Պարկեշտություն – Գրադարան – Mashtoz.org

Պարկեշտություն

340. Պարկեշտությունը որպես հետևանքներ ունի ուղիղ ճանապարհով ընթանալու ապահովությունը, առանց անկայունությունների, առանց խռովքների. և հաստատվելը այս համոզմունքի. որ հոգու անդորրն ու բերկրանքը գոյություն ունեն:
– Տես, թե այս հետևանքներն իրականանո՞ւմ են արդյոք նաև քո ամեն պահի կյանքում:
 
341. Հետս կիսվում էիր՝ ասելով, որ Աստված, որոշակի պահերի, լիացնում է քեզ լույսով. ուրիշ պահերի, մինչդեռ, ո՛չ:
Հիշեցրեցի քեզ, հաստատուն մտքով, որ Տերը միշտ անսահմանորեն բարի է: Այս իսկ պատճառով, առաջ գնալու համար, քեզ բավական են լույսի այդ պահերը. բայց մյուս պահերն էլ են օգտակար քեզ, քեզ առավել հավատարիմ դարձնելու համար:
 
342. Երկրի աղ: – Մեր Տերն ասել է, որ Իր աշակերտները – ես և դու նույնպես – երկրի աղն են. ախտազերծելու, նեխումից խուսափելու, աշխարհին համ տալու համար:
– Բայց նաև ավելացրել է. «Ապա թէ աղն անհամի ... » (Մտթ 5, 13) – եթե աղը կորցնում է իր համը, թափվում է և մարդկանց կողմից ոտնակոխ է արվում ... :
– Հիմա, բազմաթիվ դեպքերի ու իրադարձությունների դիմաց, որոնց պատճառով տրտնջում ենք, սկսո՞ւմ ես հասկանալ այն, ինչը չէիր կարողանում հասկանալ:
 
343. Ինձ սարսափեցնում է Տիմոթեոսին ուղղված Երկրորդ Նամակի այն հատվածը (4, 9), ուր Առաքյալը ցավով հիշում է աշխարհի հրապույրներից տարված Դեմասի փախուստը Թեսաղոնիկեում ... : Ինչ որ մի չնչին բանի պատճառով, և հալածանքերի վախից մղված, մի մարդ, որին Պողոս Առաքյալն իր ա՛յլ նամակներում հիշում է սրբերի շարքում, դավաճանել է աստվածային ձեռնարկին:
Սարսափեցնում է ինձ, քանի որ ճանաչում եմ իմ փոքրկությունը. և ինձ մղում է պահանջելու Տիրոջ հանդեպ իմ հավատարմությունը նաև այնպիսի առիթներում, որոնք կարող են աննշան թվալ, որովհետև, եթե ինձ չեն օգնում առավել միանալու Նրան, դրանց մասին լսել անգամ չեմ ուզում:
 
344. Պատմության բազմաթիվ պահերի համար, որոնք սատանան ջանք է գործադրում կրկնելու, ինձ մեծապես հաջողված թվաց այն միտքը, որ գրել ես պարկեշտության մասին. «Ամբողջ օրը սրտիս մեջ, մտքումս և շուրթերիս վրա կրում եմ մի նշանաբան. Հռո՛մ»:
 
345. Մի մեծ բացահայտում: Մի բան, որը հազիվ էիր կարողանում հասկանալ, քո համար հստակագույն դարձավ, երբ պետք եղավ բացատրել այն ուրիշների:
Հարկավոր եղավ, որ շատ ծավալուն կերպով խոսես մի վհատվածի հետ, որովհետև զգում էր իրեն անարդյունավետ և չէր ցանկանում բեռ լինել ոչ ոքի համար ... : Այդ ժամանակ հասկացար, թե ինչո՛ւ եմ անդադար ասում քեզ, որ հարկավոր է լինել ջրհան մեքենային կապված իշուկի նման. հավատարի՛մ, կողմնակի շատ մեծ աչքակապերով՝ չնայելու և անձամբ չճաշակելու համար արդյունքները – պարտեզի ծաղիկները, պտուղները, փարթամությունը, – մեծապես վստահ լինելով մեր հավատարմության արդյունավետությանը:
 
