Կամք – Գրադարան – Mashtoz.org

Կամք

769. Հոգևոր ներանձնական կյանքում և առաքելության մեջ առաջադիմելու համար հարկավոր է ո՛չ թե զգայական բարեպաշտությունը, այլ ավելի՝ կամքի վճռական ու վեհանձն տրամադրվածությունը՝ կատարելու աստվածային պահանջները:
 
770. Առանց Տիրոջ, ոչ մի ապահով քայլ չես կարող կատարել: – Նրա օգնության կարիքն ունենալու համոզմունքը կմղի քեզ ավելի միանալու Իրեն հաստատուն, հարատև, ուրախությամբ ու խաղաղությամբ սնուցված վստահությամբ, նույնիսկ եթե ճանապարհը դառնում է դժվարին ու քարքարոտ:
 
771. Տե՛ս, թե ինչպիսի տարբերություն կա բնական գործելակերպի և գերբնականի միջև: Առաջինը սկսում է լավ, բայց հետո տեղի է տալիս կամ որակազրկվում: Երկրորդը նույնպես լավ է սկսում ... , բայց հետո ջանք է գործադրում է՛լ ավելի լավ շարունակելու համար:
 
772. Վատ չէ, եթե լավ վարմունք ենք ցուցաբերում մարդկային վեհ պատճառներից ելնելով: – Բայց ... ինչպիսի՜ տարբերություն, երբ «հրամայում են» գերբնական դրդապատճառները:
 
773. Հոգնատանջ աշխատանքի դիմաց այդքան ուրախություն տեսնելով, այն ընկերը հարցրեց. Մի՞թե այս բաներն արվում են խանդավառությամբ: – Եվ նրան պատասխանեցին ուրախությամբ ու հոգու անդորրով. «Խանդավառությա՞մբ: ... Վերջներս լավ չէր լինի, եթե ապավինեինք խանդավառությանը»: «Per Dominum nostrum Iesum Christum!»- «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար», Ով անդադար սպասում է մեզ:
 
774. Աշխարհը կարիքն ունի, որ արթնացնենք քնի մեջ թմրածներին, որ քաջալերենք երկչոտներին, որ առաջնորդենք ապակողմնորոշվածներին. մի խոսքով, որ նրանց զինվորագրենք Քրիստոսի շարքերում, որպեսզի չվատնեն իրենց ուժն ու կարողությունները:
 
775. Թերևս քեզ էլ կարող է օգտակար լինել այն գերբնական նկատողությունը – կամավոր սիրո նրբանկատությունը – , որը մի հոգի, որն իսկապես Աստծունն է, ինքն իրեն կրկնում էր ամենատարբեր իրավիճակներում. «Այլևս ժամանակն է, որ լրջորեն որոշես անել ինչ որ մի բան, որն իրոք արժե անել»:
 
776. Քրիստոնեական ինչպիսի՞ կատարելության ես հավակնում հասնել, եթե միշտ հետևում ես քո քմահաճույքին, «ինչ որ քեզ հաճելի է» ... : Քո բոլոր թերությունները, հակահարված չստանալով, վատ ու չար գործերի պտուղներ կտան, տրամաբանորեն և միշտ: Իսկ կամքդ – հարատև պայքարում չթրծված – ոչնչի չի ծառայի, երբ վրա կհասնի մի դժվարին իրավիճակ:
 
777. Արտաքին տեսքիցդ դատելով՝ լի ես ուժով ու ամրությամբ: – Բայց որքա՜ն ուժասպառ և որքա՜ն կամազուրկ ես ներսից:
– Վերարծարծիր որոշումդ, որ առաքինություններդ չպետք է լինեն ծպտվելու համար նախատեսված վերարկուներ, այլ՝ հագուստներ, որոնցով սահմանվում է քո նկարագիրը:
 
778. «Ճանաչում եմ անձինք, տղամարդիկ և կանայք, որ օգնություն խնդրելու ուժն անգամ չունեն», ասում ես ցավով ու տհաճությամբ: – Մի՛ հեռացիր բուն խնդրից. ինքդ քեզ փրկելու և նրանց փրկելու քո կամքը կարող է նրանց դարձի մեկնակետը լինել: Ինչպես նաև, եթե լավ մտածես, կտեսնես, որ քեզ էլ օգնության ձեռք է մեկնվել:
 
