01-26. Հիսուսի աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

01-26. Հիսուսի աղոթքը

⁓ Հվհ 2, 4; 3, 11.35; 4, 23.34; 5, 20-21; 6, 37.39.44.65; 8, 23; 10, 18.28-30.36; 11, 41; 12, 26.32; 13, 18-19.31; 14, 3.7-9; 15, 9.11.19; 16, 13-15.30; 17, 5-6.9.24.26; 20, 21
≈ Մտթ 6, 9.13; 11, 27; Ղկս 15, 31; 22, 32; Գրծ 1, 16.20; 4, 32; 1Կր 1, 30; 6, 17; Եփս 1, 4; Գղտ 2, 20; 3, 28; Փլպ 2, 6-11; 1Թղ 1, 9; 2Թղ 1, 10; 2, 3; 3, 3; Եբր 2, 11; 10, 10-14.20; 1Պտ 1, 22; 1Հվհ 1, 4; 2, 14; 5, 18-20; Ել 3, 13-15; 28, 36.38; Թց 6, 22-27; Ղևտ 17, 1; 2Օր 18, 18; Սղմ 41, 10; Իմս 15, 3; Երմ 24, 7; 31, 31-34; Եզկ 36, 25-28
 
1Հիսուսն այս բաները խոսեց, ապա Իր աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ ասաց. «Հա՜յր, հասել է ժամը. փառավորի՜ր Քո Որդուն, որպեսզի Որդին փառավորի Քեզ. 2ինչպես որ իշխանություն տվեցիր նրան յուրաքանչյուր մարդու վրա, որպեսզի բոլոր նրանց, որոնց տվել ես իրեն, նա հավիտենական կյանք տա: 3Արդ, հավիտենական կյանքը սա է. որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին՝ Նրան, Ում Դու ուղարկեցիր: 4Ես Քեզ փառավորեցի երկրի վրա՝ ի կատար ածելով այն գործը, որ տվեցիր ինձ, որպեսզի կատարեի: 5Եվ այժմ փառավորի՜ր ինձ Դու, Հա՜յր, Քո իսկ կողքին, այն փառքով, որն ունեի Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը:
6Քո անունը հայտնեցի մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից: Քոնն էին, և ինձ տվեցիր նրանց, և նրանք Քո խոսքը պահեցին: 7Հիմա իմացան, որ բոլոր բաները, որ ինձ տվեցիր, Քեզնից են. 8որովհետև խոսքերը, որ տվեցիր ինձ, ես տվեցի նրանց, և նրանք ընդունեցին դրանք և ճանաչեցին ճշմարտապես, որ ես Քեզնից ելա. և հավատացին, որ Դո՛ւ ինձ ուղարկեցիր: 9Ես նրանց համար եմ աղոթում. չեմ աղոթում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց տվեցիր ինձ, որովհետև Քոնն են: 10Եվ այն ամենը, որ իմն է, Քոնն է, իսկ Քոնը՝ իմը. և ես փառավորված եմ նրանց մեջ: 11Նաև՝ ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են. և ես գալիս եմ Քո մոտ: Սո՜ւրբ Հայր, Քո անվան մեջ պահպանիր նրանց, որոնց տվեցիր ինձ, որպեսզի նրանք մեկ լինեն, ինչպես որ մենք ենք:
12Երբ նրանց հետ էի, – նրանց, որոնց տվեցիր ինձ, – ես նրանց պահպանում էի Քո անվան մեջ: Եվ պահպանեցի նրանց, և նրանցից ոչ մեկը չկորավ, բացառությամբ կորստյան որդու, որպեսզի Գրվածքը կատարվեր: 13Բայց հիմա Քո մոտ եմ գալիս, և այս բաներն ասում եմ, քանի դեռ աշխարհի մեջ եմ, որպեսզի նրանք իմ լիակատար ուրախությունն ունենան իրենց մեջ: 14Ես նրանց տվեցի Քո խոսքը, և աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհինը չեն, այնպես՝ ինչպես որ ես էլ աշխարհինը չեմ:
