Սիրտ – Գրադարան – Mashtoz.org

Սիրտ

146. Այնպիսի տպավորություն ես թողնում, որ կարծես սիրտդ բռնել ես ձեռքիդ մեջ, ինչպես անում են ինչ որ մի ծախու ապրանք առաջարկելիս. «Ո՞վ է ցանկանում այն գնել»: – Եվ եթե արարածներից ոչ մեկի դուրը չգա, այդ դեպքում միայն կգաս այն Աստծուն նվիրելու:
Կարծում ես, թե Սրբերն այդպե՞ս են վարվել:
 
147. Արարածները քո՞ համար: – Արարածներն Աստծո՛ համար: Իսկ եթե նույնիսկ քո համար, ապա Աստծով և առ Աստված:
 
148. Ինչո՞ւ ես ուզում կռանալ՝ աշխարհային մխիթարությունների ջրափոսերից խմելու համար, այն դեպքում, երբ կարող ես ծարավդ հագեցնել ջրերով, որոնք ցայտում են մինչև Կյանքը հավիտենական:
 
149. Արարածներից անջատվիր՝ նրանցից լիովին մերկանալու աստիճան: Որովհետև սատանան, ասում է Գրիգոր Մեծ Քահանայապետը, այս աշխարհում ոչինչ չունի իրեն սեփական և մերկ է ներկայանում գոտեմարտի: Եթե նրա դեմ կռվի դուրս գաս հագնված, քեզ իսկույն գետին կնետի, քանի որ քեզ բռնելու տեղ կունենա:
 
150. Այնպես է, ինչպես եթե Հրեշտակդ քեզ ասեր. «Սիրտդ լի է մարդկային բազմաթիվ կապվածություններով»: – Իսկ հետո. «Դրա՞նք են, որ կամենում ես հանձնել Պահապանիդ պաշտպանությանը»:
 
151. Անջատում: – Որքա՜ն դժվար է ... : Ա՜հ, եթե կարողանայի ա՛յլ կապ չունենալ, բայց միայն երեք Գամերը. ո՛չ էլ ուրիշ զգացողություն, եթե ո՛չ միայն՝ Խաչը:
 
152. Չե՞ս զգում, որ առավել խաղաղություն և միություն կհասնեն քեզ, երբ համապատասխանես այն արտակարգ շնորհին, որը քո ամբողջական անջատումն է պահանջում:
Պայքարիր Նրա համար, Նրան հաճելի լինելու համար: Բայց ամրապնդիր հույսդ:
 
153. Քաջությո՜ւն: Վեհանձնորեն և մանկան սրտով հարցրու Նրան. «Արդյոք ի՞նչ ես տալու ինձ, եթե ինձնից պահանջում ես “այդ բանը” »:
 
154. Վախենում ես, թե բոլորի հանդեպ սառն ու վերապահ կդառնաս: Այնքա՜ն կամենում ես անջատվել:
Հեռացրու քեզնից այդ մտահոգությունը. եթե դու Քրիստոսինը լինես – ամբողջապե՛ս Քրիստոսինը – բոլորի համար էլ կրակ, լույս և ջերմություն կունենաս. Քրիստոսի՛ հուրը, լույսն ու ջերմությունը:
 
155. Հիսուսը «բաժնեկցությամբ» չի գոհանում. ամբո՛ղջն է կամենում:
 
156. Չես ուզում հպատակվել Աստծո Կամքին ... և հարմարվում ես, սակայն, որևէ չնչին արարածի կամքին:
 
157. Լուսատտիկներին կանթեղների տեղ մի՛ դիր: Եթե Աստված նվիրվում է քեզ, ինչո՞ւ ես շարունակում արարածներից այդպես կառչել:
 
158. Հիմա արցունքներ են: – Ցավ է պատճառում, չէ՞: – Բնական է: Հենց այդ պատճառով է, որ քեզ այդ կետում հարվածեցին:
 
159. Սիրտդ երերում է և երկրի վրա հենարան ես փնտրում: – Լա՛վ, բայց ուշադիր եղիր, որ այդ հենարանը, որ վերցրել ես չընկնելու համար, ծանր ու անտանելի բեռ չդառնա, որն հազիվ կարողանում ես քարշ տալ, կամ մի շղթա, որը քեզ ստրկացնում է:
 
160. Ասա՛ ինձ. դա ... ընկերությո՞ւն է, թե կապանք:
 
