Կենսագրական տվյալներ – Գրադարան – Mashtoz.org

Կենսագրական տվյալներ

Չորս Ավետարաններից վերջինը այն մեկն է, որն առավել լուսավոր կերպով արտացոլում է իր մարդկային հեղինակի ինքնությունը: Հովհաննես Առաքյալի մասին տեղեկություններ հաղորդում են հատկապես մյուս Ավետարանները, որոնց հարկավոր է ավելացնել քրիստոնեական ամենավաղ ժամանակների Ավանդության կողմից փոխանցված տեղեկությունները, թեև դրանք այնքան բազմաթիվ չեն, որքան կփափագեինք: Ծնվել էր Գալիլեայի Բեթսաիդա քաղաքում, Տիբերական լճի հյուսիսային ափին: Զեբեդեոսի ու Սալոմեի կրտսեր որդին էր, Ավագ Հակոբոսի եղբայրը: Ձկնորսների բարեկեցիկ ընտանիք էին: Հազիվ թե ճանաչում են Հիսուսին, իսկույն նվիրվում են Նրա ամբողջական ծառայությանը: Հակոբոսն ու Հովհաննեսը, պատասխանելով Հիսուսի կանչին, անդամակցում են Նրա տասներկու ամենամտերիմ աշակերտների խմբին (Մրկ 1, 20): Նաև Սալոմեն՝ նրանց մայրը, Հիսուսի հետևորդուհիներից էր, ով ընկերակցեց Նրան մինչև Գողգոթայի բարձունքը (Մրկ 15, 40-41):

Հովհաննեսը, Անդրեասի՝ Սիմոն Պետրոսի եղբոր հետ, աշակերտել էր Հովհաննես Մկրտչին, և երկուսով նրա մոտ էին գտնվում Հորդանանի ափին, երբ մի օր, տեսնելով Հիսուսին, նա նրանց ասաց. «Ահա՛ Աստծո Գառը»: Այդ խոսքերը լսելով, Հովհաննեսն ու Անդրեասը գնացին Հիսուսի ետևից և այդ օրը Նրա մոտ մնացին (Հվհ 1, 35-39): Ապա իրենց տները վերադարձան, իրենց հայրենի Բեթսաիդայում, ուր շարունակեցին զբաղվել իրենց առօրյա կյանքով: Այդ դեպքից քիչ ժամանակ անց Հիսուսն այցելում է նրանց և վերջնական կերպով կանչում է մաս կազմելու Տասներկուսի խմբին: Այդ պահից Հովհաննեսը հետևում է Հիսուսին և Նրանից երբեք չի բաժանվում: Ավետարանները Տասներկու Առաքյալների ցանկերում նրան միշտ հիշատակում են եղբոր՝ Հակոբոսի հետ միասին, Պետրոսից անմիջապես հետո (Մտթ 10, 2-4; Մրկ 3, 16-19; Ղկս 6, 14-16; Գրծ 1, 13): Քրիստոսի հանդեպ սաստիկ սերն ու նվիրվածությունը երկու եղբայրներին երբեմն մղել է բուռն հակազդեցություն ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր մերժում էին Վարդապետին: Երբ սամարացիներից ոմանք մերժեցին ընդունել Հիսուսին, Զեբեդեոսի որդիներն առաջարկեցին երկնքից կրակ իջեցնել և բնաջնջել նրանց (Ղկս 9, 54; հմմտ. 2Թգ 1, 10-13): Այս և նմանատիպ ա՛յլ դեպքերից հետո Հիսուսը նրանց անունը Բոաներգես դրեց, որ նշանակում է Որոտման Որդիներ (Մրկ 3, 17):

Պետրոսի հետ միասին, Զեբեդեոսի երկու որդիները Հիսուսից ստացան յուրահատուկ մտերմության ու վստահության դրսևորումներ (Մրկ 1, 29; 5, 37; 9, 1; 14, 33): Պետրոսին ու Հովհաննեսին է Հիսուսը հանձնարարում Զատկական Ընթրիքի պատրաստումը (Ղկս 22, 8), և ամենայն հավանականությամբ՝ Հովհաննեսն է, որ Պետրոսին ներս է մտցնում քահանայապետի տան բակը (Հվհ 18, 16): Հնագույն մի ավանդության համաձայն՝ Հովհաննեսը քահանայական ընտանիքի զավակ է եղել, և դրանով էլ հենց բացատրվում է փաստը, որ անձամբ ծանոթ է եղել քահանայապետին: Պետրոսն ու Հովհաննեսն են նորից, որ միասին վազում են դեպի գերեզմանը և այն դատարկ են գտնում (Հվհ 20, 3-9): Հովհաննեսն է, որ առաջինն է ճանաչում Հիսուսին հարությունից հետո, երբ Նա լճի ափին երևում է աշակերտների խմբին, և ցնծությամբ լի՝ ասում է Պետրոսին. «Տերն է» (Հվհ 21, 7): Պետրոսի ու Հովհաննեսի վերաբերյալ արտասանված Հիսուսի խոսքերով է փակվում ինքնին Ավետարանը (Հվհ 21, 15-24):

