01-04ա. Հիշել և չգայթակղվել – Գրադարան – Mashtoz.org

01-04ա. Հիշել և չգայթակղվել

⁓ Հվհ 8, 29; 9, 22; 13, 19; 14, 29; 15, 21; 17, 22
≈ Մտթ 5, 11; 10, 17; 24, 9; Մրկ 13, 23; Ղկս 6, 22; 22, 53; Գրծ 26, 9-11
 
1«Այս բաները խոսեցի ձեզ, որպեսզի չգայթակղվեք: 2Ժողովարաններից դուրս են հանելու ձեզ. մանավանդ թե, գալիս է մի ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, կարծելու է, թե պաշտամունք է մատուցում Աստծուն: 3Եվ այս բաներն անելու են, որովհետև չճանաչեցին Հորը, ո՛չ էլ՝ ինձ: 4Բայց այս բաները խոսեցի ձեզ, որպեսզի երբ դրանց ժամանակը հասնի, հիշեք դրանք, որ ես ձեզ ասել եմ»:
16, 1 - «չգայթակղվեք». Գայթակղություն եզրի նշանակության համար՝ տե՛ս Մտթ 18, 8-9+-ի առաջին մասը:
 
16, 2 - «Ժողովարաններից». Որոշ ձեռագրեր ավելացնում են. «իրենց»: Գրաբարը ևս. «'ի ժողովրդոց իւրեանց»։ ꟷ
- «պաշտամունք». Հուն. «λατρεία» - «լատռէիա». Աստվածությանն ուղղված ամենասրբազան, քահանայական-ծիսական պաշտամունքի իմաստն արտահայտող եզրն է: Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է այն գործածում, միայն այս տողում (մինչ Մատթեոսն ու Ղուկասը գործածում են «պաշտել» բայը. Մտթ 4, 10; Ղկս 1, 74; 2, 37; 4, 8; Գրծ 7, 7.42; 24, 14; 26, 7; 27, 23):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։