Համարձակություն – Գրադարան – Mashtoz.org

Համարձակություն

96. Մի՛ եղեք նեղ մտածողության տեր հոգիներ, անչափահաս, կարճատես տղամարդիկ և կանայք, որ անընդունակ են փարվելու Աստծո զավակների մեր քրիստոնեական գերբնական հորիզոններին: Աստվա՛ծ և համարձակությո՛ւն:
 
97. Համարձակությունը անխոհեմություն չէ, ո՛չ էլ չմտածված հանդգնություն, ո՛չ էլ պարզ քաջություն:
Համարձակությունը զորություն է, գլխավոր առաքինություններից մեկը, որն անհրաժեշտ է հոգու կյանքի համար:
 
98. Որոշում կայացրեցիր. ավելի մտորելով, քան թե՝ խանդավառության կրակից դրդված: Թեև ցանկանում էիր ունենալ այն, բայց տեղ չգտնվեց զգացմունքի համար. տրվեցիր, երբ համոզվեցիր, որ Աստված էր դա կամենում:
Եվ, այդ պահից սկսած, չվերադարձար ոչ մի լուրջ կասկած «զգալու». զգացիր, մինչդեռ, մի հանդարտ, հանգիստ ուրախություն, որն երբեմն նաև զեղուն է դառնում: Այսպես է, որ Աստված փոխհատուցում է Սիրո համարձակությունները:
 
99. Մի ասացվածք կարդացի, որ շատ է գործածվում որոշ երկրներում. «Աշխարհն Աստծունն է, բայց Աստված այն վարձակալության է տալիս քաջերին». և սա ինձ մտորելու առիթ տվեց:
– Ինչի՞ ես սպասում:
 
100. Այն առաքյալը չեմ, որ պետք է լինեի: Ես ... ամաչկոտ եմ:
– Արդյո՞ք ամաչկոտությամբ երկնչում ես, որովհետև սերդ փոքր է: Հակազդի՛ր:
 
101. Դժվարություններն ընկճել են քեզ, և դարձել ես «խոհեմ, չափավոր, առարկայական»:
– Հիշիր, որ միշտ արհամարհել ես այդ խոսքերը, երբ դրանք ներկայացել են որպես հոմանիշները վախկոտության, երկչոտության և հարմարավետության:
 
102. Վա՞խ: Բնորոշ է նրանց, ովքեր գիտեն, որ վատ են վարվում: Դու՝ երբե՛ք:
 
103. Կա քրիստոնյաների մի նշանակալի քանակ, որոնք առաքյալներ կլինեին, եթե ... չվախենային:
Այդ նույն անձինք են, որ հետո տրտնջում են, որովհետև Տերը – իրենց ասելով – լքում է իրենց. իսկ ինչպե՞ս են վարվում, իրենք, Աստծո հետ:
 
104. Մենք բազմաթիվ ենք. Աստծո օգնությամբ, կարող ենք հասնել ամենուր, մեկնաբանում են խանդավառված: Ուրեմն, ինչո՞ւ ես վախենում: Աստծո շնորհով, կարող ես հասնել լինելու սուրբ, և սա է այն, ինչն իրոք հետաքրքրում է:
 
105. Երբ խիղճը խայթում է, որովհետև զանց ենք առել կատարելու մի բարի գործ, արդյո՞ք դա նշան է, որ Տերը կամենում էր, որ այդ գործը զանց չառնեինք:
– Ճիշտ այդպես: Դրանից բացի, անկասկածելի փաստ է, որ «կարող էիր» այն կատարել, Աստծո շնորհով:
 
106. Չմոռանանք սա. Աստվածային Կամքը կատարելիս, անցնում ենք դժվարությունների վրայով, ... կամ էլ տակով, ... կամ էլ կողքով: Բայց ... անցնում ենք:
 
107. Երբ աշխատանք է տարվում առաքելական մի ձեռնարկ ընդլայնելու համար, «ո՛չ»ը երբեք վերջնական պատասխան չէ. պնդեցե՛ք:
 
108. Չափազանց «զգույշ» ես կամ չափազանց քիչ «գերբնական», և այդ իսկ պատճառով՝ չափազանց շատ ես խորամանկությունների դիմում. մենակդ մի՛ հորինիր «առարկություններ», և մի՛ ցանկացիր լուծել դրանք բոլորը:
– Թերևս նա, ով լսում է քեզ, նվազ «խորամանկ» կամ առավել «վեհանձն» է, քան դու, և քանի որ ապավինում է Աստծուն, շատ «բայց»եր դեմ չի դնի:
 
109. Կան վարվելու այնքա՜ն զգուշավոր ձևեր, որոնք, մի խոսքով ասած, փոքրոգություն են նշանակում:
 
110. Համոզվի՛ր. երբ աշխատանք է կատարվում Տիրոջ համար, չկան անհաղթահարելի դժվարություններ, ո՛չ էլ ձեռնարկը լքելու մղող վհատություններ, ո՛չ էլ անհաջողություններ, որ արժանի են այդ որակավորմանը, որքան էլ որ անպտուղ թվան արդյունքները:
 
111. Հավատքդ չափազանց քիչ գործունյա է. կարելի է ասել, որ սնապաշտի հավատք է ավելի, քան մի մարդու, ով պայքարում է սուրբ լինելու համար:
 
