Սիրտ – Գրադարան – Mashtoz.org

Սիրտ

795. Այն, ինչի կարիքն ունենք երջանկությանը հասնելու համար, հարմարավետ կյանքը չէ, այլ՝ սիրահարված սիրտը:
 
796. Քսան դար անց, պետք է լիակատար վստահությամբ հռչակենք, որ Քրիստոսի հոգին չի կորցրել իր փրկարար ուժը, որը միակն է, որ հագեցնում է մարդկային սրտի իղձերը: – Սկսիր դնել այս ճշմարտությունը քո սրտի մեջ, որն անդադար վրդովված ու անհանգիստ է լինելու, – ինչպես գրել է Սուրբ Օգոստինոսը, – քանի դեռ այն ամբողջությամբ հաստատած չես լինի Աստծո մեջ:
 
797. Սիրել՝ նշանակում է ... քո մեջ միայն մի միտք բնակեցնել, ապրել սիրած անձի համար, չպատկանել ինքդ քեզ, երջանիկ ու ազատ կերպով ենթակա լինել, հոգով ու սրտով, ուրիշի կամքին ... և, միաժամանակ, քո սեփական կամքին:
 
798. Տակավին չես սիրում Տիրոջն այնպես, ինչպես ագահը սիրում է իր հարստությունները, ինչպես մայրը սիրում է իր զավակին ... , տակավին չափազանց շատ ես մտահոգվում ինքդ քեզնով և քո ճղճիմություններով: Եվ սակայն նկատում ես, որ Հիսուսն արդեն իսկ անփոխարինելի անհրաժեշտություն է դարձել քո կյանքում ... :
– Շատ լավ, հազիվ կսկսես լիովին համապատասխանել Իր կանչին, Նա քո համար անփոխարինելի անհրաժեշտություն կլինի նաև յուրաքանչյուր գործի ու քայլի մեջ:
 
799. Բարձրաձայն աղաղակիր դա ի լուր Իրեն, որովհետև այդ աղաղակը սիրահարին բնորոշ խենթություն է: Տե՜ր, թեև սիրում եմ Քեզ ... , բայց Դու մի՛ վստահիր ինձ: Կապի՛ր, շղթայի՛ր ինձ Քեզ, ամեն օր ավելի ու ավելի պինդ:
 
800. Մի՛ կասկածիր. սիրտը ստեղծվել է սիրելու համար: Դնենք, ուրեմն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեր բոլոր սերերի մեջ: Այլապես, սիրտը վրիժառության է դիմում, և լցվում է ամենաանարգ ստորություններով:
 
801. Գոյություն չունի ավելի մարդկային սիրտ, քան այն մարդու սիրտը, ով բերնեբերան լի է գերբնական զգացողությամբ: Մտածիր Տիրամոր մասին, ով անվանվել է Շնորհներով լի, Հայր Աստծո Դուստր, Որդի Աստծո Մայր, Սուրբ Հոգի Աստծո Հարս. նրա Սրտում տեղ կա ամբողջ մարդկության համար առանց տարբերակումների, առանց խտրականության: – Յուրաքանչյուր ոք իր որդին է, իր դուստրը:
 
802. Անձինք, երբ շատ փոքր սիրտ ունեն, թվում է, թե իրենց իղձերը պահում են աղքատիկ ու մեկուսացած տուփի մեջ:
 
803. Քեզ մոտիկ մարդկանց հետ վերաբերվելիս, ամեն օր պետք է վարվես մեծ ըմբռնումով, մեծ գորովով, բայց – սա շատ հստակ է – միաժամանակ՝ հարկավոր ողջ կորովով. այլապես, ըմբռնումն ու գորովը փոխակերպվում են մեղսակցության և էգոիզմի:
 
804. Ասում էր – առանց կեղծ խոնարհության – մեր այդ ընկերը. «Կարիքը չունեցա ներել սովորելու, որովհետև Տերն ինձ սովորեցրեց սիրել»:
 
