Կոչում – Գրադարան – Mashtoz.org

Կոչում

902. Ինչո՞ւ մեկընդմիշտ չես նվիրվում Աստծուն ... , լրջորեն ... , հենց ա՛յս պահին:
 
903. Եթե հստակ տեսնում ես ճանապարհդ, հետևի՛ր նրան: – Ինչո՞ւ քեզնից հեռու չես վանում վախկոտությունը, որը կասեցնում է ընթացքդ:
 
904. «Գնացե՛ք, քարոզեցե՛ք Ավետարանը ... : Ես ձեր հետ եմ ... »: – Այս խոսքերը Հիսուսն է ասել ... և քեզ է ասել:
 
905. Հայրենասիրական գովելի եռանդը բազմաթիվ մարդկանց մղում է իրենց ողջ կյանքը «ծառայություն», «զինվորություն» դարձնելու: – Մի՛ մոռացիր, որ Քրիստոսն էլ «զորքեր» ունի և ընտրյալներ՝ Իր «ծառայության» համար:
 
906. «Եւ թագաւորութեան նորա վախճան մի՛ լիցի». Նրա թագավորությունը վախճան չի ունենալու (Ղկս 1, 33):
Քեզ ուրախություն չի՞ պատճառում մի այսպիսի թագավորության համար աշխատելը:
 
907. «Ո՞չ գիտէիք եթէ ի տան Հօր իմոյ պարտ է ինձ լինել». Չգիտեի՞ք, որ ես պետք է զբաղվեմ իմ Հորը մատուցված ծառայությանը վերաբերվող գործերով (Ղկս 2, 48):
Պատանի Հիսուսի պատասխանն է: Եվ մի պատասխան է, որ տրվել է Իր Մոր նման մի Մոր, որը երեք օրից ի վեր փնտրում էր նրան, նրան կորած կարծելով: – Մի պատասխան է, որն իբրև լրացում ունի Հիսուսի այն մյուս խոսքը, որը գրի է առել Մատթեոս Ավետարանիչը. «Ով իր հորը կամ իր մորը ավելի է սիրում, քան ինձ, ինձ արժանի չէ» (Մտթ 10, 37):
 
908. Քո կողմից չափազանցված պարզամտություն է դա, երբ առաքելական ձեռնարկների արժեքը դատում ես նրանց տեսանելի կողմից: – Եթե այդ չափանիշով առաջնորդվես, պետք է պարկերով ածուխն ավելի նախընտրես, քան մի բուռ ադամանդը:
 
909. Այժմ, որ գոյությունդ նվիրել ես Նրան, Նրանից մի նոր կյանք խնդրիր, մի «կնիք». որպեսզի հաստատություն հաղորդես Աստծո մարդ լինելու կոչմանդ վավերականությանը:
 
910. Այդ ամենը – գաղափարականդ, կոչումդ – մի ... խենթություն է: – Իսկ մյուսները – ընկերներդ, եղբայրակիցներդ – , նրանք էլ մեկական խենթեր են ... :
Հոգուդ խորքում երբեմն չե՞ս լսել այդ աղաղակը: – Վճռականորեն պատասխանիր, որ Աստծուն շնորհակալություն ես հայտնում՝ այդ «խենթանոցին» պատկանելուդ պատվի համար:
 
911. Ինձ գրել էիր. «Մեր բոլորիս կողմից զգացված այսքա՜ն մեծ փափագը՝ տեսնելու, որ “սա” առաջադիմում է ու ընդարձակվում, կարծեք թե անհամբերության է փոխվում: Ե՞րբ է պատնեշները խորտակելու, ե՞րբ է պոռթկալու ... , ե՞րբ ենք աշխարհն ամբողջովին մերը տեսնելու»:
Եվ հավելել էիր. «Փափագն անօգուտ ու ապարդյուն չի լինի, եթե այն արտահայտենք աղերսելով Տիրոջը, որ միջամտի, և այդ աղերսանքով դիմենք Նրան առանց դադարի, որովհետև այդպիսով հիանալիորեն ժամանակ շահած կլինենք»:
 
912. Հասկանում եմ տառապանքդ, երբ հարկադիր անգործության մատնված լինելով՝ շարունակ մտածում ես այն աշխատանքների մասին, որոնք դեռ ունեիր անելիք: – Աշխարհը բավական չէ՝ պարունակելու համար քո սիրտը, և սակայն ստիպված ես հարմարվելու ... գրասենյակային մի չնչին աշխատանքի:
Բայց էլ ո՞ր օրվա համար է «Եղիցին»... :
 
913. Վստահ եղիր. քո կոչումն այն ամենամեծ շնորհն է, որ Տերը կարողացել է պարգևել քեզ: – Շնորհակալություն հայտնիր Իրեն:
 
914. Որքա՜ն խեղճ վիճակում են գտնվում բարձր, ցածր և միջին դասակարգի պատկանող այն ամբոխները, որոնք կյանքի գաղափարական չունեն: – Այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես չեն իմանում, որ հոգի ունեն. նրանք մի ... նախիր են, հոտ ... երամակ ... :
Հիսո՜ւս, Ողորմած Սիրույդ օգնությամբ՝ մենք նախիրը փոխելու ենք զորագնդի, հոտը՝ բանակի ... , և երամակից դուրս ենք հանելու – մաքրված – բոլոր նրանց, ովքեր այլևս չեն կամենա անմաքուր մնալ:
 
