Պայքար – Գրադարան – Mashtoz.org

Պայքար

125. Ո՛չ բոլորը կարող են հասնել լինելու հարուստ, իմաստուն, հանրահայտ ... : Մինչդեռ բոլորը, – այո՛, «բոլորը» – կանչված են լինելու սուրբ:
 
126. Աստծուն հավատարիմ լինելը պահանջում է պայքար: Եվ պայքար՝ մարմին առ մարմին, մարդ առ մարդ – հին մարդը և Աստծո մարդը – , մաս առ մաս, առանց կաղալու:
 
127. Փորձությունը, չեմ ժխտում, բավականին տաժանելի է. պետք է դեպի վեր բարձրանաս, «ընթացքին հակառակ»:
– Ի՞նչ եմ քեզ խորհուրդ տալիս: – Կրկնի՛ր. «Omnia in bonum!», ամեն ինչ, որ պատահում է, «ամեն ինչ, որ պատահում է ինձ», իմ բարիքի համար է: ... Հետևաբար, – սա է ճիշտ եզրակացությունը, – որպես քաղցր բան ընդունիր այն, ինչը քեզ այդքան ծանր է թվում:
 
128. Այսօր բավական չեն բարի տղամարդիկ և կանայք: – Ինչպես նաև, բավականաչափ բարի չէ նա, ով գոհանում է ... գրեթե բարի լինելով. հարկավոր է «հեղափոխական» լինել:
Հեդոնիզմի դիմաց, հեթանոսության և նյութապաշտության վիթխարի քանակի դիմաց, որ առաջարկում են մեզ, Քրիստոսն ուզում է այլախոհ հակակոնֆորմիստներ ունենալ, Սիրո ապստամբներ:
 
129. Սրբությունը, սրբությանը հասնելու անկեղծ ցանկությունը, ինքն իրեն ընդմիջումներ կամ արձակուրդներ չի շնորհում:
 
130. Ոմանք այնպես են վարվում, իրենց կյանքի ընթացքում, կարծես թե Տերը նվիրումի և ուղղամտության մասին խոսել է միայն նրանց, որոնց համար այդ բաները դյուրին են, – այդպիսի մարդիկ չկան, – կամ նրանց, ովքեր պայքարելու կարիք չունեն:
Մոռանում են, որ, բոլորի՛ն, Հիսուսն ասել է. Երկնքի Արքայությունը բռնությամբ է ձեռքբերվում, յուրաքանչյուր պահի սուրբ պայքարով:
 
131. Վերափոխելու ինչպիսի՜ մարմաջ ունեն շատերը:
Ավելի լավ չէ՞ր լինի, որ բարեփոխվեինք, մենք՝ բոլորս, անհատաբար, հավատարմորեն կատարելու համար այն, ինչ պատվիրված է:
 
132. Թավալվում ես փորձությունների մեջ, քեզ վտանգի ես ենթարկում, խաղում ես տեսողության ու երևակայության հետ, խոսում ես ... տխմարությունների մասին: – Իսկ հետո զարմանում ես, որ վրադ հարձակվում են կասկածներ, խղճահարություններ, շփոթմունքներ, տխրություն ու անմխիթարություն:
– Պետք է թույլատրես ինձ ասել, որ քիչ հետևողական ես:
 
133. Սկզբնական խանդավառությունից հետո սկսվել են անորոշությունները, երկմտանքները, վախերը: – Քեզ մտահոգում են ուսումները, ընտանիքը, տնտեսական խնդիրները և, հատկապես, միտքը, թե չես կարողանում, որ թերևս անօգուտ ես, որ քեզ պակասում է կյանքի փորձառությունը:
Տալիս եմ քեզ ապահով միջոց՝ հաղթահարելու համար այդ վախերը – սատանայի փորձությունները կամ վեհանձնության քո պակասը – . «արհամարհի՛ր դրանք», հիշողությունիցդ արմատախիլ արա՛ այդ հիշատակները: Դա քսան դար առաջ արդեն կտրուկ և հստակ կերպով քարոզել է Վարդապետը. «Ետ մի՛ դարձրու հայացքդ»:
 
