12-20. Հիսուսը աշխարհի լույսն է – Գրադարան – Mashtoz.org

12-20. Հիսուսը աշխարհի լույսն է

⁓ Հվհ 1, 5-9; 2, 4; 3, 11; 5, 30-32.37; 7, 24.30; 8, 29; 10, 30; 12, 45-47; 13, 1; 14, 7.9.28
≈ Մտթ 5, 14; Մրկ 12, 41; Ղկս 22, 53; Հռմ 7, 5; 1Հվհ 1, 5; 5, 9; Ել 13, 21; 2Օր 17, 6; 19, 5; Թց 35, 30;
Սղմ 27, 1; 36, 10; 89, 16; Իմս 7, 26; Ես 9, 1; 49, 6; 60, 19
 
12Հիսուսն, ապա, կրկին խոսք ուղղեց նրանց՝ ասելով. «Ես եմ աշխարհի լույսը: Ով հետևում է ինձ, խավարի մեջ չի ընթանա, այլ՝ կունենա կյանքի լույսը»:
13Փարիսեցիներն, այնժամ, ասացին Նրան. «Դու վկայում ես ինքդ քո մասին: Քո վկայությունը ճշմարիտ չէ»: 14Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Թեև ես վկայում եմ ինքս իմ մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում: Դուք, մինչդեռ, չգիտեք որտեղի՛ց եմ եկել կամ ո՛ւր եմ գնում: 15Դուք ըստ մարմնի եք դատում. ես ոչ ոքի չեմ դատում: 16Եվ նույնիսկ եթե ես դատեմ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև մենակ չեմ, այլ՝ ես և Հայրը, որ ուղարկել է ինձ: 17Արդ, ձեր Օրենքում էլ գրված է, որ երկու մարդու վկայությունը ճշմարիտ է: 18Ես եմ, որ վկայում եմ իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որ ուղարկել է ինձ»: 19Նրանք, այնժամ, ասացին Նրան. «Որտե՞ղ է քո հայրը»: Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը: Եթե ինձ գիտենայիք, կգիտենայիք նաև իմ Հորը»:
20Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, մինչ ուսուցանում էր տաճարում: Եվ ոչ ոք չձերբակալեց Նրան, որովհետև Նրա ժամը դեռ չէր հասել:
8, 12 - «աշխարհի լույսը». Հուն. «τὸ φῶς τοῦ κόσμου» - «տո ֆօս տու կոսմու». Մեղավոր կնոջ հանդեպ դրսևորված աստվածային գթառատության դրվագից անմիջապես հետո Հիսուսն Ինքն Իր մասին հաստատում է, որ Ինքն է աշխարհի լույսը, և որ Իրեն հետևողներն ունենալու են «կյանքի լույսը» («τὸ φῶς τῆς ζωῆς» - «տո ֆօս տէս զօէս»): Այս արտահայտությունը հանդիպում է նաև Հվհ 9, 5; 11, 9 և 12, 46 տողերում, ինչպես նաև Մտթ 5, 14 տողում, ուր սակայն կիրառված է աշակերտների վերաբերյալ, որոնք նույնպես «աշխարհի լույսն» են, որքանով որ արտացոլում են Հիսուսի լույսը:
 
