Դարձյալ Ներանձնական Կյանք – Գրադարան – Mashtoz.org

Դարձյալ Ներանձնական Կյանք

301. Մի գաղտնիք: – Բարձրաձայն ասվելիք մի գաղտնիք. համաշխարհային այս ճգնաժամերը արդյունքն են Սրբերի պակասի:
Աստված մարդկային գործունեության որևէ բնագավառում մի բուռ «իր մարդկանցից» է կամենում ունենալ: – Ապա ... Քրիստոսի խաղաղությունը Քրիստոսի արքայությունում:
 
302. Քո Խաչելությունը: – Այո՛, որպես քրիստոնյա պետք է որ միշտ քո հետ կրես քո Խաչելությունը: Եվ այն դնես աշխատանքի սեղանիդ վրա: Եվ այն համբուրես քնելուց առաջ և հազիվ արթնացած: Եվ երբ խեղճ մարմինդ ըմբոստանում է հոգուդ դեմ, համբուրիր այն նաև այդ ժամանակ:
 
303. Պետք է փարատես Տիրոջն Իր անունով – Հիսո՜ւս – կոչելու վախդ, և պետք է ասես Իրեն, որ Իրեն սիրում ես:
 
304. Ջանա՛ ամեն օր մի քանի րոպե հատկացնել այն օրհնյալ առանձնությանը, որն այնքա՜ն հարկավոր է ներանձնական կյանքը կենսալի պահելու համար:
 
305. Նամակումդ գրել էիր. «Պարզությունը կատարելության աղն է: Եվ հենց դա է, որ ինձ պակասում է: Կամենում եմ այն ձեռքբերել Իր և Ձեր օգնությամբ»:
Քեզ չի պակասի ո՛չ Իր, ո՛չ էլ իմ օգնությունը: – Դու գործի դիր այդ նպատակին հասնելու միջոցները:
 
306. Այն, որ մարդու կյանքը երկրի վրա դա մի զինվորական ծառայություն է, ասել է Հոբը բազում դարեր առաջ:
Բայց կան դեռ պարապորդ ծույլեր, որ դա չեն հասկացել:
 
307. Գործելու այդ գերբնական կերպը մի իրական զինվորական մարտավարություն է: Պատերազմը – ներանձնական կյանքիդ ամենօրյա պայքարները – մղում ես ամրոցիդ հիմնական պարիսպներից հեռավոր դիրքերի վրա:
Եվ թշնամին հենց այդտեղ է, որ կենտրոնացնում է իր հարձակումները. զգայարաններիդ սանձման փոքրիկ գործերի դեմ, ամենօրյա աղոթքներիդ, կանոնավոր աշխատանքիդ, կյանքիդ օրակարգի ու ծրագրի դեմ. և դժվար թե նրան կհաջողվի մոտենալ ամրոցիդ աշտարակներին, որոնք հարձակմանը չէին դիմանա: – Իսկ եթե կարողանա էլ, կհասնի տկար և ուժասպառ:
 
308. Նամակումդ գրել էիր և քո խոսքերն եմ արտագրում այստեղ. «Իմ ուրախությունն ու իմ խաղաղությունը: Երբեք չեմ կարողանա իրական ուրախություն ունենալ առանց խաղաղության: Բայց ի՞նչ է խաղաղությունը: Մի բան է, որ սերտորեն կապակցված է պատերազմի գաղափարին: Խաղաղությունը հաղթանակի արդյունքն է: Խաղաղությունն ինձնից շարունակական պայքար է պահանջում: Առանց պայքարի չեմ կարող խաղաղություն ունենալ»:
 
309. Տե՛ս, թե որքա՜ն ողորմած է Աստծո արդարությունը: – Մարդկային դատողությունը պատժում է նրան, ով խոստովանում է իր հանցանքը. աստվածային դատաստանը այդպիսի մեկին ներում է:
Թող օրհնյա՜լ լինի Ապաշխարության Սուրբ Խորհուրդը:
 
310. «Զգեցարուք զՏէր Յիսուս Քրիստոս». «Զգեստավորվեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսով», ասում էր Պողոս Առաքյալը հռոմեացիներին (Հռմ 13, 14): – Ապաշխարության Խորհրդով է, որ դու և ես զգեստավորվում ենք Հիսուս Քրիստոսով և Նրա արժանիքներով:
 
311. Պատերազմը: – «Ներանձնական կյանքի պատերազմը», ասում էիր ինձ, «մի գերբնական նպատակ ունի, որն աշխարհին անծանոթ է. պատերազմը մեր համար եղել է ... »:
Պատերազմը հեշտ ընթացքի ամենամեծ արգելքն է: Բայց, ի վերջո, պետք է սիրենք այն, ինչպես կրոնավորը պետք է սիրի իր ձաղկանքները:
 
312. Անվանդ զորությունը, ո՜վ Տեր: – Նամակն իմ սովորական բանաձևով սկսեցի. «Հիսուսը թող պաշտպանի քեզ»:
Եվ ինձ գրում են. «Ձեր նամակի այդ “Հիսուսը թող պաշտպանի քեզ” մաղթանքն արդեն օգնեց ինձ մի մեծ փորձանքից ազատվելու: Թող Նա պաշտպանի ձեզ բոլորիդ ևս»:
 
