Գոռոզություն – Գրադարան – Mashtoz.org

Գոռոզություն

696. Արմատախիլ անել եսասիրությունը և տեղը դնել Հիսուս Քրիստոսի սերը. սրանում է կայանում արդյունավետության և երջանկության գաղտնիքը:
 
697. Թեև պնդում ես, թե հետևում ես Նրան, այս կամ այն կերպ միշտ հավակնում ես, որ «դո՛ւ» լինես գործողը, «քո՛» ծրագրերի համաձայն, և միայն «քո՛» ուժերով: – Բայց Տերն ասել է. «Առանց իմ ոչ ինչ ... » (Հվհ 15, 5) – Առանց Ինձ, ոչինչ չես կարող անել:
 
698. Չընդունեցին այն, ինչը դու անվանում ես քո «իրավունքը», որը ես քո համար թարգմանեցի որպես «գոռոզության իրավունք» ... : Խեղճ փոքրիկ խեղկատակ: ... – Քանի որ չէիր կարող պաշտպանվել, – հարձակվողը շատ ուժեղ էր, – այնպիսի ցավ զգացիր, կարծես միանգամից հարյուր ապտակ ստացած լինեիր: – Եվ, չնայած ամեն ինչի, չես սովորում խոնարհվել:
Հիմա խիղճդ է, որ հանդիմանում է քեզ. անվանում է քեզ գոռոզ ... ու վախկոտ: – Շնորհակալություն հայտնիր Աստծուն, որովհետև սկսում ես նշմարել քո «խոնարհության պարտականությունը»:
 
699. Բերնեբերան լի ես քեզնով, քեզնով, քեզնով ... : – Եվ արդյունավետ չես լինի, քանի դեռ բերնեբերան չես լցվել Իրենով, Իրենով, Իրենով, գործելով «յԱնուն Տեառն» – Աստծո անվամբ և ուժով:
 
700. Ինչպե՞ս ես հավակնում հետևել Քրիստոսին, եթե պտտվում ես միայն ինքդ քո շուրջը:
 
701. Մասնագիտական ոլորտում տեսանելի լինելու անհամբեր ու անկանոն մտահոգության դիմակի տակ կարող է եսասիրությունը թաքնվել, «հոգիներին ծառայելու» պատմուճանով քողարկված: Կեղծիքով – մի վանկ անգամ չեմ զեղչում – կառուցում ենք արդարացումներ, թե չպետք է ձեռքից բաց թողնվեին որոշ առիթներ, որոշ նպաստավոր պարագաներ ... :
Աչքերդ Հիսուսին ուղղիր. Նա «Ճանապարհն» է: Նրա ծածուկ կյանքի տարիներին էլ, անկասկած, ներկայացել են առիթներ ու «շատ նպաստավոր» պարագաներ՝ Իր հրապարակային կյանքի սկիզբը կանխելու համար: Տասներկու տարեկան հասակում, օրինակի համար, երբ օրենքի վարդապետները զարմանում ու հիանում էին Նրա հարցերով ու պատասխաններով ... : Բայց Հիսուսը կատարում է Իր Հոր կամքը, սպասում է. հնազանդվո՛ւմ է:
– Առանց կորցնելու քո այս սուրբ ձգտումը՝ ամբողջ աշխարհը տանելու առ Աստված, երբ քեզ փորձության են ենթարկում այդ նախաձեռնությունները – թերևս դասալքության ջղագրգիռ տենչերը – , հիշիր, որ դու նույնպես պարտավոր ես հնազանդվել և այս խոնարհ, նվազ փայլուն աշխատանքով զբաղվել, մինչև որ Տերը կխնդրի քեզնից ուրիշ ինչ որ մի բան. Նա Իր ժամանակներն ունի և Իր ճանապարհները:
 