Հիսուսի Համբարձումից հետո Հովհաննեսը շարունակում է Պետրոսի կողքին լինել և նրանց գործակցությունը սերտ նկարագիր է կրում: Գործք Առաքելոց գրքում պատմվում է, որ միասին աղոթքի են գնում Տաճար, Գեղեցիկ կոչվող դռան մոտ Հիսուսի Անունով բժշկում են ի ծնե կաղին (Գրծ 3, 1-9; հմմտ. 2, 46), քարոզում են Հիսուսի միջոցով հարության մասին ու ձերբակալվում (Գրծ 4, 1-3), համարձակ վկայում են Ատյանի առաջ (Գրծ 4, 8-12. 19-20), ուրախանում են, երբ Քրիստոսի Անվան համար ենթարկվում են ծեծի (Գրծ 5, 40-41), և Աստծուն փառաբանում են Սաղմոսի խոսքերով (Գրծ 4, 25): Միասին գնում են Դրոշմի խորհուրդը մատակարարելու նրանց, ովքեր Փիլիպպոսի ձեռամբ մկրտվել էին Սամարիայում (Գրծ 8, 14): Տարիներ անց, մոտավորապես 50 թվականին, երբ Երուսաղեմում գումարվում է Եկեղեցու Առաջին Ժողովը, Հովհաննեսը Ավագ Հակոբոսի ու Պետրոսի հետ միասին հիշատակվում է որպես «Եկեղեցու սյուներից» մեկը (Գղտ 2, 9):

Այս կետից հետո, տվյալները, որ ունենք Հովհաննես Առաքյալի կյանքի վերաբերյալ, քաղում ենք եկեղեցական Ավանդությունից: Արժանահավատ հիշատակումները վկայում են, որ նա Երուսաղեմից տեղափոխվել է Եփեսոս, ուր զբաղվել է Փոքր Ասիայում գտնվող համայնքների ճակատագրով: Այս մասին է վկայում Պողիկարպոս Զմյուռնիացին, ով մահացել է 155 թվականին 86 տարեկան հասակում և Հովհաննես Առաքյալի անմիջական աշակերտներից մեկն է եղել[1]: Այս տվյալը համապատասխանում է Եփեսոսի Եպիսկոպոս Պոլիկրատոսի († մոտ 190) վկայության հետ, որ մեզ է հասել Եվսեբիոս Կեսարացու աշխատության միջոցով[2]. այդ վկայության համաձայն՝ Հովհաննեսը հրեական քահանայական ընտանիքի էր պատկանում, Վերջին Ընթրիքի ժամանակ իր լանջին կրում էր Հին Ուխտի քահանայական տարբերանշանները, և որ մահացել է Եփեսոսում: Այս վկայությունը մեծապես համաձայնվում է այն փաստի հետ, որ չորրորդ Ավետարանում հաճախակի ու ավելի մանրամասն կերպով են հիշատակվում հրեա ժողովրդի կրոնական տոներն ու ծիսակատարությունները, ինչպես նաև հիշատակումը, որ Հովհաննեսն անձամբ ծանոթ էր քահանայապետին (Հվհ 18, 16):

