Թեթևամտություն – Գրադարան – Mashtoz.org

Թեթևամտություն

532. Երբ հստակ մտքով մտածում ենք երկրի խեղճությունների մասին, և այդ տեսարանը համեմատում ենք Քրիստոսի հետ ապրված կյանքի հարստությունների հետ, իմ կարծիքով՝ մարդկանց կողմից ընտրված ուղին որակավորելու համար – հստակ և կտրուկ արտահայտությամբ – միայն մի բառ կա. ապուշություն, ապուշություն, ապուշություն:
Դեպքերի մեծամասնության մեջ, մենք՝ մարդիկս, այնպես չէ, որ սխալվում ենք. մեզ ամենավատն է պատահում. վարվում ենք որպես իրական ապուշ:
 
533. Տխուր բան է, որ դու չես ցանկանում թաքնվել հիմքի վիմաքարի նման, շենքի կայունությունը քո վրա կրելու համար: Բայց այն, որ դու գայթակղության քար ես դառնում ուրիշների համար ... . սա ինձ արդեն չարություն է թվում:
 
534. Մի՛ գայթակղվիր ի տես այն բանի, որ վատ քրիստոնյաներ կան, որոնք անհանդարտ խռովվում են և չեն գործադրում հավատքի պատվիրանները: Տերը – գրում է Առաքյալը – «յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի» (Հռմ 2, 6). քեզ՝ ըստ քո գործերի. և ինձ՝ ըստ իմ գործերի:
– Եթե դու և ես որոշենք լավ վարվել, եթե ա՛յլ արդյունք էլ չգրանցենք, գոնե արդեն երկու խաբեբա նվազ կլինեն աշխարհում:
 
535. Քանի դեռ չես պայքարում թեթևամտության դեմ, գլուխդ գործածված ապրանքներ գնող-ծախողի վաճառասեղանի է նմանվելու. վրան դրված են լինելու միայն ուտոպիաներ, ցնորքներ, պատրանքներ և ... հնացած անպիտան իրեր:
 
536. Աներեսության մի այնպիսի չափաքանակ ունես, որ եթե այն գործածեիր գերբնական ուղղվածությամբ, քեզ բացառիկ ու արտակարգ քրիստոնյա կդարձներ ... : – Բայց քանի որ այն գործածում ես այնպես, ինչպես որ գործածում ես, ուրիշ բան չես դառնում, քան միայն՝ բացառիկ ու արտակարգ աներես:
 
537. Ամեն բան թեթևությամբ ընդունելու դիրքորոշմամբդ ինձ այն հին անեկդոտն ես հիշեցնում. «Առյո՜ւծն է գալիս», ասացին նրան: Իսկ անխռով նատուրալիստը պատասխանեց. – «Իսկ ինձ ի՞նչ: Ես թիթեռնիկներ եմ որսում»:
 
538. Սոսկալի մի անձ. տգետը, որ միաժամանակ անխոնջ աշխատող է:
Մշակի՛ր, նույնիսկ եթե զառամյալ ծերունի լինես, միշտ ավելի ուսանելու ցանկությունը:
 
539. Թեթևամիտ ու էգոիստ մարդուն բնորոշ չքմեղանքը. «Փափաք չունեմ ոչ մի գործի լծվելու»:
 
540. Չես ուզում ո՛չ մեկը – չարը – , ո՛չ էլ մյուսը – բարին – ... : Եվ այդպես, երկու ոտքից էլ կաղալով, բացի այն, որ սխալ ճանապարհով ես քայլում, կյանքդ մնում է դատարկությամբ լի:
 
541. «In medio virtus ... » - «Միջինում է առաքինությունը», ասում է իմաստուն խոսքը, մեզ ծայրահեղություններից հեռու պահելու համար: – Բայց աշխատիր չընկնել այս խորհուրդը մեղմաբանության վերածելու սխալի մեջ՝ թաքցնելու համար հարմարավետության մոլի ձգտումդ, խորամանկությունդ, գաղջությունդ, թեթևամտությունդ, գաղափարականների պակասդ, գռեհկությունդ:
Խորհրդածիր Աստվածաշնչի խոսքերի շուրջ. «Երանի՜ թե սառը լինեիր, կամ տաք: Բայց քանի որ գաղջ ես, այսինքն՝ ո՛ք սառը, ո՛չ էլ տաք, ահա՛ փսխելու եմ քեզ իմ բերանից» (Հյտ 3, 15-16):
 
