19-47. Ճառ Որդու գործերի մասին – Գրադարան – Mashtoz.org

19-47. Ճառ Որդու գործերի մասին

⁓ Հվհ 1, 8.14.19-34; 2, 11; 3, 2.11.16-18.32.35; 4, 34; 5, 19.27.30.36-39; 6, 38-40.44-45.53.57; 7, 18-19; 8, 13-14.18.28-29.37.51; 10, 27; 11, 25-26.43-44; 12, 43; 17, 6; 18, 37
≈ Մտթ 3, 17; 8, 10.20-22; 11, 7-11; 16, 27; 23, 5-7; 24, 5.24; 25, 46; Ղկս 1, 17; 10, 16; 16, 31; 24, 27.44; Գրծ 10, 42; 24, 15; Հռմ 2, 29; 1Կր 4, 5; Եփս 2, 5-6; 5, 14; Փլպ 2, 10-11; 2Տմ 3, 15-17; 1Պտ 1, 11; 1Հվհ 2, 14-15.23; 3, 14; 5, 9; Ծնդ 3, 15; 49, 10; 2Օր 4, 12; 18, 15; 31, 26; 32, 39; Սրք 48, 1; 1Սմ 2, 6; 2Թգ 5, 7; Դն 7, 10.13-14.22; 12, 2; 14, 22
 