15Չեմ խնդրում, որ վերցնես նրանց աշխարհից, այլ՝ որ պահպանես նրանց չարից: 16Նրանք աշխարհինը չեն, այնպես՝ ինչպես որ ես էլ աշխարհինը չեմ: 17Նվիրագործի՜ր նրանց՝ ճշմարտության մեջ: Քո խոսքը ճշմարտություն է: 18Այնպես՝ ինչպես որ Դու ուղարկեցիր ինձ աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ. 19և ես նրանց համար եմ նվիրաբերում ինքս ինձ, որպեսզի նրանք էլ նվիրաբերվեն ճշմարտության մեջ:
20Միայն նրանց համար չէ, սակայն, որ ես աղոթում եմ, այլ՝ մյուսների համար նաև, ովքեր նրանց խոսքով հավատալու են ինձ, 21որպեսզի բոլորը մեկ լինեն: Ինչպես որ Դու, Հա՜յր, իմ մեջ ես, և ես՝ Քո մեջ, թող որ նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ Դու ուղարկեցիր ինձ:
22Եվ Փառքը, որ Դու տվեցիր ինձ, ես տվեցի նրանց, որպեսզի նրանք մեկ լինեն, ինչպես որ մենք մեկ ենք: 23Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհը ճանաչի, որ Դու ուղարկեցիր ինձ, և սիրեցիր նրանց այնպես, ինչպես որ ինձ սիրեցիր:
24Հա՜յր, նրանք, որոնց տվեցիր ինձ, կամենում եմ, որ ո՛ւր որ ես եմ, նրանք էլ իմ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ Դու տվեցիր ինձ, որովհետև սիրեցիր ինձ նախքան աշխարհի արարումը:
25Արդա՜ր Հայր, թեև աշխարհը Քեզ չճանաչեց, բայց ես ճանաչեցի Քեզ. և նրանք ճանաչեցին, որ Դու ես ուղարկել ինձ: 26Եվ ես Քո անունը ճանաչել տվեցի նրանց, և ճանաչել եմ տալու, որպեսզի սերը, որով սիրեցիր ինձ, լինի նրանց մեջ, նաև ես՝ նրանց մեջ»:
17, 1-26 - Վերջին ճառերի գագաթնակետը հանդիսանալով, այս գլուխը 16րդ դարից սկսած անվանվել է Հիսուսի «քահանայական աղոթքը»: Մարդկության Փրկիչն աղոթում է Ինքն Իր համար (1-5), աշակերտների համար (6-19), Եկեղեցու համար (20-26):
Որոշ համանմանություններ  կան այս աղոթքի և «Հայր մեր»ի միջև. Աստծուն դիմելը որպես «Հայր», Աստծո փառավորումը և աստվածային Անվան գործածումը (1.11-12), Աստծո կամքի կատարումը (4), չարից ազատվելու խնդրանքը (15):
Քրիստոսի փառավորումը և Աստծո փառավորումը հանձինս Նրա՝ Հովհաննեսի մոտ միշտ սերտորեն կապակցված են միմյանց: Այդ կապը տարածվում է նաև աշակերտների և բոլոր հավատացյալների վրա՝ որպես փրկության ու հավիտենական կյանքի պարգև:
 
17, 1 - «ապա». Կարծրատիպային արտահայտություն է, որ ծառայում է պարզապես անցում կատարելու Ավետարանի մի բաժնից դեպի մյուսը, առանց ժամանակագրական արժեք ներկայացնելու: ꟷ
- «Հա՜յր». Հմմտ. Մտթ 26, 39+-ի երկրորդ մասը: ꟷ
- «փառավորի՜ր Քո Որդուն». Թեև խնդրում է Իր փառավորումը, Հիսուսն իրականում Իր փառքը չէ, որ փնտրում է (հմմտ. 7, 18; 8, 50): Իր փառավորումը դա Հոր փառավորումն է, քանի որ Հոր և Որդու փառքը միևնույն բանն է (հմմտ. 12, 28; 13, 31):
 
