01-41. Ի ծնե կույրի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

01-41. Ի ծնե կույրի բժշկումը

⁓ Հվհ 3, 2.36; 4, 19.26.34; 5, 9.14.17.20; 7, 13.19.43.49; 8, 12; 9, 2.5.16.31-33; 11, 4.9-10; 12, 35-36.42.48; 16, 2
≈ Մտթ 8, 10.20; 12, 10-11; 13, 13; 15, 14; 16, 14; 23, 16; Մրկ 8, 23; Ղկս 13, 2.10; 14, 1; Գրծ 10, 35;
Ել 20, 5; 33, 11; Թց 12, 2-8; Առկ 15, 29; 26, 12; Ես 1, 15; 8, 6
 
1Եվ անցնելիս Նա մի մարդ տեսավ՝ ի ծնե կույր, 2և Նրա աշակերտները հարցրեցին Նրան, ասելով. «Ռաբբի՜, ո՞վ է մեղանչել, նա՞, թե՞ իր ծնողները, որ նա կույր է ծնվել»: 3Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ ինքն է մեղանչել, ո՛չ էլ իր ծնողները, այլ՝ որպեսզի նրա մեջ տեսանելի լինեն Աստծո գործերը: 4Հարկավոր է, որ մենք կատարենք գործերը Նրա, Ով ինձ ուղարկել է, քանի դեռ ցերեկ է: Մոտ է գիշերը, երբ ոչ ոք չի կարող աշխատել: 5Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»:
6Երբ այս բաներն ասաց, թքեց գետնին և թքով ցեխ պատրաստեց, ապա ցեխը նրա աչքերին քսեց, 7և նրան ասաց. «Գնա՛, լվացվի՛ր Սիլոամի ավազանում», որ նշանակում է Առաքված: Նա, ուրեմն, գնաց և լվացվեց, և վերադարձավ՝ տեսողությունը վերականգնված: 8Հարևաններն, ուստի, և նրանք, որ նախկինում տեսել էին նրան, որ մուրացկան էր, ասում էին. «Սա չէ՞, որ նստում էր և մուրում»: 9Ոմանք ասում էին, թե. «Նա է», ուրիշներ ասում էին. «Ո՛չ, այլ՝ նման է նրան»: Ինքն ասում էր, թե. «Ես եմ»: 10Նրանք, ուստի, ասում էին նրան. «Ուրեմն ինչպե՞ս բացվեցին քո աչքերը»: 11Նա պատասխանեց. «Այն մարդը, որի անունը Հիսուս է, ցեխ պատրաստեց ու իմ աչքերին քսեց, և ինձ ասաց, թե. ''Գնա՛ Սիլոամ և լվացվի՛ր'': Ես, ուստի, գնացի ու լվացվեցի, և վերագտա տեսողությունս»: 12Եվ նրանք ասացին նրան. «Որտե՞ղ է նա»: Նա ասաց. «Չգիտեմ»:
13Նրանք փարիսեցիների մոտ տարան նրան, ով մի ժամանակ կույր էր եղել: 14Իրոք, օրը շաբաթ էր, երբ Հիսուսը ցեխ պատրաստեց և նրա աչքերը բացեց: 15Փարիսեցիներն էլ, ուստի, կրկին հարցրեցին նրան, թե ինչպե՛ս վերագտավ տեսողությունը: Եվ նա ասաց նրանց. «Ցեխ քսեց իմ աչքերին, և լվացվեցի, ու տեսնում եմ»: 16Փարիսեցիներից ոմանք, մինչ այդ, ասում էին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթը չի պահում»: Ուրիշներ, մինչդեռ, ասում էին. «Մեղավոր մարդն ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»: Եվ պառակտում կար նրանց միջև: 17Ուստի կրկին ասացին կույրին. «Դու նրա մասին ի՞նչ ես ասում, քանի որ քո աչքերը նա բացեց»: Եվ նա ասաց, թե. «Մարգարե է»: 18Հրեաները, սակայն, նրա վերաբերյալ չհավատացին, որ կույր էր եղել, ապա տեսողությունը վերագտել, մինչև որ ծնողներին կանչեցին՝ նրա, ով վերագտել էր տեսողությունը: 19Եվ հարցրեցին նրանց, ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել: Ուրեմն ինչպե՞ս է հիմա տեսնում»: 20Նրա