19Հիսուսն ապա պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ոչինչ չի կարող անել ինքնուրույն, եթե ո՛չ միայն այն, ինչը որ տեսնում է, որ Հայրն անում է: Արդարև, ինչը որ Նա անում է, դա նաև Որդին է անում նույն կերպ: 20Որովհետև Հայրը սիրում է Որդուն և Նրան հայտնում է ամեն ինչ, որ Ինքն անում է. և սրանցից ավելի մեծ գործեր է հայտնելու Նրան, այնպես՝ որ դուք հիացած մնաք: 21Որովհետև, ինչպես որ Հայրն է հարություն տալիս մեռելներին և կենդանացնում, նույն կերպ նաև Որդին կենդանացնում է՝ ո՛ւմ կամենում է: 22Հայրն, իրոք, ոչ ոքի չի դատում, այլ՝ ամեն դատաստան հանձնել է Որդուն, 23որպեսզի բոլորը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը: Ով չի պատվում Որդուն, չի պատվում Հորը՝ Նրան ուղարկողին:
24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա, ով իմ խոսքը լսում է, և հավատում է Նրան, Ով ինձ ուղարկել է, հավիտենական կյանք ունի և դատաստանի չի ենթարկվում, այլ՝ անցել է մահից կյանքի:
25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հասնում է ժամը, և ա՛յժմ իսկ է, երբ մեռյալները լսելու են Աստծո Որդու ձայնը. և նրանք, որ կլսեն, կապրեն: 26Որովհետև, ինչպես Հայրը կյանք ունի Ինքն Իր մեջ, նույն կերպ նաև Որդուն ընձեռեց՝ կյանք ունենալու Ինքն Իր մեջ. 27և Նրան իշխանություն տվեց դատաստան կատարելու, որովհետև Նա Մարդու Որդի է: 28Մի՛ զարմացեք դրա վրա, քանի որ հասնում է մի ժամ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, լսելու են Նրա ձայնը և դուրս են ելնելու. 29նրանք, որ բարիք են գործել, կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, դատաստանի հարության համար: 30Ես ոչինչ չեմ կարող անել ինքնուրույն. ինչպես որ լսում եմ, դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև իմ կամքը չեմ որոնում, այլ՝ կամքը Նրա, Ով ինձ ուղարկել է:
31Եթե ես եմ վկայում ինքս իմ մասին, իմ վկայությունը ճշմարիտ չէ: 32Ուրիշ Մեկն է, որ վկայում է իմ մասին, և ես գիտեմ, որ ճշմարիտ է այն վկայությունը, որով Նա վկայում է իմ մասին: 33Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք և նա վկայեց ճշմարտությանը: 34Ես, սակայն, վկայություն չեմ ընդունում մարդուց. բայց այս բաներն ասում եմ, որպեսզի դուք փրկվեք: 35Նա այրվող ու շողացող ճրագն էր. դուք, մինչդեռ, միայն մի պահ կամեցաք ցնծալ նրա լույսի մեջ:
36Ես, սակայն, ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը. գործերն, այսինքն, որոնք Հայրը տվեց ինձ, որպեսզի ես ավարտին հասցնեմ դրանք, նո՛ւյն այն գործերը, որ ես անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել: 37Նաև Նա, Ով ուղարկել է ինձ, Հայրն Ինքը, վկայեց իմ մասին: Բայց դուք Նրա ձայնը երբեք չեք լսել, ո՛չ էլ Նրա կերպարանքն եք տեսել, 38և ձեր մեջ բնակված չունեք Նրա խոսքը, քանի որ Ում Նա ուղարկեց, դուք Նրան չեք հավատում: 39Քննեցե՛ք Գրվածքները, քանի որ կարծում եք, որ նրանցով հավիտենական կյանք կունենաք. սակայն հենց դրանք են, որ վկայում են իմ մասին: 40Բայց դուք չեք կամենում գալ իմ մոտ, որպեսզի կյանք ունենաք:
41Ես մարդկանցից փառք չեմ ընդունում: 42Բայց ես գիտեմ ձեզ, որ Աստծո սերը չունեք ձեր մեջ: 43Ես եկա իմ Հոր Անունով, և ինձ չեք ընդունում: Եթե ուրիշ մեկը գա ինքն իր անունով, նրան կընդունեք: 44Ինչպե՞ս կարող եք հավատալ դուք, որ միմյանցից եք փառք ընդունում և հետամուտ չեք այն փառքին, որ միակ Աստծուց է գալիս: 45Մի՛ կարծեք, թե ես եմ ձեզ մեղադրելու Հոր մոտ: Ձեզ մեղադրող մեկը կա. Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել: 46Որովհետև, եթե Մովսեսին հավատայիք, կհավատայիք նաև ինձ, քանի որ նա իմ մասին է գրել: 47Բայց եթե չեք հավատում նրա գրություններին, ինչպե՞ս կհավատաք իմ խոսքերին»:
5, 19 - «Որդին ոչինչ չի կարող անել ինքնուրույն». Որոշ ձեռագրեր, հավանաբար ցանկանալով ընդգծել, որ ինքնուրույն ոչինչ չի կարող անել մարդացա՛ծ Որդին՝ Հիսուս Քրիստոսը, նախընտրում են գրել «Մարդու Որդին»: Գրաբարը ևս. «ոչ կարէ Որդի Մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ»։ Հիսուսի խոսքը, մինչդեռ, վերաբերվում է հենց Ամենասուրբ Երրորդությանը, Երրորդության ներքին Միությանը. այո՛, Որդու գործունեությունը լիովին համապատասխանում է Հոր գործունեությանը, և հե՛նց դրանով էլ արդարացվում է: ꟷ
- «նույն կերպ». Հուն. «ὁμοίως» - «հոմոյօս». Նույն, միևնույն ձևով, նմանապես, միանման ձևով, հավասարապես:
 
5, 20 - «Հայրը սիրում է Որդուն». Երկրորդ անգամն է, որ գործածվում է այս արտահայտությունը (հմմտ. 3, 35): Եվ որքան էլ որ հունարենում «սիրել» գաղափարն արտահայտող երկու բայերը («ἀγαπάω» - «ագապաօ» և «φιλέω» - «ֆիլէօ») գրեթե փոխգործածելի են (հմմտ. 15, 13), այստեղ Հովհաննեսը գործածում է «ֆիլէօ» բայը: ꟷ
- «հայտնում է». Հուն. «δείκνυσιν» - «դէիկնյուսին». Բառացի՝ ցույց է տալիս, ցուցադրում է, այսինքն՝ գաղտնի չի պահում: Գրաբարը. «ցուցանէ»։ ꟷ
- «սրանցից ավելի մեծ գործեր». Խոսքը չի վերաբերվում է՛լ ավելի աղմուկ բարձրացնող հրաշագործությունների, այլ՝ Հիսուսին տրված իշխանությանը՝ կյանք տալու և դատելու (21.27):
 