17, 2 - «մարդու». Հուն. «σαρκός» - «սառկոս». Բառացի՝ մարմնի, է՛լ ավելի բառացի՝ մսի: Տե՛ս Մտթ 26, 41+-ի երկրորդ մասը:
 
17, 3 - Ակնհայտ կերպով ավելացված նախադասություն է, կա՛մ անձամբ Հովհաննեսի կողմից՝ որպես նախորդ տողի բացատրական ծանոթագրություն, կա՛մ էլ հետագա ընդօրինակողի ձեռքով: Հիսուսը երբեք Ինքն Իր մասին չի խոսում գործածելով «Հիսուս Քրիստոս» անունը: Ինչպես նաև միակ դեպքն է, որ Հովհաննեսի Ավետարանում հանդիպում է «միակ ճշմարիտ Աստված» արտահայտությունը:
 
17, 5 - «Քո իսկ կողքին». Հուն. «παρὰ σεαυτῷ» - «պառա սէաուտօ». Սույն խնդրանքը գնում է Հիսուսի փառքի վերաբերյալ նախորդ հաստատումներից անդին և կապակցվում է Բանի փառքին, որի մասին խոսվել է Ավետարանի Նախաբանում (1, 14), և որի վայելումը վերջում կիսվելու է նաև աշակերտների հետ (24): – Որոշ հին ձեռագրերում այս խոսքերը բացակայում են. նաև գրաբարում:
 
17, 6-8 - «Քո անունը հայտնեցի մարդկանց». Քրիստոսն ուղարկվել է՝ մարդկանց հայտնելու համար Հոր «անունը», այսինքն, աստվածաշնչային հասկացողությամբ, «անձը» (17, 3-6.26; 12, 28; 14, 7-11; հմմտ. 3, 11). բայց Հոր բնորոշ հատկանիշը սիրելն է (1Հվհ 4, 8.16), և Նա Իր սերը փաստում է՝ մեր համար ընծայաբերելով Իր Միածին Որդուն (3, 16-18; 1Հվհ 4, 9.10.14.16; հմմտ. Հռմ 8, 32): Ուստի, այդ սերը ճանաչելու համար (հմմտ. 1Հվհ 2, 23; Հվհ 20, 31) հարկավոր է հավատալ, որ Հիսուսը Որդին է (3, 18): ꟷ
- «աշխարհից». Հուն. «ἐκ τοῦ κόσμου» - «էկ տու կոսմու». Հունարեն բնագրի իմաստը հնարավոր կլիներ ավելի ընդարձակ տարբերակով թարգմանել. «որոնց ինձ տվեցիր՝ նրանց աշխարհից դուրս հանելով»: «Աշխարհ» հասկացողությունը Նոր Կտակարանում մատնանշում է անհավատության և Հիսուսի կողմից տրված հայտնությանը հակադրված դիմադրության ոլորտը: Ասել, թե աշակերտները Քրիստոսին տրվել են «աշխարհից դուրս բերվելով», չի նշանակում, որ նրանք այդուհետև դադարելու են ապրել մարդկային հասարակության ներսում, այլ՝ որ նրանց կյանքերը դուրս են բերվել այդ բացասական միջավայրի ազդեցությունից: ꟷ
- «որ ինձ տվեցիր, Քեզնից են». Որոշ ձեռագրերում հանդիպում է «որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի» տարբերակը: Գրաբարում ևս այդպես է: ꟷ
- «խոսքերը, որ տվեցիր ինձ, ես տվեցի նրանց». Հանձինս Հիսուսի՝ Աստված հայտնվել է, և աշակերտներն առաջինը սովորել են ճանաչել Աստծուն և պահել Նրա Խոսքը, որն իրենց մեջ կենդանի ու ազդեցիկ է Հիսուսի Հոգու շնորհիվ: Այն ամենը, որ գալիս է Հորից, ավանդվել է նրանց և նրանք այդ ավանդն ընդունել են, և իրենց հերթին ավանդել են իրենց աշակերտներին, մինչև մեր օրերը: Այն է, ինչը որ Եկեղեցում կոչվում է Առաքելական Սրբազան Ավանդություն: Յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է հավատարմությամբ (հավատքով) պահելու այս Ավանդը:
 
