելու ու տրամադրելու, որպեսզի հաճելի օթևան դառնան Ամենասուրբ Երրորդության համար: ... Եվ, միշտ, մի քիչ հեռու ես մնում Հիսուսից, որին լավ չես ճանաչում ... :
– Այս կերպ, հոգևոր ներանձնական կյանք երբեք չես ունենա:
 
652. «Iesus Christus, perfectus Deus, perfectus Homo» - «Հիսուս Քրիստոս, կատարյալ Աստված և կատարյալ Մարդ»:
Բազմաթիվ են քրիստոնյաները, որ հետևում են Քրիստոսին՝ Նրա Աստվածության առաջ ապշած, բայց Նրան մոռանում են որպես Մարդ ... , և այդպիսով ձախողվում են գերբնական առաքինությունների գործադրման մեջ, – չնայած որ արտաքուստ զինված են բարեպաշտական բոլոր զրահներով, – որովհետև ոչինչ չեն անում մարդկային առաքինությունները ձեռքբերելու համար:
 
653. Ամեն ինչի դարմանը. անձնական սրբությո՛ւն: – Սրա համար է, որ Սրբերը լի էին խաղաղությամբ, զորությամբ, ուրախությամբ, ապահովությամբ ... :
 
654. Մինչև այժմ չէիր հասկացել պատգամը, որը մենք՝ քրիստոնյաներս հասցնում ենք ա՛յլ մարդկանց. ծածուկ հրաշալիքը հոգևոր ներանձնական կյանքի:
Ինչպիսի՜ նոր աշխարհի հնարավորություն ես նրանց առաջ բացում:
 
655. Որքա՜ն նոր բաներ բացահայտեցիր: – Եվ սակայն, երբեմն միամիտ ես, և կարծում ես, թե ամեն ինչ տեսել ես, թե արդեն ամեն ինչի տեղյակ ես ... : Բայց հետո, ձեռքով հպվում ես Տիրոջ գանձերի միակ ու անքննելի հարստությանը, և Տերը քեզ միշտ «նոր բաներ» է ցույց տալիս, եթե դու պատասխանում ես սիրով ու նրբանկատությամբ. և այդ ժամանակ հասկանում ես, որ ճանապարհի սկզբնամասում ես, որովհետև սրբությունը կայանում է Աստծո հետ նույնանալու մեջ, մեր այս Աստծո հետ, որ անսահման է, անսպառելի:
 
656. Սիրո՛վ, առավել՝ քան ուսմամբ, հասնում ենք հասկանալու «Աստծո իրականությունները»:
Ուստի, պետք է աշխատես, պետք է ուսանես, պետք է հիվանդությունն ընդունես, պետք է ժուժկալ լինես ... սիրելո՛վ:
 
657. Քո ամենօրյա խղճի քննության համար. Այսօր մի քանի ժամ թողե՞լ եմ, որ անցնի առանց իմ Հայր Աստծո հետ զրուցելու: ... Նրա հետ խոսե՞լ եմ որդիական սիրով: – Կարո՛ղ ես այդպես վարվել:
 
658. Փորձենք ինքնախաբեությամբ չզբաղվել ... : – Աստված մի ստվեր չէ, մի հեռավոր էակ, որ ստեղծում է մեզ, իսկ հետո լքում. մի տիրակալ չէ, որ հեռանում է ու այլևս չի վերադառնում: Թեև չենք ընկալում Նրան մեր զգայարաններով, Նրա գոյությունը շատ ավելի ճշմարիտ և իրական է, քան այն բոլոր իրողությունները, որոնց հպվում ենք և որոնք տեսնում ենք: Աստված այստեղ է, մեր հետ, ներկա, կենդանի. տեսնում է մեզ, լսում է մեզ, առաջնորդում է մեզ, և Նրան հայտնի են մեր ամենափոքր արարքներն անգամ, մեր ամենածածուկ դիտավորություններն էլ:
Հավատում ենք այս ամենին ... , բայց ապրում ենք այնպես, կարծես թե Աստված գոյություն չունենար: Որովհետև չունենք Նրա համար ո՛չ մի միտք, ո՛չ մի խոսք. որովհետև չենք հնազանդվում Նրան, ո՛չ էլ ջանք ենք գործադրում մեր կրքերը սանձելու համար. որովհետև Նրա հանդեպ սեր չենք արտահայտում, ո՛չ էլ հատուցում ենք հասցված անարգանքների փոխարեն ... :
– Ուզում ենք շարունակե՞լ՝ ապրել մեռած հավատքով:
 