134. Մեր հոգիներում պետք է մի իրական սարսափ սնուցենք մեղքի հանդեպ: Տե՜ր իմ, – կրկնիր սա զղջացած սրտով, – չեմ ուզում վիրավորել Քեզ այլևս երբեք:
Բայց մի՛ զարմացիր, որ զգում ես խեղճ մարմնիդ ու մարդկային կրքերի ծանրությունը. հիմարություն կլիներ և միամտորեն երեխայական, որ միայն այժմ նկատեիր, որ «դրանք» գոյություն ունեն: Թշվառությունդ խոչընդոտ չէ, այլ ավելի՝ խթան է՛լ ավելի միանալու Աստծուն, Նրան հարատև փնտրելու համար, որովհետև Նա է, որ մաքրագործում է մեզ:
 
135. Եթե երևակայությունը եռալով պտտվում է քո իսկ գլխավերևումդ, ստեղծում է պատրանքային իրավիճակներ, վայրերի համադրություններ, որոնք, որպես կանոն, չեն համապատասխանում քո ընթացքին, քեզ անմտորեն ցրում են, սառեցնում են քեզ և քեզ հեռացնում են Աստծո ներկայությունից: – Ունայնություն:
Եթե երևակայությունը պտտվում է ուրիշների շուրջը, հեշտությամբ ընկնում ես դատելու թերության մեջ – առանց դրա առաքելությունն ունենալու – և նեղմիտ ու քիչ առարկայական կերպով ես մեկնաբանում ուրիշների վարքը: – Հանդուգն դատաստաններ:
Եթե երևակայությունը սավառնում է քո ձիրքերի վրա, քո սրամիտ խոսքերի վրա, կամ հիացմունքի այն զգացումների վրա, որ արթնացնում ես ուրիշների մեջ, քեզ ենթարկում ես դիտավորությանդ ուղղությունը կորցնելու և հպարտության խարույկի մեջ փայտ նետելու վտանգին:
Ընդհանրապես, երևակայությունն ազատ թողնելը որպես արդյունք տալիս է ժամանակի կորուստ, իսկ սրանից բացի, եթե չի սանձվում, դուռ է բացում մի մեծ շարք կամովին փորձությունների:
– Մի օր անգամ չպետք է զանց առնես ներքին կարողություններիդ սանձումը:
 
136. Այդքան անմիտ կերպով միամիտ մի՛ եղիր, մտածելով, որ պետք է փորձություններ կրես՝ վստահ լինելու համար, որ հաստատուն ես ընթացքիդ մեջ: Նման է այն բանին, որ ցանկանաս, որ սիրտդ կանգ առնի, որպեսզի ապացուցես, որ ուզում ես ապրել:
 
137. Մի՛ երկխոսիր փորձության հետ: Թույլ տուր, որ կրկնեմ. քաջությունն ունեցիր փախչելու. և ուժն ունեցիր՝ չկշռելու տկարությունդ, մտածելով, թե մինչև ո՛ր կետին կարող ես հասնել: Կտրի՛ր, առանց զիջումներ անելու:
 
138. Արդարացումներ չունես: Մեղքը միայն քոնն է: Քանի որ գիտես, – ինքդ քեզ բավականաչափ ճանաչում ես, – որ այդ ճանապարհով ընթանալով – այդ ընթերցումներով, այդ ընկերություններով, ... – կարող ես խորխորատն ընկնել, ինչո՞ւ ես համառորեն մտածում, թե դա թերևս մի կարճ ճանապարհ է, որ հեշտացնում է կազմավորումդ կամ հասունացնում է անձնականությունդ:
Ծրագիրդ արմատապես փոխիր, նույնիսկ եթե ավելի ջանք է պահանջվելու քեզնից, նվազ զվարճանքներ ձեռքիդ տակ: Այլևս ժամանակն է, որ պատասխանատու անձի նման վարվես:
 
139. Տիրոջը վշտացնում է բազմաթիվ արանց և կանանց անգիտակից վարմունքը, ովքեր չեն փորձում խուսափել կամավոր թեթև մեղքերից: Բնական է, – մտածում են իրենք իրենց արդարացնելով, – որովհետև այս սայթաքումների մեջ ընկնում ենք բոլորս:
Ուշադիր լսիր ինձ. նաև այն ամբոխի մեծամասնությունը, որ դատապարտեց Քրիստոսին և Նրան սպանեց, սկսեց պարզապես աղաղակելով – մյուսների նման – , դեպի Ձիթենյանց Պարտեզ վազելով – մյուսների նման ... :
Վերջում, մղված նաև նրանից, ինչ անում էին «բոլորը», չկարողացան կամ չցանկացան ետ կանգնել ... , և խաչեցին Հիսուսին:
– Եվ սակայն, քսան դար անց, դեռ չենք ուսանել:
 
