Խոնարհություն – Գրադարան – Mashtoz.org

Խոնարհություն

259. «Աղոթքը» մարդու խոնարհությունն է, որ ճանաչում և ընդունում է իր անդնդախոր թշվառությունը և Աստծո մեծությունը, որին դիմում է և որին պաշտում է, այնպես՝ որ սկսում է ամեն բարի բան Նրանից ակնկալել, և ոչի՛նչ՝ իր սեփական անձից:
«Հավատքը» մտքի խոնարհությունն է, որ հրաժարվում է սեփական դատողություններից և ենթարկվում է Եկեղեցու վճիռներին ու հեղինակությանը:
«Հնազանդությունը» կամքի խոնարհությունն է, որ ենթարկվում է ուրիշների կամքին, հանուն Աստծո:
«Ողջախոհությունը» մարմնի խոնարհությունն է, որ հպատակվում է հոգուն:
Արտաքին ցանկությունների «սանձումը» զգայարանների խոնարհությունն է:
«Ապաշխարությունը» բոլոր կրքերի խոնարհությունն է, որոնք որպես զոհ ընծայվում են Տիրոջը:
– Խոնարհությունը դա ճշմարտացիությունն է ճգնողական պայքարի քայլքում:
 
260. Շատ մեծ բան է համոզվելն ու խոստովանելը, որ ոչինչ ենք Աստծո առաջ, որովհետև հենց այդ է իրականությունը:
 
261. «Սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ ... »: Հիսուսի խոնարհությունը: ... Ինչպիսի՜ դաս է քո համար, որ հողի փոշուց ստեղծված խեղճ գործիք ես: Նա – միշտ ողորմած – բարձրացրեց քեզ, ձրիաբար պանծացված անարգությանդ մեջ շողացնելով շնորհի արևի լույսերը: Իսկ դու քանի՜ քանի՜ անգամ ես հպարտությունդ դիմակավորել արժանապատվության, արդարության պատրվակների ներքո ... : Եվ Վարդապետից սովորելու քանի՜ քանի՜ առիթներ ես անտեսել ու կորցրել, այդ առիթները գերբնականացնել կարողանալու փոխարեն:
 
262. Քանի՜ և ինչպիսի՜ ընկճվածություններ – որովհետև տեսնում ես կամ որովհետև բացահայտում են քո թերությունները – անհիմն են ... :
– Ճշմարիտ խոնարհություն խնդրիր:
 
263. Թույլ տուր հիշեցնել քեզ, ի միջի այլոց, խոնարհության պակասի ակնհայտ ախտանիշներից մի քանիսը.
– մտածել, որ այն, ինչ անում կամ ասում ես, արված կամ ասված է ավելի լավ, քան այն, ինչ ասում կամ անում են ուրիշները.
– ցանկանալ միշտ հաղթող դուրս գալ.
– վիճել առանց իրավացի լինելու կամ, երբ իրավացի ես, պնդել համառորեն և առանց չափի զգացման.
– կարծիքդ հայտնել այն ժամանակ, երբ քեզնից կարծիք չեն հարցրել, և երբ սերը դա չի պահանջում.
– արհամարհել այլոց տեսակետը.
– անկեղծորեն համոզված չլինել, որ բոլոր ձիրքերդ ու կարողություններդ ստացել ես որպես փոխատվություն.
– չճանաչելդ, որ անարժան ես որևէ պատվի ու գնահատանքի, մինչև իսկ այն հողին, որ ոտնակոխ ես անում, և իրերին, որ ունես իբրև սեփականություն.
– ինքդ քեզ որպես օրինակ մեջբերել զրույցների ժամանակ.
– վատ խոսել ինքդ քո մասին, որպես նպատակ ունենալով այն, որ լավ կարծիք կազմեն քո մասին, կամ որպեսզի հակաճառություն հրահրես.
– արդարացնել ինքդ քեզ, երբ քեզ հանդիմանում են.
– հոգևոր Առաջնորդիցդ ծածուկ պահել ամոթալի թերացումներիցդ որևէ մեկը, որպեսզի չկորցնի քո հանդեպ ունեցած բարի կարծիքը.
– հաճույքով ու գոհունակությամբ լսել գովեստի խոսքերը, կամ ուրախանալ, որ լավ են խոսել քո մասին.
– վշտանալ այն բանի համար, որ ուրիշներ ավելի հարգված են, քան դու.
– հրաժարվել ավելի խոնարհ աշխատանքներ կատարել, ավելի խոնարհ պաշտոն վարել.
– փորձել կամ ցանկանալ տարբերվել.
– զրույցներին խառնել ինքնագովեստի խոսքեր, կամ այնպիսի խոսքեր, որոնք հասկացնում են քո ազնվությունը, քո հանճարը կամ քո հմտությունը, քո մասնագիտական հռչակն ու հեղինակությունը, ... .
– ամաչել ինչ-ինչ ունեցվածքներ չունենալուդ համար ... :
 
