Մարդկային հարգանք – Գրադարան – Mashtoz.org

Մարդկային հարգանք

34. Երբ խաղի է դրված ճշմարտության պաշտպանությունը, ինչպե՞ս կարելի է փափագել տհաճ չլինել Աստծուն և, միաժամանակ, չբախվել շրջակա միջավայրի հետ: Միմյանց հակադիր իրականություններ են. կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Անհրաժեշտ է, որ զոհաբերումը ողջակեզ լինի. հարկավոր է այրել ամբողջը ... , մինչև իսկ «ի՞նչ կասեն»ը, մինչև իսկ այսպես կոչված վարկն ու համբավը:
 
35. Որքա՜ն հստակ կերպով եմ տեսնում այժմ, որ «սրբազան պնդերեսությունն» իր արմատները, իր շա՜տ խորը արմատները Ավետարանի մեջ ունի: Կատարի՛ր Աստծո կամքը ... , հիշելով վարկաբեկված Հիսուսին, երեսին թուք ու ապտակներ ստացած Հիսուսին, չնչին մարդկանց դատարանների առաջ տարված Հիսուսին ... , և Հիսուսին, որ լռում էր: – Առաջադրանք. երեսդ վար խոնարհել անարգանքների դիմաց, և – վստահելով նաև ստորացումներին, որոնք անկասկած կգան – շարունակել սեփական ուղին այն աստվածային ձեռնարկի մեջ, որը մեր Տիրոջ Ողորմած Սերը կամեցել է վստահել մեզ:
 
36. Սարսափելի է վնասը, որ կարող ենք պատճառել, եթե թույլ տանք, որ մեզ քշի տանի ամենօրյա կյանքում քրիստոնյա երևալու վախը կամ ամոթը:
 
37. Կան ոմանք, ովքեր, երբ խոսում են Աստծո մասին, կամ առաքելության մասին, այնպես են խոսում, կարծես թե իրենց պարտավորված են զգում պաշտպանվելու: Դրա պատճառը թերևս այն է, որ չեն բացահայտել մարդկային առաքինությունների արժեքը և, փոխարենը, լի են հոգևոր թերակազմությամբ ու փոքրոգությամբ:
 
38. Անօգուտ է ձգտել հաճելի լինելու բոլորին: Դժգոհներ, բողոքողներ միշտ էլ լինելու են: Լսի՛ր, թե ինչպե՛ս է ժողովրդական իմաստությունն ամփոփում այդ ամենը. «Երբ գոհ են գառները, դժգոհ են գայլերը»:
 
39. Մի՛ վարվիր ինչպես նրանք, ովքեր սարսափում են մի թշնամու դիմաց, որի միակ ուժը իր «հարձակողական ձայնն» է:
 
40. Հասկանում ես աշխատանքը, որ կատարվում է ... , քեզ բարի է թվում: Բայց հեռու ես մնում գործակցելուց, և ինչը որ ավելի վատ է՝ այնպես ես անում, որ մյուսները չտեսնեն կամ չմտածեն, որ դու գործակցում ես:
– Վախենում ես, թե քեզ ավելի լավը կհամարեն, քան կաս իրականում, ասացիր ինձ: – Կամ թերևս պատճառն այն է, որ վախենում ես, որ Աստված և մարդիկ կպահանջեն քեզնից մի առավել հետևողականությո՞ւն:
 
41. Ամբողջովին վճռակամ էր թվում ... : Բայց այն պահին, որ պետք է գրիչը ձեռքը վերցներ՝ հարսնացուի հետ կապերը խզելու համար, ավելի ուժգին եղավ վարանումը և քաջությունը պակասեց իրեն: Բավական մարդկային է ու հասկանալի, մեկնաբանեց ինչ որ մեկը: Հետևաբար, ինչ որ մեկի համաձայն, երկրային սերերը ներառված չեն այն բաների մեջ, որոնք հարկավոր է թողնել՝ Հիսուս Քրիստոսին անմնացորդ կերպով հետևելու համար, երբ Նա ուզում է դա:
 
