Կանոնապահություն – Գրադարան – Mashtoz.org

Կանոնապահություն

372. Հնազանդությամբ ենթարկվել: – Բայց խելքով, սիրով և պատասխանատվության զգացումով, ինչը որ ոչ մի աղերս չունի ղեկավարին դատելու հետ:
 
373. Առաքելության գործում հնազանդվիր առանց կանգ առնելու՝ դատելու մարդկային պարագաները նրա, ով հրամայում է, ո՛չ էլ ձևը, որով հրամայում է: Հակառակն առաքինություն չէ:
Բազմատեսակ խաչեր կան. ադամանդյա, մարգարիտե, զմրուխտյա, արծնապատ, փղոսկրյա ... . նաև փայտյա, ինչպիսին որ մեր Տիրոջ խաչն էր: Բոլորն էլ հավասար մեծարանքի են արժանի, որովհետև Խաչը մեզ պատմում է Մարդացած Աստծո ինքնազոհաբերման մասին: – Այս միտքը կիրառիր քո հնազանդության դեպքում, առանց մոռանալու, որ Նա փարվեց սիրով, անվարա՛ն, Փայտին, և փայտի վրա ստացավ մեր Փրկությունը:
Միայն հնազանդվելուց հետո, – ինչը որ դիտավորության ուղղամտության նշան է, – արա՛ եղբայրական դիտողություններդ, սրբագրումներդ, պահանջված պարագաների համաձայն, և կամրապնդես միությունը այս պարտականության կատարմամբ:
 
374. Հնազանդվում ենք շուրթերով, սրտով և մտքով: – Հնազանդվում ենք ո՛չ թե մարդու, այլ՝ Աստծուն:
 
375. Չես սիրում հնազանդությունը, եթե իսկապես չես սիրում հնազանդության առարկան, եթե իսկապես չես սիրում այն, ինչ քեզ հրամայվել է:
 
376. Բազմաթիվ մտահոգություններ շտկվում ու կարգավորվում են իսկույն: Ուրիշներ՝ ո՛չ անմիջապես: Բոլորը, սակայն, լուծում են գտնում, եթե հավատարիմ ենք. եթե հնազանդվում ենք, եթե կատարում ենք այն, ինչ հրամայվում է:
 
377. Տերը քեզնից ակնկալում է կոնկրետ առաքելություն, ինչպես այն ձկնորսությունը, որի ժամանակ հարյուր հիսուներեք մեծ-մեծ ձկներ որսացին – և ո՛չ ուրիշներ – , նավակի աջակողմյան ջրերից (Հվհ 21, 1-11):
Եվ հարցնում ես ինձ. ինչպե՞ս է պատահում, որ իմանալով հանդերձ, որ մարդկանց որսորդ եմ, բազմաթիվ ընկերների հետ շփման մեջ ապրելով, և հասկանալով հանդերձ, թե դեպի ո՛ւմ պետք է ուղղվի իմ մասնահատուկ առաքելությունը, այդուհանդերձ՝ չեմ որսում: ... Մի՞թե Սեր չունեմ: Մի՞թե հոգևոր կյանքս թերի է:
Լսիր պատասխանը Պետրոսի շուրթերից, մյուս հրաշալի ձկնորսության ժամանակ. «Վարդապետ, ամբողջ գիշեր չարչարվեցինք, բայց ոչինչ չբռնեցինք: Քո խոսքի համար, սակայն, կնետենք ուռկանները» (Ղկս 5, 1-11):
Հանուն Քրիստոսի, վերսկսի՛ր կրկին: – Կազդուրվա՛ծ ու փարթամացա՛ծ. դե՛ն նետիր այդ թոշնածությունը:
 
378. Հնազանդվիր առանց բազմաթիվ անօգուտ իմաստակությունների ... : Ստացված հրամանի դիմաց տխրություն կամ չկամություն ցուցադրելը բավական նշանակալի թերացում է: Եվ սակայն, լսել հրամանը և վերջ, ո՛չ միայն հանցանք չէ, այլ՝ մինչև իսկ կարող է առիթ լինել մի մեծ հաղթանակի, առաքինության հերոսական արարքի թագադրման համար:
Իմ հորինվածքները չեն: Հիշո՞ւմ ես: Ավետարանը պատմում է մի ընտանիքի հոր մասին, որը նույն հանձնարարությունը տվեց իր երկու որդիներին ... : Եվ Հիսուսն ուրախանում է այն որդու համար, որը թեև սկզբում ընդդիմացել էր, այդուհանդերձ՝ հետո կատարել էր հոր հանձնարարությունը: Ուրախանում է, որովհետև կանոնապահությունը Սիրո պտուղն է:
 
