Ապաշխարություն – Գրադարան – Mashtoz.org

Ապաշխարություն

978. Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կամենում է դա. հարկավոր է հետևել Իրեն ավելի մոտիկից: Ա՛յլ ճանապարհ չկա: Սա Սուրբ Հոգու գործն է յուրաքանչյուր հոգու մեջ, – նաև քո՛ հոգու – . հլու եղիր, խոչընդոտներ մի՛ բարձրացրու Աստծո դեմ, մինչև որ չդարձնի քո խեղճ մարմինը մի Խաչելություն:
 
979. Եթե սեր բառը շատ անգամներ է դուրս գալիս ինչ որ մեկի բերանից, առանց գեթ փոքրիկ զոհողությունների կողմից հիմնավորվելու, վերջիվերջո հոգնեցնում է:
 
980. Բոլոր տեսանկյուններից դիտված՝ անկարգ ցանկությունների զսպումը արտակարգ կարևորություն ունի:
– Մարդկային պատճառների հիմնավորմամբ. որովհետև ով ընդունակ չէ տիրապետելու ինքն իրեն, երբեք ընդունակ չի լինի դրական ազդեցություն ունենալու ուրիշների վրա, և շրջակա միջավայրը կհաղթի նրան, հազիվ թե կշոյի ու կփաղաքշի նրա անձնական ճաշակները. կդառնա անջիղ ու անողնաշար մարդ, անընդունակ՝ մեծ ջանք ու ճիգ գործադրելու, երբ դրա կարիքը կունենա:
– Աստվածային պատճառների հիմնավորմամբ. քեզ արդարացի չի թվո՞ւմ, որ այս փոքրիկ արարքներով փաստում ենք մեր սերն ու մեր հարումը Նրան, Ով ամեն բան տվել է մեր համար:
 
981. Ինքնասանձման հոգին, Սիրո դրսևորում լինելուց ավելի, բխում է որպես դրա հետևանքներից մեկը: Եթե պարտվում ես այս փոքրիկ փորձություններում, – ընդունիր սա, – նվազում է Սիրո նկատմամբ քո սերը:
 
982. Չես նկատե՞լ, որ անկարգ ցանկությունները սանձած հոգիները, իրենց պարզության պատճառով, մինչև իսկ այս աշխարհում ավելի են վայելում լավ ու բարի իրողությունները:
 
983. Առանց ինքնատիրապետման՝ չկա երջանկություն այս աշխարհում:
 
984. Երբ կորոշես սանձել անկարգ ցանկություններդ, կբարելավվի հոգևոր ներքին կյանքդ և շա՜տ ավելի բեղուն կլինես:
 
985. Չպետք է մոռանանք սա. մարդկային բոլոր գործունեություններում պետք է լինեն տղամարդիկ և կանայք, որոնց կյանքերում ու գործերում գահակալում է Քրիստոսի Խաչը, վեր բարձրացված, տեսանելի, հատուցող. խորհրդանիշը խաղաղության, բերկրանքի. խորհրդանիշը Փրկության, մարդկային զարմի միության, այն սիրո, որը Հայրն Աստված, Որդին Աստված և Սուրբ Հոգին Աստված, – Ամենասուրբ Երրորդությունը, – տածել է և շարունակում է տածել մարդկության հանդեպ:
 
986. «Չսկսեք ծիծաղել, Հայր, եթե Ձեզ ասեմ, որ – մի քանի օր առաջ – ակամա սկսեցի Տիրոջը որպես զոհ ընծայել այն ժամանակը, որ պետք է գործածեի երեխաներիցս մեկի կոտրված խաղալիքը նորոգելու համար»:
– Բնավ չեմ ծիծաղում, ընդհակառակը՝ ուրախանում եմ դրա համար: Որովհետև, այդ նույն Սիրով, Աստված գործի է լծվում մեր թերություններն ուղղելու համար:
 
987. Ինքնատիրապետություն ունեցիր և սանձիր ինքդ քեզ, բայց թափթփված կամ դառնացած մի՛ եղիր: – Հավաքված ու ամփոփ եղիր, բայց ո՛չ կծկված կամ պրկված:
 
988. Առանց զոհողության անցկացված օրը կորցրած օր է, որովհետև չենք ուրացել ինքներս մեզ, չենք ապրել ողջակիզումը:
 
989. Երբեմն երբեմն, ինչ որ մի բանում, չես ընդդիմացե՞լ քո ճաշակներին, քո քմահաճույքներին: – Ուշադրություն դարձրու այն փաստին, որ Ով քեզնից դա ակնկալում է, գամված է Խաչին – Իր բոլոր զգայարաններով և Իր բոլոր կարողություններով տառապելու – , և փշերով հյուսված պսակն է դրված Իր գլխին ... , քո՛ համար:
 
990. Ներկայանում ես որպես բացառիկ ու արտակարգ տեսաբան ... : – Սակայն, աննշան մանրուքներում անգամ չես զիջում: – Չեմ հավատում զոհողության քո այդ հոգուն:
 
