Ամենասուրբ Երրորդությունը – Գրադարան – Mashtoz.org

Ամենասուրբ Երրորդությունը

Հովհաննեսի Ավետարանը նորկտակարանյան այն գրվածքն է, որն ամենաբացահայտն է Ամենասուրբ Երրորդության խորհրդին վերաբերվող հարցերում: Ավետարանիչը խորասուզվում է Աստվածության անքննելի անդունդների մեջ և բացառիկ խորաթափանցությամբ վկայություն է տալիս Քրիստոսի խոսքերին. Միածին Որդու, Ով Հոր ծոցում է, և մարդանում է՝ Աստծո էության գաղտնիքները մեզ հայտնելու նպատակով (հմմտ. 1, 18):

Նախաբանում արդեն հայտարարվում է, որ Բանն Աստված է. միաժամանակ, ասելով, որ Բանն Աստծո մոտ է, Սրբազան Գրությունը հաստատում է, որ Բանը համագոյակից է Հորը, կամ աստվածաբանական ա՛յլ եզրով ասած՝ Հոր միևնույն էությունն ունի. հունարեն բնագիրը մեծապես հարուստ է արտահայտչական նրբություններով, քանի որ Աստված եզրը («Θεός» - «Թէոս») գործածված է որոշյալ հոդով, երբ մատնանշում է Հոր Անձը, իսկ երբ վերաբերվում է աստվածային էությանը, գործածված է առանց որոշյալ հոդի:

Խոսքը առաջ տանելով, Ավետարանիչը խոսում է Աստծո էության միության, ինչպես նաև՝ աստվածային երեք Անձերից յուրաքանչյուրի մասին: Ասում է, որ Աստված է ուղարկել Հովհաննես Մկրտչին (1, 6), որ Նրանից ծնվում ենք շնորհի կյանքին (1, 12-13), որ Նրան ոչ ոք երբեք չի տեսել (1, 18), և որ բոլոր բարի գործերը Նրա մեջ են կատարվում (3, 21). բացառիկ կորովով հռչակում է Աստծո էության միությունը (5, 44):

Մյուս կողմից, սակայն, և զուգահեռաբար, Ավետարանիչը հաճախ խոսում է աստվածային Անձերից յուրաքանչյուրի մասին: Ներկայացնում է Բանին որպես Հոր Միածինը (1, 14), և ողջ Ավետարանում Հիսուսը խոսում է Իր Հոր մասին. օրինակ, երկու առիթներով, երբ աղոթում է բարձրաձայն, Քրիստոսն Աստծուն դիմում է որպես Իր Հորը (11, 41; 17, 1): Իր և Հոր միջև Անձերի տարբերության հետ միասին, Հիսուսը հայտնում է նաև Իր բնության նույնությունը Հոր հետ, հայտարարելով. «Ես և Հայրը մի ենք» (10, 30): Ա՛յլ առիթներով հաստատում է, որ եթե մեկը ճանաչում է Իրեն, ճանաչում է նաև Հորը (8, 19; 14, 8-11), և որ Հայրն Իր մեջ է, և Ինքը՝ Հոր մեջ (10, 34-39): Ուսուցանում է նաև, որ Աստված Իր Հայրն է ա՛յլ ձևով, քան այն, որ վերաբերվում է մյուս մարդկանց. « ... բարձրանում եմ իմ Հոր ու ձեր Հոր [...] մոտ» (20, 17):

Մարմնացյալ Բանը կենտրոնն է ողջ չորրորդ Ավետարանի, առաջին էջից մինչև վերջինը: Իրոք, Հովհաննեսն իր Ավետարանը սկսում է հռչակելով, որ Բանն Աստված էր և Հոր մոտ էր. Ավետարանչի կողմից գործածված ժամանակաձևը (տևողությամբ անկատար) արտահայտում է ապաժամանակային էության, հավիտենության գաղափարը: Բանը Հոր առաքյալն է (3, 17-34; 5, 36; 6, 57; 7, 31; և այլն), աշխարհի հանդեպ Աստծո սիրո ամենամեծ փաստը (3, 16): Հիսուս Քրիստոսի՝ մարմնացյալ Բանի գալուստն ապացուցում է, որ Աստված միշտ մոտ է մարդկանց. Նրա սրբազնասուրբ մարդկային բնության մեջ շողարձակ փայլում է Աստծո մեծվայելչությունը (հմմտ. Կղս 2, 9; Եբր 1, 3): Հիսուսն, ուստի, վշտանում է, երբ աշակերտները, Իր հետ այդքա՜ն ժամանակ ապրելուց հետո, Իրենից խնդրում են ցույց տալ իրենց Հորը, երբ, փաստացի, ով տեսնում է Հիսուսին, տեսնում է նաև Հորը (14, 8-11). միայն Իր Անձն ու Իր խոսքերը չեն, որ բացահայտում են Հորը, այլ՝ Իր ողջ կյանքը, Իր բոլոր գործերը (9, 4; 10, 32.37; 14, 12), և հատկապես՝ Իր Մահն ու Հարությունը: Հանձինս Քրիստոսի՝ մեր առջև հայտնվում է Հայրը, հաճախակի ասվում է Հովհաննեսի Ավետարանում (1, 18; 8, 19; 10, 30; 17, 6), և այս փրկարար հայտնությունն իր գագաթնակետին է հասնում Խաչի մեջ, երբ մարմնացյալ Բանը, արքայական մի ժեստով փարվելով նրան, կարծես գահի վրա՝ բարձրացվում է ողջ երկրից վեր: Խաչված Հիսուս Քրիստոսն, ուստի, Աստծո փրկարար սիրո գերագույն արտահայտությունն է: Ինչպես անապատում Մովսեսը պղնձե օձը բարձրացրեց, որպեսզի իսրայելացիները փրկվեին թունավոր խայթոցներից, «այդպես էլ հարկավոր է, որ Մարդու Որդին բարձրացվի, որպեսզի Նրան հավատացող ամեն ոք հավիտենական կյանք ունենա» (3, 14-15): Միևնույն իմաստով Հիսուսն ասում է. «Եվ ես, երբ երկրից վեր բարձրանամ, ամենքին դեպի ինձ կձգեմ» (12, 32):