42. Կան անձինք, ովքեր սխալվում են տկարության պատճառով, – դյուրաբեկությունը կավի, որից պատրաստված ենք, – բայց իրենք իրենց անթերի են պահում ուսմունքի մեջ:
Այդ նույն անձինք են, որ, Աստծո շնորհով, հերոսական քաջություն ու խոնարհություն են ցուցաբերում՝ խոստովանելով իրենց սխալը և պաշտպանելով – տոկուն հաստատամտությամբ – ճշմարտությունը:
 
43. Ոմանք անխոհեմություն ու հանդգնություն են անվանում Աստծո հանդեպ հավատքն ու վստահությունը:
 
44. Խենթություն է Աստծո վրա հույս դնելը, ... ասում են: – Իսկ է՛լ ավելի մեծ խելագարություն չէ՞ սեփական անձի կամ ուրիշ մարդկանց վրա հույս դնելը:
 
45. Գրել ես ինձ, որ հասել ես, վերջապե՛ս, խոստովանարանին, և որ զգացել ես խոնարհեցումը՝ բացելու կյանքիդ կոյուղին – հենց այս բառն ես դու ինքդ գործածել – մի «մարդու» դիմաց:
– Ե՞րբ ես արմատախիլ անելու այս ունայն հարգանքը, որ տածում ես ինքդ քո հանդեպ: Այդ ժամանակ խոստովանության կգնաս գոհունակությամբ, որ ցույց ես տալու քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս, այդ օծյալ «մարդու» դիմաց, – ա՛յլ ոմն Քրիստոսի, նո՛ւյն Ինքն Քրիստոսի դիմաց, – որը տալու է քեզ արձակումը, Աստծո ներումը:
 
46. Պետք է քաջությունն ունենանք հրապարակային և տևական կերպով ապրելու մեր Սուրբ Հավատքի համաձայն:
 
47. Չենք կարող կողմնակալ լինել, ասում էին ինձ անկողմնակալության տեսք ընդունելով Եկեղեցու ուսմունքի հաստատամտության դիմաց:
Հետո, երբ իրենց հասկացրեցի, որ կողմնակալ չէ նա, ով ունի Ճշմարտությունը, հասկացան իրենց սխալը:
 
48. Համոզվելու համար, որ ծիծաղելի է մոդան իբրև վարքի չափանիշ որդեգրելը, բավական է ինչ որ մի հին դիմանկարի նայելը:
 
49. Ինձ հաճելի է փաստը, որ դու սիրում ես թափորները, մեր Մոր՝ Սուրբ Եկեղեցու բոլոր արտաքին ու հրապարակային ցուցադրումները, Աստծուն ընծայելու համար պատշաճ ու հարկավոր պաշտամունքը ... , և որ ապրես դրանք:
 
50. «Ես յայտնապէս խօսեցայ յաշխարհի» (Հվհ 18, 20). «Ես բացահայտ քարոզեցի բոլորի դիմաց», պատասխանում է Հիսուսը Կայիափային, երբ մոտենում է Իր կյանքը մեր համար ընծայելու պահը:
– Եվ, այդուհանդերձ, կան քրիստոնյաներ, որոնք ամաչում են ցույց տալ «յայտնապէս» – բացահայտ կերպով – մեծարանքը, որ տածում են Տիրոջ հանդեպ:
 
51. Երբ տեղի ունեցավ Առաքյալների շեղվելն ու ցիրուցան լինելը և գազանացած ժողովուրդը կոկորդը պատռելով ատելություն էր գոռում Հիսուս Քրիստոսի դեմ, Տիրամայրը մոտիկից հետևում էր իր Որդուն Երուսաղեմի փողոցներում: Նրան կանգ առնել չէր տալիս ամբոխի բարձրացրած ժխորը, ո՛չ էլ ետ էր ընկրկում Փրկչին ընկերակցելուց, մինչ շուրջբոլորը խռնված ամբոխը, անդեմ ու անանուն, անարգորեն քաջասիրտ էր դառնում Քրիստոսին չարչարելու համար:
Ուժգին աղերսի՛ր նրան. «Virgo fidelis!» - Կույս հավատարի՛մ – և հայցի՛ր նրանից, որ մենք, որ մեզ Աստծո մտերիմներ ենք անվանում, այդպիսին լինենք իսկապե՛ս և ամե՛ն պահ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։