659. Եթե դու ապրեիր Աստծո ներկայության, քանի՜ քանի՜ «անդարմանելի» արարքների համար դարման կգտնեիր:
 
660. Ինչպե՞ս կարող ես ապրել Աստծո ներկայությունը, եթե ամեն կողմ նայելուց բացի ուրիշ ոչինչ չես անում: ... – Կարծես դատարկ բաներով հարբեցող լինես:
 
661. Կարող է պատահել, որ քեզ սարսափեցնի այս բառը. խորհրդածություն, մտածական: – Քեզ հիշեցնում է սև ու հնաոճ կազմերով գրքեր, մեխանիկորեն ծամծմված աղոթքների ու հառաչանքների արձագանքներ ... : Բայց այս ամենը խորհրդածություն չէ:
Խորհրդածել՝ նշանակում է մտորել, խորհել, ի նկատի առնել, որ Աստված քո Հայրն է, իսկ դու՝ Իր զավակն ես, օգնության կարիք ունեցող. և ապա շնորհակալություն հայտնել Նրան այն ամենի համար, որ արդեն իսկ պարգևել է քեզ, և այն ամենի համար, որ դեռ պարգևելու է քեզ:
 
662. Հիսուսին ճանաչելու միակ ձևը. հարաբերություններ մշակել Իր հետ: Հանձինս Նրա միշտ կգտնես մի Հայր, մի Ընկեր, մի Խորհրդատու և մի Գործակից քո առօրյա կյանքի բոլոր վեհ ու վսեմ գործունեությունների համար ... :
– Եվ, հարաբերությունները վառ պահելով, կծնվի Սերը:
 
663. Եթե հաստատակամությունն ունես ամեն օր ներկա գտնվելու դասերի, պարզապես որովհետև դրանց ժամանակ կարող ես որոշակի ... շատ սահմանափակ գիտելիքներ ձեռքբերել, ինչո՞ւ հարատև չես Վարդապետի մոտ հաճախելու հարցում, Ով միշտ պատրաստակամ է ուսուցանելու քեզ հոգևոր ներանձնական կյանքի գիտությունը, որի համն ու բովանդակությունը հավիտենական են:
 
664. Ի՞նչ արժե երկրի ամենակարևոր մարդը կամ մրցանակը՝ Քրիստոսի համեմատ, Ով միշտ սպասում է քեզ:
 
665. Մի քիչ ամենօրյա խորհրդածությունը – ընկերական մտերիմ միությունն Աստծո հետ – բնորոշ է անձանց, ովքեր գիտեն շիտակ կերպով գործածել իրենց կյանքը. բնորոշ է գիտակից քրիստոնյաներին, ովքեր գործում են հետևողականորեն:
 
666. Սիրահարվածներն ընդունակ չեն ցտեսություն ասելու. երբեք չէին դադարի միմյանց ողջունելուց:
– Դու և ես, Տիրոջն այսպե՞ս ենք սիրում:
 
667. Չես տեսե՞լ, թե ինչպես են իրենց վայելչագեղությունը խնամում նրանք, ովքեր սիրում են միմյանց, հաճելի լինելու և լավ ներկայանալու, լավ տպավորություն թողնելու համար: ... – Շատ լավ, ուրեմն, այսպես պետք է հարդարես ու զարդարես հոգիդ:
 
