19-23. Հիսուսը երևում է աշակերտներին – Գրադարան – Mashtoz.org

19-23. Հիսուսը երևում է աշակերտներին

→ Մրկ 16, 14-18; Ղկս 24, 36-49
⁓ Հվհ 1, 33; 7, 39; 14, 27; 15, 11; 16, 16.22; 17, 18
≈ Մտթ 16, 19; 18, 18; 28, 18-19; Մրկ 16, 15; Ղկս 24, 16.47; Գրծ 1, 8; 1Կր 15, 45; 1Հվհ 1, 1; Ծնդ 2, 7
 
19Շաբաթվա այդ նույն՝ առաջին օրվա երեկոյան, ապա, մինչ դռները փակված էին այնտեղ, ուր աշակերտները գտնվում էին հրեաների ահի պատճառով, Հիսուսը եկավ ու կանգնեց մեջտեղում, և նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»: 20Եվ սա ասելով՝ ձեռքերն ու կողը ցույց տվեց նրանց: Աշակերտներն, ուստի, ուրախացան՝ տեսնելով Տիրոջը: 21Հիսուսն, այնժամ, կրկին ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ: Ինչպես Հայրը առաքեց ինձ, ես էլ՝ առաքում եմ ձեզ»: 22Եվ սա ասելով՝ փչեց նրանց մեջ և նրանց ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին. 23ո՛ւմ մեղքերը որ ներեք, դրանք ներված կլինեն. ո՛ւմ որ կապեք, կապված կլինեն»:
20, 19-29 - Աշակերտներին տրված երևումները – նախ մինչ Թովմասը բացակա է, ապա Թովմասի ներկայությամբ (հմմտ. 11, 16; 14, 5) – 19-23 տողերում որոշակի զուգահեռություն են ներկայացնում Ղկս 24, 36-40; Մրկ 16, 14-18 հատվածների հետ: Իր հետևորդների մոտ վերադառնալով (հմմտ. 2Օր 7, 21), Հարուցյալ Տերը ներկայանում է որպես խաղաղության, կյանքի ու փրկության աղբյուր:
 
20, 19 - «գտնվում էին». Որոշ ձեռագրերում հանդիպում է «հավաքված էին» տարբերակը: Գրաբարում ևս. «ուր էին աշակերտքն ժողովեալ»։ ꟷ
- «Խաղաղությո՜ւն ձեզ». Թեև կարող է պարզ ողջույնի խոսք թվալ, այդուհանդերձ՝ Հովհաննեսն այստեղ կամենում է հիշեցնել խաղաղության խոստումը (հմմտ. 14, 27):
 
20, 20 - «ձեռքերն ու կողը». Ղուկասը (24, 39-40), Սղմ 22, 17-ից ներշնչվելով՝ հիշատակում է «ձեռքերն ու ոտքերը»: Հովհաննեսը, քանի որ պատմել է գեղարդի հարվածի մասին, ձեռքերի հետ հիշատակում է տիգախոց կողը:
 
20, 21 - «առաքեց ... առաքում եմ». Հիսուսի կողմից այստեղ արտասանված մանդատով Տասնմեկ աշակերտները դառնում են Առաքյալներ («առաքվածներ, ուղարկվածներ». հմմտ. 17, 18), թեև Հովհաննեսն այս անունը երբեք չի գործածում նրանց վերաբերյալ (հմմտ. 13, 16):
 
20, 22 - «փչեց նրանց մեջ». Հուն. «ἐνεφύσησεν» - «էնեֆյուսեսեն». Բառացի՝ ներփչեց (առանց «նրանց» դերանվան): Միակ տեղն է, որ այս բայը գործածված է Նոր Կտակարանում: Գրաբարը. «փչեաց 'ի նոսա»։ Ներփչման այս գործողությունը հիշեցնում է Ծնդ 2, 7 տողը, ուր Աստված առաջին մարդու մեջ է փչում Իր շունչը և նրան պարգևում է կյանքը: Հոգեգալստյան իր այս տարբերակի մեջ Հովհաննեսն ընդգծում է փաստը, որ ինչպես Ադամի կյանքը բխում է Աստծուց, նույնպես այժմ աշակերտների հոգևոր նոր կյանքը բխում է Հիսուսից (հմմտ. նաև 19, 30): ꟷ
- «Առե՛ք Սուրբ Հոգին». Հուն. «Λάβετε Πνεῦμα Ἅγιον» - «Լաբետե Պնէումա Հագիոն». Գործածված բայը կրավորական (պասսիվ) ստանալ չի նշանակում, այլ՝ ներգործական (ակտիվ) վերցնել և պահել:
 
20, 23 - Մեղքերը ներելու և կապելու իշխանության վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 16, 19+-ի երկրորդ մասը և 18, 18+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։