Մայրը – Գրադարան – Mashtoz.org

Մայրը

Հիսուսի Մոր՝ Մարիամի վերաբերյալ, Հովհաննես Առաքյալը գտնվում է առանձնաշնորհյալ վիճակում, քանի որ Հիսուսը նրան էր վստահել Իր Մոր խնամքը, երբ մահամերձ գամված էր Խաչին: Այդ պահից սկսած, Մարիամը միշտ մնալու էր Հիսուսի նախասիրած աշակերտի մոտ: Հովհաննեսին, ուստի, ինչպես ուրիշ ոչ ոքի, Կույս Մայրը կարողացավ հաղորդել բոլոր այն բաները, որոնք պահում էր իր սրտում (հմմտ. Ղկս 2, 51):

Մարիամի արգանդում, ասում է Ավետարանը, «Բանը մարմնացավ» (1, 14), որպեսզի մարդկանց զավակներն այդպիսով կարողանային դառնալ Աստծո զավակները: «Մխիթարության տաղի» մեջ (հմմտ. Ես 40, 1-11) խոսվում էր տառապող մարդկանց մեջ Աստծո գալստյան մասին, որպեսզի Աստված Ինքը առաջնորդեր Իր ժողովրդին դեպի ճշմարիտ Ավետյաց Երկիրը, մի նոր ու հոգևոր Ելք կատարելով: «Եվ Բանը մարմնացավ» խոսքերի ետևում խոնարհ ու նրբանկատ կերպով թաքնված է մարդացած Աստծո Մոր կերպարը: Դա սովորական է Մարիամի համար Ավետարանում. ընթերցողի ուշադրությունը երբեք չհրավիրելը իր վրա, հատկապես Որդու փառքի պահերին: Ավելի ուշ, ինչպես ուրիշ ոչ մի արարած, նա մասնակցելու էր Քրիստոսի փառավոր հաղթանակին, և տակավին Հովհաննես Առաքյալն էր լինելու, որ նկարագրելու էր ողջ այդ փառքն ու գեղեցկությունը. «Երկնքում, ապա, մի հզոր նշան հայտնվեց. մի կին՝ արևը հագած, լուսինն իր ոտքերի տակ, և իր գլխին՝ տասներկու աստղերից հյուսված թագ» (Հյտ 12, 1):

Հվհ 2, 1-11 հատվածում պատմվում է Կանայի հարսանիքը, իսկ Հվհ 19, 25-27 տողերում մատնացույց է արվում Մարիամի ներկայությունը Խաչի մոտ: Հովհաննեսի այս երկու էջերի միջև գոյություն ունի մի ակնհայտ զուգահեռություն. Մարիամն անվանվում է «Հիսուսի մայրը», իսկ Հիսուսը, Իր Մորը դիմելիս, նրան անվանում է «Կին»: Ինչպես նաև, և՛ Կանայի, և՛ Գողգոթայի դրվագում, խոսվում է Հիսուսի «ժամի» մասին: Առաջին դեպքում, որպես դեռ չհասունացած իրադարձության. երկրորդում, մինչդեռ, որպես մի իրականության, որն արդեն ներկա է: «Հիսուսի ժամը» իր հետքն էր թողնելու Նրա ողջ կյանքի վրա, մինչև որ իր լրմանն էր հասնելու Խաչելության մեջ (հմմտ. 7, 30; 8, 20; 12, 27; 13, 1; 17, 1): «Երբ Տերը կատարեց այն ամենը, ինչը որ անհրաժեշտ համարեց կատարել, հասավ Իր ժամը. ժամը, որ որոշվել էր ո՛չ թե ըստ կարիքի, այլ՝ ըստ Իր ազատ կամքի. ո՛չ թե ճակատագրի, այլ՝ ինքնիշխան տերության ժամը»[1]: Ուստի, «Չարչարանքների ժամը հարկավոր է հասկանալ ո՛չ այն իմաստով, որ կարծես թե կարիքից թելադրված լիներ, այլ՝ որպես Աստվածային Նախախնամության կողմից հաստատված»[2]:

Այն, ինչը որ Կանայի հարսանիքի դրվագում աչքի է ընկնում առաջին իսկ հայացքից, Մարիամի նրբանկատ հոգատարությունն է նրանց հանդեպ, որոնց կյանքում «գինին վերջացել է» (2, 3), և նրա բացարձակ հավատքը Որդու կարողության հանդեպ: Ավելի խորը ընթերցմամբ, սակայն, նկատում ենք, որ Հովհաննեսի ներկայացմամբ՝ Մարիամն է, որ խրախուսում է Մեսսիական ժամանակների սկիզբը: Մարգարեական գրքերում գինին խորհրդանշում էր Մեսսիայի թագավորությունը (հմմտ. Ամս 9, 13-15; Հվլ 2, 24; 3, 18; Ես 25, 6; հմմտ. նաև Մտթ 26, 29; Մրկ 2, 22): Ուստի, Մեսսիական դարաշրջանի սկզբնավորման իմաստով է, որ Հովհաննեսը ներկայացնում է Կանայի հարսանիքի դրվագը. և Մարիամը, ինչպես որ նախապես ծնել էր Քրիստոսի մարմինը (մարդկային բնությունը), նույն կերպ ''ծնունդ է տալիս'' նաև Մեսսիական դարաշրջանին:

Չորրորդ Ավետարանը Մարիամի մայրությունը դիտում է իր ամբողջության մեջ, քանի որ Մայրն է ո՛չ միայն Գլխի, այլ՝ նաև բոլոր անդամների, որոնք կազմում են Նրա խորհրդավոր Մարմինը: Այս պատճառով է, որ Մարիամ անվան փոխարեն, չորրորդ Ավետարանը գործածում է «Հիսուսի մայրը» և «Կին» տիտղոսները, որոնք ինքնահատուկ նշանակություն ունեն, կապված՝ Մարիամի հոգևոր մայրությանը: Միայն այն բանից հետո, ինչ Մարիամին որպես Մայր հանձնում է Իր սիրելի աշակերտին (19, 26-27), Հիսուսը կարողանում է ասել, որ ամեն ինչ այլևս «Կատարված է» (19, 30): Մարիամի հանձնումը սիրելի աշակերտին, այսինքն, և սիրելի աշակերտի հանձնումը Մարիամին, մաս է կազմում մարդկության փրկության Աստվածային Ծրագրին:

«Կին» տիտղոսը մեծապես հանդիսավոր ու պատվավոր տիտղոս է Աստվածաշնչում. լիովին ակնհայտ է Հովհաննեսի ակնարկը Ծննդոց գրքում պարունակված և Նախաավետարան կոչված դրվագին (Ծնդ 3, 15), ուր խոսվում է օձի դեմ Կնոջ հաղթանակի մասին: Ամենավաղ ժամանակներից սկսած, քրիստոնյա հեղինակները զուգահեռություն են նշմարել Եվայի ու Մարիամի միջև, նման այն զուգահեռությանը, որ նշմարել են Ադամի ու Քրիստոսի միջև (հմմտ. Հռմ 5, 12-14): Քրիստոսի մահվամբ՝ մարդկությունը հաղթանակել է դժոխային օձի դեմ, քանի որ մեռնելով՝ Քրիստոսը վճարել է մարդկության փրկության գինը և մարդկանց Իր Արյամբ փրկագնել է դիվային ստրկությունից: «Mors per Evam, vita per Mariam» – «Մահը՝ Եվայի միջոցով եղավ, կյանքը՝ Մարիամի»[3]: «Առաջին Եվան անհնազանդ գտնվեց Աստծո հանդեպ, երկրորդը, մինչդեռ, հնազանդություն ցուցաբերեց, այնպես՝ որ Կույս Մարիամը կարողացավ դառնալ Կույս Եվայի դատապաշտպանը»[4]: Մարիամն ամբողջովին յուրահատուկ կերպով գործակցեց Փրկչի առաքելությանը՝ անվարան հնազանդությամբ, անսասան հավատքով, անմար հույսով, բոցավառ սիրով, հզոր աղոթքով, վերականգնելու ու վերանորոգելու համար հոգիների գերբնական կյանքը: «Մարդն իր կնոջ անունը դրեց Կյանք [Եվա], որովհետև նա եղավ բոլոր կենդանի էակների մայրը» (Ծնդ 3, 20): Նմանապես Փրկչի Մայրը՝ Նոր Կինը, Մայրը եղավ բոլոր նրանց, ովքեր ունեն Շնորհի Կյանքը:

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացին (185-253) գրում է. «Համարձակվում ենք հաստատել, որ Աստվածաշնչի սիրտը Ավետարաններն են, իսկ Ավետարանների սիրտը Հովհաննեսի Ավետարանն է: Բայց ոչ ոք չի կարող թափանցել նրա իմաստի խորություններից ներս, եթե [Հովհաննեսի նման] չի հանգչել Հիսուսի կրծքին և չի ընդունել Մարիամին որպես իրեն Մայր: Հովհաննեսի վիճակում լինելու համար հարկավոր է, նրա նման, մատնացույց արվել որպես ա՛յլ ոմն Քրիստոս: Արդարև, քանի որ Մարիամն ուրիշ զավակներ չունեցավ, այլ միայն՝ Հիսուսին, և քանի որ Հիսուսը Մորն ասաց. ''Ահա՛ քո որդին'', և ո՛չ թե՝ ''Ահա՛ քեզ մի ուրիշ որդի'', ուրեմն այնպես է, կարծես Տերն ասած լիներ. ''Ահա՛, հանձինս նրա, Հիսուսը, որին դու կյանք տվեցիր'': Իրականում, երբ մեկը դառնում է Քրիստոսի նման, այլևս չի ապրում իր համար, այլ՝ Քրիստոսն է ապրում իր մեջ (հմմտ. Գղտ 2, 20), և քանի որ նրա մեջ ապրում է Քրիստոսը, այդ մարդու վերաբերյալ Հիսուսը Մարիամին ասում է. ''Ահա՛ քո որդին՝ Քրիստոսը''»[5]:

Մկրտությամբ, Քրիստոսի Մահվանն ու Հարությանը մասնակցությամբ (Հռմ 6, 1-14), քրիստոնյան ստացել է աստվածային որդեգրության պարգևը (Հվհ 1, 12-13), բայց Նրան հարևնման դառնալու համար հարկավոր է միանալ Նրան հավատքով, թողնելով, որ Նրա կյանքը բացահայտվի տվյալ հոգու մեջ, այն աստիճան, որ յուրաքանչյուր քրիստոնյա կարողանա ասել, որ ինքը ո՛չ միայն «alter Christus» – «ա՛յլ ոմն Քրիստոս» է, այլ ուղղակի՝ «ipse Christus» – «նույն Ինքը՝ Քրիստոսը»:

[1] Օգոստինոս Հիպպոնացի, Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, 8, 12.
[2] Թովմա Աքուինացի, Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, 2, 3.
[3] Հերոնիմոս Ստրիդոնացի, Նամակ Էուստոխիոսին, PL 22, 408.
[4] Իրենեուս Լուգդունացի, Ընդդեմ հերետիկոսությունների, V, 19, 1.
[5] Հովհաննեսի Ավետարանի մեկնություն, 19, 26-27.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։