702. Իրենց հիմար ու գոռոզ լինելն են ցույց տալիս բոլոր նրանք, ովքեր ինչ որ բանով առավելություն ունեցող իրենց դիրքը – փողի, ընտանիքի, աստիճանի, պաշտոնի, խելքի ... ընձեռած առավելությունները – չարաշահում են՝ ստորացնելու համար նվազ բախտավորներին:
 
703. Գոռոզությունը, վաղ թե ուշ, ուրիշների առաջ ստորացնում է իրեն «ավելի մարդ» համարող մարդուն, որը գործում է ունայնամիտ ու անուղեղ խամաճիկի նման, որի թելերն ինքը՝ սատանան է խաղացնում:
 
704. Հավակնոտությամբ կամ պարզ ունայնամտությամբ, շատերը մի տեսակ «սև շուկա» են զարգացնում, իրենց անձնական արժեքները արհեստականորեն բարձր պահելու համար:
 
705. Պաշտոններ ... : Վե՞ր, կամ վա՞ր: – Ի՞նչ կարևորություն ունի քո համար: ... Դու – ինքդ ես այսպես վստահեցնում – եկել ես օգտակար լինելու համար, ծառայելու համար, ամբողջական տրամադրվածությամբ. ուրեմն, վարվիր որոշմանդ համապատասխան կերպով:
 
706. Խոսում ես, քննադատում ... : Այնպիսի տպավորություն է, որ առանց քեզ ոչ մի գործ լավ չի կատարվում:
– Մի՛ նեղացիր, եթե քեզ ասեմ, որ վարվում ես ամբարտավան ու ինքնահավան բռնակալի նման:
 
707. Եթե ազնվորեն, եղբայրական սիրով, լավ ընկերներիցդ մեկը, ձեր միջև առանձնազրույցի ընթացքում, քեզ ցույց է տալիս այն կետերը, որոնք մթագնում են քո վարքը, մեջդ համոզմունք է ծնվում, թե սխալվում է. քեզ չի հասկանում: Այս կեղծ համոզմունքով, որ գոռոզությանդ դուստրն է, միշտ անուղղելի կմնաս:
– Ցավում եմ. քեզ պակասում է սրբությունը փնտրելու որոշումը:
 
708. Չարամիտ, կասկածամիտ, բարդ, չվստահող, չափազանց զգուշավոր ... . սրանք բոլորը ածականներ են, որոնց արժանի ես, թեև քեզ նեղացնում են:
– Ուղղվի՛ր: Ինչպե՞ս կարող է պատահել, որ ուրիշները միշտ վատը լինեն, ... իսկ դու՝ լավը:
 
709. Քեզ միայնակ ես զգում ... , դժգոհում ես ... , ամեն ինչ խանգարում է քեզ: – Որովհետև քո էգոիզմը քեզ կղզիացնում է քո եղբայրներից և որովհետև չես մոտենում Աստծուն:
 
710. Միշտ հավակնում ես, որ ամենքը քո հանդեպ հետաքրքրություն դրսևորեն: ... Բայց, հատկապես, որ քո հանդեպ հետաքրքրություն դրսևորեն ավելի, քան ուրիշների հանդեպ:
 
711. Ինչո՞ւ ես երևակայում, թե այն ամենը, որ քեզ ասում են, միշտ ինչ որ մի երկրորդ դիտավորություն է թաքցնում: ... Քո դյուրագրգիռ բնավորությամբ շարունակաբար սահմանափակում ես շնորհի ազդեցությունը, որը քեզ հասնում է – մի՛ կասկածիր սրան – նրանց խոսքի միջոցով, ովքեր պայքարում են՝ իրենց գործերը Քրիստոսի գաղափարականին համապատասխանեցնելու համար:
 
712. Քանի դեռ պահպանում ես համոզվածությունը, թե մյուսները պետք է միշտ ապրեն քո ծիրի մեջ, քանի դեռ չես որոշում ծառայել – թաքնվել և անհետանալ – , քույրերիդ ու եղբայրներիդ, աշխատակիցներիդ, ընկերներիդ հետ հարաբերությունդ շարունակական աղբյուր է լինելու տհաճությունների, վատ տրամադրության ... . հպարտության ու գոռոզության:
 