264. Խոնարհ լինել՝ չի նշանակում տագնապ կամ երկյուղ ապրել:
 
265. Խուսափենք այն կեղծ խոնարհությունից, որ կոչվում է հարմարավետություն:
 
266. Պետրոսն ասում է Նրան. «Տե՜ր, Դո՞ւ պետք է լվանաս իմ ոտքերը»: Եվ Հիսուսը պատասխանում է. «Այն, ինչ ես անում եմ, դու այժմ չես հասկանում: Կհասկանաս հետո»: Պետրոսը պնդում է. «Իմ ոտքերը դու երբեք չես լվանա»: Հիսուսն էլ նրան պատասխանում է. «Եթե ես հիմա չլվանամ քո ոտքերը, մաս չես ունենա իմ հետ»: Սիմոն Պետրոսը հանձնվում է. «Տե՜ր, ո՛չ միայն ոտքերս, այլ՝ նաև ձեռքերս ու գլուխս էլ լվա»:
Ամբողջական, անմնացորդ, անվարան նվիրման կոչի դիմաց շատ անգամներ հակադրում ենք մի կեղծ համեստություն, ինչպիսին որ Պետրոսինն էր ... : Երանի՜ մենք էլ սրտի մարդ լինեինք, Առաքյալի նման: Պետրոսը չի թույլատրում, որ ինչ որ մեկը սիրի Հիսուսին իրենից ավելի: Այս սերը մղում է նրան հակազդելու այս կերպ. «Ահա՛ ես, լվա՛ իմ ձեռքերը, գլուխս, ոտքերս, մաքրի՛ր ինձ ամբողջովին, որովհետև ես ուզում եմ տրվել Քեզ առանց վերապահության»:
 
267. Քո համար, մի հատված եմ մեջբերում մի նամակից. «Ինձ հմայում է ավետարանական խոնարհությունը: Բայց ինձ զայրացնում է անխելք ու անգիտակից նահանջը որոշ քրիստոնյաների, որոնք այս կերպ կորցնել են տալիս Եկեղեցու հեղինակությունը: Վստահ եմ, որ նմանների մասին է մտածել այն անհավատ հեղինակը, երբ ասել է, թե քրիստոնեական բարոյականությունը ստրուկների բարոյականություն է ... »: Իրականում, մենք ծառաներ ենք. ծառաներ, որ բարձրացվել են Աստծո զավակների վիճակի, և որ մտադիր չեն վարվել որպես կրքերին ստրկացածներ:
 
268. «Վատ խմորից» պատրաստված լինելու համոզմունքը – ինքնաճանաչումը – կծնի քեզնում այն գերբնական հակազդեցությունը, որն ավելի ու ավելի կարմատավորի հոգուդ մեջ բերկրանքն ու խաղաղությունը՝ խոնարհեցումների, արհամարհանքի, զրպարտության դիմաց ... :
«Եղիցի»ն արտասանելուց հետո – Տե՜ր, ա՛յն, ինչ Դու ես կամենում – քո մտածելակերպն ու տրամաբանությունը նման դեպքերում պետք է այսպիսին լինի. «Միայն այդքա՞նն է ասել: Երևում է, որ ինձ լավ չի ճանաչում. այլապես, այդքան կարճառոտ չէր լինի»:
Քանի որ համոզված ես, որ ավելի վատ վերաբերմունքի ես արժանի, երախտապարտ կզգաս քեզ այդ անձի հանդեպ, և կուրախանաս այն բանի համար, որի համար ուրիշները կտառապեին:
 