140. Վերիվայրումներ: Շատ – չափազա՛նց շատ – վերիվայրումներ ունես:
Պատճառը հստակ է ու պարզ. մինչև այժմ հեշտ կյանք ես ապրել, և չես ուզում հասկանալ, որ «ցանկանալու» և «ձեռքբերելու» միջև նշանակալի տարածք գոյություն ունի:
 
141. Քանի որ, անհրաժեշտորեն, վաղ թե ուշ, պարտավոր ես լինելու բախվել անձնական թշվառությանդ ակնհայտ փաստին, ուզում եմ կանխավ զինել քեզ որոշ փորձությունների դեմ, որոնք, այդ պահին, սատանան առջևդ է դնելու և դու կարիքն ես ունենալու դրանք անհապաղ ոտնակոխ անելու. միտքը, թե Աստված մոռացել է քեզ, թե առաքելական կոչումդ ունայն է, կամ թե աշխարհի ցավի ու մեղքերի ծանրությունն ավելի մեծ է, քան առաքյալի քո ուժերը, ... :
– Սրանք բոլորը կեղծիք են և սուտ:
 
142. Եթե իսկապես պայքարում ես, կարիքն ունես խղճի քննություն կատարելու:
Մի՛ անտեսիր ամենօրյա քննությունը. տե՛ս, թե արդյոք Սիրո ցավ զգո՞ւմ ես այն բանի համար, որ մեր Տիրոջ հետ չես վարվում այնպես, ինչպես պետք է:
 
143. Միևնույն կերպ, որով շատերն են մասնակցում «առաջին քարի» տեղադրմանը, առանց մտահոգվելու նոր սկսված գործի հնարավոր ամբողջացման համար, նույն կերպ նաև մեղավորներն են իրենք իրենց խաբում «սա վերջին անգամն է» ասելով:
 
144. Երբ խոսքը վերաբերվում է «կացնով արմատից կտրելուն», մի՛ մոռացիր, որ «վերջին անգամը» դա պետք է նախորդ անգամը լինի, արդեն կատարվածը:
 
145. Քեզ խորհուրդ եմ տալիս փորձել երբեմն վերադառնալու ... «առաջին դարձիդ» սկզբնավորությանը, ինչը որ, եթե ուղղակի նույն բանը չէ, ինչ կրկին մանկանալը, համենայն դեպս՝ շատ նման է. հոգևոր կյանքում, հարկավոր է լիակատար վստահությամբ թողնել, որ առաջնորդեն քեզ, առանց վախերի, առանց երկվությունների. հարկավոր է բացարձակ հստակությամբ խոսել այն բաների մասին, որոնք ունես գլխումդ և հոգուդ մեջ:
 
146. Ինչպե՞ս ես դուրս գալու գաղջության այս վիճակից, այս եղկելի նվաղումից, եթե գործի չդնես միջոցները: Շատ քիչ ես պայքարում, իսկ երբ գործի ես անցնում, դա անում ես կարծես ի հեճուկս և չկամությամբ, գրեթե ցանկանալով, որ քո տկար ջանքերն արդյունք չունենան, որպեսզի այդպիսով կարողանաս ինքդ քեզ արդարացնել. ինքդ քո հանդեպ պահանջկոտ չլինելու համար և որպեսզի ուրիշներն էլ ավելին չպահանջեն քեզնից:
– Քո՛ կամքն ես կատարում, ո՛չ թե Աստծո կամքը: Քանի դեռ չես փոխվում, լրջորեն, երջանիկ չես լինի, ո՛չ էլ կկարողանաս հասնել խաղաղությանը, որն այժմ քեզ պակասում է:
– Խոնարհվի՛ր Աստծո առաջ, և ջանա իսկապե՛ս կամենալ:
 
147. Ժամանակի ինչպիսի՜ կորուստ և ինչպիսի՜ չափազանց մարդկային տեսություն, երբ ամեն բան վերածվում է մարտավարության, կարծես թե դրանում է կայանում արդյունավետության գաղտնիքը:
– Մոռանում ենք, որ Աստծո «մարտավարությունը» սերն է, անսահման Սերը. այսպես է, որ Նա լցրեց ու հաղթահարեց անհաղթահարելի տարածքն ու հեռավորությունը, որ մարդը, մեղքով, փորում է Երկնքի ու երկրի միջև:
 