779. Տկար ու թոռոմած մարդիկ, նրանք, ովքեր տրտնջում են հազար ու մի չնչին ճղճիմությունների առջև, նույն անձինք են, որ ընդունակ չեն առօրյա փոքրիկ խնդիրների մեջ նվիրվելու հանուն Հիսուսի ... , և է՛լ ավելի՝ ուրիշների համար:
Ինչպիսի՜ ամոթ կլիներ, եթե քո վարվելակերպը – այսքա՜ն խիստ, այսքա՜ն պահանջկոտ՝ ուրիշների նկատմամբ – նման տկարություն և կորովի պակաս դրսևորեր քո առօրյա գործերում:
 
780. Շատ ես տառապում, որովհետև տեսնում ես, որ ուժերդ չեն բավականացնում: Կուզենայիր ավելին անել, և առավել արդյունավետությամբ, բայց հաճախ գործում ես ամբողջովին ցրված, կամ էլ՝ համարձակ չես:
«Յանյոյսն յուսով հաւատաց» - «Անհուսության մեջ հույսով հավատաց» (Հռմ 4, 18). – ապրի՛ր հաստատուն հույսով, ընդդեմ հույսի դեմ խոյացող որևէ արգելքի: Հենվի՛ր այս ամուր ժայռին, որ կպաշտպանի քեզ ու կքաջալերի: Աստվածաբանական առաքինություն է – զմայլելի՛ – , որ կմղի քեզ առաջխաղացման, առանց չափազանցության վախի, և քեզ թույլ չի տա կանգ առնել:
– Ինձ այդպես մի՛ նայիր: Այո՛, հույսը սնուցել՝ նշանակում է ամրապնդել կամքը:
 
781. Երբ կամքդ տկարանում է սովորական աշխատանքի դիմաց, ևս մեկ անգամ հիշիր այս նկատառումը. «Ուսումը, աշխատանքը, իմ ճանապարհի էական մասերից են: Մասնագիտական վարկաբեկումը – որը ծուլության հետևանքն է – կզրոյացներ կամ անհնարին կդարձներ իմ քրիստոնեավայել աշխատանքը: Ինձ հարկավոր է – Աստված է, որ կամենում է սա – մասնագիտական վարկի առավելությունը, ուրիշների ձգելու և օգնելու համար»:
– Մի՛ կասկածիր. եթե անհոգության ես մատնում քո պարտականությունը, հեռանում ես – և ուրիշների էլ հեռացնում ես – աստվածային ծրագրերից:
 
782. Քեզ սարսափեցնում էր Աստծո զավակների քայլած ճանապարհը, որովհետև, Տիրոջ անունից, քեզ մղում էին կատարելու քո պարտականությունները, նվիրվելու, դուրս գալու քո փղոսկրյա աշտարակից: Ետ ընկրկեցիր ... , և խոստովանում եմ, որ ինձ չի զարմացնում այդ բեռը, որի ծանրությունը զգում ես. բարդույթների ու ոխակալությունների, նազանքների ու խղճահարությունների մի կույտ, որը քեզ անօգուտ է դարձնում:
Մի՛ նեղացիր, եթե քեզ ասեմ, որ վարվել ես է՛լ ավելի պակաս ուղղամտությամբ, – կարծես ավելի վատ կամ ավելի նվաստ լինեիր, – քան այլասերված մարդիկ, որոնք աներես լրբությամբ գործում են չարը:
«Արի՛, ե՛կ արտաքս» - «Վե՛ր կաց, դո՛ւրս արի, քայլի՛ր» (Մտթ 9, 1-8; Մրկ 2, 1-12; Հվհ 11, 1-44). – ոտքի՛ կանգնիր և շարժվի՛ր, որոշի՛ր, դեռ ժամանակ ունես՝ ազատվելու այդ աղետաբեր բեռից, եթե, Աստծո շնորհով, լսես այն, ինչ Նա ակնկալում է քեզնից և, հատկապես, եթե անմնացորդ և լավագույն կերպով վարվես Իր կամքի համաձայն:
 
783. Բարի բան է, որ այս անհամբերությունները հոշոտում են հոգիդ: – Բայց մի՛ շտապիր. Աստված կամենում է ապավինել հարկավոր տարիների կամ ամիսների համար լրջորեն նախապատրաստվելու քո որոշմանը: – Իրավացի էր այն կայսրը, որ ասում էր. «Ժամանակը և ես ընդդեմ ուրիշ երկուսի»:
 