ծնողներն, այնժամ, պատասխանեցին և ասացին. «Մենք գիտենք, որ սա մեր որդին է, և որ կույր է ծնվել: 21Բայց թե ինչպե՛ս է հիմա տեսնում, մենք չգիտենք. կամ թե ո՛վ է բացել նրա աչքերը, մենք չգիտենք: Հենց իրե՛ն հարցրեք, ինքը չափահաս է, իր մասին ի՛նքը կխոսի»: 22Նրա ծնողներն այս բաներն ասացին, որովհետև վախենում էին հրեաներից. իրոք, հրեաներն արդեն համաձայնվել էին, որ եթե մեկը Նրան Քրիստոս դավանի, ժողովարանից հեռացվի: 23Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին, թե. «Չափահաս է, իրե՛ն հարցրեք»:
24Այնժամ կրկին կանչեցին այդ մարդուն, որ կույր էր եղել, և ասացին նրան. «Աստծո՛ւն փառք տուր: Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»: 25Նա, ուստի, պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ: Միայն մի բան գիտեմ. որ կույր լինելով՝ հիմա տեսնում եմ»: 26Նրանք, ապա, ասացին նրան. «Ի՞նչ արեց քեզ: Ինչպե՞ս բացեց քո աչքերը»: 27Պատասխանեց նրանց. «Արդեն ասացի ձեզ և չլսեցիք ինձ: Ինչո՞ւ եք ուզում նորից լսել: Արդյոք դուք է՞լ եք ուզում Նրա աշակերտները դառնալ»: 28Այնժամ անպատվեցին նրան ու ասացին. «Դո՛ւ ես դրան աշակերտ: Մենք, մինչդեռ, Մովսեսին ենք աշակերտ: 29Մենք գիտենք, որ Մովսեսին խոսեց Աստված, իսկ սա չգիտենք, թե որտեղի՛ց է»: 30Մարդը պատասխանեց և նրանց ասաց. «Զարմանալին հենց դա է. որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, և սակայն, նա իմ աչքերը բացեց: 31Մենք գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է և Նրա կամքը կատարում է, նրան Նա լսում է: 32Ի հավիտենից երբեք չի լսվել, որ մեկն ի ծնե կույրի աչքերը բացած լինի: 33Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ անել չէր կարողանա»: 34Նրանք պատասխանեցին և ասացին նրան. «Դու ամբողջովին մեղքերի մեջ ես ծնվել, և դո՞ւ ես մեզ ուսուցանում»: Եվ նրան դուրս վռնդեցին:
35Հիսուսը լսեց, որ նրան դուրս էին վռնդել, և նրան գտնելով՝ ասաց. «Դու հավատո՞ւմ ես Մարդու Որդուն»: 36Նա պատասխանեց և ասաց. «Իսկ նա ո՞վ է, Տե՜ր, որ հավատամ իրեն»: 37Հիսուսը նրան ասաց. «Սակայն տեսել ես նրան: Նաև նա՛ է, որ այժմ խոսում է քո հետ»: 38Նա, այնժամ, ասաց. «Հավատում եմ, Տե՜ր»: Եվ մինչև գետին խոնարհվեց Նրա առաջ:
39Եվ Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եմ ես այս աշխարհ եկել, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»: 40Փարիսեցիներից ոմանք, որ Նրա հետ էին, լսեցին այդ խոսքերը և ասացին Նրան. «Մի՞թե մենք էլ կույր ենք»: 41Հիսուսն ասաց նրանց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա: Բայց քանի որ ասում եք, թե. ''Մենք տեսնում ենք'', ձեր մեղքը մնում է»:
9, 1-10, 21 - Ի ծնե կույրի բժշկումը, շաբաթ օրով, վեցերորդ «նշանն» է, որով հիմնավորվում է նախապես ասված խոսքը («Ես եմ աշխարհի լույսը». 8, 12), և որը կրկնվելու է ևս երեք անգամ (9, 5; 11, 9; 12, 46):
 