668. Սովորական դեպքերում շնորհը գործում է բնության նման. աստիճանաբար: – Չենք կարող ուղղակի կերպով կանխել շնորհի գործողության սկիզբը. սակայն, որքան որ կախում ունի մեզնից, պարտավոր ենք նախապատրաստել հողը և համագործակցել, երբ Աստված մեզ այն պարգևում է:
Հարկավոր է հասնել այն արդյունքին, որ հոգիները ձգտեն շատ բարձր նպատակների. հարկավոր է մղել նրանց դեպի Քրիստոսի գաղափարականը. առաջնորդել նրանց մինչև դրա վերջին հետևանքները, առանց որևէ տեսակի մեղմացուցիչների կամ ցավազրկող ամոքիչների գործածության, առանց մոռանալու, որ սրբությունը, առաջին հերթին, բազուկների գործադրած ջանք չէ: Շնորհը, իր բնականոն ընթացքում, հետևում է իր ժամանակներին, և բռնություններ չի հանդուրժում:
Արծարծիր ու բորբոքիր քո սրբազան անհամբերությունները ... , բայց համբերությունդ մի՛ կորցրու:
 
669. Աստվածային շնորհին համապատասխանելը, – հարցնում ես, – արդարությա՞ն խնդիր է, ... թե՞ վեհանձնության ... :
– Սիրո՛:
 
670. «Գործերը մտքումս պտտվում են ամենաանհարմար պահերին ... », ասում ես:
Սրա համար է, որ քեզ խորհուրդ տվեցի ջանալ ձեռքբերել ներքին լռության ժամանակներ, ... և արտաքին ու ներքին զգայարանների պահպանումը:
 
671. «Մնա՛ մեր հետ, քանի որ օրը մթնում է ... » (Ղկս 24, 29): Արդյունավետ եղավ Կղեովպասի ու իր ընկերների աղոթքը:
– Ցավալի կլինի, եթե դու և ես ընդունակ չլինենք «պահել» Հիսուսին, երբ անցնում է: Ինչպիսի՜ վիշտ կլինի, եթե Նրան չխնդրենք մնալ մեր հետ:
 
672. Նոր Կտակարանի ընթերցանության ամենօրյա րոպեները, որ քեզ խորհուրդ էի տվել, – ներս մտնելով յուրաքանչյուր պատմության բովանդակության մեջ և մասնակցելով դրանց որպես գործող անձերից մեկը, – քեզ օգտակար են Ավետարանը քո կյանքում մարմնավորելու, «կատարելու» համար ... , և «կատարել տալու» համար:
 
673. Առաջ շատ էիր «զվարճանում» ... : – Իսկ հիմա, երբ Քրիստոսին կրում ես քո մեջ, ողջ կյանքդ լցվել է մաքուր ու պարկեշտ և շփվող ու հաղորդական ուրախությամբ: Սրա համար է, որ ձգում ես ուրիշներին:
– Ավելի շատ հարաբերվիր Նրա հետ, հասնելու համար բոլորին:
 
674. Ուշադրությո՛ւն. աշխատիր կատարյալ հմտությամբ: – Այնպես արա՛, որ մինչ բարձրացնում ես քեզ շրջապատող միջավայրի ջերմաստիճանը, չնվազի քոնը:
 
675. Սովորություն դարձրու ամեն բան Աստծուն պատմել:
 
676. Չես տեսնո՞ւմ, թե ինչպե՛ս քո ընկերներից շատերն ընդունակ են մեծ նրբանկատությամբ ու զգայունությամբ վերաբերվել անձանց, որոնց սիրում են. հարսնացուին, կնոջը, զավակներին, ընտանիքին ... :
– Ասա՛ նրանց – և պահանջի՛ր ինքդ քեզնից – , որ Տերն արժանի չէ պակաս ուշադրության. Նրա նկատմամբ էլ հարկավոր է նման վերաբերմունք դրսևորել: Եվ խորհուրդ տուր նրանց, նաև, որ շարունակեն ապրել նույն նրբանկատությամբ ու զգայունությամբ իրենց սիրելի անձանց հանդեպ, բայց ապրված Ի՛ր հետ և Ի՛ր համար, և կհասնեն մի երջանկության, որի նմանը չեն երազել անգամ, նաև այստեղ՝ երկրի վրա:
 