542. Երբեք չես հասնում խնդրի էությանը: Միշտ կանգ ես առնում անկարևոր տեսանկյունների վրա: – Թույլ տուր կրկնել քեզ Աստվածաշնչի խոսքերը. «օդի մեջ խոսելուց» բացի ուրիշ ոչինչ չես անում (1Կր 14, 9):
 
543. Մի՛ վարվիր այնպես, ինչպես նրանք, ովքեր քարոզը լսելիս, փոխանակ իրենք իրենց վրա կիրառելու քաղված դասը, մեկնաբանում են. սա իսկ և իսկը այսինչի՛ կամ այնինչի՛ մասին է ասված:
 
544. Երբեմն, ոմանք կարծում են, թե զրպարտությունն ու չարախոսությունը վատ դիտավորության արդյունք չեն. ենթադրությունն է, – ասում են, – որով տգիտությունը բացատրում է այն, ինչ չգիտի կամ չի հասկանում, որպեսզի տեղեկացված երևա:
Բայց կրկնակի չար է, ուրեմն. որովհետև տգետ է և որովհետև ստախոս է:
 
545. Մի՛ խոսիր այդքան անպատասխանատու կերպով ... : Չես հասկանո՞ւմ, որ հազիվ դու նետում ես առաջին քարը, ուրիշներ – անանուն կերպով – կազմակերպում են բուն քարկոծումը:
 
546. Դու ինքդ ես ստեղծո՞ւմ դժգոհության այդ մթնոլորտը նրանց մեջ, ովքեր քո կողքին են գտնվում: – Ներող եղիր, ուրեմն, եթե ասեմ քեզ, որ չար լինելուց բացի, նաև ... հիմար ես:
 
547. Դժբախտության կամ սխալի դիմաց, չափազանց տխուր գոհունակություն է ասել կարողանալը. «Այդպես էլ նախատեսել էի»:
Նշանակում է, որ քեզ չեն հուզում այլոց պատահող փորձանքները. որովհետև պարտավոր էիր դարման անել, եթե դրա կարողությունն ունեիր:
 
548. Ապակողմնորոշում սերմանելու բազմաթիվ ձևեր կան ... : – Բավական է, օրինակի համար, բացառությունը մատնացույց անել որպես ընդհանուր կանոն:
 
549. Ասում ես, թե կաթողիկե ես ... : – Այդ իսկ պատճառով, որքա՜ն եմ քեզ խղճում, երբ հասկանում եմ, որ քո համոզմունքները բավական ամուր չեն, այն աստիճան, որ հասցնեն քեզ ապրելու մի գործնական կաթողիկեություն, առանց ընդմիջումների և առանց վերապահումների:
 
550. Ծիծաղելի կլիներ – եթե այսքան ցավալի չլիներ – միամտությունդ, որով ընդունում ես – թեթևամտությամբ, տգիտությամբ, ցածրակարգության բարդույթով, ... – ամենաանտաշ տխմարությունները:
 
551. Ապուշները, մակերեսայինները, կեղծավորները կարծում են, թե ուրիշներն էլ իրենց նման են ... : Եվ – սա՛ է ցավալին – նրանց հետ վարվում են այնպես, կարծես թե իրոք այդպիսին են:
 
552. Արդեն իսկ վատ կլիներ, որ դու ժամանակ վատնեիր, որը քոնը չէ, այլ՝ Աստծունը, և Իր փառքի համար է: Բայց եթե, քո ժամանակը վատնելուց բացի, ժամանակ վատնել ես տալիս նաև ուրիշների, մի կողմից՝ նվազեցնում ես քո հեղինակությունը, իսկ մյուս կողմից՝ ավելացնում ես գողությունը փառքի, որ պարտավոր ես Աստծուն:
 
553. Քեզ պակասում են հասունությունն ու մտքի կենտրոնացումը նրա, ով կյանքում քայլում է գաղափարականի, նպատակակետի վստահ ապահովությամբ: – Աղոթի՛ր Սուրբ Կույսին, որպեսզի սովորեցնի քեզ գովաբանել Աստծուն ամբողջ հոգիովդ, առանց որևէ տեսակի ցրվածության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։