67-71. Պետրոսի հավատքի դավանությունը – Գրադարան – Mashtoz.org

67-71. Պետրոսի հավատքի դավանությունը

→ Մտթ 16, 13-20; Մրկ 8, 27-30; Ղկս 9, 18-21
⁓ Հվհ 1, 49; 6, 63-64; 11, 27; 13, 2.18.27
≈ Մտթ 14, 33; Ղկս 22, 28; Գրծ 3, 14; 7, 38; 2Օր 8, 3
 
67Հիսուսն, այնժամ, ասաց Տասներկուսին. «Արդյոք դո՞ւք էլ եք կամենում հեռանալ»: 68Պատասխանեց Նրան Սիմոն Պետրոսը. «Տե՜ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: 69Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ Դու Աստծո Սուրբն ես»: 70Հիսուսը պատասխանեց նրանց. «Չէ՞ որ ես ընտրեցի ձեզ՝ Տասներկուսիդ: Եվ սակայն, ձեզնից մեկը դև է»: 71Նա դա ասում էր Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու վերաբերյալ, քանի որ նա՝ Տասներկուսից մեկը, մոտ էր մատնելու Նրան:
6, 67-68 - Պետրոսի հավատքի դավանության մեջ, Հիսուսի կողմից Տասներկուսի առաջ դրված ճակատագրական հարցադրումը («Դո՞ւք էլ եք կամենում հեռանալ») ծնում է հավատքի մի խայտանք՝ Առաքյալների Գլխի կողմից: Ով ունեցել է Հիսուսի հետ հարաբերության կենդանի փորձառությունը, հավատքի իր քայլքի ընթացքում կարող է անցնել ճանապարհի մութ ու խավար հատվածների միջով, բայց գիտի, որ ա՛յլ ճանապարհ չկա, քան Նա, գտնելու համար Աստծո ճշմարտությունը և, այդ ճշմարտության միջոցով, ձեռքբերելու համար հավիտենական կյանքը (հմմտ. 8, 32):
 
6, 67 - «Տասներկուսին». Սա առաջին անգամն է իր Ավետարանում, որ Հովհաննեսը հիշատակում է Տասներկուսին, ենթադրելով, որ ընթերցողն արդեն իսկ ծանոթ է Առաքյալների խմբին, որ Հիսուսն Ինքն է ընտրել այդ խմբի անդամներին, և որ Պետրոսն է այդ խմբի հիմքը («վեմը». Մտթ 16, 18) ու լիազոր ներկայացուցիչը:
 
6, 69 - «Աստծո Սուրբն». Հուն. «ὁ Ἅγιος τοῦ Θεοῦ» - «հո Հագիոս տու Թէու». Հին Կտակարանում, Աստծո «նազիրը» - «נָזִיר» («նազար» - «ընծայել» բայից, ուստի «ընծայվածը», «նվիրյալը». Թց 6, 2.6-8.12; Դտ 13, 5.7; 16, 17) և Տիրոջ «Սուրբը» («קָדוֹשׁ» - «քադոշ». Սղմ 106, 16) արտահայտություններ են, որ գործածվում են յուրահատուկ ընծայմամբ Աստծուն նվիրված մարդկանց վերաբերյալ, հետագայում դառնալով սպասված Մեսսիային բնորոշ տիտղոսները: Համատես երեք Ավետարաններում «Աստծո Սուրբը» տիտղոսը, Հիսուսի վերաբերյալ գործածված, հնչում է մի պիղծ ոգու շուրթերից (հմմտ. Մրկ 1, 24, նաև 1, 24+-ի երրորդ մասը, և Ղկս 4, 34): Թերևս այս պատճառով է, որ որոշ ձեռագրեր Հովհաննեսի այս տողը փոխում են՝ գրելով «Քրիստոսը՝ Աստծո Որդին» (համապատասխանեցնելով Մտթ 16, 16 տողին): Գրաբարը ևս. «Դու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ»։ Ա՛յլ ձեռագրերում հանդիպում է նաև ավելի երկար՝ «Դու ես Քրիստոսը՝ Աստծո Սուրբ Որդին» տարբերակը:
 
6, 70 - «դև». Հուն. «διάβολός» - «դիաբոլոս». Բառացի նշանակում է զրպարտող, բանսարկու, սուտ մեղադրող: Գրաբարը թարգմանում է հինկտակարանյան «սատանա» եզրով, որ նշանակում է հակառակորդ, թշնամի, ոսոխ:
 
6, 71 - «որդու վերաբերյալ». Հունարեն բնագրում չկա «որդու վերաբերյալ» նշումը: Բառացի այսպես է. «Դա ասում էր Հուդայի Սիմոնի Իսկարիովտացու» («ἔλεγεν δὲ τὸν Ἰούδαν Σίμωνος Ἰσκαριώτου» - «էլեգեն դէ տոն Իուդան Սիմօնոս Իսկառիօտու»): ꟷ
- «մոտ էր մատնելու». Հուն. «ἔμελλεν παραδιδόναι» - «էմելլեն պառադիդոնայ». Մատնելու վրա էր, քիչ անց, ուր որ է մատնելու էր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։