11-18. Հիսուսը երևում է Մարիամ Մագդաղենացուն – Գրադարան – Mashtoz.org

11-18. Հիսուսը երևում է Մարիամ Մագդաղենացուն

→ Մտթ 28, 9-10; Մրկ 16, 9-11
⁓ Հվհ 1, 51; 12, 32; 21, 4
≈ Մրկ 10, 51; Ղկս 24, 16; Հռմ 8, 29; Եբր 1, 14; 2, 11; Սղմ 21, 23; 89, 27; Երգ 3, 1-4
 
11Մարիամը, մինչդեռ, լացելով կանգնած էր գերեզմանի մոտ՝ դրսում: Եվ մինչ դեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը, 12և երկու սպիտակազգեստ հրեշտակներ տեսավ, մեկը՝ գլխի կողմում, իսկ մյուսը՝ ոտքերի, այնտեղ՝ ուր դրվել էր Հիսուսի մարմինը: 13Եվ նրանք ասացին նրան. «Ո՜վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետև վերցրել են իմ Տիրոջը, և չգիտեմ, թե ո՛ւր են Նրան դրել»: 14Այս բաներն ասելուց հետո նա դեպի ետ շրջվեց և տեսավ Հիսուսին, որ կանգնած էր այնտեղ, բայց չիմացավ, որ Հիսուսն է: 15Հիսուսը նրան ասաց. «Ո՜վ կին, ինչո՞ւ ես լալիս: Ո՞ւմ ես փնտրում»: Նա կարծելով, թե պարտիզպանն է, ասաց Նրան. «Տե՜ր, եթե դու ես վերցրել Նրան, ասա՛ ինձ, թե որտեղ ես Նրան դրել, և ես կվերցնեմ Նրան»: 16Հիսուսն ասաց նրան. «Մարիա՜մ»: Նա շրջվելով՝ ասաց Նրան եբրայեցերեն. «Ռաբբունի՜», որ նշանակում է «Ուսուցիչ»: 17Հիսուսն ասաց նրան. «Մի՛ ուշացրու ինձ. ես, արդարև, դեռ չեմ բարձրացել Հոր մոտ: Գնա՛, մինչդեռ, եղբայրներիս մոտ, և ասա՛ նրանց. ''Ես բարձրանում եմ իմ Հոր ու ձեր Հոր և իմ Աստծո ու ձեր Աստծո մոտ''»: 18Մարիամ Մագդաղենացին գնաց աշակերտներին ավետելու, թե. «Տիրոջը տեսա», և որ այս բաներն ասաց իրեն:
20, 11-18 - Մարիամին հարուցյալ Հիսուսի երևման դրվագը ներկա է միայն Հովհաննեսի Ավետարանում, բայց հմմտ. Մտթ 28, 8-10 և Մրկ 16, 9-11:
 
20, 13-15 - Հմմտ. Երգ 3, 1-4. «Անկողնուս մեջ, ողջ գիշեր, փնտրեցի սրտիս սիրելիին, / փնտրեցի նրան, բայց չգտա: / ''Վեր կկենամ ու կշրջեմ ողջ քաղաքով մեկ, / փողոցներով ու հրապարակներով մեկ. / ուզում եմ փնտրել սրտիս սիրելիին'': / Փնտրեցի նրան, բայց չգտա: / Գիշերապահ զինվորներն հանդիպեցին ինձ. / ''Արդյոք տեսե՞լ եք սրտիս սիրելիին'': / Մի քիչ էի նրանցից այն կողմ անցել, / երբ գտա սրտիս սիրելիին: / Պինդ գրկեցի նրան և բաց չեմ թողնելու, / մինչև որ կտանեմ նրան տունն իմ մոր, / և սենյակն իմ ծնողի»:
 
20, 15 - Մարիամն իսկույն չի ճանաչում հարուցյալ ու փառավորյալ Հիսուսին, և ենթադրում է, որ իր առջև կանգնած այրը կարող է պարտիզպանը լինել (պարտիզպանը՝ հնարավոր եռակի տարբերակներով. պարտեզը մշակողը, պարտեզի պահակը, կամ էլ՝ սեփականատերը): Սա եզակի դեպք չէ Ավետարաններում, Հիսուսի հարությունից հետո. նաև երկու աշակերտներն Էմմավուսի ճանապարհի վրա իսկույն չեն ճանաչում հարուցյալ Հիսուսին (Ղկս 24, 31.35), այնպես՝ ինչպես Հվհ 21, 4-ում աշակերտներն անմիջապես չեն հասկանում, որ Հիսուսն է իրենց առաջ կանգնած և մի քիչ ժամանակ է անցնում, մինչև որ աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ճանաչում է Նրան (21, 7):
 
