Լեզուն – Գրադարան – Mashtoz.org

Լեզուն

899. Լեզուների շնորհ, իմանալ և կարողանալ ավանդել, փոխանցել Աստծո գիտությունը. անխուսափելի ու անփոխարինելի միջոց և պաշար նրա համար, ով պետք է առաքյալ լինել: – Սրա համար, ամեն օր խնդրում եմ Աստծուն, մեր Տիրոջը, որ այս շնորհը պարգևի Իր որդիներից և Իր դուստրերից յուրաքանչյուրին:
 
900. Սովորիր ասել ո՛չ, առանց անիմաստ կերպով խոցելու ու վիրավորելու, առանց գործի դնելու կտրող մերժումը, որով պատառոտվում է սերը:
– Հիշիր, որ միշտ Աստծո առաջ ես կանգնած:
 
901. Քեզ տհաճությո՞ւն է պատճառում փաստը, որ ես միշտ նույն ձևով պնդում եմ միշտ նույն էական հարցերի վրա: Որ հաշվի չեմ առնում նորաձև տարբեր հոսանքները: – Լսի՛ր. ուղիղ գծի մասին դարերի ընթացքում տրվել է միշտ նույն սահմանումը, որովհետև ամենահստակն է ու ամենակարճը: Մի ա՛յլ սահմանում չի կարող ավելի անհասկանալի ու ավելի խրթին չլինել:
 
902. Վարժվիր քաղաքավարությամբ խոսել ամեն ինչի և ամենքի մասին. հատկապես նրանց, ովքեր աշխատում են Աստծո ծառայության մեջ:
Իսկ երբ դա անհնարին է, լռի՛ր: Կտրուկ կամ մակերեսային մեկնաբանությունները նույնպես կարող են սահմաններն անցնել և վերածվել բամբասանքի կամ վարկաբեկման:
 
903. Այսպես էր ասում մի երիտասարդ տղա Աստծուն ավելի սերտորեն նվիրվելուց հետո. «Այժմ այն, ինչի կարիքը ես ունեմ, քիչ խոսելն է, հիվանդներին այցելելը և գետնին քնելը»:
– Առակը քո նկատմամբ կիրառիր:
 
904. Քրիստոսի քահանաների մասին պետք է միայն գովասանքով խոսենք:
– Ամբողջ հոգովս ցանկանում եմ, որ իմ եղբայրները և ես երբեք չմոռանանք սա մեր առօրյա վարքի ու վարմունքի մեջ:
 
905. Սուտն ու կեղծիքը բազմաթիվ երեսներ ունեն. կամավոր լռություն, դավ, քրթմնջյուն, բամբասանք, չարախոսություն ... : – Բայց միշտ խոսքը վերաբերվում է փոքրոգի վախկոտների զենքերին:
 
906. Անհեթեթություն է, որ թողնում ես քեզ տպավորվել առաջին կամ վերջին զրույցից:
Լսի՛ր հարգանքով, հետաքրքրությամբ. վստահի՛ր մարդկանց ... , բայց քո կարծիքն ու դատաստանը կազմիր Աստծո ներկայությանը:
 
907. Բամբասում են, չարախոսում: Իսկ հետո հենց իրենք են այնպես անում, որ ինչ որ մեկն իսկույն գա քեզ պատմելու, թե «ինչեր են ասվում» ... : – Չարությո՞ւն է: – Անկասկած: Բայց խաղաղությունդ մի՛ կորցրու, որովհետև, եթե դու աշխատում ես ուղղամիտ կերպով, նրանց լեզուն չի կարողանա քեզ որևէ վնաս հասցնել ... : Մտածիր. որքա՜ն հիմար են, որքա՜ն զուրկ են մարդավայել վարմունքից, պարկեշտության ինչպիսի՜ թերացումներ են թույլ տալիս իրենց եղբայրների ... , և հատկապես՝ Աստծո նկատմամբ:
Եվ դու ինքդ էլ քո հերթին բամբասանքի ու չարախոսության մեջ մի՛ ընկիր, պատասխանելու թյուրիմաց իրավունքի կիրառմամբ: Եթե պետք է խոսես, գործի դիր եղբայրական ուղղումը, ինչպես որ խորհուրդ է տալիս մեզ Ավետարանը:
 
