16-24. Անհապաղ վերադարձի ավետումը – Գրադարան – Mashtoz.org

16-24. Անհապաղ վերադարձի ավետումը

⁓ Հվհ 7, 33; 14, 13.19-20; 15, 11; 17, 3; 20, 20
≈ Մտթ 7, 7; Մրկ 11, 24; Ղկս 6, 21; 9, 45; Հռմ 8, 22; 1Հվհ 1, 4; 5, 14; Հյտ 11, 10; Ես 26, 17-18; 66, 7-14; Միք 4, 9-10
 
16«Մի փոքր ժամանակ, և ինձ այլևս չեք տեսնի. ապա մի փոքր ժամանակ ևս, և կտեսնեք ինձ»:
17Նրա աշակերտներից ոմանք, այնժամ, ասացին միմյանց. «Ի՞նչ է այս բանը, որ ասում է մեզ. ''Մի փոքր ժամանակ, և ինձ չեք տեսնի. ապա մի փոքր ժամանակ ևս, և կտեսնեք ինձ''. նաև. ''Որովհետև գնում եմ Հոր մոտ''»: 18Ասում էին, հետևաբար. «Ի՞նչ է այս ''մի փոքր ժամանակ''ը, որի մասին խոսում է: Չենք հասկանում՝ ի՛նչ է ասում»: 19Հիսուսն իմացավ, որ ուզում էին հարց տալ Իրեն, և ասաց նրանց. «Սրա՞ մասին էիք միմյանց հարցնում, որ ասացի. ''Մի փոքր ժամանակ, և ինձ չեք տեսնի. ապա մի փոքր ժամանակ ևս, և կտեսնեք ինձ'': 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու պիտի ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա: Դուք պիտի տխրեք, բայց ձեր վիշտը պիտի ուրախության փոխվի:
21Կինը, երբ ծննդաբերում է, ցավ է ապրում, որովհետև հասել է իր ժամը. երբ, սակայն, երեխային ծնում է, այլևս չի հիշում նեղությունը՝ ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ է ծնվել: 22Նույն կերպ նաև դուք. այժմ, այո՛, վիշտ եք կրում, բայց կրկին տեսնելու եմ ձեզ և ձեր սիրտն ուրախանալու է, և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից: 23Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնի:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ի՛նչ որ խնդրեք իմ անունով, Հայրը կտա ձեզ: 24Մինչև հիմա ոչինչ չեք խնդրել իմ անունով: Խնդրեցեք և կստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»:
16, 16 - «Մի փոքր ժամանակ». Խոսքը կարող է վերաբերվել նաև Հարությանը, որ տեղի է ունենալու Խաչելությունից մի քանի օր հետո: Բայց հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, սխալ չի լինի հասկանալ այս խոսքը նաև Սուրբ Հոգու միջոցով Հիսուսի տևական ներկայության իմաստով: ꟷ
- Որոշ հին ձեռագրեր, 17րդ տողի հետ համապատասխանեցնելու նպատակով, այս տողի վերջում ավելացնում են «որովհետև ես գնում եմ Հոր մոտ» խոսքերը: Գրաբարը ևս. «եւ ես երթամ առ Հայր»։ Հմմտ. 7, 33; 14, 19:
 
16, 18 - «որի մասին խոսում է». Մի շարք ձեռագրերում այս խոսքերը բացակայում են: Գրաբարում ևս:
 
16, 20 - «ձեր վիշտը պիտի ուրախության փոխվի». Չարչարանքների ու Խաչելության վիշտը, Հարուցյալ Քրիստոսին կրկին տեսնելու ուրախությունը (հմմտ. 20, 20):
 
16, 21 - «ցավ». Իրավիճակի գլխիվայր շրջումը, որ ներկայացված է նախորդ տողում, նկարագրվում է ծննդաբերող կնոջ օրինակով: Երկունքի ցավը, սակայն, արտահայտված չէ հատուկ «ὠδίν» - «օդին» իգական սեռի գոյականով (հմմտ. Մտթ 24, 8; Մրկ 13, 8; Գրծ 2, 24; 1Թղ 5, 3), այլ՝ «λύπη» - «լյուպէ» եզրով, որ նշանակում է ցավ, տառապանք, բայց ո՛չ միայն մարմնի, այլ նաև՝ մտքի, հոգու (այդ իսկ պատճառով գրաբարը թարգմանում է «տրտմութիւն»): Ծնդ 3, 16 տողում այս եզրը, ինչպես այստեղ՝ «τίκτω» - «տիկտօ» - «ծնել» բայի հետ միասին, գործածված է՝ մատնանշելու համար ծննդաբերության ցավերը:
Ցավն ու տառապանքը, սակայն, իսկույն մոռացվում են: Կնոջ ուրախությունը չի հիմնվում միայն «երեխա» («παιδίον» - «պայդիոն») ծնած լինելու մտքի վրա, այլ՝ որ Աստծուց որպես պարգև է ստացել մի նոր «մարդ արարած» («ἄνθρωπος» - «անթռօպոս») (հմմտ. Ծնդ 4, 1): Կարող է ընկալվել որպես նոր, մեսսիական աշխարհի երկունքի մարգարեական պատկեր (տե՛ս Մտթ 24, 8+):
 
16, 23 - «ի՛նչ որ խնդրեք իմ անունով, Հայրը կտա ձեզ». Կամ. «ի՛նչ որ խնդրեք, Հայրը կտա ձեզ իմ անունով», կամ «հանուն իմ»:
 
16, 24 - Աշակերտները մինչ այդ չէին աղոթել Հիսուսի Անունով, քանի որ Հիսուսը դեռ չէր փառավորվել (հմմտ. 14, 13-14):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։