20, 16 - «Ռաբբունի՜». Տե՛ս Մրկ 10, 51+-ի առաջին մասը: Այս տիտղոսը (Մեծ Ուսուցիչ) հրեաները շատ հաճախ գործածում էին նաև իրենց աղոթքներում, որպես Աստծուն ուղղված պատվավոր անուն: Այս առումով, հետևաբար, Մագդաղենացու այս խոսքը կարող է մերձավոր նկատվել Թովմասի հավատքի դավանության հետ (28):
 
20, 17 - «Մի՛ ուշացրու ինձ». Հուն. «Μή μου ἅπτου» - «Մէ՛ մու հապտու». «Հապտոմայ» բայն իր ուղղակի իմաստով նշանակում է հպվել, ձեռք տալ, նաև բռնել (հմմտ. Մտթ 28, 9, ուր ասվում է, որ կանայք գրկեցին Հիսուսի ոտքերը): Որոշ ձեռագրեր այս ուղիղ իմաստով թարգմանում են «Մի՛ մոտեցիր ինձ», գրաբարը ևս. «Մի՛ մերձենար յիս»։ Տվյալ համատեքստում, սակայն, իմաստն անուղղակի է. Հիսուսն Իր ոտքերին փարված կանանց խնդրում է չկասեցնել Իր ընթացքը, քանի որ այն դեռ չի ավարտվել. Նա պետք է կրկին հանդիպի Իր աշակերտներին և ապա վերադառնա Հոր մոտ, որպեսզի անհապաղ ուղարկի Պառակլետոսին՝ հիմնելու Եկեղեցին (հմմտ. 16, 7): ꟷ
- «եղբայրներիս մոտ». Հուն. «πρὸς τοὺς ἀδελφούς μου» - «պռոս տուս ադելֆուս մու». Հիսուսի Հայրն այսուհետև դառնալու է նաև Հիսուսի աշակերտների Հայրը, իսկ նրանք՝ Նրա որդեգիրները, քանի որ Իր փառավորումից հետո Հիսուսը նրանց տալու է Հոգին, որ գալիս է Հորից, և նրանք ի վերուստ ծնվելու են որպես Աստծո զավակներ (3, 3-5): Ահա՛ թե ինչո՛ւ Հարուցյալն Իր աշակերտներին կարող է այսուհետև Եղբայրներ կոչել: ꟷ
- «բարձրանում եմ». Հովհաննեսի Ավետարանի այս տողերում այնպիսի տպավորություն կա (բայց ուղղակի չի ասվում), որ Քրիստոսի «բարձրանալը» Հոր մոտ և փառքի մեջ մուտքն Իր մարդկային ողջ բնությամբ, մարմնով հանդերձ (Հվհ 3, 13; 6, 62-63; Եփս 4, 10; 1Տմ 3, 16; Եբր 4, 14; 6, 19-20; 9, 24; 1Պտ 3, 22; հմմտ. Գրծ 2, 32-33.36), կատարվել են Հարության նույն օրը (հմմտ. Ղկս 24, 50-51): Սա կարող է հակասության մեջ թվալ Գրծ 1, 2-3.9-11 հատվածների հետ, ուր ասվում է, որ Համբարձումը տեղի է ունեցել Հարությունից քառասուն օր հետո: Բայց իրական հակասություն չկա: Հովհաննեսն այստեղ (և Ղուկասն ինքն էլ իր Ավետարանում), ուղղակի կանգ չի առնում Հարությունից մինչև Համբարձում ընկած ժամանակահատվածի վրա, և դրանով թերևս ուզում է ասել, որ Քրիստոսի հետ ընտանի ու մտերմիկ զրույցների ժամանակն անցել է, Նա այլևս ուսուցանող խոնարհ ու հեզ վարդապետը չէ, որ Իր առակներով խոսում է ժողովրդի հետ, այլ՝ այսուհետև Նա «բազմած է» Հայր Աստծո աջ կողմում, և այլևս չի վերադառնալու մինչև Նոր Արարչությունը (հմմտ. Մտթ 19, 28+): ꟷ
- «իմ Հոր ու ձեր Հոր և իմ Աստծո ու ձեր Աստծո մոտ». Հայր Աստվածը Հիսուս Քրիստոսի համար և՛ Հայր է, և՛ Աստված. Հայր՝ ըստ Որդու աստվածային բնության, Աստված՝ ըստ Նրա մարդկային բնության, Հիսուս Նազովրեցի կատարյալ մարդու: Նմանապես, մեր համար էլ Հայր Աստվածը և՛ Աստված է, և՛ Հայր. Աստված՝ ըստ մեր մարդկային բնության, որպես Նրա կողմից ստեղծված արարածներ, Հայր՝ ըստ որդեգրության շնորհի, որ տրվում է Մկրտությամբ (հմմտ. Կղս 1, 15-22):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։