713. Գարշի՛ր մեծախոս սնապարծությունից: – Մերժի՛ր ունայնամիտ փառասիրությունը: – Պայքարի՛ր հպարտ գոռոզության դեմ, ամեն օր, ամեն վայրկյան:
 
714. Գոռոզները, – խեղճե՜րը, – տառապում են հազարավոր փոքրիկ ապուշությունների պատճառով, որոնք իրենց եսասիրությունը մեծացնում, դարձնում է վիթխարի, մինչ ուրիշները դրանք չեն նկատում անգամ:
 
715. Կարծում ես, թե ուրիշները երբեք չեն եղե՞լ քսան տարեկան: Կարծում ես, թե իրենց երբեք ինչ որ մի բան չի արգելվե՞լ, քանի որ անչափահաս են: Կարծում ես, թե չեն ճանաչե՞լ խնդիրները – փոքրիկ, կամ ո՛չ այնքան փոքրիկ – , որոնց հիմա դու հանդիպում ես ... : Ո՛չ: Իրենք էլ են անցել միևնույն պարագաների միջով, որոնց միջով դու հիմա անցնում ես, և հասունացել են – շնորհի օգնությամբ – , ոտնակոխ անելով իրենց եսը վեհանձն հարատևությամբ, զիջելով, երբ կարելի էր զիջել, և պահպանելով իրենց ազնիվ, պարկեշտ, առանց ինքնահավանության և առանց վիրավորելու – հանդարտ խոնարհությամբ – , երբ զիջել կարելի չէր:
 
716. Գաղափարապես շա՜տ կաթողիկե ես: Համալսարանական Հանրակացարանի միջավայրը հաճելի է քեզ ... : Ափսո՜ս, որ Պատարագը կեսօրին չէ, իսկ դասերը՝ օրվա երկրորդ կեսին, որպեսզի կարողանայիր ընթրիքից հետո սովորել, մեկ կամ երկու բաժակ կոնյակ ըմպելով: – Քո այս «կաթողիկեությունը» չի համապատասխանում իրականին, մնում է մի պարզ քաղքենիություն:
– Չես հասկանո՞ւմ, որ հնարավոր չէ այս կերպ մտածել քո տարիքում: Դուրս արի բազկաթոռասիրությունիցդ, եսապաշտությունիցդ ... , և հարմարվիր մյուսների կարիքներին, քեզ շրջապատող իրականությանը, և լրջորեն կապրես կաթողիկեությունը:
 
717. «Այս Սուրբը», ասում էր նա, ով այդ Սրբի արձանն էր նվիրել ծիսական մեծարանքի համար, « ... ինձ պարտական է այն ամենն, ինչ է»:
Մի՛ մտածիր, թե ծաղրանկարի մասին է խոսքը. դու նույնպես համարում ես – առնվազն սա է եզրակացվում քո վարմունքից – , թե քո մոտ ամեն ինչ կարգին է Աստծո հետ, որովհետև սրբապատկերով մեդալ ես կրում կամ ինչ որ մի բարեպաշտական աղոթք ես ասում, առավել կամ նվազ սովորություն դարձրած:
 
718. Որպեսզի տեսնեն իմ բարի գործերը: ... – Բայց չես նկատո՞ւմ, որ թվում է, թե դրանք կրում ես հնացած ու անպիտան առարկաների զամբյուղի մեջ, որպեսզի հիանան քո ձիրքերով ու հատկություններով:
Ինչպես նաև, մի՛ մոռացիր Հիսուսի պատվիրանի երկրորդ մասը. «Եվ փառավորեն ձեր Հորը, որ Երկնքում է» (Մտթ 5, 16):
 