346. Պարկեշտությունը պահանջում է կրթության ու կազմավորման քաղց ունենալ, որովհետև – անկեղծ սիրուց մղված – դու չես ցանկանում ենթարկվել տգիտության պատճառով այնպիսի դատանիշներ ու դիրքորոշումներ տարածելու կամ պաշտպանելու վտանգին, որոնք շա՜տ հեռու են ճշմարտության հետ համաձայնվելուց:
 
347. «Կուզենայի», գրել ես ինձ, «որ իմ պարկեշտությունը և իմ հարատևությունը այնքան ամուր և այնքան հավիտենական լինեին, իսկ իմ ծառայությունն՝ այնքան արթուն ու սիրալիր, որ Դուք կարողանայիք գոհ լինել ինձնից, և ես կարողանայի մի փոքրիկ հանգստություն լինել Ձեր համար»:
– Եվ ես պատասխանում եմ քեզ. թող որ Աստված հաստատի քեզ քո այդ առաջադրության մեջ, որպեսզի օգնություն և հանգստություն լինենք Իր համար:
 
348. Ճիշտ է, որ ոմանք, որ խանդավառվում են, հետո հեռանում են ... : Մի՛ մտահոգվիր. ասեղն են, որին Աստված գործածում է՝ թելն անցկացնելու համար:
– Ինչպես նաև, հանձնի՛ր նրանց Տիրոջը, որովհետև թերևս կարելի կլինի ստանալ, որ շարունակեն մղել ուրիշների:
 
349. Քո համար, որ վարանում ես ու տատամսում, արտագրում եմ մի նամակից. «Այսուհետև, թերևս շարունակելու եմ լինել անկարող ու անընդունակ, սովորական ու հասարակ գործիքը: Չնայած սրան, փոխվելու են կյանքիս խնդրի ձևակերպումն ու լուծումը. որովհետև կա իմ մեջ մի ամուր ցանկություն՝ հարատևելու ... ընդմիշտ»:
– Մի՛ կասկածիր, Նա երբեք չի սխալվում:
 
350. Քո կյանքը ծառայություն է, բայց միշտ՝ որձաքարի նման ամուր պարկեշտությամբ, առանց պայմանների. միմիայն այսպես կհասունացնենք այն արդյունքը, որ Տերն ակնկալում է մեզնից:
 
351. Երբեք չեմ կիսի – ո՛չ ճգնողական, ո՛չ էլ իրավական հարթությունների վրա – գաղափարը նրանց, ովքեր կարծում և ապրում են այնպես, որ Եկեղեցուն ծառայելը կարծես հավասարազոր լինի ուրիշների համեմատ առավել երևելի դառնալուն:
 
352. Քեզ ցավ է պատճառում տեսնելը, որ ոմանք այնպիսի մարտավարություն են գործի դնում, որ Քրիստոսի Խաչի մասին խոսում են միայն այն նպատակով, որ բարձրանան և դիրքեր գրավեն ... : Դրանք այն նույն անձինք են, ովքեր իրենց տեսածներից ոչինչ պարկեշտ չեն համարում, եթե չի համապատասխանում իրենց չափանիշներին:
– Մի պատճառ ավելի, որպեսզի դու հարատևես քո դիտավորությունների ուղղամտության մեջ և որպեսզի Վարդապետից խնդրես՝ պարգևել քեզ այս խոսքերը կրկնելու ուժը. «Ո՛չ իմ կամք, այլ Քոյդ լիցին» (Ղկս 22, 42) – Տե՜ր, թող որ ես սիրով կատարեմ Քո սուրբ Կամքը:
 
