Աղքատություն – Գրադարան – Mashtoz.org

Աղքատություն

630. Երբեք մի՛ մոռացիր սա. ավելի շատ ունի նա, ով նվազ կարիքներ ունի: – Արհեստական կարիքներ մի՛ ստեղծիր քո համար:
 
631. Սիրտդ անջատիր աշխարհի ինչքերից: – Սիրիր և գործադրիր հոգու աղքատությունը. գոհացիր այնքանով, որքան որ բավական է չափավորությամբ և ժուժկալությամբ ապրելու համար:
Հակառակ դեպքում, երբեք չես լինի առաքյալ:
 
632. Իրական աղքատությունը կայանում է ո՛չ թե չունենալու, այլ՝ ունեցածից անջատ լինելու մեջ. անձանց և ինչքերի վրա տիրապետություն ունենալուց կամովին հրաժարվելու մեջ:
Ահա՛ թե ինչու բազմաթիվ աղքատներ կան, որոնք իրականում հարուստ են: Եվ ընդհակառակն:
 
633. Եթե Աստծո մարդն ես, հարստություններն արհամարհելու հարցում գործի դիր նույնքան եռանդ և փութաջանություն, որքան աշխարհի մարդիկ գործի են դնում դրանց տիրանալու համար:
 
634. Այդքա՜ն հարում աշխարհի ինչքերին: – Շուտով խույս են տալու ձեռքիցդ, քանի որ հարստությունները գերեզման չեն իջնում հարուստի հետ միասին:
 
635. Աղքատության հոգին չունես, եթե մինչ կարող էիր ընտրություն կատարել այնպես, որ դու աննշմար անցնեիր, քո համար չես ընտրում վատագույն մասը:
 
636. «Մեծութիւն թէ առուով գայցէ, մի՛ յօժարեսցին սիրտք ձեր». Հարստությունները եթե նույնիսկ առատորեն հոսեն ձեռքերիդ մեջ, սիրտդ դրանց մի՛ կապիր (Սղմ 61, 11): – Քաջությունն ունեցիր գործածելու դրանք վեհանձնորեն: Իսկ եթե հարկավոր լինի, նաև հերոսաբար:
Հոգով աղքատ եղիր:
 
637. Չես սիրում աղքատությունը, եթե չես սիրում աղքատության հետևանքները:
 
638. Որքա՜ն սուրբ պաշարներ ունի աղքատությունը: – Հիշո՞ւմ ես: Տնտեսական ծանր նեղության պահին, առաքելական այն ձեռնարկի համար դու նվիրաբերեցիր մինչև վերջին լումադ:
Եվ քեզ ասաց – Աստծո Քահանան – . «Ես էլ քեզ կտամ այն, ինչ ունեմ»: – Դու՝ ծնրադիր: Եվ լսվեց. «Օրհնությունն Ամենակալ Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, թող իջնի քո վրա և քո հետ մնա ընդմիշտ»:
Դու մինչև օրս էլ համոզված ես, որ լավ վարձատրվել ես:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։