17, 9 - «աղոթում». Հուն. «ἐρωτῶ» - «էռօտօ». Բառացի՝ խնդրում, հայցում, նաև աղաչում, աղերսում: Գրաբարը. «աղաչեմ»։
 
17, 10 - «ես փառավորված եմ նրանց մեջ». Այդ պահին, երբ Հիսուսը հաստատում է, որ «փառավորված է» աշակերտների մեջ, վստահաբար չի մտածում այն բաների մասին, որ նրանք արել կամ չեն արել ներկա ժամանակում, հաճախ առանց հասկանալու: Չի չափում, թե որքա՛ն փառք է մինչև այդ պահը ստացել նրանցից (չափազանց քիչ). Նրա միտքն ուղղվում է դեպի Եկեղեցու ապագան, և Իր հետևորդների բոլոր սերունդների հավատքն ու գործերը հանձնում ու վստահում է «Սուրբ Հորը» (11. «Πάτερ ἅγιε» - «Պատեռ հագիէ»), – Հովհաննեսի համար անսովոր մի արտահայտություն, որ կարող է վերցված լինել քրիստոնեական առաջին ծիսակատարությունների բառապաշարից (ինչպես և 25րդ տողի «Արդա՜ր Հայր» արտահայտությունը), – որպեսզի Հայրը պահպանի նրանց և նրանց զորավիգ լինի նրանց քարոզչական առաքելության մեջ:
 
17, 13 - «քանի դեռ». Բառացի՝ և այս բաներն ասում եմ աշխարհի մեջ:
 
17, 15 - «վերցնես». Հուն. «ἄρῃς» - «առէս». Նշանակում է վեր բարձրացնելով տանել հեռացնել: Միևնույն «αἴρω» - «աիռօ» բայն է, որ գործածվում է 1, 29 տողում (տե՛ս 1, 29+-ի երկրորդ մասը): ꟷ
- «չարից». Հուն. «ἐκ τοῦ πονηροῦ» - «էկ տու պոնեռու». Ակնհայտ է նմանությունը «Հայր մեր»ի «ազատի՜ր մեզ չարից» խնդրանքի հետ: Հմմտ. Մտթ 6, 13+-ի երկրորդ մասը:
 
17, 17-19 - «Նվիրագործի՜ր ... նվիրաբերում ... նվիրաբերվեն». «Ἁγιάζω» - «հագիազօ» բայն է, որ բառացի նշանակում է «սրբացնել», բայց որն հարկավոր է հասկանալ իր առաջնային իմաստով, այն է՝ նվիրագործել, ընծայաբերել, նվիրականացնել, առանձնացնել Աստծո, աստվածային պաշտամունքի համար: Հմմտ. Մտթ 6, 9+-ի երրորդ մասը: ꟷ
- «ճշմարտության մեջ». Որոշ ձեռագրեր ավելացնում են «Քո»: Գրաբարը ևս. «Սուրբ արա՛ զնոսա ճշմարտութեամբ քով»։ ꟷ
- «Քո խոսքը». Հուն. «ὁ λόγος ὁ σὸς» - «հո լոգոս հո սոս». Հմմտ. 1, 1.14; 14, 6:
 
