Վեհանձնություն – Գրադարան – Mashtoz.org

Վեհանձնություն

1. Բազմաթիվ են քրիստոնյաները, որ համոզված են, թե Փրկությունն իրականանալու է աշխարհի բոլոր միջավայրերում, և որ պետք է որ լինեն հոգիներ, – չեն կարողանում ասել, թե ո՛վ, – որ Քրիստոսի հետ իրենց նպաստն են բերելու այն իրականացնելու գործին: Դա, սակայն, տեսնում են որպես դարերի, բազմաթիվ դարերի հեռանկար ... . մի ամբողջ հավիտենություն կլիներ, եթե այն իրականացվեր իրենց հանձնառության ռիթմով:
Դու էլ էիր այդպես մտածում, մինչև որ եկան քեզ «արթնացնելու»:
 
2. Նվիրումն ինքնազոհաբերման, բերկրանքի, սիրո, Աստծո հետ միության ճանապարհի առաջին քայլն է: – Եվ այսպես, ողջ կյանքդ լցվում է մի օրհնյալ խենթությամբ, որը քեզ երջանկություն է գտնել տալիս այնտեղ, ուր մարդկային տրամաբանությունն ա՛յլ բան չի տեսնում, քան միայն հրաժարում, տառապանք, վիշտ:
 
3. «Աղոթեցե՛ք իմ համար», ասում էիր, «որպեսզի վեհանձն լինեմ, որպեսզի առաջադիմեմ, որպեսզի հասնեմ ինքս ինձ այնպես փոխակերպելու, որ կարողանամ մի օր օգտակար լինել ինչ որ մի բանի»:
Շա՛տ լավ: – Բայց ի՞նչ միջոցներ ես դու գործի դնում, որպեսզի այդ ցանկություններդ դառնան արդյունավետ:
 
4. Շատ անգամներ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչո՞ւ որոշ հոգիներ, որոնք բախտն են ունեցել մանկուց ի վեր ճանաչելու ճշմարիտ Հիսուսին, այդքա՜ն վարանում են համապատասխանելու այն լավագույն իրականություններով, որոնք ունեն իրենց տրամադրության ներքո. իրենց կյանքը, իրենց ընտանիքը, իրենց ձգտումները:
Տե՛ս. դու, հե՛նց որովհետև «ամեն ինչ» ստացել ես միանգամից, պարտավոր ես շա՜տ երախտագիտություն ցուցաբերել Տիրոջ հանդեպ. այն նույն ձևով, որով կհակազդեր կույր մեկը, եթե անակնկալ կերպով վերագտներ տեսողությունը, մինչ մյուսների մտքին անգամ չի գալիս երախտագիտություն հայտնելը այն բանի համար, որ տեսնում են:
Բայց ... բավական չէ: Ամեն օր պետք է օգնես նրանց, ովքեր շուրջբոլորդ են գտնվում, որպեսզի երախտագիտությամբ վարվեն Աստծո որդիներ լինելու իրենց վիճակի համար: Այլապես, մի՛ արի ինձ ասելու, թե երախտագետ ես:
 
5. Խորհրդածի՛ր հանդա՜րտ. շա՜տ քիչ է այն, ինչ ինձնից պահանջվում է, այն շատի համեմատ, ինչ ինձ տրվում է:
 
6. Քո համար է – քո, որ չես կարողանում գործդ լավ սկսել – եղբայրներիցդ մեկի միտքը, որ գրել էր ինձ. «Ջանք ու քրտինք է պահանջվում, բայց հազիվ կայացնում ենք “որոշումը”, ինչպիսի՜ երջանիկ հառաչանք ենք արձակում, որովհետև վստահ վերագտնում ենք ճանապարհը»:
 
7. Այս օրերը, – ասում էիր ինձ, – սովորականից ավելի երջանիկ կերպով անցան: – Եվ քեզ պատասխանեցի առանց տարակուսելու. որովհետև «ապրեցիր» սովորականից մի քիչ ավելի նվիրյալ կերպով:
 
8. Տիրոջ կանչը – կոչումը – միշտ այս կերպ է ներկայանում. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մտթ 16, 24):
Այո՛. կոչումը հրաժարում է պահանջում, զոհողություն: Սակայն, որքա՜ն հաճելի է դառնում զոհողությունը, – «Gaudium cum pace», «Բերկրանք՝ խաղաղության հետ» – եթե հրաժարումն ամբողջական է:
 