677. Տերը բարի սերմ է սերմանել քո հոգում: Եվ գործածել է – հավիտենական կյանքի այս ցանքի համար – աղոթքի հզոր միջոցը. որովհետև չես կարող հերքել, որ, շատ անգամներ, Տապանակի առաջ կանգնած, դեմ առ դեմ, Նա քեզ զգալ է տվել – հոգուդ խորքում – , որ քեզ ուզում է Իր համար. որ պետք է ամեն ինչ թողնես ... : Եթե հիմա հերքում ես սա, թշվառ դավաճան ես. իսկ եթե մոռացել ես, ապերախտ ես:
Գործածել է նաև – մի՛ կասկածիր, ինչպես որ չես կասկածել մինչև այժմ – գերբնական խորհուրդներն ու հուշումները Հոգևոր Առաջնորդիդ, ով անդադար կրկնել է քեզ խոսքեր, որոնք չպետք է անտեսես կամ մոռացության մատնես. և սկզբնական շրջանում գործածել է նաև – կրկին՝ բարի սերմը հոգուդ մեջ ի պահ դնելու համար – այն վեհ, պարկեշտ, անկեղծ ընկերոջդ, ով քեզ հայտնել է ուժեղ ճշմարտություններ, որոնք լի են Աստծո սիրով:
– Սակայն, անակնկալի միամիտ զգացումով, բացահայտեցիր, որ թշնամին որոմ է ցանել քո հոգում: Եվ որ շարունակում է ցանել այդ որոմը, մինչ դու հարմարավետ դիրքով պառկած քնած ես և թողնում ես, որ քո հոգևոր ներանձնական կյանքը թոռոմի: – Սա է պատճառը, և ուրիշ ոչինչ, որի համար գտնում ես հոգուդ մեջ աշխարհային մակաբույծ մոլախոտեր, որոնք երբեմն թվում է, թե ուր որ է կխեղդեն լավորակ ցորենի հատիկին, որ ստացել ես ... :
– Արմատախիլ արա՛ դրանք մեկընդմիշտ: Քեզ բավական է Աստծո շնորհը: Մի՛ վախեցիր, որ իրենց ետևից մի փոս, մի վերք կթողնեն ... : Տերն այդտեղ Իր սերմերից մի նոր հատիկ կդնի. Աստծո սեր, եղբայրական սեր, առաքելական սլացք ... : Եվ, ժամանակի ընթացքում, որոմի նվազագույն հետքն անգամ չի մնա. եթե հիմա, քանի դեռ ժամանակ ունես, այն ամբողջությամբ արմատախիլ անես. կամ, ավելի ճիշտը, եթե չես քնում և գիշերը հսկում ես քո արտը:
 
678. Երջանիկ են այն երանելի հոգիները, որոնք երբ լսում են, որ խոսվում է Հիսուսի մասին, – իսկ Նա մշտապես խոսում է մեզ, – Նրան իսկույն ճանաչում են որպես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը (Հվհ 14, 6):
– Դու շատ լավ գիտես, որ երբ մենք չենք մասնակցում այդ երջանկությանը, պատճառն այն է, որ մեզ պակասել է Նրան հետևելու վճռակամությունը:
 
679. Ե՛վս մի անգամ զգացիր Քրիստոսին քեզ շատ մոտիկ: – Եվ և՛ս մեկ անգամ հասկացար, որ պետք է ամեն ինչ անես Իր համար:
 
680. Է՛լ ավելի մոտեցիր Տիրոջը ... , է՛լ ավելի: – Մինչև որ Նրան կդարձնես քո Ընկերը, քո Սրտակիցը, քո Առաջնորդը:
 
681. Զգում ես, որ ընկղմվում ես Աստծո մեջ ... , ամեն օր ավելի ու ավելի ... , ասում ես: – Ուրեմն, ամեն օր ավելի ու ավելի մոտիկ կլինես քո քույրերին ու եղբայրներին:
 