17, 20 - «մյուսների համար նաև». Վերջում (20-26) Հիսուսն աղոթում է նաև Եկեղեցու համար. այն հավատացյալների, որոնք ի մի են հավաքվելու Առաքյալների վկայության առանցքի շուրջը (3, 11; 15, 27; հմմտ. Հռմ 1, 1), որպեսզի նրանց միությունը հավատք առաջացնի Իր առաքելության հանդեպ (հմմտ. 1Հվհ 1, 1-3; 2, 24)։
 
17, 21 - «բոլորը մեկ լինեն». Սույն տողի համատեքստում, «մեկ» լինելը – այստեղ Հովհաննեսը գործածում է «εἷς» - «հէիս» - «մեկ» եզրը, փոխանակ «ἑνότης» - «հէնոտես» - «միություն» եզրի, ինչպես վարվում է Պողոսը (Եփս 4, 3.13) – ավելին է, քան պարզ միությունը. մատնանշում է միության լիությունը՝ սիրո զոդով միայն մեկ ամբողջություն դարձած, որ դառնում է տրված վկայության ճշմարտացիության տեսանելի նշանը («որպեսզի աշխարհը հավատա»): Սատանան և իր դիվային բոլոր ոհմակները այս միության դեմ է, որ պայքարում են առաջնահերթ կերպով (հմմտ. Ղկս 22, 31-32):
 
17, 22 - Կրկին գործածվում է երրորդութենական մոդելը, ինչպես նախորդ տողում: Աշակերտներին տրված «փառքի» վերաբերյալ՝ հմմտ. 6-8.10: ꟷ
- «Փառքը». Ակնարկում է Սուրբ Հոգուն:
 
17, 23 - «կատարյալ». Հուն. «τετελειωμένοι» - «տետելեյօմենոյ». Այսինքն՝ ամբողջական, ամբողջացած, նպատակին, վերջնական փուլին հասած և դա էլ ամբողջացրած, պակաս ոչ մի բան չթողած: ꟷ
- «ճանաչի». Հուն. «γινώσκῃ» - «գինօսկէ». Աստվածաշնչյան հասկացողությամբ՝ ճանաչողությունը երբեք սոսկ մտային, իմացական գործողություն չէ, այլ՝ գործնական, փորձառությամբ ձեռքբերված: Ուստի աշխարհը կարող է «ճանաչել Աստծո փառքը», եթե «աշակերտների միության» փորձառությունն ունենա: Աշակերտները «հավատարմության» ծանրակշիռ պատասխանատվություն ունեն այս հարցում: ꟷ
- «սիրեցիր». Հուն. «ἠγάπησας» - «էգապեսաս». Աշխարհի հանդեպ Աստծո սիրո մասին խոսվում է միայն Որդու մարդեղության համատեքստում. 3, 16: – Մի շարք ձեռագրերում հանդիպում է «սիրեցի» տարբերակը, գրաբարում ևս. «սիրեցի զնոսա որպէս դու զիս սիրեցեր»։
 
