Պատասխանատվություն – Գրադարան – Mashtoz.org

Պատասխանատվություն

945. Եթե մենք՝ քրիստոնյաներս իսկապես ապրեինք մեր հավատքի համաձայն, կիրականանար բոլոր ժամանակների ամենամեծ հեղափոխությունը ... : Փրկագործությանը համագործակցելու արդյունավետությունը կախված է նաև մեզնից յուրաքանչյուրիցս: – Խորհրդածի՛ր սրա շուրջ:
 
946. Քեզ լիովին պատասխանատու կզգաս, երբ կհասկանաս, որ Աստծո առաջ դու միայն պարտականություններ ունես: Նա Ինքն է հոգում քեզ իրավունքներ շնորհելու հարցը:
 
947. Երանի՜ թե վարժվեիր ամեն օր զբաղվել ուրիշներով այնպիսի՜ և այնքա՜ն նվիրումով, որ անգամ մոռանայիր, որ գոյություն ունես:
 
948. Ահա՛ մի միտք, որը քեզ կօգնի դժվարին պահերին. որքան ավելի կաճի իմ հավատարմությունը, այնքան ավելի կնպաստեմ այս առաքինության մեջ ուրիշների աճին: – Եվ այնքա՜ն գրավիչ է մեկս մյուսիս կողմից օգնություն ստանալու զգացողությունը:
 
949. Սոսկ «տեսական» մտածողություն մի՛ ունեցիր. մեր կյանքերն են, ամեն օր, որ պետք է փառահեղ գաղափարներն ամենօրյա իրականության փոխակերպեն. հերոսական ու արգասավոր իրականության:
 
950. Փաստացի, անցյալն արժանի է հարգանքի ու երախտագիտության: Սովորել, այո՛: Հաշվի առնել որոշ փորձառություններ, նաև: Բայց չպետք է չափազանցությունների մեջ ընկնենք. ամեն ինչ իր ժամանակին: Մի՞թե պիտի ուռուցիկ տաբատներ ու բաճկոնակներ հագնենք և գլուխներս սպիտակ կեղծամներով ծածկենք:
 
951. Մի՛ զայրացիր. անպատասխանատու վարքը շատ անգամներ ցույց է տալիս, որ տվյալ անձը զուրկ է ողջամտությունից կամ դաստիարակությունից, ավելի, քան թե հոգու բարությունից:
Հարկավոր է պահանջել ուսուցիչներից, առաջնորդներից, ուղղել այս բացթողումները, պատասխանատու կերպով կատարելով իրենց պարտականությունները:
– Հարկավոր է, որ քննես ինքդ քեզ ... , եթե դու էլ ես զբաղեցնում այդ պաշտոններից մեկը:
 
952. Ենթակա ես մեծ վտանգին՝ «լավ երեխա»յի նման ապրելով գոհանալու – կամ մտածելու, թե պետք է այդպես ապրես – , երեխայի, որ ապրում է մի տան մեջ, ուր տիրում է կարգուկանոնը, ուր խնդիրներ չկան, և ճանաչում է միայն երջանկությունը:
Սա Նազարեթի տան ծաղրանկարն է. Քրիստոսը, հե՛նց որովհետև բերում էր երջանկությունն ու կարգուկանոնը, դուրս եկավ տարածելու այդ գանձերը բոլոր ժամանակների արանց և կանանց մեջ:
 
953. Ինձ մեծապես տրամաբանական են թվում քո անհամբերության պոռթկումները, որ ողջ մարդկությունը ճանաչի Քրիստոսին: Սկսիր, սակայն, պատասխանատվությունից՝ փրկելու քո հետ ապրողների հոգիները, սրբացնելու աշխատակիցներիցդ կամ դասընկերներիցդ յուրաքանչյուրին ... : – Սա գլխավոր առաքելությունն է, որ Տերը վստահել է քեզ:
 