908. Թող որ քեզ չմտահոգեն այս հակառակությունները, այս բամբասանքները. անկասկածելի է, որ աշխատում ենք աստվածային ձեռնարկի մեջ, բայց մարդիկ ենք ... : Եվ տրամաբանական է, որ, քայլելով, բարձրացնում ենք փողոցի փոշին:
Ինչը որ քեզ վրդովում է, վիրավորում ... , գործածիր քո իսկ մաքրագործման համար, իսկ եթե հարկավոր է՝ նաև գործերդ ու մեթոդներդ ուղղելու համար:
 
909. Քրթմնջալը, ասում են, շատ մարդկային է: – Պատասխանեցի. մենք պետք է աստվածային վարքով ապրենք:
Միայն մի մարդու չարակամ կամ թեթևամիտ խոսքն անգամ կարող է կարծիք ձևավորել, և մինչև իսկ ինչ որ մեկի մասին վատաբանելու մոդա տարածել ... : Իսկ հետո, այդ բամբասանքները բարձրանում են ներքևից, հասնում են մինչև վերև և թերևս նաև խտանում են, դառնալով սև ու մութ ամպեր:
– Սակայն, երբ տվյալ հալածվածը իսկապես աստվածապաշտ հոգի է, ամպերը վերածվում են արգասաբեր անձրևի, ինչ էլ որ պատահելու լինի. և Տերն Իր Նախախնամությամբ այնպես է անում, որ նա փառավորվում է հենց այն հարցում, որով որ ցանկանում էին նվաստացնել իրեն կամ վարկաբեկել:
 
910. Չէիր ուզում հավատալ դրան, բայց ստիպված եղար հանձնվել ակնհայտությանը, անձնական փորձառությամբ կրելով դրա վնասները. քո այդ հաստատումները, որ կատարել էիր ամենայն պարզությամբ և կաթողիկե ողջամիտ հասկացողությամբ, հավատքի թշնամիները քո այդ հաստատումները ծռմռել ու իմաստափոխել էին չարությամբ:
Ճիշտ է, «հարկավոր է ջինջ ու անբիծ լինել աղավնիների նման ... , և խոհեմ ու խորագետ՝ օձերի նման» (Մտթ 10, 16): Մի՛ խոսիր պատշաճ ժամանակից և պատշաճ վայրից դուրս:
 
911. Քանի որ չես կարողանում – կամ չես ուզում – նմանվել այդ մարդու վեհ վարմունքին, քո գաղտնի նախանձը մղում է քեզ ծաղրելու նրան:
 
912. Չարախոսությունը նախանձի դուստրն է. իսկ նախանձը ապաստանն է ամուլների:
Այս իսկ պատճառով, ամլության դիմաց քննության ենթարկիր քո թիրախն ու նպատակակետը. եթե աշխատում ես և քեզ տհաճություն չի պատճառում փաստը, որ ուրիշներ ևս աշխատում են և արդյունքներ ստանում, այս տեսակ ամլությունը միայն երևութական է. անկասկած, պտուղները հավաքելու ես իրենց ժամանակին:
 
913. Կան մարդիկ, որոնք եթե չեն վնասում կամ չեն վիրավորում ուրիշներին, իրենց կարծես գործազուրկ են զգում:
 
914. Երբեմն մտածում եմ, որ բամբասողներն ու չարախոսողները կարծես փոքրիկ դիվահարներ լինեն ... : – Որովհետև սատանան միշտ սպրդում և ներս է թափանցում Աստծո դեմ, կամ Աստծո հետևորդների դեմ ուղղված քննադատության իր չարասեր ու չարաբարո ոգիով:
 
915. «Տխմարություննե՛ր», մեկնաբանում ես արհամարհական ձայներանգով:
– Ծանո՞թ ես հարցերին: Ո՞չ: – Ուրեմն ինչպե՞ս ես կարողանում խոսել հարցերի մասին, որոնց տեղյակ չես:
 
916. Բամբասողին ու չարախոսողին պատասխանիր. Սա պատմելու եմ կամ սրա մասին խոսելու եմ բամբասանքի առարկան հանդիսացող մարդու հետ:
 
917. Ժամանակակից մի հեղինակ գրել է. «Բամբասանքը միշտ անմարդկային է. ցույց է տալիս, որ բամբասողը միջակ անձնականության տեր մեկն է. նշան է վատ դաստիարակության. տեսանելի է դարձնում վեհ ու վսեմ զգացմունքների պակասը կամ ամբողջական բացակայությունը. անարժան է քրիստոնյայի համար»:
 