682. Եթե մինչ այժմ, Նրան հանդիպելուց առաջ, ցանկանում էիր վազել կյանքիդ տարածքներում բաց աչքերով, ամեն բան հասկանալու համար, այս պահից սկսած ... վազում ես ջի՛նջ հայացքով, Իր հետ միասին տեսնելու համար այն, ինչը քեզ իսկապես հետաքրքրում է:
 
683. Երբ կա քեզնում հոգևոր ներանձնական կյանք, այն նույն ինքնաբերությամբ, որով արյունը հոսում է դեպի վերքը, Աստծո մոտ կշտապես որևէ հակառակության դեպքում:
 
684. «Սա իմ Մարմինն է» ... (Մտթ 26, 26), և Հիսուսը զոհաբերեց Իրեն, թաքնվելով հացի կերպարանքի ներքո: Այժմ այնտեղ է, Իր Մարմնով և Իր Արյամբ, Իր Հոգիով և Իր Աստվածությամբ. այնպես՝ ինչպես այն օրը, երբ Թովմասն իր մատները դրեց Նրա փառահեղ Վերքերի մեջ (Հվհ 20, 24-29):
Եվ սակայն, բազում առիթներով, դու հեռվից շրջանցում ես, առանց և ո՛չ իսկ կանգ առնելու՝ մի պարզունակ քաղաքավարության կարճ ողջույն տալու, ինչպես վարվում ես քեզ ծանոթ որևէ անձի հետ, որին հանդիպում ես փողոցում:
– Հավատքդ ավելի թույլ է, քան Թովմասինը:
 
685. Եթե, քեզ ազատելու համար, քո մտերիմ ընկերներից մեկին բանտարկած լինեին, մի՞թե ամեն առիթ չէիր օգտագործի՝ նրան այցելության գնալու, նրա հետ մի քիչ խոսելու, նրան նվերներ՝ ընկերության ջերմությունը, մի քիչ սփոփանք ու մխիթարություն տանելու համար ... : Եվ եթե բանտարկյալի հետ այդ խոսակցությունը ծառայեր ազատելու քեզ ինչ որ մի չարիքից և ապահովելու քո համար ինչ որ մի բարիք ... , կանտեսեի՞ր: Եվ եթե, ինչ որ մի ընկերոջ փոխարեն, խոսքը վերաբերվեր անձամբ քո հո՞րը, կամ քո եղբո՞րը:
– Ուրե՛մն ... :
 
686. Հիսուսը Սուրբ Նշխարի մեջ մնացել է մե՛ր համար: Մեր կողքին մնալու համար, մեզ նեցուկ լինելու, մեզ առաջնորդելու համար: – Իսկ սերը միմիայն սիրով է փոխհատուցվում:
– Ինչպե՞ս չշտապել Տապանակի մոտ, ամեն օր, նույնիսկ մի քանի րոպեով, Նրան տանելու համար մեր որդիական ու եղբայրական ողջույնն ու սերը:
 
687. Տեսա՞ր այդ տեսարանը: – Ինչ որ մի սերժանտ էր կամ նոր նշանակված մի լեյտենանտիկ ... . դիմացից մոտենում է մի բարետես, նոր զինվորագրված երիտասարդ, անհամեմատ ավելի բարեկազմ, քան սպայերը, և չեն թերանում ո՛չ ողջույնի, ո՛չ էլ պատասխանի հարցում:
Մտորիր հակադրության մասին: – Այն եկեղեցու Տապանակից Քրիստոսը – կատարյալ Աստված, կատարյալ Մարդ – , որ քո համար մահացել է Խաչի վրա, և որ քեզ տալիս է բոլոր բարիքները, որոնց կարիքն ունես ... , մոտենում է քեզ: Իսկ դու Նրա առջևից անցնում ես առանց ուշադրություն դարձնելու:
 
688. Սկսել ես ամենօրյա այցելություն կատարել ... : – Չեմ զարմանում, որ դու ինձ ասում ես. Սկսում եմ խենթության չափ սիրել Տապանակից ճառագող լույսը:
 