719. «Ինքս ինձ, հիացմունքով, որին արժանի եմ»: – Այսպես էր նա գրել գրքի առաջին էջի վրա: Եվ նույնը կարող էին գրել ուրիշ բազմաթիվ ողորմելի թշվառներ իրենց կյանքի վերջին էջին:
Ինչպիսի՜ վիշտ կլիներ, եթե դու և ես ապրեինք ու վերջանայինք այս կերպ: – Խղճի լուրջ քննություն անենք:
 
720. Երբեք ինքնաբավության դիրքորոշում մի՛ որդեգրիր Եկեղեցուն վերաբերվող հարցերի դիմաց, ո՛չ էլ մարդկանց՝ քո քույրերի ու եղբայրների դիմաց ... : Մինչդեռ, ընդհակառակը, այդ դիրքորոշումը կարող է անհրաժեշտ լինել հասարակական գործերում, երբ խոսքը վերաբերվում է Աստծո և հոգիների շահերը պաշտպանելուն, որովհետև խոսքն այլևս ինքնաբավության մասին չէ, այլ՝ հավատքի ու ամուր զորության, որը պետք է ապրենք հանդարտ ու խոնարհ ապահովությամբ:
 
721. Անքաղաքավարի, մանկամտական ու անմիտ բան է ինչ որ մեկին հաճոյախոսելը կամ նրա ձիրքերը գովելը իր ներկայությամբ:
– Այդպիսով արծարծվում է ունայն գոռոզությունը, և մարդը ենթարկվում է Աստծո փառքը «գողանալու» վտանգին, Ում ենք պարտական ամեն բարի բան:
 
722. Այնպես արա՛, որ քո բարի դիտավորությանը միշտ ընկերակցի խոնարհությունը: Որովհետև, հաճախ, բարի դիտավորություններին միանում են անսրտությունը դատելու մեջ, մի գրեթե անկարողություն՝ զիջելու, և մի որոշակի անձնական, ազգային կամ խմբակային հպարտություն:
 
723. Մի՛ վհատվիր, երբ պարզորոշ տեսնում ես քո սխալները. հակազդի՛ր:
– Ամլությունը ո՛չ այնքան թերացումների հետևանքն է, – հատկապես եթե զղջում ենք, – որքան հպարտ գոռոզության:
 
724. Եթե ընկել ես, կրկին ոտքի կանգնիր առավե՛լ հույսով ... : Միայն կույր ինքնասիրությունը չի հասկանում, որ սխալը, երբ այն ուղղվում է, օգնում է ճանաչել սեփական անձը և խոնարհվել:
 
725. «Ոչնչի պիտանի չենք»: – Հոռետեսական և կեղծ հաստատում: – Եթե մարդը կամենում է, Աստծո շնորհի օգնությամբ – առաջնահերթ և հիմնական նախադրյալ է սա – կարող է հասնել օգտակար լինելու, որպես վավերական գործիք և միջոց, բազմաթիվ նախաձեռնություններում:
 
726. Ինձ մտորելու առիթ տվեց Աստծո այն մարդու կոշտ, բայց ճշգրիտ խոսքը, երբ նա ցանկացավ բնորոշել մի մարդու մեծամտությունը. «Հագնվում է սատանայի միևնույն կաշվով. գոռոզ հպարտությամբ»:
Եվ, որպես հակադիր պատկեր, հոգուս մեջ ցանկությունն արթնացավ զգեստավորվելու Հիսուսի կողմից քարոզված առաքինությամբ. «Հեզ եմ եւ խոնարհ սրտիւ» - «Հեզ եմ և սրտով խոնարհ» (Մտթ 11, 29). առաքինություն, որն Ամենասուրբ Երրորդության հայացքը հրավիրեց Իր Մոր և մեր Մոր վրա (Ղկս 1, 48). խոնարհությունը՝ մեր ոչնչությունը գիտակցելը և զգալը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։