9, 1-12 - Նման հրաշագործություններ պատմվում են նաև համատես Ավետարաններում (հմմտ. Մտթ 9, 27-31; 12, 22; 21, 14; Մրկ 8, 22-26; 10, 46-52): Դրանցով ակնհայտ է դառնում Հիսուսի սիմվոլիզմը որպես լույս, բայց նաև ընդգծվում է մոտենալը այն ժամվա, երբ լույսը հեռանալու է: Միաժամանակ, կույրերին տեսողությունը վերադարձնելը որպես նպատակ ունի ուսուցանել «տեսնել» ինքնին հրաշագործությունից անդին. աչքերը, որ բացվում են, դառնում են խորհրդապատկերը սրտի աչքերի, որոնք սովորում են ճանաչել Հիսուսին:
 
9, 2 - «ո՞վ է մեղանչել». Աշակերտների խոսքերը վերաբերվում են մի ժողովրդական հավատալիքի, որի համաձայն՝ հիվանդությունը դա աստվածային պատիժ է ինչ որ մի մեղքի համար, գործված կա՛մ տվյալ անձի, կա՛մ նրա ծնողների (կամ նախահայրերի) կողմից: Նման հավատալիքները, սակայն, հիմնավորում չեն գտնում Հին Կտակարանում, ուր միակ մեղքը, որ պատժվում և փոխանցվում է գալիք սերունդներին, կռապաշտության դիվային մեղքն է (հմմտ. Ել 20, 5; 2Օր 5, 9): Սա չէ, ակներև կերպով, ո՛չ ի ծնե կույրի, ո՛չ էլ՝ նրա ծնողների պարագան: ꟷ
- «ծնողները». Հուն. «οἱ γονεῖς» - «հոյ գոնէիս». Ծնողները՝ ընդհանուր իմաստով. հայր և մայր, բայց նաև պապիկ ու տատիկ, և որևէ նախահայր ու նախամայր: Որոշ ձեռագրեր նախընտրում են կոնկրետացնել. «իր հայրն ու մայրը»: Գրաբարը ևս. «հօր եւ մօր իւրոյ»։
 
9, 4 - «որ մենք կատարենք». Հուն. «ἡμᾶς δεῖ ἐργάζεσθαι» - «հեմաս դեյ էռգազեսթայ». Որոշ ձեռագրեր հոգնակին փոխարինում են եզակիով. «որ ես կատարեմ»: Գրաբարը ևս. «ինձ պարտ է գործել»։ Բնագրի հոգնակին, մինչդեռ, որպես նպատակ ունի ընդգծելը, որ Հիսուսը կամենում է աշակերտներին ևս մասնակից դարձնել Իր առաքելությանը, «քանի դեռ ցերեկ է», այսինքն՝ երբ Լույսն իրենց հետ է: Սա, վերջնական իմաստով, նշանակում է, որ աշակերտներն Իր առաքելությունը շարունակելու են ամեն օր, մինչև աշխարհի վախճանը, նաև երբ Ինքը ֆիզիկապես ներկա չի լինելու իրենց մեջ, որովհետև հոգեպես Նա Էմմանուելն է և խոստացել է նրանց հետ լինել միշտ (հմմտ. Մտթ 28, 20 և 28, 20+-ի երկրորդ մասը): ꟷ
- «Մոտ է». Բառացի՝ գալիս է, գալու վրա է, պատրաստ է գալու: «Գիշերը» առաջին հերթին Քրիստոսի խաչելության ու մահվան ողբերգությունն է: Երկրորդ հերթին՝ անհատի կյանքի ավարտը, մահը, որ ամեն պահի կարող է վրա հասնել և վերջ դնել գործելու ժամանակին:
 
9, 6 - «թքով ցեխ պատրաստեց». Տե՛ս Մրկ 7, 33+: – Ցեխ պատրաստելու գործողությամբ արդեն խախտվում էր շաբաթ օրվա հանգստի պատվիրանը, այնպես՝ ինչպես այն հասկանում էին փարիսեցիներն ու օրենսգետները, քանի որ շաղելու գործողությունը (լիներ դա խմոր, թե ցեխ) մեկն էր այն երեսունիննը գլխավոր աշխատանքներից, որոնք արգելված էին կատարել շաբաթ օրվա ընթացքում:
 