148. Խղճի քննության «վայրի» անկեղծությունն ունեցիր. այսինքն՝ քաջությունը. այն նույն քաջությունը, որով նայում ես քեզ հայելու մեջ, որպեսզի տեսնես, թե որտեղդ ես վնասել, կամ որտեղդ է կեղտոտվել, կամ որտեղ են թերությունները, որ պետք է վերացնես:
 
149. Կարիքն եմ զգում զգուշացնելու քեզ ընդդեմ «սատանայի» խորամանկություններից մեկի, – այսպե՛ս, փոքրատառո՛վ գրված, որովհետև ա՛յլ բանի արժանի չէ, – սատանայի, որ փորձում է գործածել ամենաբնականոն պարագաները՝ մեզ շատ կամ քիչ շեղելու համար այն ճանապարհից, որը մեզ առաջնորդում է դեպի Աստված:
Եթե պայքարում ես, – և է՛լ ավելի, եթե պայքարում ես իսկապե՛ս, – չպետք է զարմանաս, որ վրա է հասնում հոգնածությունը, կամ պահը, երբ պետք է առաջ ընթանաս «հակառակ ամեն ինչի», առանց որևէ հոգևոր, և մինչև իսկ՝ առանց որևէ մարդկային մխիթարություն վայելելու: Լսիր, թե ի՛նչ էին գրել ինձ որոշ ժամանակ առաջ, և որ պահել եմ, մտածելով ոմանց մասին, ովքեր միամտաբար կարծում են, թե շնորհը հաշվի չի առնում բնության հատկությունները. «Հայր, մի քանի օր է, ինչ գտնվում եմ մի սարսափելի ծուլության ու անզգայության մեջ, այն բոլոր հարցերի նկատմամբ, որ վերաբերվում են կյանքի ծրագրի իրականացմանը. ամեն ինչ ստիպված եմ անում և շատ քիչ հոգով: Աղոթեցեք իմ համար, որպեսզի շուտով անցնի այս ճգնաժամը, որն ինձ չափազանց շատ տառապանք է պատճառում, քանի որ մտածում եմ, որ կարող է շեղել ինձ ճանապարհից»:
– Սահմանափակվեցի պատասխանելով. չգիտեի՞ր, որ Սերը զոհողություն է պահանջում: Հանդարտ կարդա Վարդապետի խոսքերը. «Ով չի վերցնում իր Խաչը հանապազորդ – ամեն օր – , արժանի չէ Ինձ»: Իսկ հետո. «Ձեզ որբ չեմ թողնի ... »: Տերը թույլ է տալիս այս ցամաքությունը, որն այսքա՜ն ծանր է նստում վրադ, որպեսզի դու կարողանաս սիրել Իրեն է՛լ ավելի, ապավինել միմիայն Իրեն, մասնակցել Խաչով իրագործված փրկությանը, որպեսզի դու կարողանաս հանդիպել Իրեն:
 
150. Որքա՜ն սակավ խորամանկ է ինձ թվում սատանան, ասում էիր: Չեմ հասկանում նրա հիմարությունը. միշտ նույն հնարքները, միշտ նույն կեղծիքները ... :
– Լրիվ իրավացի ես: Մենք՝ մարդիկս, սակայն, է՛լ ավելի սակավ խորամանկ ենք, և չենք սովորում փորձառություն ձևավորել ուրիշների սխալների հիման վրա ... : Իսկ սատանան հենց սրա վրա է դնում իր հույսը՝ մեզ փորձելու համար:
 
151. Մի անգամ լսեցի, որ մեծ ճակատամարտերի ժամանակ մի հետաքրքիր երևույթ է կրկնվում: Նաև երբ հաղթանակը կանխավ արդեն ապահովված է թվում թվային և միջոցների գերազանցությամբ, կռվի խառնաշփոթության մեջ չեն պակասում պահերը, երբ ծանրանում է պարտության սպառնալիքը՝ գումարտակներից մեկի կքման պատճառով: Այդպիսի պահերին հասնում են գերագույն հրամանատարության վճռական ու անհետաձգելի հրամանները, և պարսպվում են դժվարության մեջ հայտնված կողմի մոտ բացված ճեղքերը:
– Քո և իմ մասին մտածեցի: Աստծո հետ, Ով ճակատամարտերում պարտություն չի կրում, միշտ հաղթանակող կլինենք: Այս իսկ պատճառով, սրբության համար մղվող պայքարում, եթե գտնվում ես ուժասպառ վիճակում, ունկն դիր հրամաններին, ուշադրություն դարձրու, մի՛ մերժիր քեզ ընծայվող օգնությունը ... , որովհետև Նա երբեք չի սխալվում:
 
