38-42. Հիսուսի թաղումը – Գրադարան – Mashtoz.org

38-42. Հիսուսի թաղումը

→ Մտթ 27, 57-60; Մրկ 15, 42-46; Ղկս 23, 50-54
⁓ Հվհ 3, 1; 7, 13.50; 11, 44;  ≈ Մտթ 2, 11
 
38Այս բաներից հետո, ապա, Հովսեփ Արիմաթեացին, որ Հիսուսի աշակերտներից էր, – բայց ծածուկ, հրեաների վախի պատճառով, – խնդրեց Պիղատոսին, որ Հիսուսի մարմինը վերցնի: Եվ Պիղատոսը թույլատրեց: Նա, ուստի, եկավ և վերցրեց Նրա մարմինը: 39Արդ, եկավ նաև Նիկոդեմոսը, – նա, որ գիշերով Նրա մոտ էր գնացել առաջին անգամ, – և զմուռսի ու հալվեի խառնուրդ բերեց, մոտ հարյուր լիտր: 40Նրանք, ուստի, վերցրեցին Հիսուսի մարմինը և այն կտավներով պատեցին՝ օծանելիքներով հանդերձ, ինչպես որ հրեաների սովորությունն է՝ թաղման համար նախապատրաստել: 41Արդ, այն վայրում, ուր Նա խաչվել էր, մի պարտեզ կար, իսկ պարտեզում՝ մի նոր գերեզման, որի մեջ տակավին ոչ ոք չէր դրվել: 42Այնտեղ, հետևաբար, դրեցին Հիսուսին, հրեաների Նախապատրաստության օրվա պատճառով, քանի որ այդ գերեզմանը մոտ էր:
19, 38-42 - Համատես երեք Ավետարաններում չի պատմվում ուրբաթ օրվա օծման մասին: Մարկոսի և Ղուկասի համաձայն՝ կանայք Կիրակի օրվա առավոտյան գերեզման են գնում հե՛նց Հիսուսի մարմինն օծելու նպատակով: Հմմտ. Մտթ 27, 57-61; 28, 1; Մրկ 15, 42-47; 16, 1-2; Ղկս 23, 50-56; 24, 1:
 
19, 38 - «բայց ծածուկ». Հովսեփ Արիմաթեացին (հմմտ. Մտթ 27, 59-60+; Մրկ 15, 43+), որ նախապես ծածուկ կերպով էր հետևում Հիսուսին, Նրա մահվան ողբերգությանն ու հերոսականությանն ի տես (հմմտ. Մրկ 15, 39+) լիովին փոխվում է, լցվում մի արիությամբ, որը միայն խոցված սերը կարող է ներշնչել, այն աստիճան, որ քաջությունն է ունենում ներկայանալու Պիղատոսին և, անտեսելով հրեա իշխանավորների հնարավոր վրեժխնդրությունները, խնդրում ու ստանում է Հիսուսի մարմինը և ամենայն շուքով ու պատվով կատարում է Նրա թաղման ծիսական արարողությունները:
 
19, 39 - Նիկոդեմոսի անունը նշելով և հիշատակելով նրա առաջին, գիշերային հանդիպումը Հիսուսի հետ (3, 1-5; հմմտ. 7, 50), Հովհաննեսն ուզում է ընդգծել, որ Հիսուսի մահով կործանվել են բոլոր խոչընդոտները, որ նախապես գոյություն ունեին նրա ու Հիսուսի միջև. հասարակական խոչընդոտներ՝ բացահայտ հետևելու Հիսուսին, ճի՛շտ ինչպես Հովսեփ Արիմաթեացու դեպքում: ꟷ
- «հարյուր». Վստահաբար, Հովհաննեսի կողմից այս թիվը գործածվում է հինկտակարանյան խորհրդաբանության համաձայն, ասելու համար «առատորեն», առանց հստակ քանակ նշանակելու: Ըստ այդ ժամանակվա արժեքի, 100 լիտրը համապատասխանում է մեր այժմյան մոտ 33 լիտրին (տե՛ս 12, 3+). այդպիսի քանակն ուղղակի անմտածելի է մեկ մարդու մարմինն օծելու համար: Հովհաննեսը պարզապես ուզում է ասել, որ Նիկոդեմոսը առատ յուղ էր բերել թաղմանական օծման համար, առանց արժեքի հարցում խնայելու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։