9. Երբ նրան ասացին, որ հարկավոր է անձամբ հանձնառու լինել, նրա հակազդեցությունը եղավ այս կերպ տրամաբանելը. «Այդ դեպքում, կկարողանայի սա անել ... , պետք է այս մյուս բանն անեմ ... »:
– Պատասխանեցին նրան. «Այստեղ Տիրոջ հետ առևտուր չենք անում: Աստծո օրենքը, Տիրոջ կոչը կա՛մ ընդունում ենք, կա՛մ չենք ընդունում, այնպես՝ ինչպես որ է: Հարկավոր է որոշում կայացնել. առա՛ջ, առանց որևէ վերապահումի և մեծ քաջությամբ, կամ էլ՝ թողնել ու հեռանալ: «Որ ոչ ընդ իս է ... » - «Ով իմ հետ չէ, իմ դեմ է» (Մտթ 12, 30):
 
10. Վեհանձնության պակասից մինչև գաղջություն միայն մեկ քայլ է:
 
11. Ստացածս նամակներից մեկից ընդօրինակում եմ փոքրոգության այս օրինակը, որպեսզի դու չհետևես դրան. «Ձեզնից անշուշտ շատ շնորհակալ եմ, որ ինձ հիշում եք Ձեր աղոթքներում, որովհետև բազում աղոթքների կարիքն ունեմ: Բայց Ձեզնից շնորհակալ կլինեի նաև, եթե մինչ աղերսում եք Տիրոջը, որ ինձ “առաքյալ” դարձնի, շատ ջանք չգործադրեիք Նրան խնդրելու, որ պահանջի ինձնից ազատությանս ընծայումը»:
 
12. Քո այն ծանոթը, շատ խելացի, լավ քաղքենի, կիրթ մարդ, ասում էր. «Պահել օրենքը, բայց չափով, առանց չափազանցության, առավելագույն հնարավորինը»:
Եվ հավելում էր. «Մեղանչե՞լ: Ո՛չ: Բայց և ո՛չ իսկ տրվել»:
Իսկապես խղճում եմ նման ողորմելի, ամեն բան հաշվարկող մարդկանց, որոնք անընդունակ են զոհվելու, նվիրվելու մի ազնիվ գաղափարականի համար:
 
13. Քեզնից պե՛տք է ակնկալել ավելին. որովհետև կարո՛ղ ես տալ ավելին, և պե՛տք է տաս ավելին: Մտածի՛ր սրա մասին:
 
14. «Շատ դժվար է», բացականչում ես վհատված:
Լսի՛ր ինձ. եթե պայքարում ես, Աստծո շնորհը բավական է. կանջատվես անձնական շահերիցդ, ուրիշներին կծառայես հանուն Տիրոջ, և կօգնես Եկեղեցուն այն ասպարեզներում, որոնց մեջ է այսօր մղվում ճակատամարտը. փողոցում, գործարանում, արհեստանոցում, համալսարանում, գրասենյակում, քո միջավայրում, քո ազգականների ու մտերիմների շրջապատում:
 
15. Ինձ գրել էիր. «Խորքում, ինչպես միշտ, վեհանձնության շատ պակաս: Ինչպիսի՜ ցավ և ինչպիսի՜ ամոթ է բացահայտել ճանապարհը, բայց թույլ տալ, որ փոշու փոքրիկ ամպեր – անխուսափելի – մթագնեն նպատակակետը»:
Չվիրավորվես, եթե ասեմ քեզ, որ հանցանքը միմիայն քոնն է. քաջաբար դիմագրավի՛ր ինքդ քեզ: Այդ անելու համար ունես միջոցներ, որոնք առավել քան բավարար են:
 
16. Երբ էգոիզմդ քեզ հեռացնում է մարդկանց առողջ ու սուրբ բարօրության համար համընդհանուր բաղձանքից, երբ դառնում ես հաշվարկող և չես հուզվում մերձավորիդ նյութական ու բարոյական խեղճություններին ի տես, ինձ ստիպում ես ասելու երեսիդ ինչ որ մի չափազանց ուժգին խոսք, որպեսզի քեզ հակազդելու մղեմ. եթե չես զգում մարդկանց՝ քո եղբայրների հանդեպ օրհնյալ եղբայրությունը, և ապրում ես քրիստոնեական մեծ ընտանիքի հեռավոր սահմանագծերում, ուրեմն մի թշվառ ու լքված, միայնակ մնացած մանուկ ես:
 