954. Վարվիր այնպես, որ կարծես թե քեզնից և միմիայն քեզնից է կախված այն տեղի միջավայրը, ուր աշխատում ես. աշխատասիրության, զվարթության, Աստծո ներկայության, գերբնական տեսության միջավայր:
– Չեմ հասկանում քո կամազուրկ անվճռականությունը: Եթե հայտնվել ես մի քիչ դժվար բնավորության տեր աշխատակիցների խմբում, – որոնք թերևս այդպիսին են դարձել քո անհոգության պատճառով, – հետաքրքրություն չես ցուցաբերում, պատասխանատվություններից փախչում ես, և մտածում ես, թե անօգուտ ծանրություն, բեռ են, որ հակասության մեջ է քո առաքելական հավակնությունների հետ. որ քեզ չեն հասկանալու ... :
– Ինչպե՞ս ես ուզում, որ լսեն քեզ, եթե, նրանց բարիք կամենալուց և նրանց աղոթքով ու զոհողություններով ծառայելուց բացի, նրանց հետ չես խոսում, չես զրուցում ... :
– Որքա՜ն անակնկալներ ես ունենալու այն օրը, երբ որոշես հետևել նրանցից մեկին, իսկ հետո մի ուրիշին և ուրիշ մեկին էլ: Ինչպես նաև, եթե դու չփոխվես, նրանք ամենայն իրավացիությամբ կկարողանան բացականչել՝ քեզ մատնացույց անելով. «Ոչ զոք ունիմ» - «Ոչ ոք չունեմ» (Հվհ 5, 7) – Ոչ ոք չունեմ, որ օգնի ինձ:
 
955. Ուշադիր լսիր ինձ. սուրբ բաները, երբ դիտվում են սրբորեն, երբ ամեն օր ապրվում են սրբորեն ... , չեն դառնում «ամենօրյա» բաներ: Քրիստոսի ամբողջ աշխատանքը այս երկրի վրա եղել է մարդկային, և աստվածային:
 
956. Չես կարող գոհանալ՝ ապրելով ուրիշների նման, – ասում ես, – զորախմբի ետևից քայլողի հավատքով: – Իրոք, դու պետք է անձնական հավատք ունենաս. պատասխանատվության զգացումով:
 
957. Ամենասուրբ Երրորդությունը պարգևում է քեզ Իր շնորհը և ակնկալում է, որ դու ընդունակ լինես այն պատասխանատու կերպով գործածելու. այսքա՜ն մեծ բարիքի դիմաց թույլատրելի չեն հարմարավետություններ որոնող, դանդաղաշարժ, ծույլ, ... դիրքորոշումներ, որովհետև, ամեն ինչից բացի, հոգիները սպասում են քեզ:
 
958. Քո համար, որ այդ մեծ խնդիրն ունես: – Եթե հարցը լավ է դրվում, այսինքն՝ գերբնական հանդարտ և պատասխանատու տեսությամբ, լուծումը միշտ գտնվում է:
 
959. Երբ իրենց երեխաներին գրկում են, մայրերը – լա՛վ մայրերը – ուշադիր են լինում, որ իրենց հագուստների վրա որևէ տեսակի ասեղներ չլինեն, որոնք կարող են ծակել երեխաներին ... . հոգիների հետ ունեցած մեր հարաբերություններում մենք էլ պարտավոր ենք գործի դնել ամեն տեսակ նրբանկատություն ... և հարկավոր ողջ էներգիան:
 
960. «Դիտապահ, որքա՞ն է մնացել գիշերվան» (Ես 21, 11): – Դիտապահ, ուշադի՛ր և զգո՛ւյշ:
Մաղթում եմ, որ դու կարողանաս շաբաթվա ընթացքում ունենալ դիտապահության քո օրը. ավելի նվիրվելու համար, յուրաքանչյուր մանրամասնություն առավել սիրալիր արթնությամբ ապրելու համար, մի քիչ ավելի աղոթք և զոհողություն անելու համար:
Հաշվի առ, որ Սուրբ Եկեղեցին նման է ճակատամարտի շարված մեծ զորքի: Եվ դու, այդ զորքի մեջ, պաշտպանում ես մի «ճակատ», ուր հարձակումներ են կատարվում, ուր հարվածներ ու հակահարվածներ են հասցվում: Հասկանո՞ւմ ես:
Այս դիրքորոշումը, քեզ միշտ ավելի մոտեցնելով Աստծուն, քեզ կմղի փոխակերպելու քո օրերը, մեկը մյուսի ետևից, վերածելով դրանք դիտապահության օրերի:
 