5, 22 - Հակասություն չկա Հիսուսի այս խոսքի և այն մյուսի միջև, որ ասվել էր 3, 17 տողում, ուր Հիսուսի կողմից արտասանված խոսքերի նպատակն էր բացառել դատապարտող դատաստանը որպես Իր առաքելության գլխավոր, հիմնական ու առանցքային շարժառիթ, բայց ո՛չ՝ ընդհանրապես մի կողմ դնել դատելու Իր իշխանությունը:
 
---
 
5, 22 - Երբ հասնի Վերջին Օրը, Հիսուսը լինելու է Գերագույն Դատավորը (5, 26-30; 12, 48; հմմտ. Մտթ 25, 31-46; Հռմ 2, 6): Այդ Դատաստանի ժամանակ բացահայտվելու է ելքը դատավարության, որ սկիզբ է առել Որդու գալստյամբ (3, 11; 5, 25; 12, 31): Մարդիկ դատվելու են Հիսուսին ընծայած կամ մերժած հավատքի համաձայն (3, 12.18-21; 16, 8-11). Հիսուսի, Ով փրկիչն է բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իրեն (3, 18; 8, 15; 12, 47). ընդունելություն ո՛չ սոսկ խոսքերով, այլ՝ կոնկրետ գործերով փաստված (Մտթ 7, 21-23; Հկբ 2, 14-26):
Ավետարանների ընթերցանության ժամանակ միշտ հարկավոր է ի նկատի ունենալ, որ «դատաստանին» վերաբերվող հատվածները պարունակում են խմբագրային բազմաթիվ շերտեր և վերաբերվում են տարբեր դատաստանների. դատաստանը սատանայի ու աշխարհի դեմ, որն արդեն իսկ իրականացել է Որդու խաչելությամբ, անհատական դատաստանները, վերջին օրվա դատաստանը, վախճանաբանական դատաստանը, և այլն:
 
---
 
5, 25 - «մեռյալները». Հուն. «νεκροὶ» - «նեկռոյ». Հովհաննեսի վախճանաբանական տեսությունը – ապագա իրագործմանը ձգտելով հանդերձ (ինչին որ վկայում են բայերի ժամանակաձևերը) – այստեղ ավելի շատ կապակցության մեջ է դրվում ներկա ժամանակի հետ: «Մեռյալները» մարմնով մահացածները չեն, այլ՝ հոգով մեռածները, որոնք, եթե բացվում են Աստծո նախաձեռնության առաջ և լսում ու ընդունում են Հիսուսի խոսքը, վերադառնում են ապրելու և հավիտենական կյանք են ստանում:
 
5, 26-27 - 21-22 տողերի զուգահեռներն են:
 
5, 28-29 - Մինչ 19-27 տողերում ներկայացվում էր վախճանաբանական տեսության արդեն իրականացված հատվածը, այս տողերը վերաբերվում են նույնի ապագա հանգրվաններին՝ ընդհանուր հարությանն ու դատաստանին:
 
