Քաղաքացիություն – Գրադարան – Mashtoz.org

Քաղաքացիություն

290. Աշխարհը սպասում է մեզ: Այո՛, մեծ կրքոտությամբ սիրենք այս աշխարհը, որովհետև Աստված Ինքն է ուսուցանել մեզ դա. «Այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ ... » - «Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը ... » (Հվհ 3, 16) – և որովհետև մեր պատերազմի դաշտն է – սիրո մի գեղեցկագույն պատերազմ – , որպեսզի բոլորը հասնեն խաղաղությանը, որն հաստատելու համար է Քրիստոսը եկել:
 
291. Տերը Սիրո այս նրբանկատությունն է ունեցել մեր նկատմամբ. թույլատրել է, որ նվաճենք երկիրը:
Նա – միշտ մեծապես խոնարհ – ցանկացել է սահմանափակվել դա հնարավոր դարձնելով ... : Մեզ պարգևել է ամենահասանելի ու ամենահաճելի մասը. գործելու ու հաղթանակելու մասը:
 
292. Աշխարհը ... – «Մե՛րն է» ... – Եվ սա հաստատում ես, հայացքդ ու ճակատդ դեպի Երկինք բարձրացնելուց հետո, հողագործի վստահությամբ, որն ինքնիշխան քայլում է սեփական հունձքի միջով. «Regnare Christum volumus!» - «Կամենում ենք, որ Քրիստոսը թագավորի» – ուզում ենք, որ Նա թագավորի Իր այս երկրի վրա:
 
293. «Հույսի ժամանակ է, – ասում ես ինձ, – և ապրում եմ այս գանձով: Գեղեցիկ խոսքեր չեն սրանք, Հայր: Իրականությունն է»:
Ուրեմն ... , ողջ աշխարհը, մարդկային բոլոր արժեքները, որ վիթխարի ուժով ձգում են քեզ, – ընկերություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, մարմնամարզություն, բնություն, մշակույթ, հոգիներ, ... – այս ամենը զետեղիր հույսի մեջ. Քրիստոսի՛ հույսի մեջ:
 
294. Աշխարհի այդ աննշմարելի և դյութիչ հմայքը ... , այդքա՜ն համառ ու պնդաճակատ: Ճանապարհի ծաղիկները – քեզ առինքնում են նրանց գույներն ու բուրմունքները ... – , երկնքի թռչունները, արարածները բոլոր ... :
– Խե՜ղճ որդյակ իմ. հասկանալի է: Մյուս կողմից, սակայն, եթե քեզ չառինքնեին, ի՞նչ զոհ կկարողանայիր ընծայել Տիրոջը:
 
295. Քրիստոնյայի քո կոչումը պահանջում է քեզնից մնալ Աստծո մեջ և, միաժամանակ, զբաղվել երկրային իրողություններով, դրանք առարկայականորեն գործածելով այնպես, ինչպես որ են. վերադարձնելու համար Իրեն:
 
296. Թվում է, թե ճիշտ չէ, որ հնարավոր է մեծապես երջանիկ լինել այս աշխարհում, ուր շատերն համառորեն ապրում են տխուր, որովհետև տքնաջան վազում են իրենց էգոիզմի ետևից, կարծես թե ամեն բան վերջանում է այստեղ՝ ներքևում:
– Նրանց նման մի՛ եղիր ... , ուղղվիր ամեն վայրկյան:
 
297. Աշխարհը սառն է, թվում է խորը քուն մտած: – Շատ անգամներ, դիտակետիցդ, նրան նայում ես հրկիզող հայացքով: Թող որ արթնանա՛, ո՜վ Տեր:
– Անհամբերություններդ սանձիր համոզվածությամբ, որ եթե մենք ընդունակ լինենք մեր կյանքը լավ այրելու, կրակ կկպցնենք ամեն կողմ ... , և տեսարանը կփոխվի:
 
298. Հավատարմությունը – Աստծուն և հոգիներին մատուցված ծառայությունը – , որ միշտ պահանջում եմ քեզնից, հեշտ ու հանգիստ խանդավառությունը չէ, այլ՝ այն մյուսը. այն մեկը, որ ձեռք է բերվում ճանապարհին, տեսնելով այն բազում աշխատանքը, որ կա անելիք ամենուր:
 