9, 7 - «Սիլոամի ավազանում». Ավազանում լվացվելու կոչով – ինչպես Նաաման բորոտն էր լվացվել Հորդանանի ջրերի մեջ (2Թգ 5, 10) – Հիսուսի կողմից գրեթե խրախուսվում է հավատքի մի անձնական փաստ և դրսևորում տալը, որով կույրը մասնակցում է իր իսկ բժշկությանը:
Հնարավոր է նաև, որ «տեսողությունը վերագտնելու» նպատակով ավազանում լվացվելու պատկերը Հովհաննեսի կողմից ներկայացվում է որպես Մկրտության խորհրդապատկեր:
Սիլոամի ավազանը – որ հիշատակվում է միայն այս դրվագում և Ղկս 13, 4 տողում – իր մեջ հավաքում էր Կույսի («Ghicon») աղբյուրից եկող ջրերը, շնորհիվ մի ջրանցքի (« הַשֶּׁ֙לַח֙ » - «šelaḥ». Նե 3, 15. « הַשִּׁלֹ֔חַ » - «šilōaḥ». Ես 8, 6), որ մոտավորապես 500 մետր երկարություն ուներ և փորվել էր տրվել Եզեկիա թագավորի կողմից Ք.ա. 700 թվականին: Բոլորի կողմից ճանաչված վայր էր, քանի որ այդ ավազանից էին ջուր վերցնում Տաղավարահարաց տոնի ժամանակ: Նույն Հովհաննեսի կողմից այստեղ խորհրդաբանորեն կապակցության մեջ է դրվում եբրայեցերեն «šlḥ» բայի հետ, որ նշանակում է «առաքել», որպես Հիսուսի՝ Հոր կողմից Առաքվածի մեսսիական պատկեր:
 
9, 9 - Բուռն վիճաբանության մեջ («Ոմանք ասում էին ... , ուրիշներ ասում էին ... »), որ բռնկվում է ներկաների միջև, բժշկված կույրի պատասխանը վերացնում է ամեն կասկած. «Ես եմ»: Բայց ինքնության ճանաչման այս պարզագույն նախադասությունն ինքնաբերաբար հղում է Հիսուսի կողմից արտասանված «Ես Եմ»ին (4, 26; 6, 20) և, միաժամանակ, «Ես Եմ»ի հայտնող զորությանը (8, 24.58), որը կույրին տալիս է աչքեր ո՛չ միայն տեսնելու, այլ նաև՝ հավատալու համար:
 
9, 11 - Նշանակալի է Հիսուսի ինքնության աստիճանական հայտնությունը ի ծնե կույրին. այստեղ «այն մարդն» է, 17րդ տողում դառնում է «Մարգարե», 33րդ տողում՝ «Աստծուց եկած մեկը», ի վերջո, 35-38րդ տողերում՝ «Մարդու Որդին»:
 
9, 15 - «կրկին հարցրեցին». Համառությունը, որով փարիսեցիները հարցաքննության են ենթարկում ի ծնե կույր մարդուն, ցույց է տալիս, որ նրանց ողջ ջանքը կայանում է օրենքի խախտման փաստեր փնտրելու մեջ: Նրանց բնավ չի հետաքրքրում փաստը, որ մի մարդ, որ ի ծնե կույր էր, այժմ վերագտել է տեսողությունը: Նրանց գերագույն արժեքը և չափման միակ միավորը օրենքների պահպանումն է: Նրանք համոզված են, թե ով պահում է օրենքները, Աստծո հետ է, իսկ ով խախտում է օրենքները, Աստծո դեմ է: Նրանց մտահամակարգում անգամ նվազագույն տեղ չկա բարության համար: – Տե՛ս նաև Մտթ 12, 1-8+ և Մրկ 2, 23-28+:
 
9, 18 - «Հրեաները ... չհավատացին». Անհավատությունը գերակշռում և հաղթում է փարիսեցիներին, հակառակ այն բանի, որ փաստերի ակնհայտությունը սասանում է նրանց համոզմունքները: – «Հրեաները» եզրի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 28, 15+:
 