5, 29 - «բարիք ... չարիք». Հուն. «ἀγαθὰ ... φαῦλα» - «ագաթա ... ֆօլա». «Ագաթոս» եզրը հունարենում բարության, լավության իմաստ արտահայտող եզրերից ամենաընդգրկունն է: Մատնանշում է մի բան, որն իր ողջ էությամբ լավն է, բարի: «Ֆօլոս» եզրը մատնանշում է մի բան, որ անարժան է, անարգ, նվաստ, վատ, չար: ꟷ
- «կյանքի հարության ... դատաստանի հարության». Հուն. «εἰς ἀνάστασιν ζωῆς ... εἰς ἀνάστασιν κρίσεως» - «էիս անաստասին զօէս ... էիս անաստասին կռիսէօս». Հրեա ռաբբիներից ոմանք պնդում էին, թե հարությունը վերապահված է լինելու միայն արդարներին, մինչ մեղավորները թողնվելու են մահվան անգոյության մեջ: Այսինքն՝ հարությունը նկատվում էր որպես արդարների վարձատրություն, և հետևաբար՝ միայն հավիտենական երանելի կյանքի համար: Հիսուսը հստակ կերպով ընդգծում է, որ ո՛չ, հարություն առնելու են բոլորը՝ դատաստանի համար, որին հետևելու են արդարների մուտքը Արքայություն (կյանք) և մեղավորների հավիտենական պատիժը (դատաստան):
 
5, 30 - Հիսուսի ողջ առաքելությունը Հոր փրկարար կամքի իրագործումն է: Որդին աստվածապես անթերի կերպով միացած է Հորը, ուստի «չի կարող» անել մի բան, որ չի համապատասխանում Հոր կամքին, Նրա գծած ծրագրին՝ ի նպաստ մարդկության փրկության: Որդին չի եկել աշխարհ՝ կատարելու համար Իր կամքը, այլ՝ կամքը Նրա, Ով Իրեն ուղարկել է (6, 38; հմմտ. Մտթ 26, 39):
 
5, 32 - «Ուրիշ Մեկն է». Հայրն է, Ով չորս տարբեր ձևերով (33-40) վկայում է Հիսուսին: – Հունարեն «ἄλλος» - «ալլոս» եզրը նշանակում է ուրիշ, բայց ո՛չ տարբեր իմաստով, այլ՝ նույն տեսակի ևս մեկ ուրիշը: ꟷ
- «ես գիտեմ». Հուն. «οἶδα» - «օիդա». Որոշ ձեռագրեր փոխում են «դուք գիտեք»ի, սխալմամբ կարծելով, թե «ուրիշը» Հովհաննես Մկրտիչն է: Գրաբարը նույնպես այդպես է:
 
5, 33-40 - Աստված վկայում է Որդուն ի նպաստ՝ Հովհաննես Մկրտչի միջոցով (33-35), Հիսուսի իսկ գործերի միջոցով (36), ուղղակի մարդկանց խղճերի միջոցով (37-38) և Սուրբ Գրվածքների միջոցով (39-40):
 
5, 35 - Հովհաննես Մկրտչի կողմից տրված վկայությունն այն է, որ նա եղավ այն «ճրագը», որ միառժամանակ լուսավորեց խավարը՝ եկող Մեսսիայի ճշմարիտ «լույսի» սպասման մեջ (1, 7-9): Ինչպես Դավթի համար է ասվում Սղմ 132, 17-ում, այստեղ ճրագը վառվել է Քրիստոսի՝ Տիրոջ «Օծյալի» համար:
 
5, 37 - «Ձայնը» և «կերպարանքը» արտահայտում են Աստծո ողջ էությունը, որն ահա՛ մերժվում է նրանց կողմից, ովքեր չեն կամենում «լսել» և «տեսնել» Նրան հանձինս Հիսուսի:
 
