Տառապանք – Գրադարան – Mashtoz.org

Տառապանք

233. Ինձ նկատել էիր տալիս, որ կան Հիսուսի կյանքի դրվագներ, որ ավելի են հուզմունք պատճառում քեզ. երբ շփման մեջ է մտնում կենդանի մարմին ունեցող մարդկանց հետ ... , երբ խաղաղությունն ու առողջությունն է տանում նրանց, որոնց հոգիներն ու մարմինները կտոր կտոր են եղել ցավերից ... : Ոգևորվում ես, – շարունակում էիր ասել, – տեսնելով, թե ինչպես էր Նա բժշկում բորոտությունը, վերադարձնում տեսողությունը, բուժում ավազանի մոտ պառկած անդամալույծին. այդ խեղճ մարդուն, որին ոչ ոք չէր հիշում: Այդ պահերին տեսնում ես Նրան այսքա՜ն խորապես մարդկային, այսքա՜ն քո հասողության:
– Շատ լավ, ... բայց Հիսուսը շարունակում է լինել այնպիսին, ինչպիսին որ էր այն ժամանակ:
 
234. Խնդրեցիր Տիրոջից թողնել, որ մի քիչ տառապես Իր համար: Բայց հետո, երբ տառապանքը գալիս է այսքա՜ն մարդկային, այսքա՜ն բնականոն ձևով, – ընտանեկան դժվարություններ ու խնդիրներ ... , կամ առօրյա կյանքի հազար ու մի մանրուք, – դժվարանում ես Քրիստոսին տեսնել այս ամենի ետևում: – Հեզ հպատակությամբ բացիր ափերդ այս գամերի առաջ ... , և քո ցավը կփոխակերպվի բերկրանքի:
 
235. Մի՛ տրտնջա, եթե տառապում ես: Հղկվում է քարը, որն հարգի է համարվում, որն արժեքավոր է նկատվում:
Ցավո՞ւմ է: – Թո՛ւյլ տուր տաշել քեզ, երախտագիտությամբ, որովհետև Աստված քեզ Իր ձեռքն է առել ադամանդի նման ... : Այսպես չեն աշխատում սովորական խճաքարի կտորը:
 
236. Ովքեր վախկոտությամբ փախչում են տառապանքից, խորհրդածության նյութ ունեն՝ տեսնելով, թե ինչպիսի՛ ոգևորությամբ են ուրիշ հոգիներ փարվում ցավին:
Սակավաթիվ չեն այրերն ու կանայք, ովքեր գիտեն քրիստոնեաբար տառապել: Հետևե՛նք նրանց օրինակին:
 
237. Տրտնջո՞ւմ ես: ... Եվ փորձում ես բացատրել ինձ, կարծես թե իրավացի լինեիր. մի ծակոց ... ևս մի ծակոց ... :
– Բայց ի նկատի չես առնում հանգամանքը, որ հիմարություն է զարմանալը այն փաստից, որ փշեր կան վարդերի մեջ:
 
238. Թույլ տուր, որ շարունակեմ խոսել հետդ անկեղծ սրտակցությամբ, ինչպես որ արել եմ մինչև այժմ. իմ համար բավական է դիմացս մի Խաչելություն տեսնել, որպեսզի չհամարձակվեմ այլևս խոսել իմ տառապանքների մասին ... : Եվ իմ համար կարևոր չէ ավելացնելը, որ շատ եմ տառապել, միշտ զվարթ սրտով:
 
239. Չե՞ն հասկանում քեզ: ... Նա Ճշմարտությունն էր և Լույսը, բայց Իրեններն անգամ չհասկացան Իրեն: – Ինչպես բազմաթիվ անգամներ մղել եմ քեզ մտորելու, հիշի՛ր Տիրոջ խոսքերը. «Աշակերտն ավելին չէ, քան Ուսուցիչը» (Մտթ 10, 24):
 
240. Մեկի համար, ով Աստծո զավակ է, հակառակություններն ու զրպարտությունները, ինչպես զինվորի դեպքում, պատերազմի դաշտում ստացած վերքեր են:
 
241. Խոսում ու չարախոսում են քո դեմ ... : Վարկ, համբավ, անուն. ի՞նչ կարևորություն ունեն:
Համենայն դեպս, մի՛ ամաչիր և մի՛ վշտացիր ինքդ քո համար, այլ՝ իրենց համար. նրանց համար, ովքեր այդպես վատ են վարվում հետդ:
 
242. Երբեմն չեն ուզում հասկանալ. կարծես կուրացած լինեն ... : Ա՛յլ անգամներ, սակայն, դու ես, որ չես կարողանում բացատրվել. ուղղվի՛ր:
 
243. Իրավացի լինելը բավական չէ: Հարկավոր է նաև ընդունակ լինել փաստելու դա ... , և որ ուրիշները կամենան ընդունել դա:
Համենայն դեպս, դու հռչակիր ճշմարտությունն ամեն անգամ, երբ հարկավոր է, առանց կանգ առնելու «ի՞նչ կասեն» մտքի առաջ:
 
244. Եթե Վարդապետի դպրոցն ես հաճախում, չպետք է զարմանաս, որ պետք է նեղություններ կրես նաև շատ ու շատ անձանց անհասկացողության պատճառով, որոնք կարող էին քեզ մեծապես օգնել, եթե գոնե նվազագույն ջանքը գործադրեին հասկացող, ըմբռնող լինելու համար:
 
245. Ֆիզիկապես չես խոշտանգել նրան: ... Բայց նրան անտեսել ես բազմաթիվ անգամներ. նրան նայել ես անտարբերությամբ, օտարի նման:
– Քեզ սա չնչին բան է թվո՞ւմ:
 