9, 22 - «համաձայնվել էին». Հուն. «συνετέθειντο» - «սյունէտեթեինտո». Նոր Կտակարանում գործածված է միայն 4 անգամ. Ղկս 22, 5; Գրծ 23, 20; 24, 9 և այստեղ: Նշանակում է ի մի գալ, միաբանվել, համաձայնություն կնքել, միասին ուխտ, դաշինք հաստատել: Գրաբարը. «ուխտ եդեալ էր Հրեից»։ ꟷ
- «ժողովարանից հեռացվի». Պատմական հավաստի տեղեկությունների համաձայն, Քրիստոնեության տարածման առաջին իսկ տարիներից սկսած, հրեաներն իրենց ծիսական տասնութ օրհնությունների վրա ավելացրել էին նաև մի բանադրանք՝ ընդդեմ հերետիկոսների, այսինքն՝ նրանց, ովքեր Հիսուսին ընդունում էին որպես Քրիստոս, որպես սպասված Մեսսիան («minîm»): Առաջին տեղեկությունները պատկանում են Ք.հ. մոտ 85 թվականին: – «Ժողովարանից հեռացվել» եզրը («ἀποσυνάγωγος» - «ապոսյունագօգոս») Նոր Կտակարանում գործածում է միայն Հովհաննեսը (3 անգամ. 9, 22; 12, 42; 16, 2):
 
9, 23 - «Չափահաս է». Բառացի՝ տարիք ունի: Խոսքը վերաբերվում է իրավական տարիքին, դատարանում վկայություն տալու համար պահանջված չափահասությանը:
 
9, 24 - «Աստծո՛ւն փառք տուր». Հուն. «Δὸς δόξαν τῷ Θεῷ» - «Դո՛ս դոքսան տօ Թէօ». Սույն բանաձևով կոչ էր արվում ասելու ճշմարտությունը, տվյալ դեպքում՝ սեփական մեղքը խոստովանելու իմաստով: Ընդունել սեփական մեղքը (հմմտ. Հս 7, 19; 1Սմ 6, 5) նշանակում է ապավինել Տիրոջ ներողամտությանը և, հետևաբար, փառավորել Նրան:
 
9, 32 - «երբեք չի լսվել». Կույրի բժշկության միակ դեպքը, որ պատմվում է Հին Կտակարանում, Տոբիի դեպքն է (հմմտ. Տբթ 7, 6; 11, 7-13; 14, 1-2), ով, սակայն, ի ծնե կույր չէր:
 
9, 34 - Փարիսեցիները, փոխանակ փաստերի շուրջ քննարկում ծավալելու, բժշկված կույրին պատասխանում են՝ նրան անարգելով: Այդպես վարվելով՝ անարգում են նաև Հիսուսին, ինչպես վարվել էին ա՛յլ առիթներով ևս (8, 48), և ինչպես վարվել էին նաև Նիկոդեմոսի հետ (7, 52): Դրսևորում են, այսինքն, դասական դիրքորոշումը նրա, ով ներքուստ լիովին կուրացած է իր կաղապարների գոռոզության մեջ և կորցրել է իրականության հետ որևէ կապ և լսելու ունակություն: ꟷ
- «դուրս վռնդեցին». Խոսքն այստեղ չի վերաբերվում ժողովարանից հեռացնելու բանադրանքին, որի մասին ակնարկվել էր 22րդ տողում («ἀποσυνάγωγος» - «ապոսյունագօգոս»): Խոսքն այստեղ իրենց ներկայությունից բիրտ կերպով հեռացնելու մասին է («ἐκβάλλω» - «էկբալլօ»):
 
9, 35 - «նրան գտնելով». Ինչպես կատարվել էր աշակերտներից Փիլիպպոսի (1, 43. տե՛ս 1, 43+) և նախկին անդամալույծի (5, 14) դեպքում, այստեղ էլ Հիսուսը «գտնում է» բժշկված կույրին: Նրան չի գտնում պատահաբար, այլ՝ որովհետև գործի է դնում նրան փնտրելու նախաձեռնությունը. ինչպես Իմաստությունը, որ փնտրում է նրանց, ովքեր իրեն արժանի են, և գտնում է նրանց (Իմս 6, 16): ꟷ
- «Մարդու Որդուն». Որոշ ձեռագրեր փոխարինում են «Աստծո Որդուն» արտահայտությամբ, խոսքին տալով հավատքի դավանության հանդիսավոր կերպարանք: Գրաբարը ևս. «Դու հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ»։
 