353. Ամեն օր ավելի պետք է ավելացնես քո պարկեշտ, անկեղծ, ուղղամիտ հավատարմությունդ Եկեղեցու, Քահանայապետի, Սուրբ Աթոռի նկատմամբ ... : Մի սիրով, որը միշտ ավելի աստվածաբանական լինի:
 
354. Մեծ ցանկություն ունես՝ սիրելու Եկեղեցին. այնքան ավելի մեծ, որքան ավելի են խռովված գործում նրանք, ովքեր փորձում են տգեղացնել նրան: – Սա ինձ շատ տրամաբանական է թվում. որովհետև Եկեղեցին քո Մայրն է:
 
355. Նրանք, ովքեր չեն ցանկանում հասկանալ, որ հավատքը պահանջում է Եկեղեցուն և հոգիներին մատուցված ծառայություն, վաղ թե ուշ շրջում են եզրերը և վերջացնում են Եկեղեցին և հոգիներին ծառայեցնելով իրենց անձնական նպատակների իրականացմանը:
 
356. Տա՜ Աստված, որ դու չընկնես, երբե՛ք, Քրիստոսի Խորհրդական Մարմինը իր որևիցէ մի անդամի անձնական կամ հրապարակային որոշակի դիրքորոշման հետ նույնացնելու սխալի մեջ:
Եվ տա՜ Աստված, որ դու ինքդ էլ նվազ կազմավորված մարդկանց պատճառ չտաս ընկնելու այս սխալի մեջ:
– Տես, թե որքա՛ն կարևոր է քո հետևողականությունը, քո պարկեշտությունը:
 
357. Չեմ հասկանում քեզ, երբ բարոյականության և հավատքի հարցերի մասին խոսելիս ինձ ասում ես, թե անկախ կաթողիկե ես ... :
– Անկախ ումի՞ց: Այդ կեղծ անկախությունը հավասարազոր է Քրիստոսի ճանապարհից դուրս գալուն:
 
358. Երբե՛ք զիջումներ մի՛ արա Եկեղեցու վարդապետության հարցում: – Երբ տարբեր մետաղների խառնուրդից նոր մետաղ են զոդում, իր որակը կորցնողը միշտ լավագույն մետաղն է լինում:
Ինչպես նաև, այս գանձը քոնը չէ, և – ինչպես պատմում է Ավետարանը – Տերը քեզնից հաշիվ է պահանջելու, երբ ամենաքիչն ես դա սպասում:
 
359. Համաձայն եմ քո հետ, որ կան կաթողիկեներ, ուրիշների աչքին բարեխիղճ և մինչև իսկ աստվածավախ, և թերևս անկեղծորեն համոզված, որոնք միամտորեն օգտակար են դառնում Եկեղեցու թշնամիներին ... :
– Ներթափանցել է նրանց տան մեջ, սխալ գործածվող տարբեր անուններով – էկումենիզմ, պլուրալիզմ, դեմոկրացիա – վատթարագույն թշնամին. տգիտությունը:
 
360. Թեև պարադոքս է թվում, բայց հաճախ պատահում է, որ հենց նրանք, ովքեր ինքնահռչակվում են Եկեղեցու զավակներ, հետո նրանք են, ովքեր ամենաշատն են շփոթություն սերմանում:
 
361. Հոգնել ես պայքարելուց: Քեզ զզվեցրել է այս մթնոլորտը, որի բնորոշ հատկանիշը ուղղամիտ պարկեշտության պակասն է ... : Բոլորը նետվում են ընկածի վրա, նրան ոտնակոխ անելու համար:
Չգիտեմ, թե ինչո՛ւ ես զարմանում: Նույն բանն արդեն պատահել է Քրիստոսին, բայց Նա ետ չի ընկրկել, որովհետև հենց եկել էր փրկելու հիվանդներին և նրանց, ովքեր Իրեն չէին հասկանում:
 
362. Որ պարկեշտները չգործեն: Սա են ուզում անպարկեշտները:
 