17, 24 - «կամենում եմ». Հուն. «θέλω» - «թելօ». Հիսուսն այլևս չի ասում «խնդրում եմ» («ἐρωτῶ» - «էռօտօ». 9.20), այլ՝ «կամենում եմ», ինքնիշխան կերպով արտահայտելով Իր կամքը, որը նաև Հոր կամքն է, և իր վրա միշտ կրում է սիրո կնիքը: Աստծո Որդու կամքն այն է, որ Իր հավատարիմներն Իր հետ լինեն Արքայության մեջ («ո՛ւր որ ես եմ»): Միայն այնտեղ է, որ նրանք կկարողանան տեսնել Իր «փառքը», ո՛չ թե կարծես հայելու մեջ, այլ՝ հստակ և ուղղակի կերպով (2Կր 3, 18; 1Հվհ 3, 2): ꟷ
- «տեսնեն». Հուն. «θεωρῶσιν» - «թէօռօսին». Հունարեն բնագրի բայը նշանակում է ո՛չ միայն սոսկ արտաքուստ տեսնել, այլ՝ մտքով ներթափանցել տեսածի էության մեջ, հայեցողական հափշտակություն ապրել, հոգով անձամբ հպվել տեսած իրականությանը (տե՛ս նաև Մրկ 3, 11+): Հետևաբար՝ «տեսնեն իմ փառքը» նշանակում է վայելեն այն, հագենան դրա ողջ գեղեցկությամբ: ꟷ
- «արարումը». Հուն. «καταβολή» - «կատաբոլէ». Բառացի՝ հիմնումը, հիմքերը գցելը: Սույն եզրը հունարենում գործածվում է նաև հղանալու ակտը մատնանշելու համար, ուստի Ավետարանի սույն խոսքը կարելի է հասկանալ նաև հետևյալ իմաստով. «սիրեցիր ինձ նախքան աշխարհի արարման միտքն անգամ հղանալը», ֆիզիկական ու մետաֆիզիկական որևէ ժամանակից առաջ, ի հավիտենից (հմմտ. 1, 1+-ի առաջին մասը): – Նոր Կտակարանի գրքերում սույն եզրը գործածված է 11 անգամ. Մտթ 13, 35; 25, 34; Ղկս 11, 50; Հվհ 17, 24; Եփս 1, 4; Եբր 4, 3; 9, 26; 11, 11; 1Պտ 1, 20; Հյտ 13, 8; 17, 8:
 
17, 25-26 - Մինչ ավարտում է Իր աղոթքը՝ դիմելով «Արդար Հորը» («Πάτερ δίκαιε» - «Պատեռ դիկայէ»), – արտահայտություն, որ Նոր Կտակարանում հանդիպում է միայն այս տողում և, 11րդ տողի «Սո՜ւրբ Հայր» արտահայտության նման, կարող է վերցված լինել քրիստոնեական առաջին ծիսակատարությունների բառապաշարից, – Հիսուսն Իր ուշադրությունը կենտրոնացնում է ճանաչողության և սիրո վրա:
Երկու տողի մեջ, «ճանաչել» եզրը գործածված է հինգ անգամ, թեև բնագրում արտահայտված է երկու տարբեր բայերով. 25րդ տողում «γινώσκω» - «գինօսկօ», իսկ 26րդ տողում «γνωρίζω» - «գնօռիզօ», որը ձեռքբերովի ճանաչողության, սովորելու իմաստային թեթևակի նրբերանգ ունի (առաջինի վերաբերյալ՝ հմմտ. 17, 23+-ի երկրորդ մասը): Աստծո ոչ-ճանաչողությանը նրանց, ովքեր մերժում են Հիսուսի խոսքերն ու գործերը, հակադրվում է աշակերտների ճանաչողությունը, որոնք Քրիստոսի միջոցով, Ով իրենց ավանդեց Աստծո ճանաչողությունը և հանձինս Որի իրենք ճանաչեցին ու ընդունեցին Աստծուց Ուղարկվածին ու ճշմարտության պատգամաբերին, աշակերտները կարողացան «տեսնել» Աստծուն գործի մեջ՝ ընդմեջ սիրո բազմաթիվ դրսևորումների: Սերն, արդարև, իր կնիքն է դնում Հիսուսի ողջ «քահանայական աղոթք»ի վրա: Աստծո անծայրածիր սերը տեսանելի է դարձել հանձինս Հիսուսի, Ով այն ավանդել է որպես Իր ուսուցման հիմնական հոդվածը, սիրո եղբայրության մեջ մատնացույց անելով քրիստոնեական կյանքի ինքնահատուկ նշանը (հմմտ. 13, 35): ꟷ
- «սերը». Հուն. «ἡ ἀγάπη» - «հէ ագապէ». Քողարկված խորհրդավոր ակնարկ է կատարվում Սուրբ Հոգու անձին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։