246. Առանց գիտակցելու, առանց կամենալու, նրանք, ովքեր հալածում են, սրբացնում են: ... – Բայց վա՜յ այս «սրբացնողներին»:
 
247. Երկրի վրա, հաճախ վարձատրվում ու փոխհատուցվում ենք բամբասանքով ու զրպարտությամբ:
 
248. Կան հոգիներ, որոնք թվում է, թե գործի են լծված իրենք իրենց համար տառապանքներ հորինելու, երևակայությամբ չարչարվելով:
Հետո, երբ վրա են հասնում իրական վշտեր ու հակառակություններ, չեն կարողանում Խաչի մոտ կանգնել, Ամենասրբուհի Կույսի նման, հայացքը Որդու վրա սևեռած:
 
249. Զոհողությո՜ւն, զոհողությո՜ւն: – Ճիշտ է, որ Հիսուսին հետևել – Նա Ինքն է ասել – նշանակում է կրել Խաչը: Բայց ինձ հաճելի չէ լսել, թե ինչպես են Տիրոջը սիրող հոգիները չափազանց շատ խոսում խաչերի ու հրաժարումների մասին. որովհետև երբ Սեր կա, զոհողությունը հաճելի է, հոժարությամբ ընդունելի, – նաև երբ ծանր է, – և խաչը Սուրբ Խաչն է:
– Այն հոգին, որն այս կերպ սիրել և նվիրվել գիտի, լցվում է բերկրանքով ու խաղաղությամբ: Ուրեմն ինչո՞ւ շարունակենք խոսել «զոհողության» մասին, կարծես մխիթարություն փնտրելու նպատակով, եթե Քրիստոսի Խաչը – որ քո կյանքն է – քեզ երջանկացնում է:
 
250. Քանի՜ քանի՜ ջղասպառումներ ու ջղագարումներ կջնջվեին, եթե – կաթողիկե վարդապետության համաձայն – իսկապես ուսուցանվեր ապրել քրիստոնեավայել կերպով. սիրելով Աստծուն և ընդունելով նեղությունները որպես Իր ձեռքից եկող օրհնություններ:
 
251. Անտարբեր մի՛ անցիր ուրիշների վշտի ու ցավի մոտով: Այդ անձը – այդ ազգականը, այդ ընկերը, այդ պաշտոնակիցը, ... այդ անծանոթը, – քո եղբայրն է, քո քույրը:
– Հիշիր, թե ի՛նչ է պատմում Ավետարանը և որ բազմաթիվ անգամներ կարդացել ես սրտի ցավով. Հիսուսի ազգականներն անգամ չէին ապավինում Իրեն: – Այնպես արա՛, որ տեսարանը չկրկնվի:
 
252. Պատկերացրու, թե երկրի վրա ա՛յլ ոք գոյություն չունի, Աստծուց և քեզնից բացի:
– Այսպիսով քո համար ավելի հեշտ կլինի կրել տառապանքները, խոնարհեցումները ... : Եվ, վերջապես, կանես այն, ինչ Աստված կամենում է, և այնպես, ինչպես Ինքը կամենում է:
 
253. Երբեմն – ասում էր այն հիվանդը, որին լափում էր հոգիների հանդեպ եռանդը – մարմինը բողոքում է մի քիչ, տրտնջում է: Բայց փորձում եմ «այդ բողոքները» ևս փոխակերպել ժպիտների, որովհետև շատ արդյունավետ են:
 
254. Անբուժելի հիվանդություն ուներ, որը սահմանափակում էր իր շարժունակությունը: Եվ այդուհանդերձ, ինձ վստահեցնում էր ուրախությամբ. «Հիվանդությունը լավ է վարվում իմ հետ, և այն ավելի ու ավելի եմ սիրում. եթե ընտրելու հնարավորություն ունենայի, հարյուր անգամ կվերադառնայի ծնվելու այսպես»:
 
255. Հիսուսը երեսուներեք տարի շարունակ, իր ողջ Կյանքի ընթացքում դրան նախապատրաստվելուց հետո հասավ Խաչին:
– Եթե Իր աշակերտներն իսկապես կամենում են նմանվել Իրեն, պետք է իրենց գոյությունը փոխակերպեն Սիրո համափրկագործության՝ ներգործական և կրավորական անձնուրացությամբ:
 
256. Խաչը ներկա է ամեն ինչի մեջ, և ներկայանում է այն ժամանակ, երբ մարդ ամենաքիչն է դա սպասում: – Բայց մի՛ մոռացիր, որ սովորաբար Խաչի սկիզբը և արդյունավետության սկիզբը համաքայլ են ընթանում:
 
257. Տերը՝ Հավիտենական Քահանան, միշտ օրհնում է Խաչով:
 
258. «Cor Mariae perdolentis, miserere nobis!» - «Վշտալի Սիրտ Մարիամի, ողորմի՜ր մեզ». – աղոթքով դիմի՛ր Սրբուհի Մարիամի Սրտին, քաջությամբ և նրա վշտին միանալու վճռակամությամբ, հատուցելու համար քո և բոլոր ժամանակների մարդկանց մեղքերի փոխարեն:
– Եվ խնդրիր նրանից – յուրաքանչյուր հոգու համար առանձին – , որ իր այդ վիշտը ավելացնի մեզնում հակակրանք և խորշում մեղքի նկատմամբ, և որ կարողանանք սիրել, որպես քավություն, ամեն օրվա ֆիզիկական կամ բարոյական նեղությունները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։