805. Ներել: Ներել ամբողջ հոգով և առանց քինախնդրության ստվերի: Միշտ մեծ ու արգասավոր դիրքորոշում:
– Այսպիսին էր Քրիստոսի արարքը, մինչ գամվում էր Խաչին. «Հա՜յր, ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղկս 23, 34), և այդ արարքից եկավ քո փրկությունը և իմը:
 
806. Քեզ մեծապես վշտացրեց և ցավ պատճառեց այդ մարդու կողմից տրված – քրիստոնյային բավական անվայել – մեկնաբանությունը. «Ներիր քո թշնամիներին», – ասում էր քեզ, – «չես կարող երևակայել, թե դրանով նրանց որքան ես կատաղեցնում»:
– Չկարողացար լուռ մնալ և հանդարտ ձայնով պատասխանեցիր. «Չեմ ուզում փոխանակել սերը մերձավորի ստորացման հետ: Ներում եմ, որովհետև սիրում եմ, Վարդապետին նմանվելու քաղցով»:
 
807. Նրբանկատությամբ խուսափիր այն ամեն ինչից, որ կարող է խոցել այլոց սրտերը:
 
808. Ինչո՞ւ «ո՛չ» ասելու տասը ձևերի միջից միշտ պետք է ընտրես ամենատհաճը: – Առաքինությունը խոցել, վիրավորել չի ցանկանում:
 
809. Լավ ուշադրություն դարձրու. Աստծուն պետք է սիրենք ո՛չ միայն մեր սրտով, այլ նաև «Իր Սրտով», ինչպես նաև բոլոր ժամանակների ողջ մարդկության սրտով ... . այլապես, երբեք չենք կարողանա համապատասխանել Իր Սիրույն:
 
810. Ինձ վշտացնում է տեսնելը, որ նրանք, ովքեր նվիրվել են Աստծուն, թվում են կամ առիթ են տալիս համարվելու միայնակ ամուրիներ. և սակայն, ունեն գերագույն, անձնավորված Սերը: – Ամուրի կլինեն, եթե ընդունակ չլինեն սիրելու Նրան, ով այդքա՜ն սիրում է:
 
811. Ինչ որ մեկը համեմատել է սիրտը հողմաղացին, որին շարժման մեջ է դնում սիրո, կրքի քամին ... :
Փաստացի, այս «աղացը» կարող է աղալ ցորեն, վարսակ, թրիք ... : – Մեզնից է կախված:
 
812. Սատանան – ստի ու կեղծիքի հայրը և ինքն իր գոռոզության զոհը – փորձում է կապկել Տիրոջը նաև մարդիկ որսալու ձևի մեջ: Նկատե՞լ ես դա. այնպես, ինչպես Աստված գործում է մարդկանց միջոցով՝ հոգիներին փրկելու և նրանց սրբության հասցնելու համար, սատանան էլ գործում է ուրիշ մարդկանց միջոցով՝ այս աշխատանքին խոչընդոտելու, ինչպես նաև հոգիներին կորստյան մատնելու համար: Եվ – մի՛ զարմացիր – ինչպես որ Հիսուսն է որպես գործիք փնտրում ամենամոտիկներին – ազգականներին, ընկերներին, աշխատակիցներին, և այլն – , այնպես էլ սատանան է փորձում, հաճախ, գործի դնել ամենասիրելի անձանց՝ տվյալ մարդուն դեպի չարը մղելու համար:
Ուստի, եթե արյան կապերը վերածվում են կապանքների, որոնք քեզ արգելում են հետևել Աստծո ճանապարհներին, կտրի՛ր դրանք ամենայն վճռակամությամբ: Եվ ո՞վ գիտի, քո այդ վճռակամությամբ թերևս կազատես նաև նրանց, ովքեր հրապուրված ու խաբված էին Լուցիֆերի ցանցի մեջ:
 