---
 
8, 12 - Լույսի թեման Նոր Կտակարանում զարգանում է գլխավոր երեք ուղղությունների համաձայն, որոնք միմյանցից քիչ թե շատ զատորոշ են. 1) Ինչպես արևն է լուսավորում ճանապարհը, այնպես էլ «լույս» է այն ամեն ինչը, որ լուսավորում է առ Աստված տանող ճանապարհը. նախկինում դրանք էին Օրենքը, Իմաստությունը և Մարգարեները (Ժղվ 2, 13; Առկ 4, 18-19; 6, 23; Սղմ 119, 105). այժմ Քրիստոսն է (Հվհ 1, 9; 9, 1-39; 12, 35; 1Հվհ 2, 8-11; հմմտ. Մտթ 17, 2; 2Կր 4, 6), Ով համեմատելի է Ելիցի լուսեղեն ամպի հետ (Հվհ 18, 12; հմմտ. Ել 13, 21-22; Իմս 18, 3). ինչպես նաև յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա, ով աշխարհի առաջ բացահայտում է Աստծուն և Նրա ներկայությունը (Մտթ 5, 14-16; Ղկս 8, 16; Հռմ 2, 19; Փլպ 2, 15; Հյտ 21, 24): 2) Լույսը խորհրդանշան է կյանքի, երջանկության ու բերկրանքի. խավարը խորհրդանշան է մահվան, դժբախտության ու տրտմության (Հոբ 30, 26; Ես 45, 7): Գերության խավարին, հետևաբար, հակադրվում է մեսսիական ազատագրման ու փրկության լույսը (Ես 8, 22-9, 1; Մտթ 4, 16; Ղկս 1, 79; Հռմ 13, 11-12): Այն հասնում է նաև հեթանոս ժողովուրդներին (Ղկս 2, 32; Գրծ 13, 47), Քրիստոս-լույսի միջոցով (հմմտ. Հովհաննեսի մինչ այժմ նշված տողերը և Եփս 5, 14), իր լիակատար ճառագայթմանը հասնելու համար Երկնքի Արքայության մեջ (Մտթ 8, 12; 22, 13; 25, 30; Հյտ 22, 5; հմմտ. 21, 3-4): 3) «Լույս-խավար» հակադրությամբ բնութագրվում են, հետևաբար, բարու և չարի երկու հակադիր աշխարհները: Նոր Կտակարանում, ուստի, ակներև են դառնում երկու «կայսրություններ», երկու համապատասխան տիրակալներով. Քրիստոսի Արքայությունը և սատանայի թագավորությունը (2Կր 6, 14-15; Կղս 1, 12-13; Գրծ 26, 18; 1Պտ 2, 9). նրանք անդադար պայքարի մեջ են և նրանցից յուրաքանչյուրի նպատակն է հաղթել մյուսին (Ղկս 22, 53; Հվհ 13, 27-30): Ինչ վերաբերվում է մարդկանց, նրանք ազատակամ ընտրում են լինել կա՛մ «լույսի որդիներ», կա՛մ «խավարի որդիներ» (Ղկս 16, 8; 1Թղ 5, 4-5; Եփս 5, 7-8; Հվհ 12, 36), համաձայն այն բանի, թե նախընտրում են ապրել լույսի մեջ (Քրիստոսի համաձայն), թե խավարի (ըստ սատանայի գործերի) (Մտթ 6, 23; 1Թղ 5, 4-10; 1Հվհ 1, 6-7; 2, 9-10), և ճանաչվում են իրենց պտուղներով՝ գործերով (Հռմ 13, 12-14; Եփս 5, 8-11): Մարդկանց միջև այս բաժանումը (դատաստանը) տեսանելի է դարձել Լույսի գալուստով, որն այդուհետև հարկադրում է մարդկանց արտահայտվել և դիրքավորվել Իր կողմը կամ Իր դեմ (Հվհ 3, 19-21; 7, 7; 9, 39; 12, 46; հմմտ. Եփս 5, 12-13): Հեռանկարը մնում է լավատեսական. խավարը մի օր չքվելու է Լույսի դիմաց (Հվհ 1, 5; 1Հվհ 2, 8; Հռմ 13, 12):
 
---
 
8, 14 - 5, 31 տողի հետ հակասությունը սոսկ երևութական է, քանի որ այստեղ շեշտը դրված է Հորից Հիսուսի ծագման և Հոր մոտ վերադառնալու նպատակաուղղվածության վրա: ꟷ
- «գիտեմ». Հմմտ. Մտթ 11, 25-30+-ի երկրորդ մասը:
 
8, 15 - Տեսարանին ներկա հրեաները Հիսուսի մասին կարծիք էին կազմում ըստ արտաքին տեսքի («ըստ մարմնի եք դատում»), որը մի սովորական մարդու տեսքն էր: «Ես ոչ ոքի չեմ դատում», այսինքն՝ ոչ ոքի չեմ դատապարտում, եզրի սեմական ընկալման ու գործածման համաձայն:
 
8, 18 - 2Օր 19, 15 տողը հաստատում է, որ մի վկայություն, ճշմարիտ լինելու համար, պետք է առնվազն երկու վկաների վրա հիմնվի: Հոր կողմից հօգուտ Հիսուսի տրված տարբեր վկայությունների վերաբերյալ՝ հմմտ. 5, 37:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։