161. Գորով ես վատնում: – Եվ ես քեզ ասում եմ. մերձավորիդ հանդեպ եղբայրսիրություն, այո՛, մի՛շտ: – Բայց, լա՛վ լսիր ինձ, ո՜վ առաքելանվեր հոգի. Քրիստոսինն է, և միմիայն Նրա համար է, այն մյուս զգացումը, որ Տերն Ինքը դրել է քո սրտում: – Եվ հետո ... մի՞թե ճիշտ չէ, որ սրտիդ կապանքները խզած ժամանակ – յոթը կապանք խզելու կարիքն ունես – մեկից ավելի անգամներ է կասկածի ամպը հայտնվել գերբնական երկնակամարումդ ... , և դու, մտահոգված, հակառակ որ դիտավորությունդ մաքուր էր, ինքդ քեզ հարցրել ես. «Գորով արտահայտելուս հարցում արդյոք չափազանց հեռու չե՞մ գնացել»:
 
162. Սիրտը մի կողմ: Նախ՝ պարտականությունը: – Պարտականությունդ կատարելիս, սակայն, մեջը նաև սիրտ դիր, ինչը որ ախորժելի քաղցրություն է:
 
163. Եթե աջ աչքդ գայթակղեցնում է քեզ, ... խլիր այն և հեռու նետիր: – Խե՜ղճ սիրտ, որ բուն ինքն է քեզ գայթակղեցնողը:
Սեղմիր, այն ուժգին սեղմիր ձեռքերիդ մեջ. մխիթարություններ մի՛ շնորհիր նրան: – Իսկ եթե խնդրի, նրան մեղմորեն ասա՛, մտերիմ խոսակցության նման, ազնիվ կարեկցանքով լի. «Սի՜րտ, քո տեղը Խաչի վրա է. Խաչի վրա է քո տեղը, ո՜վ սիրտ»:
 
164. Ի՞նչ հակումների է հետևում այս սիրտը: – Մի՛ վրդովվիր. Սրբերն էլ – որ քաջակազմ և բնականոն էակներ էին, ինչպես դու և ինչպես ես – զգում էին այդ “բնական” հակումները: Եթե դրանք զգացած չլինեին, շատ քիչ արժանիք կունենար նրանց այն “գերբնական” հակազդեցությունը, որով իրենց սիրտը – հոգին և մարմինը – Աստծո համար պահեցին, փոխանակ այն մի արարածի նվիրելու:
Ուստի, հաշվի առնելով ճանապարհը, կարծում եմ, որ սրտի դյուրաբեկությունը չպետք է արգելք հանդիսանա վճռակամ և «լավ սիրահարված» հոգու համար:
 
165. Դու, որ ... երկրային մի փոքրիկ սիրո համար պատրաստակամ գտնվեցիր ենթարկվելու այդքա՜ն անարգությունների, իրո՞ք կարծում ես, թե սիրում ես Քրիստոսին, երբ չես կամենում հանդուրժել – Նրա համար – այդ խոնարհեցումը:
 
166. Գրել էիր. «Հա՜յր, ուժեղ ատամնացավ ունեմ ... սրտումս»: – Ասածդ կատակ չեմ համարում, քանի որ հասկանում եմ, որ մի լավ ատամնաբույժի կարիքն ունես, որ սրտիցդ մի քանի ատամ արմատից հանի: Միայն թե դու թույլատրէիր ... :
 
167. «Ա՜հ, եթե սկզբից կտրած լինեի», ասացիր ինձ: – Մաղթում եմ, որ դու կարիքը չզգաս կրկնելու այս նույն, հապաղած հառաչանքը:
 
168. «Չկարողացա ժպիտս զսպել, երբ լսեցի Ձեր ասածներն այն “հաշվի” մասին, որը Ձեզնից պահանջելու է մեր Տերը: Ո՛չ, Ձեր համար Նա չի լինելու դատավոր – բառի խիստ իմաստով – այլ՝ պարզապես Հիսուսը»: – Այս խոսքը, որ գրել է մի սուրբ Եպիսկոպոս, ով բազմաթիվ վշտահար սրտեր է մխիթարել, կարող է քո սիրտն էլ լավ մխիթարել:
 
169. Վիշտը քեզ ընկճում է, քանի որ այն ընդունում ես վախկոտությամբ: – Այն քաջությամբ ընդունիր, քրիստոնեական հոգիով. և այդժամ այն որպես մի գանձ կնկատես:
 
170. Որքա՜ն հստակ է ճանապարհը: ... Որքա՜ն ակնհայտ են խոչընդոտները: ... Եվ որքա՜ն ազդու են դրանք հաղթահարելու համար նախատեսված զենքերը: – Եվ սակայն, որքա՜ն շեղումներ և որքա՜ն սայթաքումներ: Այնպես չէ՞:
Այն բարակ թելն է – իրականում մի շղթա է, ամուր երկաթից ձուլված մի շղթա – , որը դու և ես գիտենք, և որը դու չես կամենում խզել. դա է պատճառը, որ քեզ հեռացնում է ճանապարհից և քեզ սայթաքել է տալիս, և մինչև իսկ ընկնել:
Ինչի՞ ես սպասում՝ այն կտրելու ... և առաջադիմելու համար:
 
171. Սերը ... արժանի է սիրո:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։