299. Աստծո լավ զավակը պետք է շատ մարդկային լինի: Բայց ո՛չ այնքան, որ գռեհկության կամ անկիրթ անքաղաքավարության մեջ ընկնի:
 
300. Դժվարին առաջադրանք է ամենքի ականջին աղաղակելը լուռ աշխատանքով, մեր քաղաքացիական պարտականությունների հավատարիմ կատարմամբ, ապա նոր միայն պահանջել մեր իրավունքները՝ դրանք ի սպաս դնելու համար Եկեղեցուն և հասարակությանը:
Դժվարին է ... , բայց շատ արդյունավետ է:
 
301. Ճիշտ չէ, որ անհաշտություն կա կաթողիկե լավ քրիստոնյա լինելու և քաղաքացիական հասարակությանը հավատարմորեն ծառայելու միջև: Ընդհարման պատճառ գոյություն չունի Եկեղեցու և Պետության միջև, նրանց համապատասխան հեղինակությունների օրինավոր կիրարկման դաշտում, այն առաքելության դիմաց, որն Աստված վստահել ու հանձնել է նրանց:
Ստում են – հենց այսպես. ստում են – նրանք, ովքեր հաստատում են հակառակը: Դրանք այն նույներն են, որոնք, հարգանք ընծայելով ազատության կեղծ գաղափարներին, «ամենայն սիրալիրությամբ» կցանկանային, որ մենք՝ կաթողիկեներս վերադառնայինք գետնադամբանների մեջ փակվելու:
 
302. Սա է քրիստոնյա քաղաքացու քո առաջադրանքը. նպաստել այն գործին, որ Քրիստոսի սերն ու ազատությունը նախագահեն արդի կյանքի բոլոր դրսևորումներին. մշակույթին ու տնտեսությանը, աշխատանքին ու հանգստին, ընտանեկան կյանքին ու հասարակական կենակցությանը:
 
303. Աստծո զավակը չի կարող դասակարգային լինել, որովհետև իրեն հետաքրքրում են բոլոր մարդկանց խնդիրները ... : Եվ ջանք է գործադրում ի նպաստ այդ խնդիրների լուծման՝ շնորհիվ մեր Փրկչի արդարության ու սիրո:
Դա ընդգծել է արդեն Առաքյալը, երբ մեզ գրել է, որ Տիրոջ համար չկա խտրականություն անձանց միջև, և որը ես չվարանեցի թարգմանել այսպես. գոյություն ունի միայն մեկ ցեղ՝ Աստծո զավակների ցեղը:
 
304. Աշխարհամոլ մարդիկ տքնաջան աշխատում են, որպեսզի հոգիները որքան հնարավոր է շուտ կորցնեն Աստծուն. իսկ հետո, որպեսզի կորցնեն աշխարհը ... : Նրանք չեն սիրում մեր այս աշխարհը. շահագործում, հարստահարում են այն, ոտնակոխ անելով ուրիշներին:
– Դու էլ զոհ մի՛ գնա այս կրկնակի թակարդին:
 
305. Կան մարդիկ, որ ամբողջ օրն ապրում են դառնացած: Նրանց համար ամեն ինչ պատճառ է մտատանջության: Քուն են մտնում ֆիզիկական մտասևեռմամբ. որ այդ միակ հնարավոր փախուստը կարճ կտևի: Արթնանում են անախորժ ու բարոյալքող զգացողությամբ, որ իրենց առջև ևս մի օր ունեն տակավին:
Շատերը մոռացել են, որ Տերը մեզ այս աշխարհում դրել է որպես անցորդներ դեպի հավիտենական երջանկությունը. և չեն մտածում, որ դրան կարող են հասնել միայն նրանք, ովքեր երկրի վրա քայլում են Աստծո զավակների զվարթությամբ:
 
306. Քրիստոնյա քաղաքացու քո վարքը մարդկանց ցույց է տալիս տարբերությունը, որ գոյություն ունի տխուր ապրելու և զվարթ ապրելու միջև. երկչոտ զգալու և համարձակ զգալու միջև. զգուշությամբ, երկվությամբ ... կեղծավորությա՛մբ ... գործելու, և պարզ ու ամբողջովին մի կտոր մարդու նման գործելու միջև: – Մի խոսքով, աշխարհամոլ լինելու և Աստծո զավակ լինելու միջև:
 