Չորրորդ Ավետարանը հայտնում է նաև Սուրբ Հոգու անդրանցական իրականությունը: Վկայության մեջ, որ Հովհաննես Մկրտիչը տալիս է ի նպաստ Հիսուսի՝ իբրև Աստծո Որդու (1, 34), վճռորոշ նշանը Սուրբ Հոգու էջքն է Փրկչի վրա. Նրա, ով ի տարբերություն միայն ջրով մկրտող Նախակարապետի, մկրտելու է Սուրբ Հոգով. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (3, 5): Կենարար ջրի և Սուրբ Հոգու միջև ընկալվող այս հարաբերությունը վերադառնում է Հվհ 7, 37-39 հատվածում, ուր Հիսուսը խոստանում է, որ կենդանի ջրի գետեր են բխելու Իրեն հավատացողի մեջ. խոսքեր, որոնք Հովհաննես Ավետարանիչն ինքը մեկնաբանում է այս կերպ. «Սա, արդ, ասաց Հոգու մասին, որին շուտով ընդունելու էին Նրան հավատացողները: Հոգին, իրոք, դեռ չէր տրվել, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել» (7, 39):

Ավետարանիչը գրի է առել նաև խոսքերը, որոնք – Վերջին Ընթրիքի ժամանակ և Հարությունից հետո – Հիսուսն ասել է Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձի մասին: Հիսուսը խոստանում է, որ խնդրելու է Հորից, որպեսզի աշակերտներին մի ա՛յլ Աջակցող պարգևի. Ճշմարտության Հոգին (14, 16-17; 15, 26; 16, 13): Հայրն ընդունելու է Քրիստոսի խնդրանքը և ուղարկելու է Պառակլետոսին (14, 26), Ով բխում է Հորից և վերցնում է Որդուց (16, 13-15):

Սուրբ Հոգին, արդարև, Աջակցողն է, որ միշտ մնալու է Հիսուսին հավատացողների հետ՝ օթևանելով նրանց մեջ (14, 16-17). նաև Նա է, Ով աշակերտներին մտաբերել է տալու այն ամենը, ինչը որ Հիսուսն Ինքը ուսուցանել է, և լուսավորելու է նրանց մտքերը, որպեսզի հասկանան այդ խոսքերի ճշմարիտ իմաստը (14, 26): Առաքյալների առաջ վկայելու է ի նպաստ Քրիստոսի, և նրանք իրենց հերթին Քրիստոսի վկաներն են լինելու մարդկանց առաջ (15, 26-27): Սուրբ Հոգին ավետելու է նրանց նաև այն ամեն ինչը, որ վերաբերվում է փրկության խորհրդին (16, 14-15): Իր ապահով առաջնորդությամբ՝ աշակերտները հասնելու են ճշմարտության լիությանը (16, 13): Վերջում, հարություն առնելուց հետո, Հիսուսը փչում է աշակերտների վրա և ասում է. «Առե՛ք Սուրբ Հոգին. ո՛ւմ մեղքերը որ ներեք, դրանք ներված կլինեն. ո՛ւմ որ կապեք, կապված կլինեն» (20, 22-23): Սուրբ Հոգու այս առաջին հեղումը (որի նպատակը մեղքերի ներման իշխանության փոխանցումն է) Առաքյալների համար բերկրալի նախաճաշակն է հանդիսանում Սուրբ Հոգու մեջ վերջնական ընկղման, որ տեղի էր ունենալու Պենտեկոստեի օրը (Գրծ 2, 1-13):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։