269. Որքան ավելի բարձր է տեղադրված արձանը, այնքան ավելի ուժգին ու վտանգավոր է լինում կրած հարվածը, անկումից հետո:
 
270. Միշտ ավելի մեծ խոնարհությամբ դիմիր հոգևոր առաջնորդության, և ճշտապահությամբ, որը նույնպես խոնարհություն է:
Մտածիր, – և չես սխալվում, որովհետև այնտեղ Աստված է, որ խոսում է քեզ, – որ փոքրիկ, անկե՛ղծ երեխայի նման ես, որին կամաց կամաց սովորեցնում են խոսել, կարդալ, ճանաչել ծաղիկներն ու թռչուններին, ապրելու ուրախություններն ու տխրությունները, ուշադրություն դարձնելու, թե քայլելիս ո՛ւր է դնում իր ոտքերը:
 
271. «Շարունակում եմ մի խեղճ ու թշվառ արարած մնալ», ասում ես:
Առաջ, սակայն, երբ նույն հավաստումն էիր կատարում, որոշակի վատ պահեր էիր ապրում: Այժմ, առանց սովորություն դարձրած լինելու և առանց կքումների, վարժվում ես ժպտալու, և վերսկսելու պայքարդ աճող ուրախությամբ:
 
272. Եթե ուղղամիտ ես, եթե խոնարհ ես, նկատած կլինես, որ երբեք չենք դադարում սովորել ... : Նույնն է տեղի ունենում կյանքում. ամենաուսյալներն անգամ սովորելիք ինչ որ բան ունեն, մինչև կյանքի ավարտը. այլապես, դադարում են ուսյալ լինել:
 
273. Բարեսիրտ իմ Հիսուս, եթե պետք է առաքյալ լինեմ, հարկավոր է, որ Դու ինձ շա՜տ խոնարհ դարձնես:
Արևը լույսով է պատում ամեն ինչ, որին հպվում է. Տե՜ր, լցրու ինձ Քո պայծառությամբ, աստվածացրու ինձ. թող որ ես նույնանամ Քո պաշտելի Կամքի հետ, դառնալու համար այն գործիքը, որ Դու կամենում ես ... : Տուր ինձ խոնարհության Քո խենթությունը. այն, որ մղեց Քեզ ծնվելու աղքատ, աշխատելու առանց համբավ որոնելու, խաչափայտին գամված մեռնելու անարգանքին, Տապանակի ինքնամերժմանը:
– Այնպես արա՛, որ ես ճանաչեմ ինքս ինձ. թող որ ես ճանաչեմ ինձ և թող որ ես ճանաչեմ Քեզ: Այսպիսով, աչքիս առջևից երբեք չեմ կորցնի իմ ոչնչությունը:
 
274. Միայն հիմարներն են համառ. շա՜տ հիմարները՝ շա՜տ համառ:
 
275. Մի՛ մոռացիր, որ մարդկային հարցերում ուրիշներն էլ կարող են իրավացի լինել. տեսնում են այն, ինչը որ դու ես տեսնում, բայց մի ա՛յլ տեսանկյունից դիտված, ա՛յլ լույսի ներքո, ա՛յլ ստվերներով պատված, ա՛յլ շրջանակի մեջ:
– Միայն հավատքի ու բարոյականության հարցերում է, որ գոյություն ունի անվիճելի դատանիշ. մեր Մայր Եկեղեցու ուսմունքը:
 
276. Ինչպիսի՜ լավ բան է ուղղվելու, շտկվելու ընդունակ լինելը: ... Եվ որքա՜ն քիչ են նրանք, որ սովորում են այս գիտությունը:
 
277. Սիրո մեջ պակասելուց առաջ, զիջում ես, հանձնվում. մի՛ դիմադրիր, թեև հնարավոր է ... : Խոտի խոնարհությունն ունեցիր, որը թողնում է, որ ոտնակոխ անեն իրեն, առանց զանազանելու ոտքը, որն իր վրա կոխրճում է:
 