689. Թող որ ամեն օր անպակաս լինի մի «Հիսո՜ւս, սիրում եմ քեզ» և մի հոգևոր հաղորդություն, – առնվազն, – հատուցելու համար այն բոլոր անարգանքների ու սրբապղծությունների փոխարեն, որ Նա կրում է մեր հետ մնալու համար:
 
690. Մի՞թե չենք ողջունում և սրտազեղ քաղաքավարությամբ չենք վարվում բոլոր մեզ սիրելի անձանց հետ: – Շատ լավ, ուրեմն, դու և ես գնա՛նք ողջունելու – օրվա մեջ շատ անգամներ – Հիսուսին, Մարիամին ու Հովսեփին, և մեր Պահապան Հրեշտակին:
 
691. Բոցավառ բարեպաշտություն ունեցիր մեր Մոր նկատմամբ: Նա միշտ նրբանկատ ուշադրությամբ փոխադարձում է հարգանքի ամեն մի ժեստ, որ ուղղում ենք Իրեն:
Ինչպես նաև, եթե ամեն օր հավատքի և սիրո ոգով աղոթես Սուրբ Վարդարանը, Տիրամայրը կհոգա առաջնորդելու քեզ շա՜տ առաջ Իր Որդու ճանապարհի մեջ:
 
692. Առանց մեր Մոր օգնության ինչպե՞ս կկարողանայինք դիմանալ ամենօրյա պայքարի մեջ: – Մշտապես փնտրո՞ւմ ես իր օգնությունը:
 
693. Մեր Պահապան Հրեշտակը մեզ միշտ ընկերակցում է որպես բացառիկ վկա: Նա է լինելու, որ քո մասնավոր դատաստանի ժամանակ հիշեցնելու է այն բոլոր նրբանկատությունները, որ ունեցած ես լինելու մեր Տիրոջ նկատմամբ, ողջ կյանքիդ ընթացքում: Ավելին. երբ քեզ մոլորված կզգաս թշնամու սարսափելի մեղադրանքներին ի լուր, քո Հրեշտակը կներկայացնի սրտիդ այն ներքին սլացքները – որոնք թերևս դու ինքդ էլ մոռացած կլինես – , սիրո այն դրսևորումները, որոնք ընծայած կլինես Հայր Աստծուն, Որդի Աստծուն, Սուրբ Հոգի Աստծուն:
Ուստի, երբեք մի՛ մոռացիր քո Պահապան Հրեշտակին, և Երկնային այդ Իշխանը քեզ չի լքի ո՛չ հիմա, ո՛չ էլ ճակատագրական պահին:
 
694. Հաղորդվում էիր շատ սառը սրտով. սակավ ուշադրություն էիր դարձնում Տիրոջը. միտքդ ցրվում էր ամեն մի հիմարության ետևից ... : – Սակայն, այն ժամանակվանից, ինչ մտածում ես – Աստծո հետ ներանձնական զրույցներիդ ժամանակ – , որ ներկա են Հրեշտակները, դիրքորոշումդ փոխվել է ... . «Թող որ ինձ չտեսնեն այսպիսին», կրկնում ես ինքդ քեզ ... :
– Եվ տե՛ս, թե ինչպես, «Ո՞վ գիտի, ի՛նչ կասեն» հարցադրման ուժով, – այս անգամ լավ դիտավորությամբ, – մի քիչ ավելի առաջադիմեցիր դեպի Սերը:
 
695. Երբ տեսնում ես, որ սիրտդ ցամաքության մեջ է, առանց իմանալու, թե ի՛նչ կարող ես ասել, վստահությամբ դիմի՛ր Սուրբ Կույսին: Ասա՛ նրան. Մայր իմ Անարատ, բարեխոսի՜ր իմ համար:
Եթե նրան հավատքով դիմես, նա քեզ ճաշակել կտա – այդ ցամաքության ներսում – Աստծո մոտիկությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։