17. Գագա՞թը: Նվիրյալ հոգու համար ամեն ինչ վերածվում է գագաթի, որին հարկավոր է հասնել. ամեն օր բացահայտում է նոր նպատակակետեր, որովհետև չի կարող և չի ուզում սահմաններ գծել Աստծո Սիրո առաջ:
 
18. Որքան ավելի վեհանձն լինես, Աստծո՛ համար, այնքան ավելի երջանիկ կլինես:
 
19. Հաճախ գալիս է փորձությունը՝ սեփական անձի համար մի քիչ ժամանակ վերապահել ցանկանալու ... :
Սովորի՛ր մեկ անգամ ընդմիշտ դարման դնելու այդքա՜ն փոքրոգությանը, ուղղվելով անհապաղ ու անմիջապես:
 
20. Դու նրանցից մեկն էիր, ովքեր առաջնորդվում էին «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով: Եվ քանի որ չէիր կարող ոչինչ ... ինչպիսի՜ ողբերգություն:
Սկսի՛ր պայքարել խոնարհությամբ, բորբոքելու համար քո այս խեղճ նվիրումդ, այսքա՜ն խնայված, մինչև որ կդառնա «ամբողջովին» ազդու և արդյունավետ:
 
21. Մենք, որ նվիրվել ենք Աստծուն, ոչինչ չենք կորցրել:
 
22. Հաճույքով կգոռայի բազմաթիվ արանց ու կանանց ականջին. զոհողություն չէ զավակներին Աստծո ծառայության նվիրելը. պատիվ է և ուրախություն:
 
23. Նրա համար հասել է դառը փորձության պահը և, անմխիթար, եկել է օգնությունդ հայցելու:
– Հիշո՞ւմ ես: Նրա համաձայն – այդ ընկերը, որ քեզ «խոհեմ» խորհուրդներ էր տալիս – քո վարվելակերպն ա՛յլ բան չէր, քան միայն ուտոպիա, գաղափարների ձևազեղծման արդյունք, կամքի ստրկացում, և ... ա՛յլ նմանատիպ «նրբություններ»:
– «Տիրոջն այս կերպ տրվելը», – ասում էր դատավճիռ կայացնելու նման, – «կրոնական զգացման անբնական չափազանցության օրինակ է»: Եվ, իր աղքատիկ տրամաբանությամբ, կարծում էր, թե քո ընտանիքի և քո միջև մի օտար մեկն է խցկվել. Քրիստոսը:
Այժմ հասկացել է այն, ինչը որ բազմաթիվ անգամներ կրկնել էիր իրեն. Քրիստոսը միմյանցից երբեք չի բաժանում հոգիներին:
 
24. Ահա՛ մի անհապաղ առաջադրանք. վերարթնացնել հավատացյալների ու անհավատների խիղճն ու գիտակցությունը, – բարի կամքի տեր մարդկանց մոբիլիզացում կատարել, – որպեսզի համագործակցեն և հայթայթեն այն նյութական միջոցները, որոնք հարկավոր են հոգիների հետ աշխատելու համար:
 
25. Շատ խանդավառություն և հասկացողություն է դրսևորում: Բայց երբ տեսնում է, որ խոսքը վերաբերվում է «իրեն», որ հենց «ինքն» է, որ պետք է լրջորեն նպաստի, այդ ժամանակ ետ է քաշվում վախկոտի նման:
Ինձ հիշեցնում է նրանց, ովքեր լուրջ վտանգի պահին գոչում էին կեղծ արիությամբ. «Պատերա՛զմ, Պատերա՛զմ», բայց չէին ցանկանում ո՛չ փող տալ, ո՛չ էլ զինվորագրվել սեփական հայրենիքի պաշտպանության համար:
 
26. Ցավալի է նկատելը, թե ոմանք ինչպե՛ս են հասկանում ողորմություն տալը. մի քանի մանրադրամ, կամ ինչ որ մի գործածված հագուստ: Թվում է, թե չեն կարդացել Ավետարանը:
Համարձա՛կ եղեք. օգնեցե՛ք մարդկանց գաղափարներ ձևավորելու այնքան հավատքով ու զորությամբ, որքան որ բավական կլինի վեհանձնությամբ անջատվելու, կյանքի ընթացքում, նաև հարկավորից:
– Համառորեն ընդդիմացողներին բացատրեցե՛ք, որ նվազ ազնվական և նվազ վայելուչ է, նաև զուտ երկրային տեսանկյունից դիտված, վախճանին սպասելը, երբ այլևս ստիպված չեն կարողանա իրենց հետ տանել ոչ մի բան:
 