278. Դեպի դարձ բարձրանում ենք խոնարհության միջոցով, ցածրանալու ճանապարհով:
 
279. Ինձ ասում էիր. «Հարկավոր է գլխատել “ես”ը ... »: – Բայց, որքա՜ն դժվար է, չէ՞:
 
280. Շատ անգամներ հարկավոր է ուժ գործադրել սեփական անձի վրա, խոնարհվելու և իսկապես ասելու համար Տիրոջը. «Ծառայեցի՛ց» - ծառայելու եմ Քեզ:
 
281. «Զի հող էիր, եւ 'ի հո՛ղ դարձցիս ... » – Հիշի՛ր, մարդ, որ հող ես ... : – Եթե հող ես, ինչո՞ւ է քեզ տհաճություն պատճառում, եթե քեզ ոտնակոխ են անում:
 
282. Խոնարհության արահետով հնարավոր է գնալ ամենուր ... , և առաջին հերթին՝ Երկինք:
 
283. Խոնարհության ապահով ճանապարհ է խորհրդածելը, որ տաղանդի, համբավի և բախտի բերմամբ ձեռքբերված ունեցվածքների հարցում պակասավոր լինելով հանդերձ՝ կարող ենք արդյունավետ գործիքներ լինել, եթե դիմում ենք Սուրբ Հոգուն, որպեսզի պարգևի մեզ Իր շնորհները:
Առաքյալները, թեև երեք տարի շարունակ կրթվել էին Հիսուսի կողմից, սարսափահար փախան Քրիստոսի թշնամիների առաջ: Եվ սակայն, Հոգեգալստից հետո, սիրով ենթարկվեցին ձաղկանքի ու բանտարկության, իսկ վերջում իրենց կյանքը զոհեցին ի վկայություն իրենց հավատքի:
 
284. Ճիշտ է, որ ոչ ոք չի կարող վստահ լինել իր հարատևության հարցում ... : Բայց այս անորոշությունը ևս մի պատճառ է խոնարհության, և ակնհայտ փաստ է մեր ազատության:
 
285. Թեև դու այսքա՜ն չնչին արարած ես, Աստված գործի է դնում քեզ, և շարունակում է գործի դնել քեզ Իր փառքի համար արգասավոր աշխատանքներում:
– Մի՛ հպարտացիր: Մտածիր. ինքն իր մասին ի՞նչ կասեր պողպատե կամ երկաթե այն գործիքը, որին արվեստագետը գործածում է թանկարժեք քարերով ագուցված ոսկեղեն զարդեր պատրաստելու համար:
 
286. Ո՞րն է ավելի արժեքավոր. մի կիլոգրամ ոսկի՞ն, թե՞ մի կիլոգրամ պղինձը: ... Եվ սակայն, բազմաթիվ պարագաներում պղինձն ավելի է գործածվում և ավելի օգտակար է, քան ոսկին:
 
287. Քո կոչումը – Աստծո կանչը – առաջնորդելն է, ետևիցդ քաշելը, ծառայելը, «leader» լինելը: Եթե դու, կեղծ կամ սխալ հասկացված խոնարհության պատճառով, կղզիանում ես, ծածուկ խորշումդ կուչ գալով, թերանում ես աստվածային գործիք լինելու քո պարտականության մեջ:
 
288. Երբ Տերը գործածում է քեզ՝ Իր շնորհը հոգիների վրա հեղելու համար, հիշիր, որ դու ա՛յլ բան չես, քան նվերի փաթեթը. մի կտոր թուղթ, որը պատռվում և մի կողմ է նետվում:
 
289. «Զի հայեցաւ 'ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ» - «Որովհետև տեսավ Իր աղախնու խոնարհությունը» (Ղկս 1, 48):
– Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ իրական խոնարհությունը բոլոր առաքինությունների գերբնական հիմքն է:
Խոսի՛ր Տիրամոր հետ, որպեսզի վարժեցնի մեզ քայլելու այս արահետով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։