45-54. Հրեա ղեկավարները որոշում են սպանել Հիսուսին – Գրադարան – Mashtoz.org

45-54. Հրեա ղեկավարները որոշում են սպանել Հիսուսին

→ Մտթ 26, 1-5; Մրկ 14, 1-2; Ղկս 22, 1-2
⁓ Հվհ 4, 42; 5, 18; 7, 1; 10, 16; 18, 13.31
≈ Մտթ 12, 14; Ղկս 3, 2; 16, 31; 1Հվհ 2, 2; Թց 27, 21
 
45Մարիամի մոտ եկած հրեաներից շատերն, այնժամ, երբ տեսան, թե Նա ի՛նչ արեց, հավատացին Նրան: 46Նրանցից ոմանք, մինչդեռ, փարիսեցիների մոտ գնացին և նրանց պատմեցին, թե Հիսուսն ի՛նչ արեց: 47Քահանայապետներն ու փարիսեցիներն, այնժամ, ժողով գումարեցին, և ասում էին. «Ի՞նչ պետք է անենք. քանի որ այս մարդը բազում նշաններ է գործում: 48Եթե նրան թույլ տանք այս կերպ գործել, բոլորը կհավատան նրան, և Հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր և՛ տեղը, և՛ ազգը»: 49Նրանցից մեկն, այնժամ, ոմն Կայիաֆաս, քանի որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չեք հասկանում, 50և չեք էլ տրամաբանում, որ ձեր համար ավելի լավ է, որ միայն մի մարդ մեռնի ժողովրդի համար և ողջ ազգը չկորչի»: 51Արդ, այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ՝ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը շուտով մեռնելու էր ազգի համար. 52և ո՛չ միայն ազգի համար, այլ նաև՝ որպեսզի Աստծո ցրված զավակներին ի մի ժողովեր:
53Այդ օրվանից, ուստի, նրանք որոշում կայացրեցին, որ Նրան սպանեն:
54Հիսուսը, հետևաբար, այլևս բացահայտ չէր շրջում հրեաների մեջ, այլ՝ այդտեղից գնաց անապատի մոտ գտնվող երկրամասը, մի քաղաք, որ կոչվում էր Է՛ֆրաիմ, և աշակերտների հետ այնտեղ հաստատվեց:
11, 48 - «մեր և՛ տեղը, և՛ ազգը». Հուն. «ἡμῶν καὶ τὸν τόπον καὶ τὸ ἔθνος» - «հեմօն կայ տոն տոպոն կայ տո էթնոս». «Մեր տեղը», այսինքն՝ մեր վարչական կառույցը, Ատյանը, Ատյանի անդամների ունեցած քաղաքական որոշակի դիրքը: Գրաբար. «զազգս մեր եւ զտեղի»։ Քահանայապետների ու փարիսեցիների միակ մտահոգությունն այն էր, որ վերացնեին սպառնալիքը, որ Հիսուսը կարող էր ներկայացնել իրենց իշխանության համար: – Որոշ թարգմանություններ այս «տեղը» հասկանում են որպես Տաճարը (ոմանք էլ՝ Երուսաղեմը), բայց դա անհիմն մեկնաբանություն է:
 
11, 49 - «Կայիաֆաս». Հովսեփ Բար Կայիաֆաս քահանայապետը (տե՛ս Մտթ 26, 3+) պաշտոնավարում էր, երբ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր քարոզչությունը (Ղկս 3, 2), և երբ սկսվեց Հիսուսի դատավարությունը (11, 49.51; 18, 13.24; հմմտ. նաև Մտթ 26, 3.57):
 
11, 50 - Կայիաֆասի խոսքերի մեջ պարունակված է մի անգիտակից կերպով արտասանված մարգարեություն (51), որն աստվածաբանական մի խիստ կարևոր նշանակություն է բացահայտում. Հիսուսի մահը քավիչ է լինելու ո՛չ միայն հրեաների, այլ նաև՝ բոլոր ազգերի հավատացյալների համար: ꟷ
- «տրամաբանում». Հուն. «λογίζομαι» - «լոգիզոմայ» բայն է (տրամաբանություն, լոգիկա կիրառելու գործողությունը), որի արմատը, նշանակալի կերպով, «λόγος» - «լոգոս» գոյականն է (1, 1): ꟷ
- «ձեր համար». Որոշ ձեռագրերում հանդիպում է «մեր համար» տարբերակը: Գրաբարում ևս. «լաւ է մեզ»։
 
11, 51 - «շուտով». Հուն. «ἔμελλεν» - «էմելլեն». Մատնանշում է ինչ որ մի բանի մոտալուտ լինելը, մի բան, որ «ուր որ է» կատարվելու է: ꟷ
- «մեռնելու էր». Կայիաֆասի համաձայն, հարկավոր էր զոհաբերել Հիսուսին, որպեսզի իրենց ազգը փրկվեր քաղաքական կարծեցյալ վտանգից. Աստծո ծրագրի համաձայն, Հիսուսը պետք է զոհաբերվեր, որպեսզի փրկեր մարդկությունը հավիտենական մահվան իշխանությունից (հմմտ. 1, 29 և 1, 29+):
 
11, 52 - «Աստծո ... զավակներին». Հուն. «τὰ τέκνα τοῦ Θεοῦ» - «տա տեկնա տու Թէու». «Տեկնոն» չեզոք սեռի գոյականը մատնանշում է և՛ արական, և՛ իգական սեռի երեխաներին: ꟷ
- «ցրված». Ամենայն հավանականությամբ՝ ակնարկում է 10, 16 տողի «ուրիշ ոչխարներ»ին (տե՛ս 10, 16+): ꟷ
- «ի մի ժողովեր». Հուն. «συναγάγῃ εἰς ἕν» - «սյունագագէ էիս հեն». Այսինքն՝ ի մի հավաքեր, համախմբեր Աստծո նոր ժողովրդի, Նոր Իսրայելի՝ Եկեղեցու մեջ:
 
11, 53 - «որոշում կայացրեցին». Հուն. «ἐβουλεύσαντο» - «էբուլեուսանտո». Խորհրդակցելով համաձայնվեցին, որոշեցին, վճռեցին: Գրաբարը. «խորհուրդ արարին»։
 
11, 54 - «Է՛ֆրաիմ». Ամենայն հավանականությամբ՝ խոսքն այժմյան Թայիբե քաղաքի մասին է, Երուսաղեմից մոտ 20 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևելք, ուր լեռներն իջնում են մինչև Հորդանանի հովիտը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։