9, 37 - «տեսել ես». Մինչև այժմ գործածված «βλέπω» - «բլեպօ» (տեսնել) և «ἀναβλέπω» - «անաբլեպօ» (տեսողությունը վերագտնել) բայերին Հովհաննեսն այժմ ավելացնում է «ὁράω» - «հոռաօ» բայը, որն ընդգծում է «տեսնելը» ընկալելու, հավաստելու և մասնակցելու իմաստով (հմմտ. 3, 3 և 3, 3+): ꟷ
- «նա՛ է, որ այժմ խոսում է քո հետ». Հիշեցնում է այն նույն հեղինակությունը, որով Հիսուսը խոսել էր սամարացի կնոջ հետ (4, 26):
 
9, 38 - «Հավատում եմ, Տե՜ր». Հիսուսի խոսքի անմիջական ընդունումը ցույց է տալիս, որ կույրի հոգում կա արդեն հավատքի մի ծիլ, որն աստիճանաբար զարգանում է, մինչև որ հասնում է Հիսուսի բնության լիակատար ճանաչմանը: Փարիսեցիների հոգում, մինչդեռ, տեղի է ունենում հակառակ գործընթացը. սկզբնական զարմանքից ու անորոշությունից (16) անցում է կատարվում եզրակացությանը, թե Հիսուսը մեղավոր մեկն է (24): Իրենք իրենց մեջ փակված, նրանք հնարավորություն չեն տալիս Հիսուսին՝ բացելու իրենց աչքերը Լույսի առաջ:
 
9, 39-41 - Բացատրվում է կատարված բժշկության խորհրդաբանական նշանակությունը: Փարիսեցիների հոգու կուրությունը զերծ չէ մեղքից, քանի որ հակառակ դեպքում նրանք տրամադիր կլինեին ընդունելու այլոց վկայությունը:
 
9, 39 - «Դատաստանի համար եմ ... եկել». Դատաստանը, որի մասին խոսվում է, Հիսուսի առաքելության վերջին հանգրվանն է, ո՛չ թե՝ սկզբնական կամ առաջնային շարժառիթը: Նրա նպատակն, արդարև, մարդկանց դատելը չէ՝ դատապարտելու համար (3, 17; 12, 47), այլ՝ «աշխարհի» գործելակերպի ամբարշտությունն ակներև դարձնելը (7, 7): Հարկավոր է միշտ ի նկատի առնել նաև, որ աստվածաշնչյան բառապաշարի մեջ «դատել» նշանակում է «զատել», «զատորոշել»: Տվյալ դեպքում, դատաստանը կայանում է այն բանի մեջ, որ ցույց է տրվում (զատորոշվում է), որ փարիսեցիները գործում են հանուն անարդարացի կերպով գործածված օրենքների (7, 23-24) և մերժում են ճանաչել և ընդունել Լույսը (1, 9-11), որն այդքա՜ն ակնհայտությամբ բացահայտվում է իրենց աչքերի առաջ: ꟷ
- «ովքեր տեսնում են». Իրենք իրենց բավական լինելու ինքնախաբեությամբ տարվածները, որ ապավինում են իրենց սեփական մտքի լույսերին, միայն իրենց հասկացողություններին (հմմտ. 24.29.34 տողերը), ի հակադրություն խոնարհների, որոնց տիպար օրինակն է կույրը այս դրվագում (հմմտ. 2Օր 29, 3; Ես 6, 9-10; Երմ 5, 21; Եզկ 12, 2):
 
9, 41 - «ձեր մեղքը մնում է». Մրկ 3, 29 տողում ասվում է (հմմտ. նաև Մտթ 12, 31-32 և 12, 31-32+), որ ով անարգալի խոսքեր է ասում Սուրբ Հոգու դեմ, հավիտյան ներում չի գտնի: 1Հվհ 5, 16-17 հատվածը ևս ակնարկում է գոյությանը մի մեղքի, որ մահացու է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։