915. Աստծո գործերը ո՛չ լծակներ են, ո՛չ էլ՝ աստիճաններ:
 
916. Տե՜ր, մեզ խենթ դարձրու, այն վարաքիչ խենթությամբ, որն ուրիշ շատերին էլ կձգի մասնակցելու Քո առաքելությանը:
 
917. «Ո՜չ իսկ եւ սիրտք մեր ճմլէին ի մեզ, մինչ խօսէր ընդ մեզ զճանապարհայն». Մի՞թե մեր սրտերը չէին ճմլվում մեզնում, երբ Նա ճանապարհին խոսում էր մեր հետ (Ղկս 24, 32):
Եթե առաքյալ ես, Էմմավուսի աշակերտների այս խոսքերն ինքնաբերաբար կբխեն աշխատակիցներիդ շուրթերից, իրենց կյանքի ճանապարհին քեզ հանդիպելուց հետո:
 
918. Առաքելության նվիրվիր ամեն ինչ տալու, և ո՛չ թե՝ երկրային ինչ որ մի բան գտնելու համար:
 
919. Քեզ առաքելության կանչելով՝ Տերը քեզ հիշեցրել է – որպեսզի դու այն երբեք չմոռանաս – , որ «Աստծո որդի» ես:
 
920. Ձեզնից յուրաքանչյուրը պետք է այնպես անի, որ առաքյալների առաքյալ լինի:
 
921. Դու աղ ես, առաքելանվե՜ր հոգի: – «Բարուոք է աղ». Աղը լավ բան է, կարդում ենք Սուրբ Ավետարանում (Ղկս 14, 34-35): «Ապա թէ աղն անհամեսցի». Բայց եթե աղը կորցնի իր համը ... , այլևս ոչնչի չի ծառայի, ո՛չ հողի համար, ո՛չ էլ՝ պարարտության. դեն կնետվի որպես անօգուտ մի բան:
Դու աղ ես, առաքելանվե՜ր հոգի: – Բայց եթե համդ կորցնես ... :
 
922. Որդյակ իմ, եթե սիրում ես առաքելությունդ, վստա՛հ եղիր, որ սիրում ես Աստծուն:
 
923. Այն օրը, երբ ամբողջ էությամբդ «կզգաս» ու «կգիտակցես» առաքելությունդ, նույն այդ առաքելությունը կդառնա քո համար զրահ, որին բախվելով կջախջախվեն երկրային ու դժոխային թշնամիներիդ բոլոր նենգությունները:
 
924. Միշտ աղոթի՛ր քո և առաքելակից ընկերներիդ հարատևության համար, քանի որ մեր հակառակորդը՝ սատանան շատ լավ գիտի, որ իր մեծ թշնամիներն եք ... , և ձեր շարքերում մեկի անկումը որքա՜ն հաճույք է պատճառում նրան:
 
925. Ինչպես որ կանոնապահ կրոնավորներն են փափագում իմանալ, թե ինչպես էին ապրում իրենց հաստատության կամ միաբանության առաջին անդամները, նրանց վարքին նմանվելու համար, այնպես էլ դու – քրիստոնյա ասպետ – ջանա՛ ճանաչել Հիսուսի աշակերտներին և նմանվել նրանց կյանքին. նրանց, ովքեր մտերիմ էին Պետրոսին, Պողոսին և Հովհաննեսին, և թերևս ականատես էլ են եղել Վարդապետի Մահվանն ու Հարությանը:
 
926. Ինձ հարցնում ես ... և ես քեզ պատասխանում եմ. քո կատարելությունը սա է. կատարելությամբ ապրել այն վայրում, այն պաշտոնի ու աստիճանի մեջ, ուր Աստված – հեղինակությունն ունեցողի միջոցով – կամենում է քեզ նշանակել:
 
927. Միմյանց համար աղոթեցե՛ք: – Մեկն անհաստա՞տ է ... : – Իսկ մյուսն էլ երերո՞ւմ է ... :
Շարունակեցե՛ք աղոթել, առանց ձեր հոգու խաղաղությունը կորցնելու: – Հեռանո՞ւմ են: Շեղվում ու մոլորվո՞ւմ են ... : Տերը ձեզ բոլորիդ հաշվել է, ի հավիտենից:
 
928. Իրավացի ես: – «Լեռան գագաթից», գրել էիր, «ո՛ր կողմն էլ նայում ենք – և խոսքը բազմաթիվ կիլոմետրերի մասին է – , դաշտավայրեր չեն երևում. ամեն մի լեռան ետևում մի ուրիշ լեռ է: Եթե ինչ որ մի կետում թվում է, թե բնապատկերն ավելի հարթ է դառնում, երբ մշուշը ցրվում է, ահա կրկին երևան է գալիս մի լեռնաշղթա ևս, որ ծածկված էր մառախուղի ետևում»:
Այդպիսին է ... այդպիսին պետք է լինի քո առաքելական կյանքի հորիզոնը. հարկավոր է կտրել անցնել աշխարհը: Բայց ձեր համար գծված ճանապարհներ գոյություն չունեն ... : Պետք է դուք ինքներդ բացեք դրանք, լեռների միջով, ձեր քայլերի դոփյունով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։