5, 39 - «Քննեցե՛ք». Հուն. «Ἐραυνᾶτε» - «Էռօնատէ». Սրբազան Գրվածքները բավական չէ ընթերցել, հարկավոր է «քննել» դրանք, ջանասիրաբար ուսումնասիրել: Աստվածաշնչի (տվյալ դեպքում ի նկատի ունի Հին Կտակարանի) խորացված ուսումնասիրումն ու խորհրդածումը կարող էին լավագույն կամուրջը հանդիսանալ՝ հասնելու համար Հիսուսին, բայց հրեաները ջանասիրություն են դրսևորում դրանք միայն «ընթերցելու» մեջ, այդ իսկ պատճառով Գրվածքները նրանց համար «կյանք» չեն դառնում (40): ꟷ
- «Քննեցե՛ք». Հունարեն բնագրի քերականական կազմությունն այնպիսին է, որ հրամայականը կարող է թարգմանվել նաև որպես պարզ հավաստում. «Դուք քննում եք ... »: Ընդհանուր համատեքստը, սակայն, հուշում է, որ հարկավոր է հասկանալ որպես հրամայական խոսք: ꟷ
- «նրանցով հավիտենական կյանք կունենաք». Սրբազան Գրվածքները հավիտենական կյանքի ակունք են, որովհետև մարդկանց են փոխանցում Աստծո խոսքը (հմմտ. 2Օր 4, 1; 8, 1.3; 10, 15-20; 32, 46-47; Բրք 4, 1; Սղմ 119; և այլն): ꟷ
- «հենց դրանք ... վկայում են իմ մասին». Հիսուսը ողջ Աստվածաշնչի՝ Հին և Նոր Կտակարանների կենտրոնն է, և նպատակակետը, որին ձգտում են (հմմտ. 1, 45; 2, 22; 5, 39.46; 12, 16.41; 19, 28.36; 20, 9): ꟷ
- Որոշ ձեռագրեր այս տողի վերջում ավելացնում են, որպես կրկնություն, «որոնցով կարծում եք կյանք ունենալ» խոսքերը: Գրաբարը ևս. «որովք համարիքն ունել կեանս»։
 
5, 41 - «փառք». Հուն. «δόξα» - «դոքսա». Եզր, որ նշանակում է և՛ Աստծուն ընծայված փառք, փառաբանություն, և՛ մարդկանց ընծայված պատիվ, հարգանք, մեծարանք: Այստեղ հարկավոր է հասկանալ երկրորդ իմաստով. Հիսուսը մարդկային պատիվ ու մեծարանք չի փնտրում, ի տարբերություն հրեա իշխանավորների (44): Հմմտ. նաև Մրկ 10, 45 և 10, 45+:
 
5, 42 - Ճի՛շտ որովհետև կենտրոնացած են իրենց անձերի վրա և մտահոգ են ստանալու մարդկանց ծափահարությունները, վավերացումն ու աջակցությունը, Աստծո սերը չի կարող տեղ գտնել նրանց սրտերում: Դրա փաստը հենց այն է, որ Հիսուսին՝ Աստծո Որդուն մերժելով, վերջին հաշվով մերժում են նաև Հորը, Ով Որդուն աշխարհ է ուղարկել ճի՛շտ որպես Իր սիրո վկա (3, 16):
 
5, 44 - «միակ Աստծուց». Հուն. «παρὰ τοῦ μόνου Θεοῦ» - «պառա տու մոնու Թէու». Միակ Աստծուց և միայն Աստծուց եկող փառքը հակադրելով միմյանցից փառք ակնկալող և ընդունող մարդկանց դիրքորոշմանը, Հիսուսն այդ դիրքորոշումը հավասարազոր է հռչակում բազմաստվածյա կռապաշտությանը: Մարդկանցից փառք ու պատիվ ակնկալելը կռապաշտություն է:
 
5, 45 - Որպես Իր խոսքի վավերացում, Հիսուսը վկայակոչում է Մովսեսին, ով Իսրայելի դատապաշտպանից ու միջնորդից՝ փոխվում և դառնում է նույն Իսրայելին մեղադրողը: Սա տեղի է ունենում, որովհետև հրեաները – ձևախեղելով Օրենքը՝ այն իրենց նպատակներին հարմարեցնելու նպատակով և Հիսուսի դեմ իբրև զենք գործածելով (18) – հակառակ ընթացք են բռնել նաև Մովսեսի դեմ, այսինքն՝ նրա, ով այդ Օրենքն իբրև շնորհ ստացել է Աստծուց և այն հաստատել է: Մեղադրանքը, հետևաբար, ծնվում է նրանց իսկ կուրությունից, որով չեն կարողանում (կամ չեն կամենում) տեսնել բնական կապակցությունն ու շարունակականությունը՝ Մովսեսի գրվածքների և Հիսուսի խոսքերի միջև (47):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։