379. Անհնազանդությունների մեծ մասը բխում է հրամանը «լսել» չկարողանալուց, ինչը որ խորքում խոնարհության կամ ծառայության մեջ հետաքրքրության պակաս է:
 
380. Ուզո՞ւմ ես հնազանդվել արվեստի բոլոր կանոնների համաձայն: ... Ուրեմն ուշադիր լսիր, հասկանալու համար տարողությունն ու հոգին այն բանի, որ քեզ մատնացույց են անում. իսկ եթե ինչ որ մի բան չես հասկանում, հարցրո՛ւ:
 
381. Տեսնենք մի քիչ, թե ե՛րբ ես համոզվելու, որ պետք է հնազանդվես: ... Չես հնազանդվում, երբ կյանքի ծրագիրն իրականացնելու փոխարեն ժամանակ ես կորցնում: Քո բոլոր րոպեները պետք է լիուլի լինեն. աշխատանք, ուսում, քարոզչություն, ներքին հոգևոր կյանք:
 
382. Ինչպես որ Եկեղեցին, ծիսական խնամքի միջոցով, մեզ նշմարել է տալիս Կրոնի խորհուրդների գեղեցկությունը և մեզ մղում է դրանք ավելի լավ սիրելու, այդպես էլ մենք պարտավոր ենք ապրել – առանց թատերականության – մի որոշակի անբասիր պարկեշտություն, արտաքսապես աշխարհիկ, խորին հարգանքի – նաև արտաքին – Հոգևոր Առաջնորդի հանդեպ, ով իր բերանով մեզ փոխանցում է Աստծո Կամքը:
 
383. Երբ մեկը գտնվում է ղեկավար դիրքում, հասարակաց բարիքի մասին մտածելուց հետո հարկավոր է հաշվի առնել, որ – և՛ հոգևոր, և՛ քաղաքացիական դաշտում – շատ դժվար է, որ որոշումները հաճելի լինեն բոլորին:
– «Երբեք անձրև չի գալիս, երբ դա հաճելի է բոլորին», ասում է ժողովրդական իմաստությունը: Բայց սա, չկասկածես սրան, օրենքի թերությունը չէ, այլ ավելի՝ այդ քչերի հպարտության կամ էգոիզմի անարդարացի ապստամբությունը:
 
384. Կարգ, հեղինակություն, կանոնապահություն ... : – Լսում են – եթե անշուշտ լսում են – , և ցինիկաբար ժպտում են, – տղամարդիկ և կանայք, – իրենց ազատությունը պաշտպանելու հավակնությամբ:
Նույներն են, որ հետո պահանջում են, որ մենք հարգենք կամ հարմարվենք իրենց շեղումներին. չեն հարմարվում մտքին – և ինչպիսի՜ գռեհիկ բողոքներ են հրապարակ իջեցնում – , որ իրենց դատանիշները չեն ընդունվում – չեն կարող ընդունվել – ուրիշների իրական ազատության կողմից:
 
385. Նրանք, ովքեր հոգևոր ձեռնարկներ են ղեկավարում, պետք է հետաքրքրվեն այն ամեն ինչով, որ մարդկային է, դրանք գերբնական կարգի վերամբարձելու և աստվածացնելու համար:
Եթե ինչ որ մի բան չի կարող աստվածացվել, չես կարող սխալվել. դա մարդկային չէ, «անասնային» է, որ հատուկ չէ բանական արարածին:
 
386. Հեղինակություն: Այն չի կայանում փաստի մեջ, որ ով վերևում է, «գոռա» իր ենթակայության տակ գտնվողի վրա, իսկ սա նույն կերպ վարվի նրա հետ, ով իրենից ցածր դիրքում է:
Այս չափանիշով – որը հեղինակության ծաղրանկարն է – , մի կողմ թողնելով սիրո և մարդկային պարկեշտության ակնհայտ բացակայությունը, որպես արդյունք ստացվում է միայն այն, որ ղեկավարողը քայլ առ քայլ հեռանում է ենթականերից, որովհետև չի ծառայում նրանց. ավելի շուտ, գործածում է նրանց:
 