152. Սիրտդ անկեղծորեն բացեցիր հոգևոր Առաջնորդիդ, խոսելով Աստծո ներկայության, ... և սքանչելի եղավ կրկին անգամ փաստելը, թե ինչպես էիր ինքնուրույն կերպով պատշաճ պատասխան գտնում փախուստի քո փորձերին:
Սիրե՛նք հոգևոր առաջնորդությունը:
 
153. Լա՜վ, համաձայն եմ հետդ. վայելուչ կերպով ես վարվում: ... Սակայն թույլ տուր, որ ասեմ քեզ ամենայն անկեղծությամբ. ոտքերդ այսպես քարշ տալով, – խոստովանի՛ր, – բացի այն, որ լիովին երջանիկ չես, շա՜տ հեռու ես մնում սրբությունից:
Այս իսկ պատճառով հարցնում եմ քեզ. իսկապես վայելո՞ւչ կերպով ես վարվում: Արդյո՞ք «վայելուչ» հասկացողության վերաբերյալ սխալ գաղափար չունես:
 
154. Այսպես, այս անմիտ վարմունքով, այս ներքին ու արտաքին թեթևամտությամբ, փորձության դիմաց ցուցաբերածդ այդ վարանումներով, այս կամազուրկ կամեցողությամբ, անհնարին է, որ դու առաջընթաց ապրես հոգևոր կյանքում:
 
155. Միշտ մտածել եմ, որ շատերը «վաղը», «հետո» են անվանում շնորհի դեմ գործի դրած իրենց դիմադրությունը:
 
156. Հոգևոր քայլքի պարադոքսներից մեկ ուրիշը. հոգին, որ ամենաքիչ կարիքն ունի բարելավելու իր վարքը, ամենաշատն է գործի լծվում այդ նպատակին հասնելու համար, և կանգ չի առնում, քանի դեռ չի հասնում հաջողության: Եվ ընդհակառակը:
 
157. Երբեմն դու ինքդ ես «խնդիրներ» հորինում, որովհետև չես գնում մինչև վարվելակերպերիդ արմատը:
– Միակ բանը, որի կարիքն ունես, ուղղության հստակ ու վճռորոշ փոփոխությունն է. ազնվորեն կատարել պարտականություններդ և հավատարիմ լինել ցուցմունքներին, որ քեզ տրվել են հոգևոր առաջնորդության մեջ:
 
158. Առավել ուժով ի նկատի առար սուրբ լինելու անհապաղությունը, «անսասան գաղափարը». և առանց կամուկացների դիմեցիր ամենօրյա պայքարին, համոզված, որ պետք է քաջաբար արմատից կտրես քաղքենիացման որևէ ախտանշան:
Ապա, մինչ Տիրոջ հետ խոսում էիր աղոթքիդ ժամանակ, առավել հստակությամբ հասկացար, որ պայքարը Սիրո հոմանիշն է, և Նրանից խնդրեցիր առավել մեծ Սեր, առանց վախենալու այն փոփոխությունից, որ սպասում է քեզ, որովհետև պայքարելու ես Իր համար, Իր հետ և Իր մեջ:
 
159. Խառը իրավիճակո՞ւմ ես: ... Անկեղծ եղիր և խոստովանիր, որ ավելի նախընտրում ես ստրուկ լինել էգոիզմիդ, քան թե ծառայել Աստծուն կամ այն հոգուն: – Հանձնվի՛ր:
 
160. «Երանեալ է այր, որ համբերիցէ փորձանաց ... » - «Երանի՜ այն մարդուն, որ համբերում է փորձությունների մեջ» (Հկբ 1, 12), որովհետև փորձի ենթարկվելուց հետո կստանա Կյանքի թագը:
Քեզ ուրախությամբ չի՞ լցնում սեփական փորձառությամբ փաստելը, որ այս ներանձնական մարզանքը խաղաղության ակունք է, որ չի սպառվում երբեք:
 