991. Փոքրիկ բաների հանդեպ հոգատարություն ցուցաբերելը շարունակական զոհողություն է պահանջում, որը կյանքն ուրիշների համար ավելի հաճելի դարձնելու ճանապարհն է:
 
992. Նախընտրում եմ առաքինությունները, քան թե խստակեցությունը, ա՛յլ խոսքերով ասում է Աստված ընտրյալ ժողովրդին, երբ վերջինս որոշակի, սոսկ արտաքին ձևապաշտություններով տրվում է ինքնախաբեությունների:
– Սրա համար է, որ ապաշխարությունն ու ինքնասանձումը պետք է մշակենք որպես Աստծո և մերձավորի հանդեպ սիրո ճշմարիտ դրսևորումներ:
 
993. Խոկման մեջ, Քրիստոսի Չարչարանքները դուրս են գալիս պատմության կամ բարեպաշտական քննարկման սառը շրջանակից, որպես կենդանի իրականություն ներկայանալու համար մեր աչքերի առաջ, սոսկալի, ճնշող, դաժան, արյունալի ... , լի Սիրով:
– Եվ զգացվում է, որ մեղքը սոսկ փոքրիկ «ուղղագրության սխալ» չէ. նշանակում է մուրճի հարվածներով խաչել, պատառոտել Աստծո Որդու ձեռքերն ու ոտքերը, և մահացու խոցել Նրա Սիրտը:
 
994. Եթե իսկապես ուզում ես ապաշխարող հոգի լինել – ապաշխարող և զվարթ – , պետք է, ամեն ինչից վեր, պաշտպանես աղոթքի – մտերիմ, վեհանձն, հանդարտ, չշտապող աղոթքի – ամենօրյա ժամերդ, և պետք է այնպես անես, որ այդ ժամանակները հանկարծահաս չլինեն, այլ՝ հատուկ սահմանված ժամի, եթե հնարավոր է: Մի՛ զիջիր այս մանրամասնությունների հարցում:
Աստծուն մատուցված այդ ամենօրյա պաշտամունքի ստրուկը եղիր, և քեզ երաշխավորում եմ, որ քեզ միշտ գոհ կզգաս:
 
995. Քրիստոնյան միշտ հաղթանակում է Խաչի, իր անձնական հրաժարումների բարձունքից, որովհետև այդպիսով թույլ է տալիս, որ գործի անցնի Աստվածային Ամենակարողությունը:
 
996. Երբ հիշում ես անցյալ կյանքդ, որ անցել է առանց պախարակման և առանց գովասանքի, մտածիր, թե որքա՜ն ժամանակ ես կորցրել և թե ինչպե՛ս կարող ես կորցրածը ետ բերել. ապաշխարությա՛մբ և առավե՛լ նվիրումով:
 
997. Երբ մտածում ես այն ամեն ինչի մասին, որը քո կյանքում մնալու է առանց արժեքի, քանի որ այն չես ընծայել Աստծուն, պետք է որ քեզ ագահ զգաս. մտահոգությունը պետք է ունենաս հավաքելու ամեն բան, ինչպես նաև՝ չգործածված չթողնելու ոչ մի ցավ կամ վիշտ: – Որովհետև, եթե ցավն ու վիշտը ընկերակցում են մեզ այս կյանքում, դրանք վատնելն ու չգործածելը ուրիշ ի՞նչ է, եթե ոչ՝ անմտություն:
 
998. Քննադատության, ընդդիմության, հակաճառության ոգի՞ ունես: ... Շա՛տ լավ. կիրառի՛ր դրանք ինքդ քեզ քննադատելու, ինքդ քեզ ընդդիմանալու, ինքդ քեզ հակաճառելու համար:
 
999. Մինչ Սուրբ Ընտանիքը հանգստանում էր, Հրեշտակը հայտնվեց Հովսեփին, որպեսզի փախչեին Եգիպտոս: Մարիամն ու Հովսեփը վերցնում են Մանկանը և ճանապարհ են ընկնում առանց հապաղումների: Չեն ըմբոստանում, հակառակ արդարացումներ չեն փնտրում, չեն սպասում, որ լույսը բացվի ... . ասա՛ մեր Մորը՝ Սրբուհի Մարիամին, և Սուրբ Հովսեփին՝ մեր Հորն ու Իշխանին, որ պատրաստակամությամբ ցանկանում ենք սիրել յուրաքանչյուր կրավորական ապաշխարանք:
 
1000. Այս համարը գրում եմ, որպեսզի դու և ես ավարտենք այս գիրքը մի ժպիտով, բարի խաղաղություն հաստատելով այն օրհնյալ ընթերցողների հոգիներում, որոնք միամտությամբ կամ չարամտությամբ՝ փորձել էին ծածուկ գաղտնագրեր գտնել Ճանապարհի 999 համարների մեջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։