387. Դու մի՛ եղիր նրանցից մեկը, ովքեր իրենց տունը տակնուվրա վիճակում պահելով՝ փորձում են միջամտել ուրիշների տների կառավարման գործին:
 
388. Բայց ... իրո՞ք կարծում ես, թե ամեն ինչ գիտես, որովհետև պաշտոն ես ստացել ղեկավար դիրքում:
– Ուշադիր լսիր ինձ. լավ ղեկավարը «գիտի», որ կարող է, որ պարտավո՛ր է սովորել ուրիշներից:
 
389. Խղճի ազատություն. ո՛չ: – Որքա՜ն չարիքներ է ժողովուրդներին ու անձանց պատճառել այս պախարակելի սխալը, որը թույլ է տալիս գործել սեփական ներքին թելադրանքներին հակառակ:
«Խղճերի» ազատություն. այո՛. ինչը որ նշանակում է ներքին հրամայականին հետևելու պարտավորություն ... , այո՜, բայց լուրջ կազմավորում ստանալուց հետո:
 
390. Կառավարել չի նշանակում զսպել, սանձել:
 
391. Քո համար, որ տեղ ես զբաղեցնում ղեկավարությունում: Խորհրդածի՛ր. ամենապինդ ու ամենաօգտակար գործիքներն էլ, եթե վատ են գործածվում, ծռվում են, փչանում են, և անգործածելի են դառնում:
 
392. Ղեկավարության որոշումները, որոնք թեթևամտությամբ կայացվում են միայն մի անձի կողմից, միշտ, կամ գրեթե միշտ, ծնվում են խնդիրների միակողմանի տեսության ազդեցության ներքո:
– Որքան էլ որ մեծ լինեն քո պատրաստվածությունն ու քո տաղանդը, պետք է լսես նրանց, ովքեր քո հետ կիսում են ղեկավարության պաշտոնը:
 
393. Երբեք ուշադրություն չդարձնես անանուն ամբաստանություններին. դա վախկոտների գործելակերպն է:
 
394. Լավ ղեկավարության դատանիշներից մեկը. մարդկային ատաղձը հարկավոր է վերցնել այնպես, ինչպես որ կա, և օգնել նրան բարելավվելու, առանց այն երբևէ արհամարհելու:
 
395. Ինձ շատ լավ բան է թվում, որ ամեն օր ջանք ես գործադրում ավելացնելու քո խորը հոգատարությունը քո ենթակաների նկատմամբ. որովհետև վերադասի գորովալի հասկացողությամբ շրջապատված և պաշտպանված լինելու զգացողությունը կարող է այն արդյունավետ դարմանը լինել, որի կարիքն ունեն այն անձերը, որոնց պետք է ծառայես քո ղեկավարությամբ:
 
396. Ինչպիսի՜ թշվառ տպավորություն են թողնում ոմանք, որ նշանակված են ղեկավար պաշտոններում, և որ դատում ու խոսում են թեթևամտությամբ, առանց խնդիրները ուսումնասիրելու, պահի ազդեցությամբ կայացված գնահատականներով, անձանց կամ հարցերի վերաբերյալ, որոնց ծանոթ չեն, և ... մինչև իսկ «նախապաշարումներով», որոնք անպարկեշտության արդյունքն են:
 
397. Եթե կառավարությունը դառնում է բռնատիրական իշխանամոլություն և այս իրավիճակը երկարում է ժամանակի ընթացքում, կորում է պատմական շարունակականությունը, կառավարության մարդիկ ծերանում և մահանում են, հասուն տարիքի են հասնում անձինք, որոնք փորձառություն չունեն կառավարելու գործում, և երիտասարդությունը – անփորձ ու խռովված – ցանկանում է սանձերն իր ձեռքը վերցնել. քանի՜ քանի՜ չարիքների, և քանի՜ Աստծո դեմ գործված հանցանքների – սեփական և ուրիշների – պատասխանատվությունն ընկնում է նրա վրա, ով այդքա՜ն վատ կերպով է գործածում իշխանությունը:
 