813. Շնորհակալ եմ, Հիսուս իմ, որ կամեցար դառնալ կատարյալ Մարդ, սիրող և մեծապես սիրելի Սրտով, որ սիրում է մինչև մահ և տառապում է. որ լցվում է ուրախությամբ և վշտով. որ խանդավառվում է մարդկանց ճանապարհների համար, և մեզ ցույց է տալիս դեպի Երկինք առաջնորդող ճանապարհը. որ հերոսաբար ենթարկվում է սեփական պարտականություններին, և թույլ է տալիս, որ իրեն առաջնորդի ողորմությունը. որ հսկում է աղքատների ու հարուստների վրա. որ հոգատար է մեղավորների ու արդարների նկատմամբ ... :
– Շնորհակալություն, Հիսուս իմ, և տո՛ւր մեզ Քո Սրտի նման սրտեր:
 
814. Խնդրիր Հիսուսին տալ քեզ մի Սեր, որ մաքրագործման խարույկ լինի, որի մեջ քո խեղճ մարմինը – քո խեղճ սիրտը – կսպառվի, մաքրվելով երկրային բոլոր խեղճություններից ... : Եվ, քեզնից դատարկվելով, Իրենով կլցվի: Խնդրիր Նրանից տալ քեզ մի արմատական խորշում այն ամեն ինչի նկատմամբ, որ պիղծ է. թող որ քեզ նեցուկ լինի միմիայն Սերը:
 
815. Շատ հստակ կերպով տեսար քո կոչումը – սիրել Աստծուն – , բայց միայն ուղեղով: Ինձ վստահեցնում ես, որ սիրտդ ներդրել ես ճանապարհի մեջ ... , բայց երբեմն ցրվում ես, և մինչև իսկ փորձում ես ետ դարձնել հայացքդ. դա նշան է, որ սիրտդ դեռ ամբողջովին չես ներդրել ճանապարհի մեջ: – Խղճամիտ բծախնդրությա՛մբ աշխատիր:
 
816. «Եկել եմ», – այսպես է ասում Վարդապետը, – «բաժանելու որդուն հորից, դստերը՝ մորից, հարսին՝ կեսուրից ... » (Մտթ 10, 35): Կատարելով այն, ինչ Նա պահանջում է քեզնից, կփաստես, որ իսկապես սիրում ես նրանց: Ուստի, քեզ որպես վահան մի՛ գործածիր գորովը, որ ունես նրանց նկատմամբ, – այն պետք է ամբողջական լինի, – անձնական նվիրմանդ պահին: Այլապես, հավատա՛ ինձ, Աստծո Սիրուց ավելի գերադասած կլինես ծնողներիդ հանդեպ սերը. իսկ ծնողներիդ հանդեպ սիրուց ավելի գերադասած կլինես քո եսի հանդեպ սերը:
– Հիմա հասկացա՞ր, առավել խորությամբ, ավետարանական խոսքերի պատշաճությունը:
 
817. Սի՛րտը: Երբեմն, առանց դրանից խուսափել կարողանալու, վրան տարածվում է մարդկային լույսի մի ստվեր, մի խեղճ, տխուր, «գավառական» հիշողություն ... :
– Իսկույն վազիր Տապանակի առաջ, ֆիզիկապես կամ հոգեպես. և կվերադառնաս լույսին, բերկրանքին, Կյանքին:
 
818. Հաճախականությունը, որով այցելում ենք Տիրոջը, ծառայում է երկու գործոնների. հավատքին և սրտին. տեսնել ճշմարտությունը և սիրել այն:
 
819. Սերն ամրապնդվում է նաև հրաժարումով և անկանոն ցանկությունների սանձմամբ:
 
820. Եթե դու մեծ սիրտ ունենայիր և մի քիչ ավելի անկեղծություն, չէիր հապաղի սանձվելու, ո՛չ էլ քեզ սանձված կզգայիր ... , փոքրիկ մանրամասնությունների համար:
 
821. Եթե զայրանում ես – որոշ դեպքերում դա պարտականություն է, ուրիշ դեպքերում՝ տկարություն – , այնպես արա՛, որ սակավ րոպեներ միայն տևի: Ինչպես նաև, միշտ սիրով լինի. գորո՛վ:
 
822. Հանդիմանե՞լ: ... Շատ անգամներ՝ հարկավոր է: Բայց թերությունն ուղղել սովորեցնելու համար: Երբե՛ք՝ քո վատ բնավորությանը պոռթկում թույլատրելու համար:
 
