01-18. Անդամալույծի բժշկումը Բեթհեզդայի ավազանի մոտ – Գրադարան – Mashtoz.org

01-18. Անդամալույծի բժշկումը Բեթհեզդայի ավազանի մոտ

⁓ Հվհ 2, 16; 7, 1.19.23.25.30; 8, 11; 9, 4.14; 10, 33.36; 11, 53
≈ Մտթ 9, 2.6; 12, 14; Ղկս 5, 24; 6, 2; Փլպ 2, 6;
Ել 20, 8; 2Օր 2, 14; Իմս 2, 16; Երմ 17, 21-27
 
1Այդ բաներից հետո հրեաների տոներից մեկն էր և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ: 2Արդ, Երուսաղեմում մի ավազան կա, Ոչխարների դարպասի մոտ, որ եբրայեցերեն կոչվում է Բեթհեզդա, կամարակապ հինգ սրահներով, 3ուր հիվանդ պառկած էր վատառողջների, կույրերի, կաղերի, գոսացածների մի հոծ բազմություն: [4]
5Եվ մի մարդ կար այնտեղ, որ երեսուն և ութ տարի է, ինչ հյուծվում էր իր մարմնի մեջ: 6Հիսուսը նրան ուժասպառ պառկած տեսնելով և իմանալով, որ արդեն երկար ժամանակ է, ինչ նա այդ վիճակում է, ասաց նրան. «Ուզո՞ւմ ես բժշկվել»: 7Հիվանդը պատասխանեց Նրան. «Տե՜ր, ես ոչ ոք չունեմ, որ ինձ ավազանի մեջ իջեցնի, երբ ջուրն ալեկոծվում է: Եվ մինչ ես հապաղում եմ, մեկ ուրիշն իջնում է ինձնից առաջ»: 8Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և քայլի՛ր»: 9Եվ մարդն իսկույն առողջացավ, և վերցրեց իր մահիճն ու սկսեց քայլել:
Այդ օրը, սակայն, շաբաթ էր: 10Ուստի հրեաները բժշկվածին ասացին. «Շաբաթ է, և օրինավոր չէ, որ դու մահիճը վերցնես»: 11Բայց նա պատասխանեց նրանց. «Նա, որ բժշկեց ինձ, Նա՛ ինձ ասաց. ''Վերցրո՛ւ քո մահիճը և քայլի՛ր''»: 12Հարցրեցին նրան. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց. ''Վերցրո՛ւ և քայլի՛ր''»: 13Բայց բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է, քանի որ ամբոխի պատճառով Հիսուսն այդտեղից հեռացել էր: 14Դրանից հետո Հիսուսը նրան տաճարում գտավ և նրան ասաց. «Ահա՛ առողջացար: Այլևս չմեղանչես, որպեսզի ավելի վատ բան չպատահի քեզ»:
15Մարդը գնաց և հրեաներին հայտնեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը: 16Եվ այդ պատճառով հրեաները սկսեցին հալածել Հիսուսին, որովհետև այդ բաները շաբաթ օրով էր անում: 17Բայց Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, և ես էլ եմ գործում»: 18Հենց դրա համար հրեաներն առավել ևս ցանկանում էին սպանել Նրան, որովհետև ո՛չ միայն խախտում էր շաբաթը, այլ նաև՝ Աստծուն անվանում էր Իր Հայրը, Ինքն Իրեն հավասար դարձնելով Աստծուն:
5, 1-47 - Հիսուսի ինքնահայտնությունը շարունակվում է Երուսաղեմում, հրեական տոներից մեկի կապակցությամբ կատարված ուխտագնացության ժամանակ: Երրորդ «նշանը» (հմմտ. 2, 11; 4, 54) մի անդամալույծի բժշկումն է. Հիսուսի խոսքը կարողանում է տալ նրան այն, ինչը որ ավազանի ջուրը – խորհրդապատկերը ինչպես Մովսիսական Օրենքի, այնպես էլ հեթանոսական հավատալիքների – չէր կարողանում և ի զորու չէր տալու:
 