307. Մի հիմնական սխալ, որից պետք է զգուշանաս. մտածելը, թե քո ժամանակվա և քո միջավայրի պահանջներն ու սովորույթները – վսեմներն ու օրինավորները – չեն կարող ի սպաս դրվել և հարմարեցվել Հիսուս Քրիստոսի բարոյական ուսմունքի սրբությանը:
Ուշադրություն դարձրու այն բանին, որ ընդգծել եմ. վսեմներն ու օրինավորները: Մյուսները քաղաքացիության իրավունք չունեն:
 
308. Հնարավոր չէ բաժանել կրոնը կյանքից, ո՛չ մտքի հարթության վրա, ո՛չ էլ՝ առօրյա իրականության:
 
309. Հեռվո՜ւմ – այնտե՜ղ, հորիզոնի գծի վրա – թվում է, թե երկինքը միանում է երկրին: Մի՛ մոռացիր, որ վայրը, ուր երկիրն ու երկինքը իսկապես միանում են, Աստծո զավակի քո սրտում է:
 
310. Չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ մի քողարկված, հազիվ նշմարելի հալածանք Եկեղեցուն դատապարտում է սովահար մեռնելու, կղզիացնելով նրան և դուրս թողնելով հասարակական կյանքից և, հատկապես, թույլ չտալով նրան միջամտել կրթության բնագավառում, մշակույթի ոլորտում, ընտանեկան կյանքում:
Դրանք մեր իրավունքները չեն. Աստծո իրավունքներն են, որոնք Նա վստահել է մեզ՝ քրիստոնյաներիս, որպեսզի ... կիրառենք դրանք:
 
311. Նյութական, տեխնիկական, տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և ա՛յլ բազմաթիվ իրականություններ, եթե լքվում, թողնվում են իրենք իրենց, կամ այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք զուրկ են մեր հավատքի լույսից, սոսկալի խոչընդոտներ են դառնում գերբնական կյանքի համար. կարծես փակ ու թշնամական ցանկապատ են կառուցում Եկեղեցու շուրջը:
Դու, որպես քրիստոնյա, – գիտաշխատող, բանիմաց գրականագետ, գիտնական, քաղաքական գործիչ, բանվոր, և այլն, – պարտականությունն ունես սրբացնելու այդ իրականությունները: Հիշիր, որ ողջ տիեզերքը, – գրում է Առաքյալը, – հեծեծում է, կարծես երկունքի ցավերի մեջ, սպասելով Աստծո զավակների ազատագրմանը:
 
312. Մի՛ փորձիր աշխարհը վանքի վերածել, քանի որ դա կարգի խանգարում կլինի: ... Բայց ո՛չ էլ Եկեղեցին փորձիր դարձնել երկրային մի կողմնակալ կուսակցություն, քանի որ դա հավասարազոր կլինի դավաճանության:
 
313. Ինչպիսի՜ տխուր բան է բռնատիրական, «կեսարապաշտական» մտայնություն ունենալը, և չհասկանալը մյուս քաղաքացիների ազատությունը, այն բաներում, որոնք Աստված թողել է մարդկանց դատողությանը:
 
314. «Ո՞վ է ասել, որ սրբությանը հասնելու համար անհրաժեշտ է մի խցում կամ մի լեռան միայնության մեջ ապաստանելը», զարմացած հարցնում էր ընտանիքի մի լավ հայր, և հավելում. «Այդպիսի դեպքում սուրբ կլինեին ո՛չ թե մարդիկ, այլ ավելի՝ խուցն ու լեռը: Թվում է, թե մոռացել են, որ Տերը բացահայտ և հստակ կերպով ասել է բոլորին և յուրաքանչյուրին. Սուրբ եղեք, ինչպես որ սուրբ է իմ երկնավոր Հայրը»:
– Բավարարվեցի մեկնաբանելով. «Տերը, մեզ սուրբ ցանկանալուց բացի, յուրաքանչյուրին պարգևում է պատշաճ և նպաստավոր շնորհները»:
 
