17-22. Հիսուսի խաչելությունը – Գրադարան – Mashtoz.org

17-22. Հիսուսի խաչելությունը

→ Մտթ 27, 31-44; Մրկ 15, 20-32; Ղկս 23, 26-43
⁓ Հվհ 3, 35;  ≈ Եբր 13, 12; Ծնդ 22, 6; Ես 53, 12
 
17Նրանք, այնժամ, վերցրեցին Հիսուսին, և Նա, խաչափայտն Ինքը կրելով, ճանապարհ ընկավ դեպի Գանգի կոչվող տեղը, որն եբրայեցերեն կոչվում է Գողգոթա, 18որտեղ խաչեցին Նրան, և Նրա հետ երկու ուրիշների՝ այս ու այն կողմից, իսկ մեջտեղում՝ Հիսուսին: 19Արդ, Պիղատոսը նաև մի արձանագրություն գրել տվեց և այն դնել տվեց խաչի վրա, որում գրված էր. «Հիսուս Նազովրեցին, Հրեաների Թագավորը»: 20Այդ արձանագրությունն, այնժամ, հրեաներից շատերը կարդացին, որովհետև տեղը, ուր Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր. և եբրայեցերեն, լատիներեն, հունարեն էր գրված: 21Հրեաների քահանայապետներն, ուստի, Պիղատոսին ասում էին. «Մի՛ գրիր. ''Հրեաների Թագավորը'', այլ՝ որ ինքն ասաց. ''Թագավոր եմ Հրեաների''»: 22Պիղատոսը պատասխանեց. «Ի՛նչ որ գրեցի, գրեցի»:
19, 17 - «խաչափայտն». Հմմտ. Մտթ 27, 32+-ի երկրորդ մասը: ꟷ
- «Ինքը կրելով». Հովհաննեսի համար Հիսուսն Ինքն է խաչելության միակ դերակատարը (հմմտ. 10, 18): Համատես Ավետարանների ավանդության մեջ, մինչդեռ, հատկապես Ղկս 23, 26-ում, Սիմոն Կյուրենացին է, որ խաչը կրում է Հիսուսի փոխարեն: Տե՛ս Մրկ 15, 21+: ꟷ
- «Գանգի կոչվող տեղը ... Գողգոթա». Տե՛ս Մտթ 27, 33+:
 
19, 19 - «արձանագրություն». Հուն. «τίτλος» - «տիտլոս». Բառացի՝ տիտղոս, վերնագիր, ապա և արձանագրություն: Գրաբար. «տախտակ մի»։ Նոր Կտակարանում գործածված է միայն 2 անգամ՝ այստեղ և հաջորդ տողում: Տե՛ս նաև Մտթ 27, 37+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։