5, 1 - «Այդ բաներից հետո». Տե՛ս 3, 22+: ꟷ
- «տոներից մեկն էր». Որոշ ձեռագրերում որոշյալ հոդով է. «տոնն էր»: Դժվար է ճշգրիտ կերպով ասել, թե ո՛ր տոնի մասին է խոսքը, բայց պետք է որ եղած լինի այն երեք տոներից մեկը, որոնց ժամանակ նախատեսվում էր ուխտագնացություն դեպի Երուսաղեմի Տաճար: Հետևաբար, կա՛մ Զատիկն էր (6, 4), կա՛մ Տաղավարահարացը (7, 2), – որոնք երկուսն էլ Հովհաննեսի կողմից հիշվում են որպես «հրեաների տոն» («ἑορτὴ τῶν Ἰουδαίων» - «հէոռտէ տօն Յուդայօն») – կա՛մ էլ, ամենայն հավանականությամբ, Պենտեկոստեն (Հին Կտակարանի «Շաբաթների» կոչվող տոնը):
 
5, 2 - «Ոչխարների դարպասի մոտ». Հուն. «ἐπὶ τῇ προβατικῇ» - «էպի տէ պռոբատիկէ». Հունարեն բնագրում «դարպաս» եզրը չկա (բառացի՝ Ոչխարների մոտ): Ավելացնում ենք դարպասը, որովհետև Տաճարի տարածքի հյուսիս-արևելյան պարիսպները մի դարպաս ունեին, որտեղից ներս էին մտցվում զոհաբերությունների համար նախատեսված կենդանիները (հմմտ. Նեեմ 3, 1.12; 12, 39), և այդ դարպասն է, որ կոչվում էր «Ոչխարների»: Գրաբարը գործածել է իբրև ավազանի անունը. «'ի Պրոբատիկէ աւազանին»։ – Այդ դարպասի մոտ մի ավազան կար, որը եբրայեցերեն (կամ ավելի ճիշտը՝ արամայերեն) կոչվում էր «Βηθζαθά» - «Բեթզաթաե, կամ, ձեռագրերի մի մասի համաձայն, Բեթհեզդա, որ նշանակում է «հոսող ջրի տուն»: Այդտեղ էր հավաքվում ջուրը, որն հետո գործածվում էր Տաճարի կարիքների համար: Իսկ այդ գլխավոր ավազանի հարևանությամբ կային ա՛յլ փոքր ջրավազաններ ևս, որոնք կապակցվում էին բժշկության հեթանոսական տարբեր հավատալիքների հետ: ꟷ
- «կամարակապ հինգ սրահներով». Տրվում է Օրենքի հինգ գրքերի (Մովսիսական Հնգամատյանի) խորհրդապատկերը: Դրանք ծառայում են «հիվանդությունները» (մեղքերը) բացահայտելուն, բայց ո՛չ բուժելուն:
 
5, 3 - Մի խումբ ձեռագրեր այս տողի վերջում ավելացնում են. «որոնք սպասում էին ջրերի հուզվելուն»: Գրաբարը ևս. «որ ակն ունէին ջրոցն յուզելոյ»։
 
5, 4 - Լավագույն և հնագույն ձեռագրերը չունեն այս տողը, ուր ասվում է. «Եվ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը և ջրերը հուզում. և ով ջրերի հուզվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով»: Լեզվական առումով ևս այն չի համապատասխանում Հովհաննես Ավետարանչի լեզվին ու բառապաշարին: Արևմտյան ձեռագրերում ի հայտ է եկել 2րդ, իսկ Արևելյան ձեռագրերում՝ 4րդ դարից սկսած:
 
5, 5 - «երեսուն և ութ տարի». Հին Կտակարանում «40 տարի» ժամանակաշրջանը խորհրդանշում է մի ամբողջ սերնդի կյանքի, կամ մի թագավորության տևողությունը (2Սմ 5, 4; 1Թգ 2, 11), կամ նաև խաղաղության ու բարօրության վիճակը (Հս 3, 11; 5, 21): Հին Կտակարանի ժողովրդի վերաբերյալ կիրառվելով, մատնանշում է, որ Եգիպտոսից դուրս ելած ժողովուրդը, անապատում թափառելով, չի ստանալու Ավետյաց Երկիր մտնելու իրավունքը (Թց 32, 13; Հս 5, 6; Սղմ 95, 10): Անդամալույծի դեպքում, այստեղ, շուտով լրանալու էին այդ 40 տարիները, բայց Հիսուսը միջամտում է և իրավիճակը փոխում: ꟷ
- «հյուծվում էր». Հուն. «ἀσθενείᾳ» - «ասթենեյա». Բառացի՝ թուլության, անուժության, ուժասպառության մեջ էր: ꟷ
- «իր մարմնի մեջ». Բառացի՝ ինքն իր մեջ: Գրաբարը. «երեսուն եւ ութ ամ էր 'ի հիւանդութեան իւրում»։
 
