25-27. Հիսուսն ու Իր մայրը – Գրադարան – Mashtoz.org

25-27. Հիսուսն ու Իր մայրը

→ Մտթ 27, 55-56; Մրկ 15, 40-41; Ղկս 23, 49
⁓ Հվհ 2, 4; 13, 23
 
25Արդ, Հիսուսի խաչի մոտ կանգնած էին Նրա մայրն ու Նրա մորաքույրը, Կղեովպասի Մարիամն ու Մարիամ Մագդաղենացին: 26Հիսուսն, այնժամ, տեսնելով մորը և կողքը կանգնած աշակերտին, որին սիրում էր, մորն ասաց. «Ո՜վ Կին, ահա՛ քո որդին»: 27Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո Մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց:
19, 25 - Հստակ չէ, թե խոսվում է երե՞ք, թե՞ չորս կանանց մասին, որովհետև «Նրա մորաքույրը» և «Կղեովպասի Մարիամը» (հմմտ. Ղկս 24, 18) արտահայտությունները կարող են միևնույն անձին վերաբերվել, և այդ դեպքում հայերենը հարկավոր կլինի կետադրել ո՛չ թե ստորակետով, այլ՝ բութով. «Նրա մորաքույրը՝ Կղեովպասի Մարիամը»: Միայն Հովհաննեսն է այս համատեքստում հիշատակում Հիսուսի մոր՝ Մարիամի ներկայությունը:
 
19, 26-27 - Այժմ, երբ «ամեն բան այլևս կատարված է» (28), Մարիամը ստանձնում է քրիստոնյաների Մոր դերը, – քրիստոնյաների, որոնք այստեղ անձնավորված են հանձինս «աշակերտի, որին Հիսուսը սիրում է», – կամ ավելի ընդարձակ իմաստով՝ բոլոր նրանց, ովքեր փնտրում են փրկությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։