Ուրիշ Առաքինություններ – Գրադարան – Mashtoz.org

Ուրիշ Առաքինություններ

667. Հավատքի, Հույսի և Սիրո աղոթքները այն փականներն են, որոնցից ժայթքում է Աստծո կյանքն ապրող հոգիների կրակը:
 
668. Ամեն բան անշահախնդրորեն արա, զուտ Սիրո համար, ասես գոյություն չունեն ո՛չ վարձատրությունը և ո՛չ էլ պատիժը: – Բայց սրտումդ բորբոքիր Երկնքի փառավոր հույսը:
 
669. Ճիշտը դա է, որ դու Աստծուն ծառայես որդիական դիրքորոշմամբ, վեհանձնաբար, առանց վճարի ակնկալության ... : – Բայց մի՛ մտահոգվիր, եթե երբեմն էլ մրցանակի մասին մտածես:
 
670. Հիսուսն ասում է. «Եվ ամենայն ոք, որ իմ անվան համար թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ զավակներ, կամ ագարակներ, հարյուրապատիկն է ստանալու և ժառանգելու է հավիտենական կյանքը» (Մտթ 19, 29):
Երկրի վրա կարո՞ղ ես գտնել մեկին, որ քեզ այսքա՜ն վեհանձնորեն վարձատրի:
 
671. Հիսուսը ... լռում էր: – «Եւ Յիսուս լուռ կայր» (Մտթ 26, 63): – Դու ինչո՞ւ ես խոսում: Մխիթարությո՞ւն, թե՞ արդարացում գտնելու համար:
Լռի՛ր: – Ուրախությունդ քեզ ուղղված արհամարհանքի մեջ փնտրիր. միևնույնն է, որքան էլ քեզ արհամարհեն, դա ավելի քիչ է, քան որքանի արժանի ես:
Մի՞թե դու կարող ես հարցնել. «Զի՞նչ չար արար» (Մտթ 27, 23). – Ի՞նչ չարիք եմ գործել:
 
672. Վստահ եղիր, որ դու Աստծո մարդն ես, եթե ուրախությամբ ու լռությամբ ես կրում անարդարությունը:
 
673. Գեղեցիկ էր պատասխանը, որն այն պատվելի մարդը տվեց կրած անարդարության դեմ գանգատվող երիտասարդին. «Քեզ դա տաղտկալի՞ է», ասում էր: «Ուրեմն հրաժարվիր բարի լինելուց ... »:
 
674. Քո կարծիքը երբեք մի՛ հայտնիր, եթե այն քեզնից չեն հարցնում, նույնիսկ երբ գտնում ես, որ քո կարծիքն ամենաճիշտն է:
 
675. Ճիշտ է, որ մեղավոր է: – Սակայն, նրա վերաբերյալ այդ վերջնական դատաստանը մի՛ կազմիր: – Գթառատ եղիր և մի՛ մոռացիր, որ նա դեռ կարող է մի Օգոստինոս դառնալ, մինչ դու մնում ես որպես սոսկ միջակ:
 
676. Այս աշխարհի բոլոր իրողությունները լոկ հող են: – Դրանք ոտքերիդ տակ դիր հողակույտի նման և կտեսնես, որ ավելի մոտիկ ես երկնքին:
 
677. Ոսկի, արծաթ, գոհարեղեններ, ... հող, թրիքի կույտ: – Վայելքներ, զգայական հաճույքներ, ախորժակների հագեցում, ... անասունի, ջորու, խոզի, աքլորի, ցլի նման: – Պատիվներ, մեծարանքներ, տիտղոսներ, ... օդի պղպջակներ, հպարտության փքվածություններ, կեղծիքներ, ոչնչություն:
 
678. Սիրույդ արմատն այս աշխարհի վրա մի՛ հաստատիր: – Դրանից եսամոլ սերեր միայն կծնվեն ... : Իսկ նրանք, ում սիրում ես այդպես, քեզնից վախով ու նողկանքով հեռանալու են սակավ ժամեր անց, երբ Աստված քեզ կանչելու է Իր ներկայության: – Ա՛յլ բնույթ ունեն տևական սերերը:
 
679. Որկրամոլությունը գեշ ախտ է: – Ծիծաղդ մի քիչ չի՞ շարժում և մի քիչ էլ զզվանք չի՞ պատճառում տեսնելն այն լուրջ ու ծանրախոհ պարոններին, որոնք սեղանի շուրջ նստած, հանդիսավոր կեցվածքով, ճարպերով են լցնում իրենց կերակրափողը, կարծես թե դա մի «նպատակ» է:
 
680. Սեղանի շուրջ մի՛ խոսիր կերակուրների մասին. դա քեզ անվայել կոպտություն է: – Վերին իրողությունների մասին խոսիր, – հոգու կամ մտքի – , և այդպիսով կազնվացնես այդ պարտականությունը:
 
681. Երբ սեղանից վեր ես կենում առանց գեթ մի փոքրիկ զոհողություն արած լինելու, նշանակում է, որ հեթանոսի նման ես կերել:
 
682. Սովորաբար ուտում ես ավելի, քան որքան հարկավոր է: – Եվ այդ կշտացածությունը, որ հաճախ պատճառ է հանդիսանում ֆիզիկական ծանրության զգացողության ու անհանգստության, քեզ անկարող է դարձնում ըմբոշխնելու գերբնական բարիքների համը և թմրեցնում ու ընդարմացնում է միտքդ:
Որքա՜ն գեղեցիկ առաքինություն է չափավորությունը, ժուժկալությունը, նաև երկրավոր իրողություններում:
 
683. Ո՜վ դու՝ համոզումով ու նվիրումով ապրող քրիստոնյա, – ասում ես, թե այդպիսին ես – , տեսնում եմ, թե ինչպես ես սրբապատկերներ համբուրում, աղոթք ծամծմում, նախատում բոլոր նրանց, ովքեր խոսում կամ գործում են Եկեղեցու դեմ, ... և մինչև իսկ Սուրբ Խորհուրդներին ես մերձենում:
Բայց չեմ տեսնում, որ մի զոհողություն անես, կամ որոշ ... աշխարհիկ խոսակցություններից խուսափես (արդարացիորեն կարող էի դրանք ուրիշ անունով որակել), կամ էլ վեհանձն լինես ստորադասների հանդեպ ... , կամ Քրիստոսի Եկեղեցու հանդեպ: Չեմ տեսնում, որ հանդուրժես ու կրես եղբորդ տկարությունը, կամ հպարտությունդ խոնարհեցնես հասարակաց բարիքին ի շահ, կամ եսապաշտությանդ պինդ կեղևից ձերբազատվես, կամ ... դեռ շա՜տ ու շա՜տ բաներ:
Տեսնում եմ ... : – Չեմ տեսնում ... : – Իսկ դու ... դեռ ասում ես, թե ազնվաբարո քրիստոնյա՞ ես: – Քրիստոսի մասին այդ ի՜նչ խեղճ գաղափար ես կազմել:
 
684. Տաղանդդ, համակրանքդ, հատկություններդ ... կորչում են: Ոմանք թույլ չեն տալիս, որ դրանք գործի դրվեն ու պտղաբերեն:
Լավ խորհրդածիր մի հոգևոր հեղինակի հետևյալ խոսքերի շուրջ. «Չի կորչում խունկը, որ մատուցվում է Աստծուն: – Տերն ավելի փառավորվում է ձիրքերիդ զոհաբերմամբ, քան թե դրանց ունայն գործածությամբ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։