961. «Կորցրած» կոչման կամ շնորհի տևական կանչերին տրված բացասական պատասխանի հակառակ կողմում հարկավոր է տեսնել Աստծո թույլատրող կամքը: – Անկասկած. բայց, եթե անկեղծ ենք, մեր համար շատ հստակ է, որ սա արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք չի հանդիսանում, քանի որ տեսնում ենք, շիտակ կողմի վրա, մեր անձնական չկատարումը Աստվածային Կամքի, որը մեզ փնտրել ու ցանկացել է Իր համար, բայց պատասխան չի ստացել:
 
962. Եթե դու իսկապես սիրում ես քո Հայրենիքը, – իսկ ես վստահ եմ, որ դու այն սիրում ես, – ինչ որ մի մոտալուտ վտանգից այն պաշտպանելու համար կամավոր զինվորագրման դիմաց չէիր վարանի տալ քո անունը: Ճգնաժամային անհետաձգելի իրավիճակներում, քեզ արդեն գրել եմ սրա մասին, բոլորն էլ օգտակար են. տղամարդիկ և կանայք, տարեցները, հասուն տղամարդիկ, երիտասարդները և մինչև իսկ պատանիները: Բացառված են մնում միայն հաշմանդամներն ու երեխաները:
Ամեն օր հայտարարվում է ո՛չ միայն կամավոր զինվորագրում, – սա քիչ է, – այլ ավելի շուտ՝ հոգիների համընդհանուր զորաշարժ, պաշտպանելու համար Քրիստոսի Թագավորությունը: Եվ Թագավորն Ինքը՝ Քրիստոսը, քեզ բացահայտ կերպով կանչել է անունով: Խնդրում է քեզ մարտնչել Աստծո պատերազմներում, Իր ծառայության ներքո դնելով հոգուդ լավագույն կարողությունները. սիրտդ, կամքդ, միտքդ, քո ողջ էությունը:
– Լսիր ինձ. մարմինը, կյանքի քո մաքրությամբ և հատկապես Սուրբ Կույսի պաշտպանությամբ, խնդիր չէ: – Մի՞թե այնքան վախկոտ կգտնվես, որ կփորձես խուսափել կանչից, որպես չքմեղանք ներկայացնելով սրտիդ, կամքիդ կամ մտքիդ հիվանդ վիճակը: ... Մի՞թե ուզում ես արդարացնել քեզ և պահեստազորում մնալ:
– Տերը կամենում է քեզ առաջամարտիկ դարձնել, – արդեն իսկ այդպիսին ես, – և եթե կռնակ ես դարձնում, միայն կարեկցանքի կարժանանաս, դավաճանների նման:
 
963. Եթե ժամանակը միայն ոսկի լիներ ... , կարող էիր նաև թույլ տալ քեզ՝ կորցնել այն: – Բայց ժամանակը կյանք է, և դու չգիտես, թե քեզ նրանից որքան է մնացել:
 
964. Տերը դարձի բերեց Պետրոսին – որն Իրեն երեք անգամ ուրացել էր – առանց և ո՛չ իսկ մի հանդիմանություն ուղղելու նրան. Սիրո մի հայացքով:
– Այդ նույն աչքերով է մեզ նայում Հիսուսը, մեր անկումներից հետո: Երանի՜ թե մենք էլ կարողանայինք Պետրոսի նման ասել. «Տե՜ր, Դու ամեն ինչ գիտես. Դու գիտես, որ սիրում եմ Քեզ» (Հվհ 21, 17), և կարողանայինք փոխել մեր կյանքը:
 
965. Մտածում են, հանուն սիրո, նրբանկատություն և ըմբռնում գործադրել նրանց նկատմամբ, ովքեր հարձակվում են:
– Աղոթում եմ Աստծուն, որ այդ նրբանկատությունը և այդ ըմբռնումը ձև չլինեն դիմակավորելու համար ... իրենց մարդկային հարգանքները, իրենց հարմարավետությունների տենչը, թույլատրելով, որ չարը գործադրվի: Որովհետև այդպիսի դեպքում ... նման նրբանկատությունը և նման ըմբռնումը կլինեն պարզապես մեղսակցություն Աստծո փառքի դեմ ուղղված գործերում:
 
966. Իմաստ չունի մի հոգու դարձը հեշտացնելը, եթե դրա գինը ուրիշ շատերի հնարավոր այլասերումն է:
 
967. Եթե ինչ որ մեկն ընդունում է, որ գառների հետ միասին նաև գայլեր բուծվեն ... , կարող է շատ հեշտորեն պատկերացնել, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում իր գառներին:
 
