12-19. Մեսսիական մուտքը Երուսաղեմ – Գրադարան – Mashtoz.org

12-19. Մեսսիական մուտքը Երուսաղեմ

→ Մտթ 21, 1-11; Մրկ 11, 1-11; Ղկս 19, 28-40
⁓ Հվհ 1, 49; 2, 22; 5, 39; 6, 15; 7, 39; 11, 47-48; 14, 26
≈ Մրկ 4, 13; Ղկս 19, 37; Հյտ 7, 9; 1Մկբ 13, 51; Սղմ 118, 25-26; Ես 40, 9; Զքր 9, 9
 
12Հաջորդ օրը, տոնին եկած ժողովրդի մեծ բազմությունը լսելով, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, 13արմավենիների ճյուղեր վերցրեց ու Նրան ընդառաջ ելավ: Եվ աղաղակում էին.
 
«Օվսաննա՜։
Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով,
և թագավորն է Իսրայելի»:
 
14Հիսուսն, ապա, մի իշուկ գտնելով՝ նստեց նրա վրա, ինչպես որ գրված է.
 
15«Մի՛ վախեցիր, դո՜ւստր Սիոնի։
Ահա՛, քո թագավորը գալիս է՝
էշի քուռակի վրա հեծած»:
 
16Այս բաները Նրա աշակերտները սկզբում չհասկացան, այլ՝ երբ Հիսուսը փառավորվեց, այդ ժամանակ հիշեցին, որ այս բաները Նրա մասին էին գրված, և իրենք այդ բաներն էին արել Նրա համար:
17Ժողովրդի բազմությունը, որ Նրա հետ էր եղել, երբ Նա Ղազարոսին գերեզմանից դուրս էր կանչել և նրան հարություն էր տվել մեռելներից, այդ ընթացքում վկայություն էր տալիս: 18Նաև դրա համար էր ժողովրդի բազմությունն ընդառաջ ելել Նրան, որովհետև այս բանն էին լսել Նրա մասին, թե այդ նշանն էր գործել: 19Փարիսեցիներն, ուստի, միմյանց ասացին. «Տեսնո՞ւմ եք, որ ո՛չ մի օգուտ չեք ստանում: Աշխարհն, ահա՛, գնաց Նրա ետևից»:
12, 12-19 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի համար՝ տե՛ս Մտթ 21, 1-11+ և Մրկ 11, 1-11+: ꟷ
- Հիսուսի մեսսիական մուտքը Երուսաղեմ Հովհաննեսի կողմից դրվում է Բեթանիայում ստացած օծումից հետո, մինչ համատես Ավետարաններում հակառակն է:
 
12, 12 - «Հաջորդ օրը». Այն օրվա համեմատ, որի մասին խոսվել է 12, 1-ում. հետևաբար, Կիրակի և երկուշաբթի օրերի միջև:
 
12, 13 - «արմավենիների ճյուղեր». Դրանք գործածվում էին՝ մեծ հաղթանակներ տոնած անձնավորություններին դիմավորելու համար (հմմտ. 1Մկբ 13, 51; 2Մկբ 10, 7): ꟷ
- «Օվսաննա՜». Տե՛ս Մտթ 21, 9+: ꟷ
- «Օրհնյա՜լ է ... գալիս է ... թագավորն է». Բառացի՝ «Օրհնյա՜լ եկողը Տիրոջ անունով, և թագավորն Իսրայելի», այսինքն՝ անդեմ, առանց օժանդակ բայերի: ꟷ
- «թագավորն է Իսրայելի». Հիսուսի հռչակումը որպես «Իսրայելի թագավոր», ամենայն հավանականությամբ կատարվում է՝ Սոֆոնիա մարգարեի տողերից մեկը (3, 14-15) կապակցության մեջ դնելու համար հաջորդ մեջբերման հետ (Զքր 9, 9):
 
12, 14 - «իշուկ». Հուն. «ὀνάριον» - «օնառիոն». Նշանակում է քուռակ, երիտասարդ էշ (ընդգծվում է այն, ինչ Մարկոսն ասում է «որի վրա ոչ մի մարդ դեռ չի հեծնել» խոսքերով. Մրկ 11, 2): Միակ դեպքն է, որ այս եզրը գործածվում է Նոր Կտակարանում:
 
12, 15 - «Մի՛ վախեցիր». Այս կոչը մաս չի կազմում Զաքարիայի մարգարեությունից վերցված մեջբերմանը (9, 9), որը սկսվում է «Մեծապես ցնծա՛» խոսքերով: ꟷ
- «դո՜ւստր Սիոնի». Տե՛ս Մտթ 21, 5+:
 
12, 16 - «սկզբում չհասկացան». Սա արդեն երկրորդ անգամն է (հմմտ. 2, 22), որ աշակերտները չեն կարողանում ըմբռնել կատարվածի նշանակությունը:
 
12, 17-18 - Այս տողերում թվում է, թե ամբոխի մեջ երկու խմբեր են միմյանցից զանազանվում. մեկը, որ ականատես էր եղել Ղազարոսի վերակենդանացմանը (և այստեղ շարունակում է վկայել դրան), և մյուսը, որ քաղաքում լսել էր այդ հրաշքի մասին և այժմ գնում է Հիսուսին դիմավորելու, մինչ Նա մուտք է գործում Երուսաղեմ:
 
12, 18 - «նշանն». Հուն. «τὸ σημεῖον» - «տո սեմեյոն». Որոշ ձեռագրեր դնում են հոգնակի թվով. «նշանները»: Գրաբարը ևս. «նշանս»։
 
12, 19 - Բոլորը (11, 48) – այսինքն՝ ամբողջ ժողովուրդը – հետևում են Հիսուսին: Հովհաննեսը, սակայն, թվում է, թե հեգնանքով խաղում է «աշխարհ» եզրի վրա («κόσμος» - «կոսմոս»), ակնարկելով միաժամանակ և՛ հրեական աշխարհին (18, 20), և՛ ամբողջ աշխարհին՝ որպես փրկության համամարդկային հորիզոն (3, 17; 4, 42):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։