24-29. «Տեր իմ և Աստված իմ» – Գրադարան – Mashtoz.org

24-29. «Տեր իմ և Աստված իմ»

⁓ Հվհ 1, 1.50; 4, 48; 11, 16; 14, 5; 14, 27; 19, 34; 20, 19
≈ Մրկ 16, 14; Ղկս 1, 45; 24, 25; 1Պտ 1, 8; 1Հվհ 1, 1
 
24Թովմասը, սակայն, Տասներկուսից մեկը՝ Դիդիմոս կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ: 25Մյուս աշակերտներն, ուստի, նրան ասում էին. «Տիրոջը տեսանք»: Բայց նա նրանց ասաց. «Եթե Նրա ձեռքերի վրա չտեսնեմ գամերի հետքը, և մատս չդնեմ գամերի հետքի մեջ, և ձեռքս Նրա կողի մեջ չդնեմ, չեմ հավատա»:
26Եվ ահա՛, ութ օր հետո Նրա աշակերտները դարձյալ ներսում էին, և Թովմասը՝ նրանց հետ: Մինչ դռները փակված էին, Հիսուսը եկավ և կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»: 27Ապա Թովմասին ասաց. «Այստե՛ղ բեր մատդ և տե՛ս իմ ձեռքերը, և բե՛ր քո ձեռքը ու դի՛ր կողիս մեջ. և անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»: 28Թովմասը պատասխանեց և Նրան ասաց. «Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ»: 29Հիսուսն ասաց նրան. «Դու հավատացիր, որովհետև տեսար ինձ: Երանի՜ նրանց, ովքեր տեսած չլինելով հանդերձ կհավատան»:
20, 24 - «Թովմասը ... Դիդիմոս կոչվածը». Տե՛ս 11, 16+-ի առաջին մասը:
 
20, 25 - «գամերի հետքը». Թովմասը ցանկանում է տեսնել «գամերի հետքը», որովհետև գիտի, որ Հիսուսը խաչափայտին չէր կապվել միայն, ինչպես հաճախ կատարվում էր (դատապարտվածին ավելի երկար ժամանակ տանջելու նպատակով), այլ՝ գամվել էր խաչին (հմմտ. նաև Ղկս 24, 39):
 
20, 27 - Որոշ ձեռագրերում այս նախադասությունը տարբեր կազմություն ունի. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ, և տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը, և խրի՛ր կողերիս մեջ»: Գրաբարում ևս. «Բեր զմատունս քո եւ արկ այսր, եւ տես զձեռս իմ. եւ բեր զձեռն քո, եւ մխեա 'ի կողս իմ»։
 
20, 28 - «Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ». Հուն. «Ὁ Κύριός μου καὶ ὁ Θεός μου» - «Հո Կյուռիոս մու կայ հո Թէոս մու». Թովմասի դավանությամբ Ավետարանի վերջավորությունը շաղկապվում է Նախաբանի առաջին իսկ տողի հետ. «Բանն Աստված էր»: Այս Ավետարանի քրիստոսաբանության գագաթնակետն է, իսկ միջանկյալ՝ նշանակալի են նաև մյուս դավանում-հռչակումները. տե՛ս 1, 49; 4, 42; 6, 69; 9, 37-38; 11, 27; 16, 30:
 
20, 29 - Հիսուսի կողմից ընդունվում է Թովմասի հավատքի արժեքը, որովհետև, համենայն դեպս, Իր մարդկային բնության մեջ (27) կարողանում է ճանաչել Իր աստվածությունը (28): Բայց գալիք սերունդներին ուղղված երանությունը կայանում է այն հավատքի մեջ, որն հավատում է առանց անձամբ տեսած լինելու, այլ՝ սեփական վստահությունը հիմնելով խոսքի ու վկայության վրա նրանց, ովքեր այդ ամենի ականատեսներն են եղել (հմմտ. Գրծ 1, 8): Որոշակի առումով, ուստի, գալիք սերունդների հավատքը գերազանցում է ականատեսների հավատքին և, հետևաբար, արժանանում է Աստծո կողմից երանելի հռչակվելու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։