968. Միջակ մարդիկ, – միջակ՝ ուղեղով և քրիստոնեական հոգիով, – երբ իշխանության աստիճաններով վեր են բարձրանում, շրջապատվում են ապուշներով. նրանց ունայնամտությունը նրանց համոզում է, սխալ կերպով, թե այդպիսով երբեք չեն կորցնի իշխանությունը:
Ուղղամիտ մարդիկ, մինչդեռ, շրջապատվում են իմաստուններով, – որոնք իրենց գիտելիքներին ավելացնում են նաև կյանքի ջինջ մաքրությունը, – և նրանց դարձնում են կառավարության մարդիկ: Այդպիսիների խոնարհությունը փոխհատուցում է իրենց, որովհետև – ուրիշներին աճման հնարավորություն տալով – աճում են նաև իրենք:
 
969. Խոհեմ չէ անփորձ մարդկանց վստահել ղեկավարության կարևոր պաշտոնները, տեսնելու համար, թե ի՛նչ կստացվի: – Կարծես թե հասարակության բարիքը կարող է կախում ունենալ անակնկալներով լի արկղից:
 
970. Ղեկավար պաշտոն ունես, բայց գործում ես մտահոգվելով, թե ի՛նչ կասեն մարդի՞կ: – Անիմաստ բան է սա: – Նախևառաջ, քո համար կարևոր պետք է լինի այն, թե ի՛նչ կասի Աստված. հետո, – շա՜տ երկրորդ հերթին, իսկ երբեմն էլ՝ երբե՛ք, – պետք է ծանրութեթև անես, թե ի՛նչ կարող են մտածել ուրիշները: «Ով որ ինձ կդավանի մարդկանց առաջ», – ասում է Տերը, – «ես էլ կդավանեմ նրան իմ Հոր առաջ, որ Երկնքում է: Ով, մինչդեռ, կուրանա ինձ մարդկանց առաջ, ես էլ իրեն կուրանամ իմ Հոր առաջ, որ Երկնքում է» (Մտթ 10, 32-33):
 
971. Դու, որ պատասխանատու դիրք ես զբաղեցնում, աշխատանքիդ կատարման ժամանակ հիշի՛ր. այն, ինչը որ անձնական է, մահանում է անձի հետ, որն անփոխարինելի է դառնում:
 
972. Լավ կառավարման հիմնական կանոններից մեկը. բաշխել պատասխանատվությունները, սակայն առանց անձնական հարմարավետություններ որոնելու կամ անձնական պատասխանատվությունից խուսափելու: Պնդում եմ. բաշխել պատասխանատվությունները. յուրաքանչյուրից հաշիվ պահանջելով իր պաշտոնի վերաբերյալ, որպեսզի կարողանաս «հաշիվ տալ» Աստծուն. և հոգիներին, եթե հարկավոր է:
 
973. Խնդիրները լուծելիս, ջանա՛ երբեք չչափազանցել արդարության մեջ, այն աստիճան, որ մոռացության մատնես սերը:
 
974. Շղթայի ամրությունը չափվում է իր ամենատկար օղակի վրա:
 
975. Ոչ ոքի մի՛ ասա քո ստորադասների մասին, թե՝ լավ չի աշխատում:
– Դու ես, որ լավ չես աշխատում. քանի որ չես կարողանում տեղավորել նրան այն ճիշտ տեղում, ուր կկարողանա լավ աշխատել:
 
976. Քեզնից հեռացրո՛ւ պատիվների ձգտումը. ի նկատի առ, մինչդեռ, գործիքները, պարտականություններն ու արդյունավետությունը: – Այս կերպ վարվելով, չես ձգտի բարձր պաշտոնների, իսկ եթե կտրվեն քեզ, դրանց կդիտես այնպես, ինչպիսին որ են իրականում. պաշտոններ ի ծառայություն հոգիների:
 
977. Խաչելության զազրելի պահին անգամ Սուրբ Կույսն այնտեղ է, իր Որդու կողքին, վճռակամ՝ հետևելու Նրա միևնույն ճակատագրին: – Պետք է մի կողմ նետենք պատասխանատու քրիստոնյաներին վայել վարքով գործելու վախը, երբ դա անհարմար է նկատվում այն միջավայրում, ուր ապրում ենք կամ աշխատում. Տիրամայրը կօգնի մեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։