363. Խուսափիր կողմնակալություններից, կուսակցական, աղանդավորական ոգուց, որոնք խանգարում են պարկեշտ և ուղղամիտ համագործակցությանը:
 
364. Հնարավոր չէ զարկ տալ ճշմարիտ միությանը՝ նոր բաժանումներ առաջացնելով ... : Է՛լ ավելի վատ, երբ նախաձեռնողները հավակնում են տեր ու տիրակալ դառնալ, գրավելով օրինավոր իշխանության տեղը:
 
365. Շատ մտախոհ դարձար, երբ ասացի քեզ. ուզում եմ իմ Մոր՝ Եկեղեցու արյունն ունենալ, ո՛չ թե Աղեքսանդրինը, ո՛չ էլ Կարլոս Մեծինը, ո՛չ էլ հույն յոթը Իմաստուններինը:
 
366. Հարատևել՝ նշանակում է հաստատուն մնալ սիրո մեջ, «per Ipsum et cum Ipso et in Ipso ... » – «Նրա միջոցով և Նրա հետ և Նրա մեջ ... », որն իրականում կարող ենք մեկնաբանել նաև այսպես. Նա՛, իմ հետ, իմ համար և իմ մեջ:
 
367. Կարող է պատահել, որ կաթողիկեների մեջ լինեն քրիստոնեական ոգու պակաս ունեցող ոմանք. կամ որ այսպիսի տպավորություն թողնեն նրանց վրա, ովքեր իրենց մոտենում են որոշակի պահերի:
Բայց եթե գայթակղվես այս իրողության պատճառով, ցույց կտաս, որ սակավ ծանոթ ես մարդկային թշվառությանը և ... քո իսկ սեփական թշվառությանը: Ինչպես նաև, ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ ազնիվ ու պարկեշտ, այդ սակավաթիվ անձանց տկարությունից առիթ վերցնել՝ Քրիստոսին և Իր Եկեղեցին վարկաբեկելու համար:
 
368. Ճիշտ է, որ մենք՝ Աստծո զավակներս, չպետք է Տիրոջը ծառայենք տեսանելի, երևելի լինելու համար ... , բայց մեր համար չպետք է կարևորություն ունենա փաստը, որ մեզ տեսնում են, և է՛լ ավելի՝ չենք կարող դադարեցնել մեր կրոնական պարտականությունների կատարումն այն պատճառով, որ մեզ տեսնում են:
 
369. Քսան դար է անցել, իսկ տեսարանը կրկնվում է ամեն օր. շարունակում են դատել, գանակոծել և խաչել Վարդապետին ... : Եվ բազմաթիվ քրիստոնյաներ, իրենց վարմունքով և իրենց խոսքերով, շարունակում են գոչել. Ո՞վ է սա: Ես սրան չեմ ճանաչում:
Կուզենայի ամեն տեղ գնալ՝ մտերիմ զրույցի ընթացքում հիշեցնելու շատերի, որ Աստված Ողորմած է, և որ նաև շատ արդար է: Սրա համար է, որ հստակ կերպով հայտարարել է. «Ես էլ չեմ խոստովանի նրանց, ովքեր ինձ խոստովանած չեն լինի մարդկանց առաջ»:
 
370. Միշտ մտածել եմ, որ մարդկանց հարգանքը շահելու կամ չկորցնելու պատճառով պարկեշտության մեջ թերանալը սիրո պակաս է և անտարբերություն ... , և անհատականության, ինքնության պակաս:
 
371. Աչքերդ Կույսին ուղղիր և տես, թե ինչպե՛ս է նա ապրում պարկեշտ հավատարմության առաքինությունը: Երբ Եղիսաբեթն իր կարիքն է ունենում, Ավետարանն ասում է, որ նա օգնության է հասնում «փութապէս» (Ղկս 1, 39), – բերկրալի հոգատարությամբ: Սովորի՛ր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։