161. «Nunc coepi!» - «Ա՛յժմ սկսում եմ». սիրահար հոգու աղաղակն է, որն ամեն պահի, և՛ երբ հավատարիմ է գտնվել, և՛ երբ թերացել է վեհանձնության մեջ, նորոգում է ամենայն ուղղամտությամբ ու հավատարմությամբ մեր Աստծուն ծառայելու – սիրելո՛ւ – իր կամքը:
 
162. Սիրտդ սեղմված զգացիր, երբ ասացի քեզ. դու չես ուզում դարձը, այլ՝ մի տուփ քո խեղճությունների համար ... . և այսպես, որպեսզի կարողանաս առաջ գնալ հարմարավետ կերպով – բայց հալվեի համով – ետևիցդ քարշ տալով այդ տխուր բեռը:
 
163. Չգիտես, թե այն, ինչը որ տիրել է վրադ, ֆիզիկական ուժասպառությո՞ւն է, թե՞ մի տեսակ ներքին հոգնածություն, կամ էլ՝ երկուսը միասին ... . պայքարում ես առանց պայքարելու, առանց անխաբ ու կոնկրետ բարելավման իղձն ունենալու, Քրիստոսի բերկրանքն ու սերը հրդեհի նման հոգիներին փոխանցելու համար:
Ուզում եմ հիշեցնել քեզ Սուրբ Հոգու հստակ խոսքերը. պսակի արժանանալու է միայն նա, ով մարտնչելու է «ըստ օրինին» - «կանոնների համաձայն», «ճշմարտապես» (2Տմ 2, 5), հակառակ ամեն ինչի:
 
164. Կարող էի ավելի լավ վարվել, ավելի վճռակամ լինել, ավելի խանդավառություն ցայտել ... : Ինչո՞ւ չեմ անում:
Որովհետև – ներիր համարձակ անկեղծությունս – հիմարի մեկն ես. սատանան չափազանց լավ գիտի, որ հոգու ամենավատ կերպով պահպանվող դռներից մեկը մարդկային հիմարությունն է. ունայնամտությունը: Այդ կետի վրա է այժմ հարձակվում իր ողջ ուժով. կեղծ-սենտիմենտալ հիշողություններ, սև ոչխարի բարդույթը՝ հիստերիկ տարբերակով, ազատության ենթադրական պակասի տպավորություն, ... :
Ինչի՞ ես սպասում, հիշելու համար Վարդապետի խոսքը. Հսկեցե՛ք և աղոթեցե՛ք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը:
 
165. Առջևս կանգնած հայտարարեցիր, հոխորտ ու անորոշ տեսքով. ոմանք բարձրանում են, իսկ ոմանք՝ իջնում ... : Ոմանք էլ, իմ նման, պառկած են ճանապարհին:
Տրտմեցի՝ ծույլ ու անզգա անհոգությանդ ի տես, և հավելեցի. ծույլերին իրենց ետևից քարշ են տալիս նրանք, ովքեր բարձրանում են. և, սովորաբար առավել ուժով, նրանք, ովքեր իջնում են: Մտածիր, թե ինչպիսի՛ սարսափելի խոտորում ես պատճառում ինքդ քեզ:
Դա ժամանակին արդեն նկատել է տվել Հիպպոնայի Սուրբ Եպիսկոպոսը. «Չառաջադիմելը նշանակում է հետադիմել»:
 