918. Միշտ խուսափիր տրտունջներից, քննադատություններից, չարախոսություններից, բամբասանքներից ... . ամեն գնով խուսափիր այն ամեն ինչից, որ կարող է անհամերաշխություն ներմուծել եղբայրների միջև:
 
919. Դու, որ կարգվել ես մեծ իշխանություն ունեցող պաշտոնում, անխոհեմ կլինեիր, եթե որպես հլու կամակատարության նշան մեկնաբանեիր քեզ լսողների լռությունը. հասկացիր, որ նրանց թույլ չես տալիս արտահայտել իրենց առաջարկները, հուշումները, և որ քեզ վիրավորված ես զգում, եթե համարձակվում են արտահայտվել: – Պետք է ուղղվես:
 
920. Վարկաբեկման դիմաց սա՛ պետք է լինի քո դիրքորոշումը: Նախևառաջ, ներել. ներել բոլորին, առաջին իսկ պահից և սրտանց: – Իսկ ապա, սիրել. պատասխան վարմունքիդ կամ խոսքերիդ մեջ թող որ երբեք չվրիպեն սիրո մեջ թերացումներ. միշտ սիրո՛վ պատասխանիր:
– Բայց եթե հարձակման է ենթարկվել Մայրդ՝ Եկեղեցին, նրան խիզախ քաջությամբ պաշտպանիր. հանդարտությամբ, բայց աննահանջ արիությամբ և ամբողջական անսասան ամրությամբ, խոչընդոտիր, թույլ մի՛ տուր, որ կեղտոտեն կամ խանգարեն ճանապարհը, որով պետք է առաջ քայլեն այն հոգիները, որոնք կամենում են ներել և սիրով պատասխանել, երբ անձնական վիրավորանքներ են կրում և դրանց պատճառով տառապում են:
 
921. Ամենահեռավոր գյուղը – ասում էր մեկը, որ հոգնել էր անդադար բամբասանքներից – իմ համար պետք է որ մայրաքաղաք լինի:
– Չգիտեր, խեղճը, որ նույն բանն է:
– Դու, հանուն Աստծո հանդեպ և մերձավորի հանդեպ սիրո, մի՛ ընկիր այսքա՜ն գավառային ... և քրիստոնյային այսքա՜ն անվայել թերության մեջ: – Քրիստոսի առաջին հետևորդների մասին ասվում էր. տեսե՛ք, թե ինչպես են միմյանց սիրում: Կարո՞ղ են այդ նույն բանն ասել քո, իմ մասին, ամեն պահի:
 
922. Առաքելության գործերի դեմ հնչող քննադատությունները սովորաբար երկու տեսակի են. ոմանք աշխատանքը ներկայացնում են որպես մի շատ բարդ կառույց ... . ուրիշներ այն արհամարհանքով գնահատում են իբրև հեշտ ու հարմարավետ մի բան:
Խորքում, այս «օբյեկտիվությունն» ա՛յլ բան չէ, քան միայն՝ կարճատես հայացք, բամբասկոտ անգործության բարձր քանակի հետ խառնված: – Այդպիսիներին հարցրու առանց բարկանալու. իսկ դուք ի՞նչ եք անում:
 
923. Հավատքիդ պատվիրանների նկատմամբ թերևս չես կարող պահանջել համակրանք, բայց պետք է պահանջես հարգանք:
 
924. Նրանք, ովքեր քո մոտ վատ են արտահայտվել Աստծո հանդեպ պարկեշտ այն ընկերոջ մասին, նույն անձինք են, որ բամբասելու են քո դեմ, երբ կորոշես ավելի լավ վարք դրսևորել:
 
925. Որոշ մեկնաբանություններ կարող են խոցել և վիրավորել միայն նրանց, ովքեր թույլ են տալիս, որ դրանք հասնեն իրենց և խոցեն: Այս իսկ պատճառով, երբ մարդ քայլում է – գլխով և սրտով – , հետևելով Տիրոջը, քննադատություններն ընդունվում են որպես մաքրագործում, և որպես խթան են ծառայում քայլերն արագացնելու համար:
 
926. Ամենասուրբ Երրորդությունը թագադրել է մեր Մորը:
– Աստված Հայրը, Աստված Որդին, Աստված Սուրբ Հոգին մեզնից հաշիվ է պահանջելու յուրաքանչյուր դատարկ խոսքի համար: Եվս մեկ պատճառ, որպեսզի խնդրենք Աստվածածնին սովորեցնել մեզ՝ խոսել միշտ Տիրոջ ներկայության զգացումով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։