398. Երբ նա, ով հրամայում է, բացասական է ու կասկածամիտ, հեշտորեն դառնում է բռնատեր:
 
399. Ղեկավարման գործիդ մեջ աշխատիր լինել ուղղամտորեն օբյեկտիվ: Խուսափիր դիրքորոշումից նրա, ով հակված է տեսնելու ավելի – իսկ երբեմն՝ միայն – այն, ինչը տեղին չէ, սխալները:
– Լցվի՛ր ուրախությամբ, այն ապահովության համար, որ Տերը բոլորին պարգևել է սուրբ դառնալու կարողությունը, հենց սեփական թերությունների դեմ պայքարի միջոցով:
 
400. Նորությունների ջղագրգիռ տենչը կարող է հասցնել վատ կառավարման:
– Նոր կանոնադրություններ են հարկավոր, ասում ես ... : – Կարծում ես, թե մարդկային մարմինն ավելի լա՞վ կաշխատեր նյարդային կամ արյան շրջանառության մի ա՛յլ համակարգով:
 
401. Ինչպե՜ս են ոմանք համառում ամեն ինչ զանգվածային դարձնելու դիրքորոշման մեջ. միությունը վերածում են անդեմ, աննկարագիր միաձևության, խեղդելով ազատությունը:
Թվում է, թե չեն ճանաչում մարդկային մարմնի տպավորիչ միությունը, անդամների այսքա՜ն բազմազան աստվածային տարբերակման, որոնք – յուրաքանչյուրն իր հատուկ աշխատանքով – նպաստում են համընդհանուր առողջությանը:
– Աստված չի կամեցել, որ բոլորը համանման լինեին, ո՛չ էլ՝ որ բոլորը միևնույն ձևով քայլեին միևնույն ճանապարհի մեջ:
 
402. Հարկավոր է սովորեցնել մարդկանց աշխատել – առանց նախապատրաստության մեջ չափն անցնելու. «անել» նշանակում է նաև կազմավորվել – , և սկզբից ևեթ ընդունել անխուսափելի թերությունները. լավագույնը թշնամի է լավին ու բարուն:
 
403. Երբեք հույսդ մի՛ դիր միայն կազմակերպության վրա:
 
404. Լավ հովիվն իր ոչխարներին վախեցնելու կարիքը չունի. նման վարմունքը բնորոշ է վատ ղեկավարներին: Այս իսկ պատճառով, ոչ ոք չի զարմանում, որ այդպիսիք վերջում դառնում են ատված ու միայնակ:
 
405. Ղեկավարելը, շատ անգամներ, կայանում է անձանց «ստանձնել» կարողանալու մեջ, համբերությամբ և գորովով:
 
406. Լավ ղեկավարումը չի անտեսում անհրաժեշտ ճկունությունը, առանց պահանջելուց հրաժարվելու մեջ ընկնելու:
 
407. «Քանի դեռ ինձ մեղանչել չեն տալիս»: – Ուժգին մեկնաբանությունն է այն խեղճ մարդու, որին հզոր թշնամիները գրեթե ոչնչացրել էին իր անձնական կյանքում և իր մարդկային ու քրիստոնեական իղձերի մեջ:
– Խորհրդածի՛ր և սովորի՛ր. քանի դեռ քեզ մեղանչել չեն տալիս:
 
408. Բոլոր քաղաքացիները չէ, որ ակտիվորեն անդամակցում են մնայուն բանակին: Բայց երբ պատերազմ է սկսվում, բոլորն էլ մասնակցում են: ... Իսկ Տերն ասել է. «Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ՝ պատերազմ» (Մտթ 10, 34):
 