27. «Ով փոխ է տալիս, ետ չի ստանում. եթե ստանում է, ո՛չ ամբողջը. եթե ամբողջը, ո՛չ այն վիճակում, որով որ տվել էր. եթե այն վիճակում, որով որ տվել էր, ուրեմն ձեռք է բերում մի ոխերիմ թշնամի»:
Ուրե՞մն: Տո՛ւր, առանց հաշվարկների, և միշտ՝ հանուն Աստծո: Այսպես վարվելով՝ կապրես, նաև զուտ մարդկային տեսանկյունից դիտված, մարդկանց ավելի մոտիկ, և կնպաստես այն գործին, որ ավելի քիչ անշնորհակալներ լինեն շրջապատում:
 
28. Տեսա, թե ինչպես էր կարմրում այդ պարզասիրտ մարդու դեմքը, գրեթե արցունքներով աչքերին. վեհանձնորեն նպաստում էր բարեգործություններին, ազնիվ աշխատանքով վաստակած իր դրամով, և հանկարծ իմացել էր, որ «բարիները» երկերեսանիություն էին որակել իր գործողությունները:
Աստծո այս պատերազմներում սկսնակի իր միամտությամբ տրտնջում էր. «Տեսնում են, թե ինչպե՛ս եմ զոհվում ... և դեռ պիտակներ են վրաս փակցնում»:
– Հանդարտորեն խոսեցի իր հետ. ... համբուրեց Խաչելությունը, որ մոտս ունեի, և իր բնական զայրույթը փոխակերպվեց խաղաղության ու բերկրանքի:
 
29. Մի խենթ ու անզուսպ ցանկություն չե՞ս զգում ավելի ամբողջական, ավելի «անդարմանելի» դարձնելու նվիրումդ:
 
30. Որքա՜ն ծիծաղելի է մեր՝ թշվառ մարդկանցս դիրքորոշումը, երբ մեկը մյուսի ետևից չնչին բաներ ենք մերժում Տիրոջը: Ժամանակն անցնում է, այդ բաները սկսում ենք տեսնել իրենց իրական չափի ու կշռի մեջ, ... և ծնվում են ամոթն ու ափսոսանքի ցավը:
 
31. «Լսելով լուիջիք եւ մի՛ իմասջիք, եւ տեսանելով տեսջիք եւ մի՛ գիտասջիք» (Ես 6, 9): Սուրբ Հոգու հստակ խոսքերն են. «Լսում են իրենց ականջներով և չեն հասկանում, նայում են իրենց աչքերով և չեն տեսնում»:
Ինչո՞ւ պիտի մտահոգվես, եթե ինչ որ մեկը, «տեսնելով» հանդերձ առաքելությունը և ճանաչելով հանդերձ դրա մեծությունը, ինքն անձամբ հանձնառու չի լինում: Աղոթի՛ր հանդարտ սրտով, և հարատևի՛ր քո ընթացքի մեջ. եթե սրանք չեն նետվում, կգան ուրիշները:
 
32. Այն օրվանից, ինչ Նրան ասացիր «այո՛»», ժամանակը փոխում է գույները հորիզոնի վրա, – ամեն օր ավելի գեղեցիկ, – որ պայծառորեն փայլում է ավելի ընդարձակ ու ավելի լուսավոր կերպով: Բայց պետք է շարունակես ասել «այո՛»:
 
33. Սուրբ Կույս Մարիամը, անսահման նվիրման հմուտ Ուսուցչուհին: – Հիշո՞ւմ ես: Նրան ուղղված մի գովասանքով, Հիսուս Քրիստոսը հաստատում է. «Ով կատարում է իմ Հոր կամքը, նա է – Նա՛ – իմ մայրը» (Մտթ 12, 50): Խնդրի՛ր այս բարի Մորից, որ հոգուդ ներսում ուժ հավաքի – սիրո ու ազատագրության ուժ – օրինակելի վեհանձնության իր պատասխանը. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն» - «Ահա՛ ես, Տիրոջ աղախինն եմ» (Ղկս 1, 38):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։