784. Այսպես էր մի ուղղամիտ մարդ բնորոշում նախանձը. «Պետք է որ իսկապես լրիվ չար կամք ունենա մեկը, որպեսզի կարողանա պղտորել այդքա՜ն զուլալ ջրերը»:
 
785. Մի կողմ քաշված, լուռ ու անշա՞րժ մնաս: ... – Արդար օրենքի դեմ անարդար հարձակման դիմաց՝ ո՛չ:
 
786. «Գլուխդ կորցնում ես» ամեն օր ավելի ... : Դա տեսանելի է այն վստահությունից ու հիանալի ինքնատիրապետումից, որ ձեռք ես բերում Քրիստոսի համար աշխատելու գիտակցությունից:
– Աստվածաշունչն արդեն հռչակել է դա. «Այր հաւատարիմ օրհնեսցի յոյժ» (Առկ 28, 20) - Հավատարիմ մարդն արժանի է բոլորի գովասանքին:
 
787. Քեզ երբեք ավելի ազատ չէիր զգացել, քան հիմա, երբ ազատությունդ միահյուսված է սիրով ու անկաշկանդվածությամբ, ապահովությամբ ու անապահովությամբ. որովհետև բնավ չես վստահում ինքդ քեզ, և ամեն ինչում վստահում ես Աստծուն:
 
788. Նկատե՞լ ես, թե ինչպես են ջրերը ավազաններում հավաքվում, երաշտի ժամանակների համար: ... Միևնույն կերպ, անկողմնակալություն, անաչառություն և արդարադատություն ունենալու համար, որոնց կարիքն ունես դժվարության ժամանակներում, պետք է ընդունես, հավաքես ու ամբարես բերկրանքը, հստակ մտքերն ու լույսերը, որոնք Տերն ուղարկում է քեզ:
 
789. Երբ մարում են առաջին խանդավառության բոցերը, մթության մեջ առաջ քայլելը դառնում է տքնաջան ու տաժանելի: – Բայց նման առաջխաղացումը, որ դժվարին է, ամենաապահովն է: Իսկ հետո, երբ ամենաքիչն ես դա սպասում, մթությունը փարատվելու է և վերադառնալու են խանդավառությունն ու կրակը: Հարատևի՛ր:
 
790. Աստված մեզ՝ Իր զավակներին ուզում է տեսնել որպես հարձակվող ուժեր: – Չենք կարող սպասողական վիճակում մնալ. հավաքված ենք պայքարելու համար, այնտեղ՝ ուր գտնվում ենք, ճակատամարտի համար դիրքավորված զորքի նման:
 
791. Խոսքը չի վերաբերվում պարտականություններդ հապճեպ ու անորակ կատարելուն, այլ՝ դրանք իրենց ավարտին հասցնելուն առանց դադար առնելու, Աստծո քայլքին համապատասխան:
 
792. Քեզ չի պակասում խելացի զրուցակցի հաճելի ոճը ... : Բայց միաժամանակ նաև շատ անհոգ ու անտարբեր ես: – «Եթե ինձ չեն կանչում ... », ասում ես ինքդ քեզ արդարացնելու նպատակով:
– Եթե չփոխվես – կարևորում եմ այս ճշգրտումը – և ընդառաջ չգնաս նրանց, ովքեր քեզ սպասում են, երբեք չես կարողանա արդյունավետ առաքյալ լինել:
 
793. Երեք կարևորագույն կետեր՝ հոգիներին դեպի Տերը ձգելու համար. մոռանալ ինքդ քեզ, և մտածել միմիայն քո Հայր Աստծո փառքի մասին. կամքդ որդիաբար ենթարկել Երկնքի Կամքին, ինչպես քեզ սովորեցրել է Հիսուսը. հպատակվել և հետևել Սուրբ Հոգու լույսերին:
 
794. Երեք օր և երեք գիշեր շարունակ Մարիամը փնտռեց կորցրած Որդուն: Երանի՜ թե կարողանայինք ասել – դու և ես – , որ Հիսուսին գտնելու մեր կամքը նույնպես հանգիստ չի ճանաչում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։