409. «Ազատամարտիկ էի», գրում է, «և շարժվում էի լեռներով ու ձորերով, կրակելով երբ ինձ հարմար էր ու հաճելի: Բայց հետո ցանկացա բանակ մտնել որպես զինվոր, որովհետև հասկացա, որ պատերազմներն հաղթում են, առավե՛լ հեշտությամբ, կազմակերպված ու կանոնավոր զորքերը: Մի կղզիացած խեղճ ազատամարտիկ չի կարող ամբողջական քաղաքներ գրավել, ո՛չ էլ աշխարհը նվաճել: Հին – չափազա՜նց հին – հրացանս պատին կախեցի, և այժմ շա՜տ ավելի լավ եմ զինված: Ինչպես նաև գիտեմ արդեն, որ այլևս չեմ կարող պառկել լեռան լանջին, ինչ որ մի ծառի շուքին, և երազել, թե կկարողանամ հաղթանակ տոնել պատերազմում մեն-մենակ:
– Օրհնյա՜լ կանոնապահություն և օրհնյա՜լ միություն մեր Մոր՝ Սուրբ Եկեղեցու:
 
410. Բազմաթիվ ապստամբ քրիստոնյաներին կուզենայի ասել, որ իրենց պարտականության մեջ թերանում են նրանք, ովքեր օրինավոր իշխանության հանդեպ դրսևորված կարգապահության ու հնազանդության փոխարեն վերածվում են մի կուսակցության. մի փոքրիկ կողմնակալ խմբակցության. անհամաձայնության ծիլերի. դավերի ու բամբասանքների. անձնական հիմար հակաճառություններ հրահրողների. նախանձների ու ճգնաժամերի ոստայններ հյուսողների:
 
411. Թեթև քամին ու փոթորիկը նույն բանը չեն: Առաջինին ամեն ոք կարող է դիմանալ. երեխայական խաղ է, պայքարի խեղկատակ նմանողություն:
– Փոքրիկ հակառակություններ, նեղություններ, փոքրիկ անհաջողություններ ... : Դրանց հաճույքով էիր դիմանում և ապրում էիր այս կերպ մտածելու ներքին ուրախությունը. Հիմա իրոք որ աշխատում եմ Տիրոջ համար, որովհետև կրում եմ Խաչը: ...
Բայց իմ խե՜ղճ որդյակ. վրա հասավ փոթորիկը, և զգացիր մի ցնցում, մի ուժգնություն, որն ի զորու է դարավոր ծառերն էլ արմատախիլ անելու: Եվ սա ... ներսում և դրսում: Վստա՛հ եղիր: Չի կարողանա արմատախիլ անել քո Հավատքը և քո Սերը, ո՛չ էլ կկարողանա շեղել քեզ քո ուղուց, ... եթե դու քեզ չբաժանես, չհեռացնես «գլխից», եթե շարունակես զգալ միությունը:
 
412. Ինչպիսի՜ հեշտությամբ ես անտեսում կյանքի ծրագրիդ իրագործումը, կամ գործերդ անում ես ավելի վատ ձևով, քան եթե ընդհանրապես չանեիր ... : – Այսպե՞ս է, որ ուզում ես միշտ ավելի սիրահարվել ընտրածդ ուղուն, հետո ուրիշներին էլ այդ սիրով վարակելու համար:
 
413. Ուրիշ ոչ մի իրավունքի մի՛ տենչա, քան միայն այս մեկին. քո պարտականությունները կատարելու իրավունքին:
 
414. Բեռը ծա՞նր է: – Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Այս պարտականությունները, որոնք հանձն ես առել ազատորեն, թևեր են, որ քեզ բարձրացնում են կրքերի ցածր ու նվաստ հարդադեզերից վեր:
Մի՞թե թռչունները զգում են իրենց թևերի կշիռը: Կտրիր դրանք և դիր կշեռքի նժարներին. այո՛, կշիռ ունեն: Եվ սակայն, թռչունը կարո՞ղ է թռչել, եթե իրենից կտրեն, խլեն իր թևերը: Նա կարիքն ունի այդպիսի թևերի. և դրանց կշիռը չի զգում, որովհետև դրանք իրեն բարձրացնում են մյուս արարծներից վեր:
Քո «թևերն» էլ կշիռ ունեն: Բայց եթե դրանք չունենայիր, կընկնեիր ամենակեղտոտ աղբանոցների մեջ:
 
415. «Մարիամն այս բոլոր բաները պահում էր իր սրտում ... » (Ղկս 2, 19):
Երբ խնդրի մեջ ներգրավված է ջինջ ու անկեղծ սերը, կանոնապահությունն այլևս բեռ չէ, նույնիսկ երբ մի քիչ ջանք է պահանջում, որովհետև միավորում է Սիրեցյալի հետ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։