20-23. Հիսուսն ու սիրելի աշակերտը – Գրադարան – Mashtoz.org

20-23. Հիսուսն ու սիրելի աշակերտը

⁓ Հվհ 13, 23-25; 18, 15
 
20Շրջվելով՝ Պետրոսը տեսավ, որ հետևից գալիս էր այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր. նա, որ ընթրիքի ժամանակ էլ կքվել էր Նրա կրծքի վրա և ասել էր. «Տե՜ր, ո՞վ է, որ մատնում է Քեզ»: 21Նրան, ուրեմն, տեսնելով, Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՜ր, իսկ նա ի՞նչ»: 22Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ: Դու արի՛ իմ հետևից»: 23Այս խոսքն, ուստի, տարածվեց եղբայրների մեջ, թե՝ այդ աշակերտը չի մահանալու: Բայց Հիսուսը նրան չասաց, թե՝ չի մահանալու, այլ. «Եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ»:
21, 22 - «մինչև որ ես գամ». Այսինքն՝ մինչև Քրիստոսի փառավոր վերադարձը (հմմտ. 1Կր 11, 26; 16, 22; Հյտ 1, 7; 22, 7.12.17.20): ꟷ
- «քեզ ի՞նչ». Հիսուսի կողմից Պետրոսին տրված կտրուկ պատասխանը որպես նպատակ ունի կենտրոնացնելու նրա ուշադրությունն այն բանի վրա, որն ինքն անձամբ պետք է անի, այսինքն՝ հետևի Հիսուսին, առանց ավելորդ հետաքրքրասիրությունների կամ մտացրումների ու մտահոգությունների, որոնք անձամբ իրեն չեն վերաբերվում: Որովհետև միայն Նա է յուրաքանչյուրին իր ''անունով'' ճանաչում (10, 3), թափանցում է մինչև սրտի խորքերը (2, 25) և Իր մտերիմների հետ հաստատում է մի անձնական կապ ու հարաբերություն, որի միջով է անցնում Իր սիրո զորությունը (10, 14-15; 14, 21):
 
21, 23 - «չասաց, թե՝ չի մահանալու». Հիսուսի խոսքերից մի քանիսը, սխալ հասկացվելով, բավական թվով խնդիրներ էին հարուցել քրիստոնյաների առաջին սերնդի ներսում, կարծել տալով, թե Հիսուսի վերջնական գալուստն ու Ահեղ Դատաստանը տեղի էին ունենալու Առաքյալների կենդանության օրոք: Եվ շատերի հավատքը ճգնաժամի էր ենթարկվել, երբ մեկը մյուսի ետևից տեսել էին Առաքյալների մարտիրոսանալը (հմմտ. 2Պտ 3, 4):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։