112. Հանդարտությո՛ւն: Համարձակությո՛ւն:
Այս առաքինություններով ջախջախիր գաղջերի, վախվորածների, դավաճանների “հինգերորդ շարասյունը”:
 
113. Ինձ վստահեցրել էիր, որ կամենում էիր պայքարել առանց շունչ քաշելու: Իսկ այժմ մոտս ես եկել ամբողջովին թևաթափ:
Նայիր, հարցին նաև զուտ մարդկայնորեն մոտենալով, լավ է, որ ամեն բան քեզ չտրվի արդեն պատրաստի վիճակում, հեշտությամբ: Ինչ որ մի բան – շա՛տ բան – պետք է դու ինքդ ներդնես: Այլապես, ինչպե՞ս կկարողանաս «սրբանալ»:
 
114. Չես նետվում աշխատելու այս գերբնական ձեռնարկի օգտին, որովհետև – այսպես ես ասում – վախենում ես, թե ակնկալիքների բարձունքին չես համապատասխանում, թե ի վիճակի չես լինի այն ի կատար ածելու: – Եթե դու ավելի շատ մտածեիր Աստծո մասին, այս ծուռ մտածումները կվերանային:
 
115. Երբեմն մտածում եմ, որ Աստծո և Եկեղեցու թշնամիները, որ սակավաթիվ են, ապրում են բազմաթիվ բարիների վախի հաշվին, և ամոթով եմ լցվում:
 
116. Մինչ խոսում էինք, ասում էր, որ նախընտրում էր երբեք դուրս չգալ խրճիթից, ուր ապրում էր, որովհետև իրեն ավելի հաճելի էր «իր» ախոռի առաստաղի գերանները հաշվել, քան երկնքի աստղերը:
– Շատերն են այսպես, անընդունակ՝ անջատվելու իրենց փոքրիկ իրողություններից և դեպի երկինք բարձրացնելու իրենց աչքերը. ժամանակն է, որ մի քիչ ավելի ընդարձակ տեսություն ձեռքբերեն:
 
117. Հասկանում եմ գերբնական և մարդկային ուրախությունը նրա, ով բախտն ուներ առաջամարտիկներից մեկը լինելու՝ աստվածային ցանքի գործում:
«Սքանչելի է քեզ միակը զգալը, մի ամբողջ քաղաք և դրա շրջապատը ցնցելու համար», ինքն իրեն կրկնում էր մեծ համոզմունքով:
– Մի՛ սպասիր ավելի շատ միջոցներ ունենալուն, կամ որ օգնության հասնեն ուրիշները. հոգիները քո կարիքն ունեն այսօ՛ր, ա՛յժմ:
 
118. Համարձակ եղիր աղոթքիդ մեջ և Տերը քեզ հոռետեսից լավատեսի կփոխակերպի. երկչոտից՝ արիասրտի. հոգով մանր մեկից՝ հավատքի մարդու, առաքյալի:
 
119. Խնդիրները, որ առաջ մտատանջում էին քեզ, – քեզ բարձրաբարձր պարիսպներ էին թվում, – ամբողջովին անհետացել են, լուծվել են աստվածային եղանակով, ինչպես երբ Տերը քամիներին ու ջրերին հրամայեց հանդարտվել:
– Իսկ դու տակավին կասկածում էիր:
 
120. «Չափազանց շատ մի՛ օգնեք Սուրբ Հոգուն», ինձ ասում էր մի ընկեր, կատակով, բայց մեծ վախով:
– Պատասխանեցի. կարծում եմ, որ Նրան շատ քիչ ենք «օգնում»:
 
121. Երբ ոմանց մոտ տեսնում եմ բազմաթիվ փոքրոգություններ, բազմաթիվ կեղծ խոհեմություններ, ... այրվում եմ հարցնելու ցանկությունից. բայց ուրեմն, հավատքն ու վստահությունը միայն քարոզելո՞ւ համար են, բայց ո՞չ գործադրելու:
 
122. Գտնվում ես մի իրավիճակում, որը քեզ բավականին տարօրինակ է թվում. մի կողմից, նայելով քո ներսը, քեզ ընկճված ու անհույս ես զգում. իսկ, մյուս կողմից, դեպի Վեր նայելով, զգում ես քեզ ապահով, ոգևորված:
– Մի՛ մտահոգվիր. սա նշանակում է, որ սկսել ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել, և – սա այո՛, որ կարևոր է, – սկսել ես ավելի լավ ճանաչել Իրեն:
 
123. Տեսա՞ր: – Նրա հետ՝ կարողացար: Ինչո՞ւ ես զարմանում:
– Համոզվի՛ր. զարմանալու ոչինչ չկա: Աստծուն ապավինելով – իսկապե՛ս ապավինելով – ամեն բան դյուրին է դառնում: Եվ, բացի դա, միշտ գերազանցվում է պատկերացված սահմանը:
 
124. Ուզո՞ւմ ես ապրել սուրբ համարձակությունը, ստանալու համար, որ Աստված գործի քո միջոցով:
– Դիմի՛ր Մարիամին, և Նա կընկերակցի քեզ խոնարհության ճանապարհի երկայնքին, այնպես, որ մարդկային մտքի համար անհնարին իրողությունների դիմաց դու կարողանաս պատասխանել մի «Եղիցի՛»ով - «Թող լինի», որով երկիրը կմիանա Երկնքին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։