313. «Քանի որ Աստված ինձ օգնում է Իր սովորական վեհանձնությամբ», ասացիր ինձ, «ջանալու եմ համապատասխանել վարքիս առավել կատարելագործմամբ»: Եվ ես ավելացնելիք ոչինչ չունեցա:
 
314. Նամակիս մեջ քեզ ասում էի. «Քեզ եմ վստահում այդ գործը: Դու ինքդ որոշիր, թե ի՛նչ կարող ենք անել ... »: – Ի՞նչ կարող էինք անել, քան միայն՝ Նրան ապավինել:
 
315. Քարոզիչ առաքյա՜լ: – Երազում ես քարոզիչ առաքյալ լինել: Ֆրանցիսկոս Քսավերյանի հոգու թրթռացումներն ես զգում: Եվ ուզում ես մի կայսրություն նվաճել Քրիստոսի համար: Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ... Հյուսիսային Եվրոպայի սառը ժողովուրդները, կամ էլ՝ Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան ... :
Սրտումդ արծարծիր այդ հրդեհը, հոգիների այդ ծարավը: Բայց մի՛ մոռացիր, որ առավել առաքյալ կլինես «հնազանդվելով»: Այդ առաքելավայրերից աշխարհագրականորեն հեռու մնալով, աշխատում ես «այստեղ» և «այնտեղ». բազուկդ հոգնած չե՞ս զգում – Քսավերյանի նման – այդքա՜ն բազմաթիվ մարդկանց Մկրտությունը մատակարարելուց:
 
316. Ինձ ասում ես, թե այո՛, սիրում ես: – Լա՛վ, բայց արդյոք սիրո՞ւմ ես այնպես, ինչպես ագահն է սիրում իր ոսկին, ինչպես մայրն է սիրում իր որդուն, ինչպես փառամոլն է սիրում պատիվները կամ ինչպես թշվառ ցանկասերն է սիրում իր հաճույքները:
Ո՞չ: Ուրեմն չես սիրում:
 
317. Ինչպիսի՜ տագնապներով և որքա՜ն մտատանջություններով են մարդիկ հետապնդում իրենց երկրավոր գործերը: Փառքի երազանքներ, հարստությունների տենչ, ցանկասիրությանը կապված մտահոգություններ: – Տղամարդիկ և կանայք, հարուստներ և աղքատներ, ծերեր և հասուն հասակի անձեր, երիտասարդներ և մինչև իսկ երեխաներ. բոլորն էլ հավասարապես:
Եթե դու և ես միևնույն կերպ մտահոգվենք մեր հոգու գործերով, կենդանի և գործուն հավատք կունենանք. և անհաղթահարելի արգելքներ չեն լինի մեր առաքելական ձեռնարկների ճանապարհին:
 
318. Քեզ, որ մարզիկ ես, գործելու ինչպիսի՜ լավ դրդապատճառ է առաջարկում Առաքյալը. «Ո՞չ գիտէք, եթէ որ յասպարիզին ընթանան, ընթանալ ամենեքին ընթանան, բայց մի ոք առնու զյաղթութեանն. այնպէս ընթացարուք, զի հասանիցէք». Չե՞ք իմանում, որ մարզադաշտում թեև բոլորն էլ վազում են, բայց միայն մեկն է մրցանակը շահում: Այնպես վազեցեք, որ հասնեք այն շահելու (1Կր 9, 24):
 
319. Ամփոփվիր մտքով: – Քո մեջ փնտրիր Աստծուն և լսիր Նրա խոսքը:
 
320. Արծարծիր այն ազնիվ մտածումները, այն նորածին սուրբ փափագները ... : – Մի կայծն անգամ կարող է մի մեծ հրդեհ հարուցել:
 
321. Առաքելանվեր հոգի. Հիսուսի այդ մտերմությունը քո հետ – դու այդքա՜ն մոտիկ Իրեն, ահա արդեն բազմաթիվ տարիներ ի վեր – քեզ ոչինչ չի՞ ասում:
 
322. Ճիշտ է, ես միշտ Բեթանիա եմ անվանում մեր Տապանակը ... : – Ընկեր եղիր Վարդապետի ընկերներին. Ղազարոսին, Մարթային, Մարիամին: – Եվ հայնժամ այլևս չես հարցնի ինձ, թե ինչո՞ւ եմ մեր Տապանակը Բեթանիա անվանում:
 
323. Գիտես, որ գոյություն ունեն «ավետարանական խրատներ»: Դրանց հետևելը Սիրո նրբություններից է: – Ասում են, թե դա քչերի ճանապարհն է: – Երբեմն մտածում եմ, որ կարող էր շատերի ճանապարհը լինել:
 
324. «Այս այր սկսաւ շինել՝և ոչ կարաց կատարել». Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել (Ղկս 14, 30):
Տխո՜ւր խոսք է, որը եթե կամենաս, քո մասին չի ասվի երբեք, քանի որ սրբությանդ շենքն ավարտելու բոլոր միջոցներն ունես. Աստծո շնորհը և քո կամքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։