315. Սիրի՛ր հայրենիքդ. հայրենասիրությունը քրիստոնեական առաքինություն է: Բայց, եթե հայրենասիրությունը դառնում է ազգայնամոլություն, որն հասցնում է անտարբերությամբ, արհամարհանքով – առանց քրիստոնեական սիրո, առանց արդարության – նայելու ա՛յլ երկրների, ա՛յլ ազգերի, մեղք է:
 
316. Հայրենասիրություն չէ ոճիրներ արդարացնելը ... և ա՛յլ ժողովուրդների իրավունքները չճանաչելը:
 
317. Առաքյալը նաև գրել է, որ «տարբերություն չկա հեթանոսի և հրեայի, թլփատվածի և անթլփատի, բարբարոսի և սկյութացու, ստրուկի և ազատի միջև, այլ՝ Քրիստոսն ամեն ինչ է և ամենքի մեջ է» (Կղս 3, 11; հմմտ. Գղտ 3, 28):
Այս խոսքերն այսօր վավերական են այնպես, ինչպես երեկ. Տիրոջ առաջ գոյություն չունեն ազգության, ցեղի, դասակարգի, կյանքի վիճակի և ա՛յլ տարբերություններ: Մեզնից յուրաքանչյուրը վերածնվել է ի Քրիստոս, լինելու համար նոր արարած, Աստծո զավակ. բոլորս եղբայրներ ենք, և եղբայրների նման պետք է վարվենք:
 
318. Բազմաթիվ տարիներ են արդեն, ինչ միջօրեի հստակությամբ տեսել եմ մի չափանիշ, որը միշտ վավերական է լինելու. հասարակական միջավայրը, քրիստոնեական հավատքից ու բարոյականությունից իր հեռանալով, Ավետարանի հավիտենական ճշմարտությունն ապրելու և տարածելու մի նոր ձևի կարիքն ունի. հասարակության, աշխարհի ներսում իսկ Աստծո զավակներն իրենց առաքինություններով պետք է փայլեն ինչպես ջահերը խավարի մեջ – «quasi lucernae lucentes in caliginoso loco»:
 
319. Ընդհանրական Եկեղեցու մշտնջենավոր կենսունակությունն ապահովում ու երաշխավորում է, որ Քրիստոսի ճշմարտությունն ու հոգին չեն հեռանում ժամանակների տարբեր կարիքներից:
 
320. Քրիստոսի հետքերին հետևելու համար՝ այսօրվա առաքյալը չի գալիս ինչ որ մի բան փոխելու, ո՛չ էլ, առավել ևս, անտարբերությամբ չհետաքրքրվելու իրեն շրջապատող պատմական իրականությամբ ... : – Նրան բավական է գործել այնպես, ինչպես գործում էին առաջին քրիստոնյաները, կենագործելով միջավայրը, որտեղ գտնվում էին:
 
321. Դու, որ ապրում ես աշխարհում, որ պարզ քաղաքացի ես, որ շփման մեջ ես գտնվում բարի կամ չար համարվող մարդկանց հետ ... , դու պետք է զգաս տևական ցանկությունը՝ տալու մարդկանց այն նույն ուրախությունը, որ զգում ես դու, քրիստոնյա լինելուդ համար:
 
322. Հրովարտակ էր արձակվել Օգոստոս Կայսեր կողմից, որով հրամայվել էր մարդահամար կատարել Իսրայելի բոլոր բնակավայրերում: Մարիամն ու Հովսեփը ճանապարհ էին ընկել դեպի Բեթղեհեմ ... : – Չե՞ս մտածել, որ Տերը օրենքի ճշգրիտ կատարումը գործածել է ի կատար ածելու համար Իր մարգարեությունը:
Սիրիր և հարգիր պարկեշտ և ուղղամիտ կենակցության կանոնները, և մի՛ կասկածիր, որ պարտքիդ ու պարտականություններիդ քո խոստմնապահ հպատակությունը կլինի միջոցներից մեկը, որի շնորհիվ ուրիշները կբացահայտեն ու կճանաչեն քրիստոնեական ազնվությունը, որն աստվածային սիրո պտուղներից մեկն է, և կհանդիպեն Աստծուն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։