31-38. Հրաժեշտ – Գրադարան – Mashtoz.org

31-38. Հրաժեշտ

⁓ Հվհ 1, 14; 7, 33; 8, 21; 12, 33; 15, 12-17; 17, 1-5.23; 21, 18-19
≈ Մտթ 8, 20; 19, 19; 22, 39; 26, 33-35; Մրկ 14, 29-31; Ղկս 10, 26; 22, 31-34; Գրծ 4, 32; 1Հվհ 2, 8; Ղևտ 19, 18; 2Օր 28, 9-10
 
31Երբ, ուրեմն, նա դուրս ելավ, Հիսուսն ասաց. «Այժմ փառավորվեց Մարդու Որդին, և Աստված փառավորվեց Նրա մեջ: 32Եթե Աստված փառավորվեց Նրա մեջ, Աստված էլ կփառավորի Նրան Իր իսկ մեջ, և անհապա՛ղ կփառավորի Նրան:
33Որդյակներ, դեռ մի քիչ ժամանակ ձեր հետ եմ: Դուք փնտրելու եք ինձ. և, ինչպես հրեաներին ասացի, թե. ''Ո՛ւր ես եմ գնում, դուք չեք կարող գալ'', այժմ դա ձեզ էլ եմ ասում:
34Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. որ դուք սիրեք միմյանց: Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեցեք միմյանց: 35Այս բանից բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք. եթե դուք սեր ունենաք մեկդ մյուսի նկատմամբ»:
36Սիմոն Պետրոսը Նրան ասաց. «Տե՜ր, ո՞ւր ես գնում»: Հիսուսը պատասխանեց նրան. «Ո՛ւր ես գնում եմ, դու իմ ետևից հիմա չես կարող գալ, բայց հետո դու իմ ետևից կգաս»: 37Պետրոսն ասաց Նրան. «Տե՜ր, ինչո՞ւ հիմա չեմ կարող Քո ետևից գալ: Կյանքս Քո համար կզոհեմ»: 38Հիսուսը պատասխանեց. «Կյանքդ իմ համար կզոհե՞ս: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած, դու ինձ կուրանաս երեք անգամ»:
13, 32 - «Եթե Աստված փառավորվեց Նրա մեջ». Ամենահին ձեռագրերում այս խոսքերը բացակայում են:
 
13, 33 - «Որդյակներ». Հուն. «Τεκνία» - «Տեկնիա». Բառացի՝ փոքրիկ երեխաներ: Դիմելու գորովալի ձև, որ բացակայում է համատես երեք Ավետարաններում, իսկ Հովհաննեսի Ավետարանում գործածված է միայն այստեղ: Հովհաննեսի Առաջին Նամակում գործածվում է՝ մատնանշելու համար քրիստոնյաներին (2, 1.12.28; 3, 7.18; 4, 4; 5, 21), հավանաբար որպես «զավակներ» («τέκνα» - «տեկնա») եզրի առավել փաղաքշական տարբերակ (հմմտ. Հվհ 1, 12; 8, 39; 11, 52; 1Հվհ 3, 1.2.10; 5, 2): ꟷ
- «հրեաներին ասացի». Հմմտ. 7, 33-34; 8, 21: Բաժանումը հրեաների համար վերջնական է լինելու (8, 21), աշակերտների համար՝ ժամանակավոր (14, 2-3):
 
13, 34 - «Նոր պատվիրան ... Ինչպես ես ... ». Այս խոսքը պետք է կապակցության մեջ դրվի 15րդ տողի «օրինակ»ի հետ, որտեղ Հիսուսն ընծայվում է որպես սիրո պարգև և աշակերտներին հորդորում է հետևել Իր օրինակին: Պատվիրանը սահմանվում է որպես «նոր» (հմմտ. նաև 1Հվհ 2, 7-8; 2Հվհ 5), այն իմաստով, որ չի հիմնվում հրեական ավանդության սիրո պատվիրանի վրա (Ղևտ 19, 18), այլ՝ Հիսուսի եզակի օրինակի և ուսուցման, Ով Իր կյանքն ընծայում է Իր մտերիմների համար (15, 12-13): Հին Օրենքի Առաջին Պատվիրանը («Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն». 2Օր 6, 5) Հիսուսի կողմից փոխարինվում է մի պատվիրանով, որը որպես սիրո ուղղակի հասցեատեր չունի Աստծուն, այլ՝ մերձավորին. արդարև, մարդկանց սիրելով է, որ սիրում ենք Աստծուն (հմմտ. 1Հվհ 4, 11.20): – Հմմտ. նաև Մտթ 25, 31-46 հատվածը և համապատասխան ծանոթագրությունները: ꟷ
- «սիրեք ... սիրեցի ... սիրեցեք». Հմմտ. 11, 5+-ի առաջին մասը:
 
13, 36 - «ետևից ... գալ». Հետևելու, ուղեկցելու, միևնույն ճանապարհն անցնելու իմաստով: ꟷ
- «հետո ... կգաս». Քողարկված ակնարկ է կատարվում Պետրոսի մարտիրոսությանը (հմմտ. նաև 21, 18-19):
 
13, 37-38 - «Տե՜ր». Որոշ հին ձեռագրերում բացակայում է: ꟷ
- «կզոհեմ ... կզոհե՞ս». Բառացի՝ կդնեմ, կդնե՞ս: Տե՛ս 10, 11+-ի երրորդ մասը: ꟷ
- «աքաղաղը ... երեք անգամ». Բառացի՝ աքաղաղը չի կանչի, մինչև որ կուրանաս եռակի: Բնագրում կարծես իմաստային նրբերանգ կա, որով ընդգծվում է, համենայն դեպս, Պետրոսի ազատությունը. կարող ես և չուրանալ, աքաղաղը կսպասի քո որոշմանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։