166. Կյանքումդ երկու մասեր կան, որ միմյանց չեն համաձայնվում. գլուխը և զգացմունքը:
Իմացականությունը – հավատքով լուսավորված – քեզ հստակ կերպով ցույց է տալիս ո՛չ միայն ճանապարհը, այլ նաև՝ տարբերությունը, որ գոյություն ունի այդ ճանապարհը հերոսաբար և հիմարաբար անցնելու միջև: Հատկապես, քո առջև դնում է աստվածային մեծությունն ու գեղեցկությունը այն ձեռնարկների, որոնք Երրորդությունը թողնում է մեր ձեռքերում:
Զգացմունքը, մինչդեռ, կառչում է այն ամեն ինչին, որ արհամարհում ես, մինչև իսկ այն պահին անգամ, երբ դա նկատում ես որպես արհամարհելի: Թվում է, թե հազարավոր փոքրիկ բաներ մի որևէ պատեհ առիթի էին սպասում, և հազիվ թե – ֆիզիկական հոգնածության կամ գերբնական տեսության կորուստի պատճառով – խեղճ կամքդ տկարանում է, այդ չնչին բաները խտանում ու խռովվում են երևակայությանդ մեջ, մինչև որ կազմում են մի լեռ, որ ճնշում է քեզ ու վհատեցնում. աշխատանքի դժվարությունները. հնազանդվելու հանդեպ ցուցաբերված դիմադրությունները. միջոցների բացակայությունը. հարմարավետ կյանքի աչք ծակող հրավառությունները. մեծ ու փոքր գարշելի փորձությունները. սենտիմենտալիզմի մրրիկները. ջանքն ու հոգնությունը. հոգևոր միջակության դառն համը. ... : Եվ, երբեմն, նաև վախը. վախ, որովհետև գիտես, որ Աստված քեզ սուրբ է ուզում, իսկ դու այդպիսին չես:
Թույլ տուր խստությամբ խոսեմ հետդ: Քեզ «պատճառներ» են հիշեցնում, որպեսզի հայացքդ ետ դարձնես, և քեզ պակասում է արիություն՝ համապատասխանելու համար շնորհին, որը Նա քեզ ընծայում է, որովհետև քեզ կանչել է լինելու մի ա՛յլ Քրիստոս, «ա՛յլ ոմն Քրիստոս» - նույն Ինքն Քրիստոսը: Մոռացել ես Առաքյալին ուղղված Տիրոջ ազդարարությունը. «Քեզ բավական է իմ շնորհը», ինչը որ մի հաստատում է այն փաստի, որ, եթե ուզենաս, կարող ես:
 
167. Վերադարձրո՛ւ ժամանակը, որ կորցրել ես՝ հանգստանալով ինքնահաճության դափնեպսակների վրա, ինքդ քեզ լավ ու ճարտար անձ համարելով, կարծես թե բավական է մի կերպ առաջ գնալը. բավական է, եթե չես գողանում, բավական է, եթե չես սպանում:
Քայլդ արագացրո՛ւ բարեպաշտության կյանքի և աշխատանքի մեջ. դեռ այնքա՜ն ճանապարհ ունես անցնելիք: Ընդունակ եղիր լավագույն կերպով ապրելու բոլորի հետ, նաև նրանց հետ, ովքեր ձանձրալի են ու հոգեհան. և ջանք գործադրիր սիրելու – ծառայելո՛ւ – նրանց, որոնց նախապես արհամարհում էիր:
 
168. Անցյալ խեղճություններդ – թարախալի – ցույց տվեցիր խոստովանության ժամանակ: Եվ քահանան հոգուդ մեջ գործեց հմուտ վիրաբույժի նման, ուղղամիտ վիրաբույժի նման. կտրեց, պատռեց այնտեղ, որտեղ հարկավոր էր, և չթողեց, որ վերքը փակվեր, քանի դեռ չէր ամբողջացրել մաքրման աշխատանքը: – Շնորհակալություն հայտնիր նրան:
 
169. Հիանալի արդյունքներ է տալիս լուրջ գործերին սպորտային ոգով մոտենալը: ... Մի քանի մրցաշար պարտվե՞լ եմ: – Ընդունում եմ, այդպես է: Բայց – եթե հարատևեմ – ի վերջո հաղթելու եմ:
 
170. Դարձի եկ ա՛յժմ, քանի դեռ քեզ երիտասարդ ես զգում: ... Որքա՜ն դժվար է ուղղվելը, երբ հոգին արդեն ծերացել է:
 
171. «Felix culpa!» - «Երանելի՜ մեղք», երգում է Եկեղեցին: ... Օրհնյա՜լ է սխալդ, – կրկնում եմ քեզ ականջիդ, – եթե քեզ օգտակար է եղել կրկին չընկնելու համար. ինչպես նաև՝ ավելի լավ հասկանալու և օգնելու համար մերձավորիդ, ով քեզնից ավելի ցածր որակի չէ:
 
172. Հնարավո՞ր է, – վաղը, փորձությունը մերժելուց հետո, – հնարավո՞ր է, Տեր, որ ես լինեմ ... այդ ուրիշը:
 