823. Երբ պետք է լինում ուղղել ինչ որ մեկին, հարկավոր է գործել հստակությամբ և սիրալիությամբ. առանց շուրթերի վրայից ժպիտը բացառելու, եթե իրավիճակը թույլատրում է: Երբե՛ք – կամ շա՜տ հազվադեպ – ցասման արտահայտություններով:
 
824. Քեզ զգում ես որպես բարու և ճշմարտության ավանդապա՞հը, և հետևաբար՝ քեզ զգում ես անձնական պատվանունով կամ իրավունքով օժտվա՞ծ՝ արմատախիլ անելու չարը ամեն գնով:
– Այդ ճանապարհով՝ ոչինչ չես կարգավորի. միմիայն հանուն Սիրո և սիրո՛վ, հիշելով, որ Սերը ներել է քեզ և ներում է քեզ դեռ շա՜տ բաներ:
 
825. Սիրի՛ր բարիներին, որովհետև սիրում են Քրիստոսին ... : – Եվ սիրի՛ր նաև նրանց, ովքեր Նրան չեն սիրում, որովհետև նման դժբախտության մեջ են գտնվում ... , և հատկապես՝ որովհետև Նա սիրում է և՛ նրանց, և՛ մյուսներին:
 
826. Այդ երկրի մարդիկ – Աստծուց այդքա՜ն հեռու, այդքա՜ն ապակողմնորոշված – քեզ հիշել տվեցին Վարդապետի խոսքերը. «Նման են առանց հովվի մնացած ոչխարների» (Մրկ 6, 34):
– Եվ դու նույնպես զգացիր ներսումդ կարեկցանքի հուրը ... . որոշի՛ր, այն տեղում, որ զբաղեցնում ես, նվիրաբերել կյանքդ իբրև զոհ, բոլորի համար:
 
827. Աղքատները, – ասում էր մեր այն ընկերը, – իմ լավագույն հոգևոր գիրքն են և իմ աղոթքների գլխավոր պատճառը: Տառապում եմ նրանց համար, և տառապում եմ Քրիստոսի համար, որ նրանց մեջ է: Եվ քանի որ այս ամենն ինձ իրոք ցավ է պատճառում, հասկանում եմ, որ սիրում եմ Նրան և սիրում եմ նրանց:
 
828. Աստծո սերը դնելով ընկերության մեջ, գորովը մաքրվում է, մեծանում, հոգեղենանում. որովհետև այրվում են ժանգերը, էգոիստական տեսակետները, չափազանց մարմնական նկատառումները: Մի՛ մոռացիր. Աստծո սերը կարգուկանոն է հաստատում մեր գորովներում, դրանք դարձնում է ավելի մաքուր, առանց դրանք բնավ նվազեցնելու:
 
829. Այս իրավիճակն այրում է քեզ. քեզ մոտեցել է Քրիստոսը, երբ ա՛յլ բան չէիր, քան սոսկ մի թշվառ բորոտ: Մինչև այդ պահը, միայն մի լավ հատկություն էիր մշակում քեզնում. մի վեհանձն հետաքրքրություն ուրիշների հանդեպ: Այս հանդիպումից հետո, ստացար շնորհը՝ տեսնելու Հիսուսին նրանց մեջ, սիրահարվեցիր Նրան և այժմ սիրում ես Նրան նրանց մեջ ... , և քեզ չափազանց փոքր բան է թվում – իրավացի ես – ալտրուիզմը, որն առաջ քեզ մղում էր ինչ-ինչ փոքրիկ ծառայություններ մատուցելու մերձավորին:
 
830. Վարժեցրու քեզ՝ դնելու քո խեղճ ու աղքատ սիրտը Մարիամի Քաղցր ու Անարատ Սրտի մեջ, որպեսզի այն մաքրի բազմաթիվ թափոններից ու զեռանգներից, և քեզ առաջնորդի դեպի Հիսուսի Սրբազնասուրբ ու Ողորմած Սիրտը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։