Մինչդեռ նույնքան վստահությամբ հնարավոր չէ ճշտել Եփեսոս տեղափոխվելու թվականը: Ինչպես արդեն ասացինք, մոտավորապես 50 թվականին Առաքյալը գտնվում էր Երուսաղեմում, և հավանական չէ, որ Եփեսոսում գտնվեր այն ժամանակ, երբ Պողոս Առաքյալը մոտավորապես 66-67 թվականներին գրում էր Տիմոթեոսին ուղղված Երկրորդ Նամակը, ուր նրան ցուցմունքներ է տալիս այդ համայնքի ղեկավարման վերաբերյալ: Պատմական տվյալները մղում են մեզ ենթադրելու, որ Հովհաննեսը Եփեսոս պետք է որ տեղափոխված լինի Պողոսի մահից հետո, որ տեղի է ունեցել 67 թվականին, և դա երկու պատճառով. առաջին, այդ համայնքները հիմնած Պողոսի մահից հետո Եփեսոսի և մերձակա քաղաքների քրիստոնեական համայնքները սաստիկ կարիքն ունեին առաքելական մի «ուժեղ» կերպարի ներկայության, և երկրորդ, հասունացող Հրեական Պատերազմը, որի պատճառով Երուսաղեմն ու Տաճարը կործանվելու էին 70 թվականին, բազմաթիվ քրիստոնյաների մղել էր գաղթելու Երուսաղեմից ու Պաղեստինից դուրս: Չգիտենք նաև, թե Եփեսոս տեղափոխվելով՝ արդյոք նա իր հետ տարե՞լ է նաև Մարիամին, ով իր որդիական խնամքին էր հանձնվել Հիսուսի կողմից, թե՞ Սուրբ Կույսն արդեն ավարտել էր իր երկրային ընթացքը:

Տառապանքների մասին, որոնք Հովհաննես Առաքյալը կրեց Եփեսոսում, և նրա գործունեության մասին, արժանահավատ տեղեկություններ ենք ստանում Ավանդությունից: Առաքյալն ինքը հաստատում է տեղեկությունը, – որի մասին վկայում են Իրենեուսը, Եվսեբիոս Կեսարացին և ա՛յլ հին մատենագիրներ, – որ աքսորի է ենթարկվել և ուղարկվել է Պատմոս կղզի, ուր և գրել է Հայտնության գիրքը (Հյտ 1, 9): Դա տեղի է ունեցել Դոմիցիանուսի կայսրության օրոք, առավել ճշգրիտ՝ նրա գահակալության տասնչորսերորդ տարում, այսինքն՝ 95 թվականին: Դոմիցիանուսի մահից հետո՝ 96 թվականին, Հովհաննեսը վերադառնում է Եփեսոս, ուր հարկադրվում է դիմակայել ո՛չ միայն արտաքին թշնամիներին, որոնք հալածում էին Եկեղեցին, այլ նաև՝ որոշ քրիստոնյաների, որոնք հերետիկոսության մեջ էին ընկել և համառում էին իրենց սխալների մեջ: Հայրական հոգատարությամբ՝ Առաքյալը ջանում է դարման գտնել ստեղծված իրավիճակին և շարադրում է իր երեք Նամակները, ուր մեծ հուզմունքով ասում է. «Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ որդիներս ընթանում են ճշմարտության մեջ» (3Հվհ 4):

Ավանդությունից մեզ են հասել նաև Առաքյալի կյանքի վերջին տարիներին վերաբերվող որոշ մանրամասնություններ, որոնք վերահաստատում են նրա մտահոգությունը՝ պաշտպանելու հավատքի մաքրությունն ու եղբայրական սիրո պատվիրանի հանդեպ հավատարմությունը: Հերոնիմոս Ստրիդոնացին պատմում է, որ Հովհաննեսի ծերության օրերին նրա աշակերտներն էին, որ նրան գրեթե գրկած տանում էին քրիստոնյաների հավաքներին, քանի որ այլևս չէր կարողանում միայնակ քայլել, և ճանապարհի ողջ ընթացքում և ապա հավաքների ժամանակ Առաքյալը չէր դադարում կրկնելուց. «Որդյակներս, սիրեցե՛ք միմյանց»: Եվ երբ մի օր աշակերտները հարցնում են, թե ինչո՞ւ է միշտ նույն բանը կրկնում, Առաքյալը պատասխանում է. «Դա Տիրոջ պատվիրանն է, և եթե պահենք այն, այն միայն բավական է»[3]:

Հովհաննես Առաքյալն, ամենայն հավանականությամբ, մահացել է հենց Եփեսոսում, ո՛չ մարտիրոսությամբ, այլ՝ բնական մահով (միակը Տասներկու Առաքյալներից), Տրայանոսի կայսրության առաջին տարիների ընթացքում, 98 թվականին կամ հաջորդ մի քանի տարիներից մեկում:

[1] Իրենեուս Լուգդունացի, Ընդդեմ հերետիկոսությունների, II, 22, 5; III, 1, 1.
[2] Եկեղեցական պատմություն, III, 31, 3; V, 24, 3.
[3] Գաղատացիներին ուղղված Նամակի մեկնություն, III, 6.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։