173. Քո համար ամփոփում եմ կլինիկական պատմությունդ. այստեղ ընկնում եմ, իսկ այստեղ՝ կրկին ոտքի կանգնում ... . այս վերջինն է այն, ինչ կարևոր է: – Շատ լավ, շարունակիր քո այս ներքին պայքարը, նույնիսկ եթե առաջ ես ընթանում կրիայի արագությամբ: Առա՛ջ:
– Շատ լավ գիտես, որդյակ իմ, թե մինչև ո՛ւր կարող ես հասնել, եթե չպայքարես. վիհը մի ուրիշ վիհ է դեպի ինքը քաշում:
 
174. Ամաչում ես, Աստծո առաջ և ուրիշների: Հին և կրկին գրգռված քոս ես բացահայտել ներսումդ. չկա բնազդ, չկա վատ հակում, որը դու չզգաս մաշկիդ վրա ... և անորոշության ամպն ունես սրտումդ: Ինչպես նաև, փորձությունն առաջ է գալիս այն պահին, երբ ամենաքիչն էիր դա ուզում կամ սպասում, երբ ջանքի պատճառով կամքդ թուլանում է:
Այլևս չգիտես անգամ, թե արդյոք խոնարհեցնո՞ւմ է քեզ, թեև ցավում ես՝ ինքդ քեզ նման վիճակում տեսնելով ... : Բայց ցավիր Նրա համար, հանուն Նրա սիրո. սիրո այդ զղջումը կօգնի քեզ արթուն մնալ, որովհետև պայքարը տևելու է, քանի դեռ ողջ ենք:
 
175. Ինչպիսի՜ բուռն ցանկություն ունես կնիք դնելու այն ինքնապարգևման վրա, որ կատարել ես իր ժամանակին. գիտակցել, որ Աստծո զավակ ես, և ապրել Աստծո զավակի նման:
– Տիրոջ ձեռքերի մեջ դիր քո բազմաթիվ թշվառություններն ու անհավատարմությունները: Նաև որովհետև դրանց ծանրությունը թեթևացնելու միակ ձևն է դա:
 
176. Վերանորոգվելը թուլանալ չի նշանակում:
 
177. Հոգևոր առանձնության օրեր: Ամփոփում՝ ճանաչելու համար Աստծուն, ճանաչելու համար ինքդ քեզ, և այդպիսով՝ առաջադիմելու համար: Հարկավոր ժամանակ է դա՝ բացահայտելու, թե ո՛ր հարցերում և ինչպե՛ս է հարկավոր սրբագրվել. ի՞նչ պետք է անեմ, ինչի՞ց պետք է խուսափեմ:
 
178. Թող որ չկրկնվի այն, ինչ կատարվեց անցյալ տարի:
– «Ինչպե՞ս անցավ հոգևոր առանձնության շաբաթդ», հարցրեցին քեզ: Իսկ դու պատասխանեցիր. «Շատ լավ հանգստացանք»:
 
179. Լռության և սաստիկ շնորհի օրեր ... : Աստծո հետ դեմ առ դեմ աղոթք ... :
Պոռթկում եմ երախտագիտության հայտման մեջ՝ հիացմունքով դիտելով տարիներով ու փորձառությամբ բեռնավորված այն անձանց, ովքեր բացվում են աստվածային հպումների դիմաց, և պատասխանում են մանուկների նման, խանդավառությամբ լի, հնարավորության դիմաց՝ տակավին կերպարանափոխելու իրենց կյանքը ինչ որ մի օգտակար բանի ... , որը կջնջի իրենց բոլոր շեղումներն ու իրենց բոլոր զանցառությունները:
– Հիշելով այս տեսարանը, քեզ հանձնարարեցի. անհոգ մի՛ եղիր բարեպաշտության կյանքի մեջ մղածդ պայքարում:
 
180. «Auxilium christianorum!» - «Օգնական քրիստոնյաների». այսպես է համոզված արտասանում Լորեթյան Աղոթքը: Այս համառոտ աղոթքը փորձե՞լ ես կրկնել քո դժվար պահերին: Եթե դա անես հավատքով, դստեր կամ որդու խանդաղատանքով, անձնական փորձառությամբդ կփաստես արդյունավետությունը քո Մոր՝ Սրբուհի Մարիամի բարեխոսության, ով կառաջնորդի քեզ դեպի հաղթանակ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։