Հավատք – Գրադարան – Mashtoz.org

Հավատք

575. Ոմանք կյանքի միջով անցնում են՝ ինչպես գետնանցումի միջով, և չեն կարողանում ընկալել և հասկանալ հավատքի արևի պայծառ փայլը, ապահովությունն ու ջերմությունը:
 
576. Մտքի ինչպիսի՜ անարգ վճռականությամբ է սատանան պատճառաբանում մեր Քրիստոնեական Ընդհանրական Հավատքի դեմ:
Բայց, առանց վիճաբանությունների մեջ մտնելու, նրան միշտ ասենք. «Ես Եկեղեցու զավակն եմ»:
 
577. Զգում ես, որ հսկայական հավատք ունես ... : – Նա, ով քեզ պարգևում է այդ հավատքը, կպարգևի նաև միջոցները:
 
578. Առաքելանվեր հոգի, քեզ Պողոս Առաքյալն ասում է. «Արդարն ի հաւատոց կեցցէ». Արդարը հավատքով է ապրում (Գղտ 3, 11):
Իսկ դու ... թողնում ես, որ այդ հուրը մարի՞:
 
579. Հավատք: – Իրոք ցավալի է տեսնելը, թե այն որքա՜ն առատ է բազմաթիվ քրիստոնյաների բերանում և որքա՜ն սակավ ներկա է, մինչդեռ, նրանց գործերում: Կարծես մի առաքինություն է, որն հարկավոր է միայն քարոզել և ո՛չ թե գործադրել:
 
580. Խոնարհաբար խնդրիր Տիրոջից ավելացնել հավատքդ: – Ապա, նոր լույսերով, լավագույնս կկշռադատես աշխարհի արահետների և քո առաքելական ընթացքի միջև գոյություն ունեցող տարբերությունները:
 
581. Ավետարանիչներն ինչպիսի՜ խոնարհությամբ և ինչպիսի՜ պարզությամբ են պատմում այն դրվագները, ուր ակնհայտ երևում է Առաքյալների թույլ ու դողդոջուն հավատքը:
Որպեսզի դու և ես չկորցնենք հույսը՝ հասնելու այն անսասան ու կորովի հավատքին, որն հետո ունեցան նրանք:
 
582. Որքա՜ն գեղեցիկ է մեր Քրիստոնեական Ընդհանրական Հավատքը: – Այն փարատում է մեր բոլոր տագնապները, գոհացնում է իմացականությունը և սիրտը լիացնում է սիրով:
 
583. Հրաշքների մոլեռանդ որոնող չեմ: – Քեզ արդեն ասել եմ, որ հավատքս լիովին ամրապնդելու համար ինձ բավարար և դեռ շատ էլ են Սուրբ Ավետարանում հիշատակվող հրաշքները: – Եվ սակայն, խղճում եմ այն քրիստոնյաներին – նաև բարեպաշտ, մանավանդ թե՝«առաքելանվեր» երևացողներին – , որոնք հեգնանքով ժպտում են, երբ խոսակցություններ են լսում արտակարգ ուղիների, գերբնական դեպքերի մասին: – Ցանկություն եմ ունենում ասելու նրանց. «Այո՛, այժմ էլ են հրաշքներ կատարվում: Մենք էլ կգործեինք, եթե հավատք ունենայինք»:
 
584. Արծարծիր հավատքդ: – Քրիստոսն անցյալին պատկանող դեմք չէ: Մի հիշատակ չէ, որ կորչում է պատմության մշուշներում:
Նա ողջ է: «Յիսուս Քրիստոս՝ երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեանս», ասում է Պողոս Առաքյալը (Եբր 13, 8):
 
585. «Եթէ ունիցիք հաւատս՝ քան զհատ մանանխոյ». – Եթե դու հավատք ունենայիր, նույնիսկ մանանեխի հատիկի չափ միայն ... (Մտթ 17, 18-19):
Ինչպիսի՜ խոստումներ է իր մեջ պարունակում Վարդապետի այս բացականչությունը:
 
586. Աստված միշտ նույնն է: – Հարկավոր են հավատքի մարդիկ. և կվերանորոգվեն հրաշքները, որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում:
«Միթէ ո՞չ իցէ կարող ձեռն Տեառն». Մի՞թե Աստծո բազուկն ամենակարող չէ (Ես 59, 1):
 
587. Հավատք չունեն: – Բայց փոխարենը՝ ավելորդ սնապաշտություններ ունեն: Ծիծաղ ու ապշահար շփոթմունք զգացինք ի տես այն անձնավորության, որն ամբողջովին վրդովվում էր ի լուր որոշակի խոսքերի, որոնք ինքնըստինքյան ոչինչ չնշանակող ու անվնաս էին – բայց իր համար՝ չարագուշակ – կամ ի տես սև կատվի, որն իր դիմաց կտրում անցնում էր փողոցը:
 
588. «Ամենայն ինչ հնարաւոր է այնմ, որ հաւատայն». Ամեն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է (Մրկ 9, 22): – Հիսուսի խոսքերն են:
Ինչի՞ ես սպասում, որ Առաքյալների հետ միասին ասես Նրան. «Յաւել մեզ հաւատս». Ավելացրու հավատքս (Ղկս 17, 5):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։