5, 7 - «երբ ջուրն ալեկոծվում է». Ջրի հոսքը կայուն ուժգնությամբ չէր, այլ՝ երբեմն, որոշ ժամանակ դադարելուց կամ թուլանալուց հետո, հանկարծակի թափով էր հոսում և ավազանի մեջ ներքևից լցվելով՝ բլթբլթացնում էր ավազանի ջուրը: Ոմանք դրանում հրեշտակային միջամտություն էին տեսնում և բժշկման հույս էին փայփայում: ꟷ
- «մեկ ուրիշն իջնում է ինձնից առաջ». Ասվում է, որ մեկ ուրիշն իջնում էր, բայց չի ասվում, թե իրոք բժշկվում էր: Բայց մյուսները, տեսնելով, որ մեկն արդեն իջել է, ավելորդ էին համարում իրենք էլ իջնելը. միևնույնն է, մտածում էին, առաջինը չենք և մեր համար այլևս հույս չկա:
 
5, 8 - «քայլի՛ր». Հուն. «περιπάτει» - «պեռիպատեյ». Քայլի՛ր, բայց ավելի ճշգրիտ իմաստով՝ շրջի՛ր, ընթացի՛ր, կյանքդ ապրի՛ր:
 
5, 9 - «շաբաթ էր». Հմմտ. Մտթ 12, 1-2+ և 12, 8+-ի առաջին մասը:
 
5, 10 - «օրինավոր չէ». Իրենց միջամտությամբ, որով հակառակվում են Հիսուսի կողմից տրված հրամանին (8), հրեա իշխանավորները վկայակոչում են Օրենքը՝ բժշկված մարդուն ապրելու ազատությունից զրկելու համար:
 
5, 14 - «Այլևս չմեղանչես». Հիսուսը չի ասում, թե հիվանդությունը մեղքի հետևանքն է (հմմտ. 9, 2-3): Մարմնով բժշկվածին զգուշացնում է, որ մարմնական հիվանդություններից շա՜տ ավելի ծանր ու բախտորոշ իրողություններ գոյություն ունեն (հմմտ. Հյտ 20, 6.14; 21, 8), և որ մարմնական բժշկության շնորհը նրա համար բարոյական պարտականություն է ստեղծում դարձի գալու (հմմտ. Մտթ 9, 2-8): Այս երկու ճշմարտությունները մոռացության մատնելու դեպքում, նա ինքն իրեն կենթարկի մի վտանգի, որն «ավելի վատ բան» է, քան անդամալուծությունը, որից բժշկվեց: Տեսանելի հրաշքը, հետևաբար, պետք է հոգևոր հարության «նշանը» լինի (24):
 
5, 16 - Հիսուսի նկատմամբ հրեա իշխանությունների սնուցած ատելության ու հակառակության առաջին ակնարկն է Հովհաննեսի Ավետարանում: Դրվագի ավարտը տրվելու է 7, 19-24 հատվածում:
 
5, 17 - Շաբաթ օրվա հանգստի պատվիրանը հիմնվում էր Աստծո յոթերորդ օրվա հանգստի վրա (հմմտ. Ծնդ 2, 2-3; Ել 20, 11): Բայց, հրեա անվանի ռաբբիներից ոմանք ընդգծում էին փաստը, որ դա հարաբերական հանգիստ էր, քանի որ Աստված անդադար գործում է նաև շաբաթ օրը՝ գոյության մեջ պահելով արարչությունը, կառավարելով աշխարհը, կյանք տալով ծնվողներին և կյանքը վերցնելով մահացողներից: Ուրիշ ռաբբիներ նախընտրում էին ընդգծել, որ Աստված երբեք չի դադարում գործել որպես դատավոր: Հետևաբար, երբ հրեաները լսում էին Հիսուսի խոսքը, թե «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, և ես էլ եմ գործում», միանշանակ կերպով հասկանում էին, որ Հիսուսն Իր Անձը նույնացնում է արարիչ և դատավոր Աստծո հետ (հմմտ. Ղկս 6, 5, և հատկապես՝ Մտթ 12, 1-8; և այլն):
 
5, 18 - Հմմտ. 10, 30-33: Մեղքը, որի մեջ Հիսուսը մեղադրվում է հրեաների կողմից, հիշեցնում է սկզբնական, ադամական մեղքը (հմմտ. Ծնդ 3, 5-6):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։